«Եթե երկրից չփախչեի, ինձ կվերացնեին». 29-ամյա նիգերիացու կյանքը Հայաստանում
Հասարակություն
04.05.2023 | 18:00Հատուկ կացարանի կիսամութ միջանցքներով, ձեռքերը գրպանը դրած հետ ու առաջ անող սևամորթ երիտասարդի անհանգիստ շարժումները մատնում էին նրա անհանգստությունը։ Կացարանում նրան զգուշացրել էին, որ լրագրող է գալու՝ հարցազրույց անելու համար։ Երևի մտածել էր հերթական փուլն է, որ պետք է անցնի Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար ու չէր մերժել՝ անանուն մնալու պայմանով։
29-ամյա երիտասարդի հետ երկար զրուցեցինք, Նիգերիայից է Հայաստան հասել։
«Ես լքեցի իմ երկիրը, որովհետև ապահով չէր այնտեղ։ Ես Բոկո հարամից եմ փախել, հանցավոր խմբավորումներից, որ մարդկանցից փող են շորթում, իսկ չստանալու դեպքում՝ սպանում։ Ինձ առևանգել էին, իմ ընտանիքը կարողացել է գումար հայթայթել ու փրկել ինձ, թե չէ՝ կսպանեին։ Ես ուղղակի փախել եմ երկրից։ Նախ Իրան եմ տեղափոխվել և այնտեղ երկու շաբաթ մնալուց հետո կարողացել եմ հասնել Հայաստանի սահման ու Կարմիր Խաչին հանձնվելու միջոցով տեղափոխվել Հայաստան», – պատմում է երիտասարդը։
Նիգերիացին Հայաստանի մասին մինչև այստեղ հասնելն էր տեղեկացել։ Համացանցով տեղեկություններ էր հավաքել ու որոշել, որ հենց Հայաստան է գալու։ Այս որոշումն այնքան էլ ընտանիքի անդամների ու հարազատների սրտով չէր։
«Մարդիկ ինձ ասում էին ինչու՞ ես գնում Հայաստան, դու մահմեդական ես, կարող ես գնալ Թուրքիա կամ Ադրբեջան։ Բայց ես ասում էի, որ արդեն ամեն ինչ գիտեմ Հայաստանի մասին և կապացուցեմ, որ մամեդականներն ու քրիստոնյաները կարող են խաղաղ ապրել։ Ի՞նչ կապ ունի դավանանքը, մենք բոլորս էլ մարդ ենք։ Չգիտեմ, երևի ներքին վստահություն ունեի, որ Հայաստանում լավ է լինելու», – ասում է նա։
Զրուցակիցս Նիգերիայում լավ աշխատանք է ունեցել, հագուստի վաճառքով ու պրոֆեսիոնալ ֆուտբոլով է զբաղվել, բայց վախով ապրած կյանքը արժեք չունի, ասում է։ Խաղաղ ու ապահով կյանքը կարևորելով՝ թողել է տունն ու աշխատանքը, ընտանիքն ու ընկերներին և հեռացել։ Մեր զրույցի պահին նա արդեն 2 ամիս էր, ինչ Հայաստանում էր։ Հասցրել էր շփվել հայերի հետ ու ասում է չի սխալվել ընտրության հարցում։ Այստեղ հանգիստ է, իրեն լավ են վերաբերվում։
«Իրանում մարդիկ ինձ փողոցում տեսնում էին ու մատով էին ցույց տալիս, կանչում էին իրար, ասում՝ նայե՛ք, սևամորթ է։ Ես նույնիսկ խանութ չէի կարողանում գնալ, իսկ Հայաստանում երբեք նման խնդրի չեմ բախվել։ Մարդիկ ինձ այլ կերպ չեն նայում, ես ինձ լավ եմ զգում այստեղ, ուզում եմ մնալ ու ապրել Հայաստանում, եթե ամեն ինչ լավ լինի կնոջս էլ կբերեմ», – նշում է նա։
Հայաստան հասնելուց հետո սկզբնական շրջանում անհանգստությունն, ասում է, մեծ է եղել՝ հաշվի առնելով կրոնական պատկանելությունը։ Իր մահմեդական լինելու մասին աշխատել է չբարձրաձայել, փողոցում էլ քայլելիս մարդկանց հայացքներում քննադատություն էր փնտրում։
«Ինձ թվում էր մարդիկ միանգամից հասկանում էին, որ ես մահմեդական եմ ու կմեղադրեն դրա համար։ Ինձ ասում էին, որ մահմեդականները նույնացվում են ադրբեջանցիների ու թուրքերի հետ, բայց երևի իմ բախտը բերեց, ես միայն լավ մարդկանց հանդիպեցի ու նման խնդրի առաջ չկանգնեցի։ Ինձ, սակայն, հույս էր ներշնչում այն հանգամանքը, որ նույն կացարանում ինձ հետ նույնիսկ Թուրքիայի քաղաքացիներ էին բնակվում, նրանք էլ էին Հայաստանից կացարան խնդրում, այսինքն դա արդեն նշանակում էր, որ ես անհանգստանալու առիթ չպետք է ունենամ, որ Հայաստանում վատ չեն վերաբերվում կրոնական այլ պատկանելություն ունեցող անձանց», – ասում է զրուցակիցս։
Առաջիկայի համար ծրագրեր դեռ չուներ, սպասում է՝ կտա՞ն իրեն փախստականի կարգավիճակ, թե՞ ստիպված կլինի այլ ապաստան փնտրել։ Զրույցից հետո նիգերիացին բարի ժպիտով մեզ հրաժեշտ տվեց, ձեռքերը նորից գրպանը դրեց ու հեռացավ։
6 ամիս էր անցել մեր այդ զրույցից, երբ վաղ առավոտյան երթուղային բարձրացավ սևամորթ մի երիտասարդ։ Նա էր արդեն փախստականի կարգավիճակ ստացած։ Մինչ աշխատանքի վայր հասնելը երկար զրուցեցինք, պարզվում է՝ կարգավիճակ ստանալուց հետո որոշ ժամանակ ինտեգրման կենտրոնում է մնացել, մինչև որ կնոջն էլ է Հայաստան բերել։ Հետո դուրս են եկել կենտրոնից ու վարձով բնակարան գտել, արդեն նաև աշխատանք ունի։ Հանրապետության հրապարակի փողոցներն է մաքրում գիշերները, աշխատում է հայերի հետ։ Ասում է՝ կարևորը իրեն լավ են վերաբերվում ու կյանքը կորցնելու վախն էլ չի հետապնդում։
«Ես Հայաստանը շատ եմ սիրել, որովհետև այստեղ ապահով է, ես այստեղ չեմ վախենում նույնիսկ գիշերվա ժամին փողոցում զբոսնելուց։ Հետաքրքիր է, բայց Հայաստանի փողոցներում վիճող մարդկանց չես տեսնի, շատ հանգիստ են հայերը, ինչը նիգերիացու համար անսովոր է։ Փոքրիկ անախորժություններ, իհարկե, լինում են, բայց ես դրան նորմալ եմ նայում, դրանից չեմ նեղվում։ Գիտե՞ս, երբեմն ինձ փողոցում կանգնեցնում են ու խնդրում լուսանկարվել։ Ես էլ չեմ մերժում, կարևորը որ վատ աչքով չեն նայում», – ծիծաղում է Մուրթալա Լավան։ Այո, այս անգամ դեմ չէր, որ անուն-ազգանունն էլ հրապարակվեն։
Հարցիս, թե ի՞նչ խնդիրներ ու դժվարություններ ունի Հայաստանում, տների գներից սկսեց դժգոհել։ Աշխատավարձը ցածր է, վարձով տների գները՝ բարձր, ամենաէժան տունը 300 դոլար է, ինքը հիմա հենց այդքան է վճարում տան համար, բայց աշխատավարձը 150 000 է։ Հիմա երկրորդ աշխատանք է փնտրում։ Աշխատանք երկար է փնտրել, դժվարությամբ այս մեկն է գտել։
«Ես չեմ հուսահատվում, ակտիվորեն շարունակում եմ փնտրել, որովհետև լավ մարդիկ Հայաստանում շատ են, հաստատ կկարողանամ գտնել 2-րդ աշխատանք։ Կարևորը մեզ այստեղ լավ ենք զգում», – ասում է Մուրթալան։
Մուրթալան մի բան էլ հիշեց, խանութների ու սուպերմարկետների մեծ մասում գրությունները միայն հայերեն են, լավագույն դեպքում ռուսերեն։ Այստեղ է նաև դժվարություններ ունենում։
«Հայերը մոռացել են, որ այժմ Հայաստանում ապրում են տարբեր ազգություններ, չէր խանգարի նաև անգլերեն լեզվի կիրառությունը։ Նույնիսկ կտրոնները, որ տալիս են խանութներում, միայն հայերեն է գրված», – ծիծաղում է Մուրթալան, դե ինքն էլ ստիպված է քիչ-քիչ հայերեն սովորել, մի քանի բառ արդեն գիտի՝ «Անունն ի՞նչ է», «բարև ձեզ», «ինչ արժի», «ուզում եմ»։ Հայերենը հեշտ լեզու չէ, ասում է, բայց շատ բառեր արդեն սովորել է։
Տեսարժան վայրերով շրջել դեռ չեն հասցրել, բայց, ասում է, շատ են լսել, որ Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով։ Հենց 2-րդ աշխատանք գտնի, անպայման այցելելու են։
«Հայկական խոհանոցն էլ համով է, մեկ – մեկ հայ ծանոթներիցս հայկական ուտեստների բաղադրատոմսեր եմ խնդրում ու տանը ես ու կինս պատրաստում ենք։ Իհարկե, նույն համը չունի, բայց էլի վատ չէ։ Հայկական լավաշն ենք շատ սիրում, ամեն ինչի հետ լավաշ ենք ուտում», – ծիծաղելով ասում է Մուրթալան ու զրույցը հենց այստեղ ավարտվում է։ Մուրթալան տեղ էր հասել։
-Հաջողություն, – մի կերպ հայերեն հնչյուններն իրար կապելով ասաց Մուրթալան, ձեռքով արեց ու, այս անգամ ավելի համարձակ ժպիտը դեմքին, հրաժեշտ տվեց։
Հայաստանի հատուկ կացարանում այսօր շուրջ 31 օտարերկրացի է բնակվում։ Հայաստանից այս պահին ապաստան են խնդրում Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի ու Հորդանանի քաղաքացիներ՝ քրիստոնյաներ ու մահմեդականներ։ Հայաստանում բնակվող այլ դավանանքի ներկայացուցիչների թիվը մեծ չէ։ Վերջին ամփոփված մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է 2011թ-ին, Հայաստանում ապրում են ավելի քան 15 կրոնի հետևորդներ, բայց նրանց ընդհանուր թիվը չի գերազանցում Հայաստանի բնակչության 3.3%-ը: Ամենաշատ հետևորդներ ունեցող կրոնական ուղղությունը իսլամն է, Հայաստանում բնակվում է 812 մահմեդական, իսկ ամենաքիչը՝ Հուդայական, Հարե Կրիշնա և Տրանսցենդենտալ մեդիտացիա կրոնական ուղղությունների հետևորդներն են, նրանց թիվը միասին ընդամենը 361 հոգի է։ Հիշեցնենք, որ 2022թ-ին ևս Հայաստանում մարդահամար անցկացվեց, սակայն կրոնական ուուղղությունների տվյալները դեռ ամփոփփված չեն, դրանք կամփոփվեն մինչ տարեվերջ։
Սաթենիկ Հայրապետյան