Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.10.2026 | 20:00«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է վերջին ՏԻՄ ընտրություններին, նոր ընդդիմության ձևավորման խնդրին, անցումային արդարադատության չիրագործմանն ու Հայաստանում ռուսական ազդեցության վտանգներին։
Խոսելով ՏԻՄ ընտրություններում մրցակցության բացակայության և դրա ռիսկերի մասին՝ նա Հայաստանի քաղաքական դաշտն առողջացման կարիք ունի. «Այն, որ Հայաստանում նոր ընդդիմություն է հարկավոր, ժողովրդավարական ընդդիմություն է անհրաժեշտ, դա միանշանակ է և այս մասին պնդում ենք 2018 թվականից»։
Անդրադառնալով նախկին իշխանությունների՝ քաղաքական դաշտում դեռևս ակտիվ մնալու և մեծ կապիտալ տնօրինելու խնդրին՝ Աբրահամյանը շեշտեց անցումային արդարադատության և ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների դանդաղկոտությունն ու ձախողումը. «Անցումային արդարադատությունը հենց նաև այս հարցի պատասխանը պիտի տար, որովհետև ընդգրկված էր 95 թվականից ի վեր ընտրական բոլոր ընտրություններում քվեի խլման կամ պետության զավթման հստակ օրինակներ… Ինչ-որ մի պահի պարզապես կարծում եմ հասկանալի դարձավ, որ էդ մասով իրավական ճանապարհ տանելը գրեթե անհնար է»։
Նա ընդգծեց, որ օլիգարխիկ ուժերը փակում են նոր և ժողովրդավարական ուժերի առաջացման հնարավորությունը․ «Մոնոպոլիզացնում են ընդդիմադիր դաշտը։ Եվ էս մոնոպոլիզացիան է, որ բավական վտանգավոր է, որովհետև հենց նույն ժողովրդավարական միջոցներով, հնարավոր բոլոր ազատությունները օգտագործելով են պայքարում ուղղակի ժողովրդավարությունը տապալելու համար»։
Խոսելով 2026 թվականի համապետական ընտրությունների և արտաքին միջամտությունների վտանգի մասին՝ բանախոսը հատուկ ուշադրություն հրավիրեց ռուսական գործոնի վրա. «Մենք չենք կարող բացառել ռուսական կապիտալի ներգրավվածությունը, որովհետև սպասելի էր, որ 2026-ի ընտրություններին Ռուսաստանը այլ ուժերի վրա է հենվելու և նոր ուժերի վրա է իր հիմնական խաղադրույքը դնելու… Ռուսաստանի համար շատ հեշտ է և շատ էժան, շատ ավելի էժան, մի քանի միլիոն… ծախսել ընտրություններով իշխանություն վերցնել և ըստ էության ամբողջ պետության վերահսկողությունը վերցնել, քան էդ 100 միլիոնը ռազմական դաշտում ծախսել»։
Ըստ նրա՝ Ռուսաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է. «Ռուսաստանին ի՞նչ է ձեռնտու՝ կոնֆլիկտը ամենակարեւոր մեխանիզմն է, որ ինքը ունի»։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող պահանջներին՝ Գայանե Աբրահամյանը նշեց. «Սա իրականում Իլհամ Ալիևի կողմից բացարձակ անհիմն և զուտ պատրվակ է»։ Որպես սրա դեմ պայքարի իրավական գործիք՝ նա հիշեցրեց միջազգային պայմանագրերի ուժը. «Առաջին քայլը, որ պետք է անել, ուղղակի խաղաղության պայմանագիրը ստորագրելն է, որովհետեւ այնտեղ հստակ դրույթ կա, որ որևէ ներպետական իրավական ակտ, այդ թվում Սահմանադրությունը, չի կարող գերակա լինել այս պայմանագրի նկատմամբ»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

