Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Կիպրոսի հավաքականից կրած 0:2 հաշվով պարտությունն Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում:
«Ցավալի էր, մենք արժանի չէինք պարտության։ Այսպիսի անհաջող խաղ չեմ հիշում, որ ամեն ինչ լավ սկսում ենք, հետո մեջքներս կոտրվում է՝ առաջին սխալ, երկրորդ սխալ, եւ դրանից հետո պետք է փրկել խաղը այն պայմաններում, երբ մեր որակով խաղացողները վնասվածքներ ունեն և չկան ռեսուրսներ:
Հաճելի չէ, ներողություն ենք խնդրում, բայց մեղավորներ չենք փնտրում։ Ես եմ առաջին մեղավորը, բայց այս ամենը ես պետք է մի կողմ թողնեմ, երեք օրից խաղ ունենք։ Պետք է թիմին հոգեբանորեն պատրաստել, ֆիզիկապես վերականգնել, որ վերջացնենք այս ցիկլը»,- ասել է մարզիչը:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով խմբի առաջատար Չեռնոգորիային։
Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել էր Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3):

