«Դաչա եմ սարքում սրանցով». ինչպես է համայնքային տոմետը շինաղբի անվան տակ տեղափոխվել մասնավոր տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
Բոլորը

Factor TV-ն այցելել է այն տարածք, որտեղ օրեր առաջ ակտիվիստ Արթուր Չախոյանի և երկու տղամարդկանց միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Մեզ հանդիպած տղամարդը, որը ներկայացավ տարածքի սեփականատեր, ասաց՝ շինաղբ տեղափոխողներին առաջարկել է սալիկներն ու եզրաքարերը Նուբարաշենի աղբավայր տանելու փոխարեն իր տարածքում դատարկեն, որպեսզի ինքն էլ դրանք օգտագործի ամառանոց կառուցելու համար։

Ակտիվիստ Արթուր Չախոյանն էր օրեր առաջ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում նկատել սալիկներով բարձված բեռնատարն ու հետևելով՝ պարզել, որ խաչմերուկի նորոգվող մայթից հանված սալիկները տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս։ Այս ամենը Չախոյանը ներկայացրել էր ֆեյբուքյան ուղիղ եթերում՝ տեղի ունեցածը որակելով որպես կոռուպցիա։

Տեսանյութում երևացող տղամարդիկ պնդում են, որ դա իրենց տարածքն է։ Նրանք նախ փորձում են Չախոյանին արգելել նկարահանում իրականացնել, իսկ երբ ակտիվիստը հակադարձում է, որ պետական գույքն այդտեղ է, ինքը կարող է նկարել, և առաջ շարժվելով՝ ցույց է տալիս խնամքով դասավորված սալիկներն ու եզրաքարերը, տղամարդկանցից մեկը հարվածում է ակտիվիստի տեսախցիկին, քարեր նետում նրա ուղղությամբ, անգամ կացնով սպառնում։ Միջադեպն ուղեկցվում է սեռական բնույթի հայհոյանքներով։ Ակտիվիստն ուղիղ եթերում նաև ասում է, որ զենքով էլ են սպառնացել իրեն, և եթե ինքն ուղիղ եթերում չլիներ, այդպիսի վերջաբան չէր լինի։

Կատարվածից հետո Չախոյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ իր վրա կացնով հարձակման, նաև պետական գույքի յուրացման մասով: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ու ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, վերցվել են դեպքին առնչվող տեսագրությունները։ Արթուր Չախոյանն այսօր արդեն հրավիրվել էր ՔԿ՝ հարցաքննության։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետի տեղակալի պարտականությունները կատարող Արամ Գրիգորյանն ասում է՝ հանված սալիկները շինաղբ են, առավելագույնը 10 տոկոսը կարող է պիտանի լինել, իրենք, սակայն այդ շինաղբը ոչ թե աղբավայր են տեղափոխում, այլ պահեստավորում են, տվյալ դեպքում, սակայն, ազատ տարածք չի եղել։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի պազաբանումը, մինչդեռ, հակասում է Գևորգյանի պատասխանին։ Կատարվածից ժամեր անց Գալջյանը ֆեյսբուքյան էջում գրեց, որ փոխարինված բետոնե սալիկները փաստացի աղբ չհանդիսացող գույք են, սակայն պայմանագրային թերի ձևակերպման հետևանքով մասնավոր ընկերությունը սալիկները տեղափոխել է մայրաքաղաքից դուրս, ինչը խնդրահարույց է։ Հրապարակված պայմանագրում նշված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուի կողմից տեղափոխվում 13 կմ հեռու։

Ակտիվիստ Արթուր Չախոյանն ընդգծում է՝ առաջին դեպքը չէ, երբ համայնքային գույքը հայտնվում է մասնավոր տարածքում, և քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից սալիկները մասնավոր տարածք տեղափոխել է «ԱՍՖԱԼՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» շինարարական ընկերությունը։ Քաղաքապետարանն այս ընկերության ծառայություններից հաճախ է օգտվում։ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարներից մեկի՝ Կամո Գևորգյանի շուրջ վերջերս սկանդալային բացահայտում էր եղել․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյաներ 2023-ի հուլիսին Կամո Գևորգյանից, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ստացել են մեկ միլիոն դրամ կաշառք՝ Կենտրոն վար­չական շրջա­նի՝ հրատապ լուծում պահան­ջող ըն­թա­ցիկ աշ­խա­­տանք­ներն ի­րա­­կա­նացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար։

Ինչո՞ւ է «ԱՍՖԱԼՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»-ը սալիկները տեղափոխել մասնավոր տարածք և ի՞նչ պայմանավորվածություն է եղել տարածքի սեփականատիրոջ հետ․ ընկերության ներկայացուցիչներից այս հարցերի շուրջ պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Եթե Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյան փոխարինված սալիկները շինաղբ է համարում և հետագայում դրանք այլ նպատակով չեն օգտագործելու, այդ դեպքում ինչո՞ւ են պահեստավորում։ Գրիգորյանն ասում է՝ որպեսզի խուսափեն նման իրավիճակներից։

Արթուր Չախոյանն ասում է՝ տվյալ հատվածում եզրաքարերի ու սալիկների փոխարինման կարիք չկար, հակառակը, ըստ նրա՝ հիմա են անորակ սալիկներ տեղադրում։ Բացի այդ, հարկատուների փողերով գնված սալիկները կարող էին աճուրդով վաճառել, ոչ թե շինաղբ որակել, տեղափոխել մասնավոր տարածք կամ պահեստավորել։ Ակտիվիստի համոզմամբ՝ այս ամենն առանց քաղաքային իշխանության իմացություն տեղի չէր ունենա։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից տեղեկացրին, որ մայրաքաղաքից դուրս բերված սալիկները երեկ տեղափոխել են և պահեստավորել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանտրանս» ընկերության տարածքում։ Խոսքը միայն Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից դուրս բերված սալիկների մասին է, այնինչ տարածքի սեփականատեր ներկայացած տղամարդը մեզ ասել էր, որ  սալիկները կուտակվել են մի քանի ամսվա ընթացքում։ Այսինքն՝ ստացվում է, որ ենթադրյալ համայնքային գույքը շարունակում է մնալ մասնավորի տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան