Ադրբեջանի ստոր հարձակումը ԼՂ-ի տարածաշրջանում խախտել է փխրուն խաղաղությունը․ Աննա Բոնֆրիսկո
Քաղաքականություն
20.09.2023 | 22:44Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Սինցիա Բոնֆրիսկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բոնֆրիսկոն Ադրբեջանի հարձակումը որակել է որպես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում փխրուն խաղաղության հերթական խախտում։
Նրա կարծիքով՝ ֆանտոմային հակաահաբեկչական գործողության պատրվակով, փաստորեն, ադրբեջանական զինուժը հարձակվել է հայ համայնքի բնակության շրջանի վրա և զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել խաղաղ բնակչության շրջանում։
«Այս խայտառակությունը նաև Եվրամիության թույլ գործողության հետևանքն է՝ այս տարիներին Ադրբեջանի կողմից շարունակվող չարդարացված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված։ Ադրբեջանը պետք է անմիջապես դադարեցնի թշնամությունը և հարգի Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքի և արժանապատվության իրավունքը։ Աստված օգնական այդ խեղճ մարդկանց»,- եզրափակել է Աննա Սինցիա Բոնֆրիսկոն։