Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Քաղաքականություն
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետ, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Ճաղարյանը անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրին:
Նշենք, որ Factor.am-ը օրեր առաջ ուսումնասիրել էր պաշտոնյայի հայտարագիրը: Ըստ հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի՝ գործող համայնքապետը հայտարարագրել է 9 միավոր անշարժ գույք, որոնք գտնվում են Իջևան քաղաքում և Բերքաբեր գյուղում։
Ճաղարյանի խոսքով՝ հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան անշարժ գույքի թվի հետ կապված:
«Ինքնաշխատ համակարգում Բերքաբեր գյուղում համատեղ սեփականության իրավունքով ինձ պատկանող 1 միավոր գույքը (բնակելի տուն) արտացոլվել է որպես 5 միավոր գույք։ Իրականում միանձնյա և համատեղ սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքերի քանակը ոչ թե 9 է, այլ 5։ Դրանք են` 1 բնակարան Իջևան քաղաքում, որը մեր ընտանիքին է պատկանել դեռևս խորհրդային տարիներից։ 2 հողամաս Իջևան քաղաքում, որոնք գնել եմ նախքան համայնքապետ լինելը։ 2 բնակելի տուն Բերքաբեր գյուղում, որոնցից մեկը կինս ժառանգություն է ստացել իր ծնողներից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իջևանի համայնքապետը:
Անի Թամրազյան

