Ինչպես առանց աշխատելու աշխատավարձ ստանալ. մեկ տարում 113 միլիոն՝ «Կալանքի դատարանի» դատավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
Բոլորը

2018 թվականին իշխանափոխության պահանջով ցույցների ժամանակ երթի առջևում թմբուկ զարկող Դավիթ Արղամանյանն իշխանափոխությունից հետո դարձել է դատավոր, բայց արդեն մեկ տարուց ավելի է՝ չի աշխատում և պետությունից դատավորի աշխատավարձ է ստանում։ Ընդհանուր առմամբ, Արղամանյանն առանց աշխատելու ստացել է ավելի, քան 11 մլն դրամ աշխատավարձ։ Ընդ որում՝ նա միակը չէ․ առանց աշխատելու պետությունից աշխատավարձ է ստացել մեկ տասնյակից ավելի դատավոր։

Խոսքն, այսպես ասած «կալանքի դատարանի» դատավորների մասին է։ Նրանք 2021-ին էին դատավոր դարձել ու քննում էին կալանքի, խուզարկություն  և մինչդատական վարույթին վերաբերող այլ միջնորդություններ ու բողոքներ,  բայց 2023-ի տարեսկզբին պետությունը հրաժարվեց առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտից։

Փաստաբան, Փաստաբանների ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը հիշում է. երբ կալանքի  դատարանը ձևավորվում էր, փաստաբաններն ահազանգում էին, որ այն դառնալու է ստվերային գործընթացներն իշխանությունների ձեռքում պահելու գործիք։ Այս դատարանի դատավորներն ընդամենը մեկ ամիս էին վերապատրաստում անցել։ Փաստաբաններն ահազանգում էին նաև, որ մեկ ամսում վերապատրաստված անձինք չեն կարող պատշաճ որակի արդարադատություն իրականացնել։

«Մենք ունենք նախկինում բավականին երկար ճանապարհ անցած դատավորներ, ովքեր իսկապես լուրջ խոչընդոտներ են հաղթահարել այդ հաստիքին հասնելու համար։ Բայց ունեցանք մեկ ամսում վերապատրաստված դատավորներ և արդարադատության որակը տեսանելի էր՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու, ուստի՝ այս դատարանը մեկ տարվա կյանք ունեցավ»,- ասաց Արմինե  Ֆանյանը։

Թեև պետությունը հրաժարվեց առանձին գործեր քննող դատավորներ ունենալու ինստիտուտից՝ այս գործերը քննող դատավորներից հրաժարվել և նրանց աշխատավարձ չվճարել չէր կարող․ Հայաստանի Հանարապետությունում դատավորներն անփոփոխելի են, պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը և ունեն սոցիալական երաշխիքներ։ Այսպիսով՝ այս դատավորները 2023-ի հունվարին ռեզերվային կարգավիճակ ստացան մինչև վերանշանակվելը։

Դատական դեպարտամենտի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2023-ի հունվարին տեղի ունեցած  փոփոխությունների  հետևանքով ռեզերվային կարգավիճակ է ստացել 14 դատավոր։ Նրանցից 6-ն այժմ վերանշանակվել է, 6-ը վերանշանակված չէ, շարունակում է համարվել ռեզերային դատավոր, բայց գործուղվել է տարբեր դատարաններ ու աշխատում է, 2-ը ո՛չ գործուղվել է, և ո՛չ էլ վերանշանակվել։

Factor TV-ն Բարձրագույն դատական խորհուրդ և Արդարադատության նախարարություն ուղարկած գրավոր հարցումներով խնդրել էր հայտնել, թե այդ դատավորներից յուրաքանչյուրը որքան աշխատավարձ է ստացել՝ առանց աշխատելու, սակայն երկու կառույցներն էլ տեղեկություն չեն տրամադրել:

Այնուամենայնիվ, օրենսդրական  կարգավորումները հաշվի առնելով՝ մենք պարզել ենք, թե պետությունն այս դատավորներին որքան է վճարել:

Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորի աշխատավարձը պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և դատավորի պաշտոնի համար սահմանված գործակցի արտադրյալն է:

2022-ին պետական պաշտոն զբաղեցնող անձանց  բազային աշխատավարձը եղել է 66 140 դրամ, իսկ առաջին ատյանի դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը՝ 10, այսինքն՝ այս դատավորների աշխատավարձը եղել է 661 400 դրամ: Բացի այդ՝ նրանք  ստացել են նաև աշխատավարձի 28 %-ի չափով հավելում: Այսինքն՝ նրանց աշխատավարձը եղել է 846 592 դրամ։

Այժմ հաշվենք, թե առանց աշխատելու որքան աշխատավարձ է ստացել այս դատավորներից յուրաքանչյուրը՝ հաշվի առնելով նրանց վերանշանակման, գործուղման կամ առ այսօր առանց աշխատելու աշխատավարձ ստանալու հանգամանքները:

Վերանշանակված դատավորները

Բարձրագույն դատական խորհրդից ստացված պատասխանի համաձայն՝ ռեզերվային կարգավիճակ ստանալուց հետո վերանշանակվել են դատավորներ Արմեն Պողոսյանը, Վարսենիկ Մելքոնյանը, Արմեն Շիրոյանը, Արշակ Մաթևոսյանը, Ռազմիկ Մարիկյանը և Սասուն Մխիթարյանը։ Սա նշանակվում  է, որ այս դատավորներն այլևս ռեզերվային չեն, լիարժեք կերպով վերադարձել են դատական համակարգ։

Արշակ Մաթևոսյանը ռեզերվային  կարգավիճակ է ունեցել 2023 թվականի  հունվարի 20-ից մինչև նոյեմբերի 6-ը, այսինքն՝ մոտ 9․5 ամիս, առանց աշխատելու ստացել է 8 042 624 դրամ աշխատավարձ։

Ռազմիկ Մարիկյանը ռեզերվային կարգավիճակ է ունեցել հունվարի 18-ից մինչև նոյեմբերի 13-ը, այսինքն՝ մոտ 10 ամիս, այսինքն՝ առանց աշխատելու ստացել է 8 465 920 դրամ աշխատավարձ։

Արմեն Պողոսյանը․ ռեզերվային  կարգավիճակ է ունեցել 2023-ի հունվարի 18-ից մինչև մարտի 23-ը՝ մոտ 2 ամիս։ Առանց աշխատելու ստացել է 1 693 184 դրամ։

Վարսենիկ Մելքոնյանը ռեզերվային  կարգավիճակ է ունեցել 2023-ի հունվարի 24-ից մինչև հուլիսի 6-ը` մոտ 5․5 ամիս, առանց աշխատելու ստացել է 4 656 256 դրամ։

Արմեն Շիրոյանը ռեզերվային  կարգավիճակ է ունեցել 2023-ի հունվարի 18-ից մինչև հուլիսի 6-ը՝ մոտ՝ 5․5 ամիս առանց աշխատանք կատարելու 4 656 256 դրամ։

Սասուն Մխիթարյանը ռեզերվային կարգավիճակ է ունեցել 2023-ի  հունվարի 24-ից մինչև մարտի 23-ը՝ մոտ 2 ամիս, առանց աշխատելու ստացել է 1  693 184 դրամ։

Այսինքն՝ այս խմբի դատավորները  մինչև վերանշանակվելն ընդհանուր առմամբ առանց աշխատելու ստացել են ընդհանուր 29 207 424  դրամ աշխատավարձ։

Գործուղված դատավորները

Գևորգ Պողոսյան, Կարինե Դավթյան, Տաթևիկ Մուրադյան, Վարդան Սուղյան, Կարեն Հակոբյան, Արմեն Վարոսյան։

Այս դատավորները 2023-ի հունվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում են ռեզերվային կարգավիճակ ստացել, առ այսօր չեն վերանշանակվել, շարունակում են համարվել ռեզերվային դատավոր, բայց մեկ տարի  առանց աշխատելու աշխատավարձ ստանալուց հետո  ԲԴԽ-ն նրանց առաջարկել է  գործուղվել դատարաններ ու թեթևացնել այլ դատավորների ծանրաբեռնվածությունը՝ առանց աշխատելու աշխատավարձ ստանալու փոխարեն: Ուստի՝ 2024-ի հունվարի 23-ից նրանք գործուղվել են Երևանի և մարզերի դատարաններ։ Այսինքն՝ այս դատավորները 1 տարի են առանց աշխատելու աշխատավարձ ստացել՝ յուրաքանչյուրը ստանալով 10 159 104 դրամ, իսկ ընդհանուր՝ 60 954 624  դրամ աշխատավարձ։

Չվերանշանակված և չգործուղված դատավորները 

Հեղափոխության օրերին թմբուկ զարկելուց հետո դատավոր դարձած Դավիթ Արղամանյանը ո՛չ գործուղվել է, ո՛չ վերանշանակվել, առ այսօր պետությունից աշխատավարձ է ստանում, և դեռ հայտնի չէ՝ որքան ժամանակ է շարունակելու ստանալ։

Այս դատավորը  կալանքի դատարանի ամենաքննարկված ու քննդատված դատավորներից է։ Նրա վարույթում քննված գործերից մեկով անգամ դատարանի բակ թմբուկ էին տարել՝ հիշեցնելով նրա քաղաքական կողմնորոշումը։

Ի դեպ, Արղամանյանն իրենց ընտանիքում միակ դատավորը չէ: Նա Հայ Ազգային կոնգեսի երիտասարդների գործերը, ԱԱԾ տնօրենի Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի  հեռախոսային խոսակցության գաղտնալսման  հրապարակումից հետո  Ռոբերտ Քոչարյանի բողոքն ու մի շարք աղմկահարույց քաղաքական գործեր քննած դատավոր Մհեր Արղամանյանի որդին է:

Դավիթ Արղամանյանից բացի մեկ դատավոր՝ Արտյոմ Ավետիսյանը ևս,  ո՛չ վերանշանակվել է,  ո՛չ գործուղվել: Արղամանյանն ու Ավետիսյանն առանց աշխատելու աշխատավարձ են ստացել 1 տարի, երկու ամիս, այսինք՝ յուրաքանչյուրը մոտ 12 մլն, իսկ միասին՝ մոտ 24 մլն ։

Այսպիսով՝  ռեզերվային կարգավիճակ ստացած դատավորները 2023-ի հունվարից առ այսօր անհեռատես օրենսդրական փոփոխությունների հետևանքով առանց աշխատելու ստացել են ընդհանուր 113  մլն դրամ կամ 280 հզ դոլար աշխատավարձ։

Փաստաբանների ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանն արձանագրում է, որ, փաստորեն, պետությունն այս ընթացքում բավականին լուրջ գումար վատնել է՝ վճարելով ոչնչի համար այն դեպքում, երբ այս նյութական միջոցները կարելի էր ուղղել  դատարանի որևէ շենքի պայման բարելավելու։

Իսկ արդյոք դատավորները մեղավոր են՝ առանց աշխատելու աշխատավարձ ստանալու հարցում։ Չէ՞ որ նրանք ռեզերվային կարգավիճակ են ստացել  օրենսդրական փոփոխությունների հետևանքով։

Արմինե Ֆանյանը նշում է, որ փաստորեն այս անձինք իրենցից անկախ հանգամանքներում են հայտնվել ռեզերվային կարգավիճակում։ Ավելին, նա բարձրաձայնում է գործուղված դատավորների նկատմամբ պետության խտրական վերաբերմունքի մասին։

Ինչպես հայտնի է՝ 2024 թվականի հունվարի 1-ին առաջին ատյանի դատարանի դատավորները աշխատավարձի 60 %-ի չափով հավելում են ստանում, այսպիսով՝ նրանց աշխատավարձը կազմում է առնվազն 1 328 000 դրամ, սակայն ռեզերվային դատավորները, որոնք գործուղվել են, ստանում են իրենց նախկին աշխատավարձերը՝ 846 հզ դրամ այսինքն՝ այլ դատավորներից շուրջ 40 % -ով պակաս։

Հատկանշական է այն հանգամանքը, որ եթե այս դատավորները հրաժարվեին ԲԴԽ-ի՝ գործուղման մեկնելու առաջարկից, ապա դատական  օրենսգրքի համաձայն, կկորցնեին ռեզերվային կարգավիճակը:

Արմինե Ֆանյանը կարծում է, որ այս դատավորներն, ըստ  էության  ընտրության առջև են կանգնել․ դադարել դատավոր լինել կամ գոնե մի փոքր ավելի ցածր կարգավիճակով, բայց շարունակել իրականացնել արդարադատություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատավորների աշխատարձերը բարձրացնելու վերաբերյալ հիմնավորումներում Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է․ «Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին և ոչ թե ձեռքերին»։

Կասկածի տակ չդնելով որևէ դատավորի անաչառություն, այնուամենայիվ,  հարց է առաջանում․ այժմ մարդկանց աչքերի՞ն, թե՞ ձեռքերին պետք է նայեն գործուղված ռեզերվային  դատավորները, որոնք աշխատում են մյուս դատավորներին հավասար, բայց ստանում ավելի ցածր  աշխատավարձ։

Այսպիսով՝ անհեռատես օրենսդրական փոփոխությունների պատճառով վերջին մեկ տարվա ընթացքում պետբյուջերից ավելի, քան 110 մլն դրամ է ծախսվել՝ վճարելու համար դատավորներին, որոնք չեն աշխատել։ Սակայն այս դատավորները ոչ միայն մեղավոր չեն ստեղծված իրավիճակի համար, այլ նրանցից ոմանք պետության կողմից խտրականության են ենթարկվում՝ աշխատելով մյուս դատավորներին հավասար, բայց վարձատրվելով նրանցից անհամեմատ ցածր: Հատկանշական է այն հանգամանքը, որ վերջին մեկ տարվա ընթացքում  դատական համակարգը  համալրվել է մեծ թվով  դատավորներով, բայց  այս դատավորների համար համակարգում տեղ չկա ու հայտնի չէ, թե երբ են նրանք ունենալու մյուս դատավորներին հավասար կարգավիճակ։

Արաքս Մամուլյան