«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.10.2026 | 19:34Ազգային ժողովում պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը բարձրացրեց հոկտեմբերի 5-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանին աշխատանքից ազատելու հարցը։
Նա նշեց, որ ըստ մամուլի՝ ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերելու և վնասազերծելու գործողություններին ներգրավված ԱԱԾ հակադիվերսիոն ստորաբաժանումը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը։ Միրզոյանը հարցրեց, թե արդյոք վարչապետին գոհացնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքը, երբ նրա պաշտոնավարման ընթացքում տեղի են ունենում ոչ մարտական մահվան դեպքեր։
Փաշինյանը դրական գնահատեց Սուրեն Պապիկյանի աշխատանքը՝ ընդգծելով բանակի կերպափոխման ռազմավարությունը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի իրականացումը և սպառազինության թարմացումը։ Միևնույն ժամանակ, վարչապետը նշեց, որ Կառավարության աշխատանքը կատարյալ չէ, և առկա բացերի ու թերությունների ուղղությամբ տարվում են աշխատանքներ․ «Երբ լսեք իմ հրաժարականի մասին, իմացե՛ք՝ այլևս այս դահլիճում չեք լինելու»։
Արձագանքելով վարչապետին՝ Անուշ Միրզոյանն ընդգծեց, որ «Ուժեղ Հայաստանը» քաղաքական նոր ուժ է, և հույս է հայտնել, որ շուտով կլսեն վարչապետի հրաժարականի մասին։
Միրզոյանի դիտարկումից հետո ընդդիմադիրները սկսեցին ծափ տալ, նրանց հետ ծափ տվեց նաև Նիկոլ Փաշինյանը, Ռուբինյանը ավելացրեց․ «Բրա՛վո»։
«Ես ասեմ՝ ինչի եմ ծափ տալիս․ որովհետև նախկինում, երբ ես հրաժարական եմ տվել, դա ոչ մի լավ բան չի նշանակել ընդդիմության համար»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց նախկին հրաժարականների փորձը և զգուշացրել ընդդիմությանը․ «Երբ որ եթե մի օր լսեք իմ հրաժարականի մասին, իմացե՛ք, որ դա մի բան է նշանակում․ որ դուք այլևս այս դահլիճում չեք լինելու։ Այնպես որ, խորհուրդ կտայի առանձնապես այդ մտքով չոգևորվել, բայց ես կարծում եմ, որ ծափահարելու տեղ, այնուամենայնիվ, կա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

