Ինչ է տեղի ունեցել Հրայր Թովմասյանի գործով նիստին․ պարզաբանում են դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ու պաշտպան Արամ Օրբելյանը
Հասարակություն
22.08.2024 | 17:23Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր ներկայացել էր նրա գործով դատական նիստին։ Դատարանը նիստերի դահլիճից 10 ժամով հեռացված Հրայր Թովմասյանից գրություն էր ստացել այն մասին, որ ցանկանում է, որ իր շահերի պաշտպանությունը կրկին իրականացնի նաև պաշտպան Միհրան Պողոսյանը, որի հետ մեկ ամիս առաջ էր դադարեցրել պայմանագիրը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ այսօրվա նիստի ընթացքում նախատեսվում է ունկնդրել պաշտպանական ճառը։ Մինչ այդ, դատավորը նշեց, որ փոստային առաքմամբ Օրբելյանին ուղարկել է նրա բացակայությամբ տեղի ունեցած դատական նիստերի արձանագրության կրիչները։ Օրբելյանը, սակայն, ծանոթանալով փոստային առաքանին ստանալու հավաստագրին, նկատեց, որ այն ուղարկվել է Շերամի փողոցում գտնվող ինչ-որ հասցեով, որն իր հետ կապ չունի։ Ավելին, հայտարարեց, որ ստացականի վրա առկա ստորագրությունն իրենը չէ։ Օրբելյանը նշեց՝ մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական ճառ է ընթերցվել, խնդրեց ճառը, ինչպես նաև իր բացակայությամբ կայացած նիստերի արձանագրություններն իրեն տրամադրել։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին տեղի ունեցած դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշել է Թովմասյանի սանիկ, նույն գործով մեղադրյալ Նորայր Փանոսյանի մասն առանձնացնել Հրայր Թովմասյանի գործից։ Արամ Օրբելյանը պահանջել է տրամադրել գործն առանձնացնելու որոշումը և հետաձգել նիստը, սակայն դատավորը չի հետաձգել, ինչից հետո Օրբելյանը լքել է նիստերի դահլիճը։ Այնուհետև պաշտպանը մեկնել է արձակուրդ, որի մասին դատարանը նախապես տեղյալ է եղել։ Մինչ այդ՝ հուլիսի 23-ին, Հրայր Թովմասյանի և նրա մյուս պաշտպան Միհրան Պողոսյանի միջև համաձայնագիրը լուծվել էր, և ստեծվել է իրավիճակ, որ Թովմասյանը դատարանում պաշտպան չի ունեցել։ Այս իրադարձություններին հաջորդել են Հրայր Թովմասյանին նիստերի դահլիճից հեռացնելու և նրա համար հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ դատարանի որոշումները, սակայն նախորդ՝ օգոստոսի 15-ին տեղի ունեցած դատական նիստին Թովմասյանի գործով ներգրավված հանրային պաշտպանը գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն արձակուրդում է գտնվելու և ներկայանալ չի կարող։
Նախորդ նիստի ընթացքում մեղադրող կողմը դիրքորոշում է հայտնել, որ պաշտպաններն ամեն կերպ փորձում են ձգձգել գործի քննությունը, և չնայած դատարանը ևս համաձայն է մեղադրանքի կողմի հետ, այսօր որոշեց հետաձգել նիստը, սակայն միաժամանակ հանդես եկավ վերջին շրջանում Թովմասյանի գործով տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներով, որն ավելի շատ նման էր դատավճռից հատվածի։
«Սույն քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 2020 թվականի մարտին և գործի քննության ողջամիտ ժամկետների՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր, ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, դատարանը դատավարության մասնակիցների հետ դեռևս 2020 թվականին համաձայնություն է ձեռք բերել շաբաթական մեկ անգամ դատական նիստ նշանակելու վերաբերյալ։ 2024 թվականի հուլիսի 25-ի դրությամբ, այսինքն՝ երբ դատարանը որոշում է կայացրել Նորայր Փանոսյանի վերաբերյալ մասն անջատելու մասին, ընդհանուր առմամբ, դատարանի կողմից նշանակված են եղել 132 դատական նիստեր, որոնցից 73-ը հետաձգվել են ամբաստանյալների և նրանց պաշտպանների բացակայության պատճառով, որոնցից միայն 31-ը՝ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի բացակայության պատճառով»,- ընթերցեց դատավորը։
Նա նշեց, որ Թովմասյանի բացակայությունների գերակշիռ մասը պայմանավորված է եղել վերջինիս՝ Սահմանադրական դատարանում դատական կազմի նիստերին մասնակցությամբ, այն դեպքում, երբ դատարանը շաբաթական մեկ անգամ նիստեր նշանակելու որոշումը կայացնելիս Հրայր Թովմասյանի և նրա պաշտպանների համաձայնությամբ է որոշել հինգշաբթի օրերին նշանակել, քանի որ, ըստ պաշտպանական կողմի, այդ օրը Սահմանադրական դատարանում նիստեր չէին նշանակվում։
«Ընդ որում՝ հետագայում Սահմանադրական դատարանից ստացված գրությամբ պարզվել և հաստատվել է, որ դատական կազմի նիստերը նշանակվում են դատական կազմի նախագահողի կողմից, իսկ տվյալ ժամանակահատվածում նախագահողը եղել է հենց Հրայր Թովմասյանը։ Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, որ Հրայր Թովմմասյանը դատական կազմի նիստերը նշանակել է հինգշաբթի օրերին՝ հենց իր գործով դատական նիստերի ժամերին՝ արհեստականորեն ստեղծելով դատական նիստերը հետաձգելու դատավարական հիմք, իր վարքագծով խոչընդոտելով դատական վարույթի բնականոն ընթացքը»,- ասաց դատավորը։
Ըստ Գրիգորյանի՝ պաշտպանության կողմի՝ դատական նիստերն անընդմեջ հետաձգելու վարքագծի մասին է վկայում նաև այն, որ ընդհանուր 73 նիստերի հետաձգման պատճառը որևէ անգամ պայմանավորված չի եղել երկու ամբաստանյալների կամ նրանց պաշտպանների միաժամանակյա բացակայությամբ։ Այդ կերպ, փաստացի, դատական նիստերի հետաձգման հիմքը յուրաքանչյուր դեպքում եղել է կա՛մ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի և վերջինիս պաշտպանների, կա՛մ Նորայր Փանոսյանի և վերջինիս պաշտպանների բացակայությունը։
Հատկանշական է, որ 2024 թվականի հուլիսի 25-ի դատական նիստում ամբաստանյալ Նորայր Փանոսյանի՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գտնվելու և բուժում ստանալու հետևանքով դատական նիստը հետաձգելու դատավարական հիմքն արդեն առկա լինելու պայմաններում, երբ դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործն անջատելու, իսկ Հրայր Թովմասյանի գործի քննությունը շարունակելու մասին, պաշտպանության կողմի՝ հերթական դատական նիստը հետաձգելու նպատակի ձախողումը հանգեցրել է նրան, որ նիստը խափանելու միակ և վերջին միջոցը դարձել է առանց դատարանի թույլտվության պաշտպան Արամ Օրբելյանի՝ նիստերի դահլիճը լքելը, իսկ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի դեպքում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հետևանքով դատարանի դահլիճից հեռացվելը։ Ընդ որում, մինչև դատական նիստերի դահլիճը լքելը դատարանը մի քանի անգամ հորդորել է պաշտպան Օրբելյանին չլքել դահլիճը և պատշաճ պաշտպանությունն իրականացնելու համար շարունակել ներկայացնել դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդությունները, սակայն պաշտպանության կողմը նախընտրել է ոչ թե ներկայացնել դրանք, այլ պարզապես դատական նիստը խափանել՝ գիտակցելով անգամ դրա հետևանքով դատական սանկցիաներ կիրառելու հնարավորությունները։
«Նշվածի համատեքստում դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ պաշտպան Օրբելյանը դատական նիստերի դահլիճը լքել է այն պատճառով, որ դատարանն այդ պահին իրեն չի տրամադրել գործից մաս տրամադրելու վերաբերյալ որոշումը և չի հետաձգել դատական նիստը, ինչը որևէ կերպ չէր կարող արդարացնել պաշտպանի վարքագիծը, քանի որ նշվածը դատական նիստը հետաձգելու դատավարական հիմք չի հանդիսանում, ինչպես նաև դատարանն այդ որոշումը կողմերին անհապաղ տրամադրելու պարտականություն չունի։ Հատկանշական է նաև այն, որ պաշտպան Արամ Օրբելյանը չի բողոքարկել իր նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը»,- ասաց դատավորը։
Վերջինս նշեց, որ ամբաստանյալ Հրայր Թովմասյանը գործի դատական քննության ընթացքում ունեցել է 3 պաշտպան՝ Ամրամ Մակինյանը, Միհրան Պողոսյանը և Արամ Օրբելյանը։ Դատական քննության ընթացքում Թովմասյանը հրաժարվել է պաշտպան Ամրամ Մակինյանից, իսկ 2024 թվականի հուլիսի 23-ին, այսինքն՝ հուլիսի 25-ի նիստից ընդամենը 2 օր առաջ, դատարանը ստացել է պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումն այն մասին, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ինքն ու Հրայր Թովմասյանը լուծել են այս քրեական գործով պաշտպանություն իրականացնելու համաձայնությունը։
Դատավորը դիտարկեց, որ պաշտպան Պողոսյանի և Թովմասյան պայմանագրի լուծումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ վերջինիս պաշտպան Արամ Օրբելյանը պլանավորել է շուրջ 1 ամսով մեկնել արձակուրդ, ինչը, ըստ դատավորի, իր հերթին վկայել է պաշտպանության կողմի՝ դատական նիստերը խափանելու անթույլատրելի մարտավարության մասին։
Նշվածի մասին, ըստ դատավորի, փաստում է նաև այն, որ այսօրվա դատական նիստին ստացվեց Հրայր Թովմասյանի դիմումն այն մասին, որ կրկին ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի Միհրան Պողոսյանը։
Անդրադառնալով հուլիսի 25-ի նիստում Արամ Օրբելյանի կողմից առանց դատարանի թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելուց հետո ամբաստանյալ Հրայր Թովմասյանի դրսևորած վարքագծին՝ դատարանը նշեց, որ Թովմասյանը դատական նիստերի դահլիճից հեռացվել է դատարանի օրինական կարգադրություններին անընդմեջ չենթարկվելու հետևանքով, ընդ որում՝ մինչև հեռացվելը դատարանի կողմից կիրառվել է ավելի մեղմ սանկցիա՝ նկատողություն։
«Առավել մեղմ սանկցիան չի ծառայել իր նպատակին, և Հրայր Թովմասյանն իր վարքագծով ինքն իրեն զրկելով դատական սանկցիայի առնչությամբ արտահայտվելու հնարավորությունից, շարունակել է չենթարկվել նիստը նախագահողի օրինական կարգադրություններին, և դատարանը, որպես դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն ուղղված ամբաստանյալի գործողություններին հակազդման միջոց, ստիպված է եղել կիրառել նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիա»,- նշեց դատավորը։
Ինչ վերաբերում է առանց Հրայր Թովմասյանի համաձայնության նրա համար հանրային պաշտպան նշանակելու հարցին, դատարանը նշեց, որ հիշյալ որոշումը կայացրել է պաշտպանության կողմի՝ վերը նշված վարքագծի արդյունքում՝ արդարադատության շահից և դրանից ածանցվող արդյունավետ դատական պաշտպանության, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների և քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով։
«Հիշյալ որոշումը կայացնելիս դատարանը հիմք է ընդունել նաև Սահմանադրական դատարանի 2018 թվականի ՍԴՈ-1402 որոշումը, որով Բարձր դատարանն արձանագրել է, որ առանց ամբաստանյալի համաձայնության կարող է հանրային պաշտպան նշանակվել՝ ելնելով արդյունավետ դատական պաշտպանության, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների և Քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի անհրաժեշտությունից»,- ՍԴ որոշումից մեջբերեց դատավորը։
Ամփոփելով՝ նա նշեց, որ պաշտպանական կողմի համար ապահովվել են բոլոր պայմանները իրենց պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար, սակայն պաշտպանության կողմը, այդ թվում՝ պաշտպան Օրբելյանը, նախընտրել է լքել նիստերի դահլիճը՝ ի նպաստ դատական նիստերը խափանելու՝ պաշտպանական կողմի որդեգրած անթույլատրերի մարտավարության։
«Դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմն ակնհայտորեն չարաշահում է իր դատավարական իրավունքները, ամեն դեպքում, դատարանը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս ամբաստանյալ Հրայր Թովմասյանի կողմից ընտրված պաշտպաններին ներկայացնել իրենց պաշտպանական ճառը՝ արձանագրելով նաև, որ հաջորդ շաբաթ նշանակված դատական նիստերին դատարանն ապահովելու է նաև հանրային պաշտպանի մասնակցությունը և չի դադարեցնելու նրա դատավարական լիազորությունները»,- ամփոփեց դատավորը։
Պաշտպանը հերքում է. իրենք նիստերը ձգձգելու միտում չուներ
Դատավորի խոսքից հետո պաշտպան Արամ Օրբելյանն անդրադարձավ այն դիտարկմանը, որ ինքը չի բողոքարկել իր նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը և նշեց, որ այդ որոշումը չի ստացել, հետևաբար՝ չէր կարող բողոքարկել:
Դատարանի դահլիճից դուրս լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը պնդեց, որ իրենք նիստերը ձգձգելու միտում չունեն:
Անդրադառնալով գործի քննության ողջամիտ ժամկետին՝ Օրբելյանը կարծիք հայտնեց, որ Թովմասյանի գործով ողջամիտ ժամկետներն արդեն չորս տարի է՝ խախտվել են։
«Որովհետև այս քրեական գործը չէր կարող ընդհանրապես վարույթ ընդունվել և դատարանում քննության առարկա դառնալ»,- ասաց նա։
Այնուամենայնիվ, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը գործը վարույթ է ընդունել, և պաշտպանական կողմը գործի վարույթը կարճելու միջնորդություներ է ներկայացրել՝ պնդելով, որ դատավոր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրա անձեռնմխելիությունը հաղթահարված չի եղել, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հետաձգել է այդ միջնորդությունների լուծումը։
Ըստ Օրբելյանի՝ այս գործը հարուցվել է անանուն աղբյուրից ստացված տեղեկությունների հիման վրա, որն անթույլատրելի է:
Օրբելյանը նշեց, որ առնվազն 2 ամիս առաջ դատարանը տեղյակ է եղել արձակուրդ մեկնելու իր մտադրության մասին: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է լքել նիստերի դահլիճը, պաշտպանը պատասխանեց, որ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննության կեսից դատարանը որոշել է առանձնացնել Թովմասյանի ու Փանոսյանի գործերը, ինքը միջնորդություն է ներկայացրել գործի քննությունը հետաձգելու և որոշումը տրամադրելու մասին, բայց միջնորդությունը ներկայացնելու ընթացքում ռեպլիկներ են եղել, այդ թվում՝ դատավորի կողմից:
Օրբելյանի խոսքով՝ իր հեռանալուց հետո Հրայր Թովմասյանն օգտագործել է «ամենագետ» բառը, որը դատախազը գնահատել է վիրավորական:
«Թովմասյանը դատարանին խնդրել է պարզաբանել՝ եթե դա վիրավորական է, ապա ինքն ի՞նչ բառեր չպետք է օգտագործի: Այնուհետև Թովմասյանի ձեռքին եղել է Երուսաղեմից բերված քարաշար, որի վրա կա քրիստոնեական սիմվոլ՝ խաչ, դատախազն ասել է՝ թող դնի գրպանը, դատարանն ասել է՝ դրեք գրպանը, Թովմասյանը փորձել է հասկանալ՝ ո՞ր իրավասության, ո՞ր լիազորության իրականացման հետ է կապված նման պահանջը և նշել է՝ վաղն էլ կարող է որոշեք, որ պետք է մազերս կարմիր ներկեմ, դա՞ էլ պիտի կատարեմ։ Դատարանն ասել է, որ իրեն հավասար խոսում է, և հեռացրել է նրան»,- ասաց Օրբելյանը։
Անդրադառնալով այս գործով վաղեմության ժամկետների հարցին՝ Օրբելյանը նշեց, որ վաղեմության ժամկետն անցել է դեռևս 6 կամ 7 ամիս առաջ, դրա մասին դատարանն է հայտնել։
Դատարանի այն մեղադրանքի առնչությամբ, թե Թովմասյանը միտումնավոր իր գործով նիստի օրերին ու ժամին է ՍԴ-ում նիստեր նշանակել, պաշտպանը նշեց, որ Սահմանադրական դատարանում նիստեր նշանակելու որոշումները միանձնյա չեն կայացվում, անգամ եռյակ կազմով նիստերը համաձայեցվում են կազմի դատավորների հետ։
«Սա ոչ թե պրոցես է, որի ընթացքում պետք է արդարադատություն իրականացվի, այլ գործընթաց, որի արդյունքում մարդուն պետք է դատել»,- ասաց Արամ Օրբելյանը:
Արաքս Մամուլյան