Ի՞նչ է լինելու Երևանի ինքնակամ կառույցների ճակատագիրը․ հաշվառման ժամկետը տարեսկզբին սպառվել է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հունվարի 1-ից Երևանում հաշվառված ինքնակամ շինություններն այլևս օրինականացման ենթակա չեն։ Օրենքի պահանջն է․ մինչ այս երևանցիներին տրված էր շուրջ 1,5 տարի ժամանակ՝ հաշվառելու 2021 թվականից առաջ կառուցված ինքնակամ շինությունները։ Կարգավորման նպատակը նոր ինքնակամ շինությունների կառուցումն ու դրանց հետագա օրինականացումը բացառելն էր, իսկ մինչ այդ կառուցված շինությունները, որոնք համապատասխանում են սահմանված նորմերին, օրինական դաշտ բերելը։

«Սկզբնական փուլում նախատեսվեց ժամանակահատված 2021 թվականին կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար, իսկ մինչև 2021 թվականը կառուցվածների համար արդեն սահմանվեց, ըստ գույքերի գտնվելու վայրի, այլ չափանիշներ: Երևան քաղաքի համար սահմանված էր մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, բոլոր քաղաքային բնակավայրերն ընդգրկող համայնքների համար սահմանվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ բացառապես գյուղական բնակավայրերից կազմված համայնքների համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,- նշում է Կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը։

Ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի՝ չափագրումը դեռևս երաշխիք չէ, որ կառույցը կօրինականացվի․ «Սահմանված ժամկետում ինքնակամ շինությունները չհաշվառելու պարագայում ուղղակի հնարավորություն չեն ունենալու դիմել և սահմանված կարգով օրինականացնել»։

Արդյո՞ք քանդման ենթակա են այն շինությունները, որոնք չափագրվելուց հետո տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չեն օրինականացվի: Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչն ասում է՝ դա որոշում է տեղական ինքնակառավարման մարմինը։

Հանրապետության ամբողջ տարածքում 2022 թվականի ընթացքում հաշվառվել է շուրջ 26 հազար 600 ինքնակամ շինություն, որոնցից 16 350-ը Երևանում։ «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության» նախագահ Արայիկ Հակոբյանը նշում է՝ սա չի արտացոլում իրական ծավալները։

Հակոբյանը նշում է՝ Երևանում, մոտավոր հաշվարկներով, ինքնակամ շինությունների միայն 20-40 տոկոսն է հաշվառված, և ժամկետների երկարացման կարիք կա։

Իսկ ո՞րն է պատճառը, որ քաղաքացիները սահմանված ժամկետում չեն հաշվառել իրենց շինությունները։ Factor TV-ն զրուցեց նրանցից մեկի հետ․ քաղաքացին, որն ապրում է առանց շինթույլտվության կառուցված առանձնատանը, չցանկացավ ներկայանալ։ Ասաց՝ տարիներ առաջ դիմել են շինությունն օրինականացնելու համար, սակայն մերժում են ստացել։

«8 տարի է՝ շենքում ենք ապրում, մի քանի անգամ փորձել եմ տարբեր տեղերում դիմել, որպեսզի կարողանանք օրինականացնել, ոչ մի ձև չի ստացվել։ Դիմել ենք կադաստր, ուղարկել են քաղաքապետարան, քաղաքապետարանից հետ են ուղարկել կադաստր, հետո չափագրող, գեոդեզիա, բայց ամեն դեպքում ամեն տեղ, ուր դիմում էի, կար խնդիր, և մեկը մյուսի հետևից էր ուղարկում»,- նշում է քաղաքացին։

Երբ իմացել է Երևանում ինքնակամ շինությունների չափագրման համար սահմանված ժամկետի մասին ու փորձել մասնագետ գտնել, բախվել է խնդիրների։

«Սա իմացել եմ հոկտեմբերին և շատ պատահական, ընկերս էր ասել, նաև ասաց, որ բազմաթիվ հերթեր են, չեն կարող տեղավորել, բայց իրականում կարող է ինչ-որ ծանոթ գտնի, բայց արժեքներն արդեն ոչ թե նախնական 40-50 հազար կարժենա, այլ 300 և ավելի հազար դրամ գումար՝ նայած ով կլինի, ոնց կգտնենք։ Այդ ժամանակ ինձ գինն ուռճացված թվաց, այդ գնով ես պատրաստ չէի տալ չափագրման»,- նշեց նա։

Քաղաքացին դեռ 2022-ի դեկտեմբերին փորձել է չափագրող գտնել և առաջարկված գնով անել չափագրումը, սակայն արդեն ժամանակի սղության պատճառով պայմանավորվել չի հաջողվել։

Տարվա վերջին ազատ չափագրող գտնելու խնդրի և ուռճացված գների մասին տեղյակ է նաև «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության» նախագահը։ Ասում է՝ ի սկզբանե սահմանված ժամկետն իրատեսական չի եղել․ չափագրում կարող էին կատարել Կադաստրի կողմից լիցենզավորված չափագրողները, որոնք շուրջ 400-ն են, նրանցից շուրջ 100-ն է աշխատում Երևանում։

«Այո, չեն կարողացել գտնել, որովհետև հաշվարկները, ըստ իս, սխալ են կատարված։ Այդ ժամկետում նման ծավալը առկա չափագրողներն ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէին հաշվառելու»,- ասում է նա։

Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Ցիրունյանը հակառակն է պնդում։ Ըստ նրա՝ ժամկետները սխալ հաշվարկված չեն եղել։ Բացի այդ, պատգամավորը նշում է՝ պետությունը նախկինում ևս քաղաքացիներին հնարավորություն տվել է հաշվառել ինքնակամ շինությունները։

«Երեք անգամ պետությունը կրկնի, որ խնդրում եմ՝ բերեք ձեր գույքը, ասեք, որ սա ձերն է, և մենք կաշխատենք օրինականացնել, եթե համապատասխանում է, իրենք չեն բերել և վերջին օրը, այդպես կարող են ամեն դեպքի համար ասել՝ չեմ իմացել»,- նշում է պատգամավորը։

Արայիկ Հակոբյանը համաձայն չէ, որ խնդիրը քաղաքացիների կողմից հարցը վերջին օրվան թողնելն է եղել։ Ասում է՝ թեև դեկտեմբերի համեմատ տարեսկզբին ծանրաբեռնվածությունն ավելի փոքր է եղել, այնուամենայնիվ, չափագրողներն ամբողջ տարվա ընթացքում մեծ ծանրաբեռնվածություն են ունեցել։ Բացի այդ, ըստ Հակոբյանի, այստեղ նաև հանրային իրազեկվածության խնդիր է եղել։

Իշխանական պատգամավոր Հայկ Ցիրունյանը թեև նշված փաստարկները համոզիչ չի համարում, այնուամենայնիվ, ասում է՝ չհաշվառված ինքնակամ կառույցները, որոնց մեծ մասն ավտոտնակներ են, կցակառույցներ կամ հողամասում երկաթե շինություններ, բավականին մեծ թիվ են կազմում, և խնդրին որևէ լուծում պետք է տրվի։

«Այնքան շատ է մնացել այսպիսի գույք, որ երևի ինչ-որ այլ տարբերակ էլ կգտնվի, կամ տույժերով, որովհետև անարդար կլինի այն մարդկանց հանդեպ, ովքեր վճարել են այդ գումարները և տարել մուտք են արել, պարտաճանաչ հասցրել են այդ ժամկետին, որոշ քաղաքացիներ ասեն՝ ես չեմ արել, չեմ հասցրել»,- ասում է նա։

Պատգամավորը նշում է՝ նմանատիպ կառույցների համար դժվար թե ևս մեկ հնարավորություն լինի․ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը և Կադաստրի կոմիտեն կմտածեն՝ ինչ անել չհաշվառված կառույցների հետ։ Ինչ վերաբերում է բնակելի առանձնատներին, որտեղ մարդիկ երկար տարիներ է՝ ապրում են, Ցիրունյանի խոսքով՝ այս հարցին լուծում կարող է տալ քաղաքապետարանը․ «Այն հողատարածքները, որտեղ ինչ-ինչ պատճառներով քաղաքացիները կարողացել են ցեմենտից աշխատանքներ տանել, հիմք գցել և այնտեղ կանգնած է նման շինություն, այսօր էլ օրենքը թույլ է տալիս գնալ համապատասխան վարչություն, դիմում գրեմ «1 պատուհանում», որ խնդրում եմ՝ օրինականացրեք իմ գույքը, որը գոյություն ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան