Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
Քաղաքականություն
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն․ Գյուղի պատմությունն ու անկլավի առաջացումը
«Յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքի իրավունք, բայց ոչ սեփական փաստերի»։
Դենիել Պատրիկ Մոյնիհեն
Անկլավային գյուղերից թերևս ամենաառեղծվածայինը Քյարքի-Տիգրանաշենն է։ Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական աղբյուրները հավաստի տեղեկություններ չեն տալիս այն մասին, թե երբ և ինչ հանգամանքներում է հիմնադրվել գյուղը։ Պակաս հարցեր չի առաջացնում նաև դրա տարածքային պատկանելության պատմությունը․ ինչպե՞ս Քյարքին, որը Կարսի պայմանագրով Հայաստանի տարածքում էր, դարձավ խորհրդային Նախիջևանի մաս։ Հայկական հրապարակումներում երկար ժամանակ գերակշռում էին պնդումները, թե Քյարքին անկլավ է դարձել 1940–1950-ական թվականներին՝ Հայաստանից այդ տարածքի օտարման հետևանքով։ Ադրբեջանական հեղինակներն էլ, ընդհակառակը, պնդում են, թե Քյարքին ի սկզբանե անմիջական տարածքային կապ է ունեցել Նախիջևանի հետ և միայն 1930-ականների վերջին վերածվել անկլավի։
Հենց Քյարքիի շուրջ են կուտակվել ամենաշատ վիճահարույց պնդումներն ու հակասական մեկնաբանությունները։ Ուստի որոշեցինք այս բնակավայրի պատմությանն անդրադառնալ առավել հանգամանորեն՝ համադրելով պատմական փաստաթղթերը, քարտեզագրական նյութերը և հայկական ու ադրբեջանական հրապարակումներում ներկայացված վարկածները։
Տարածքն ու բնակչությունը

Քյարքի (Տիգրանաշեն)։ ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզի եզրագծով հաշվարկված մակերեսը՝ 8,405 կմ², բնակչությունը՝ 333 մարդ՝ ըստ 1989 թ. մարդահամարի։
Ադրբեջանական հրատարակություններում և ռուսական «Կոմերսանտի» հրապարակման մեջ Քյարքիի տարածքը նշվում է 19,2 կմ²։ Սակայն անկլավի եզրագծով կատարված չափումները զգալիորեն փոքր արդյունք են տալիս՝ մոտ 8,415 կմ²՝ Google Earth-ում, և 8,405 կմ²՝ ԽՍՀՄ գլխավոր շտաբի տեղագրական քարտեզով։[1]։
Առավել հավաստի աղբյուրների համաձայն՝ 1988–1989 թվականներին Քյարքիի բնակչությունը կազմել է 333 մարդ, իսկ մեկ այլ հրապարակման մեջ գնահատվել է շուրջ 350։ Ավելի ուշ որոշ հրապարակումներում հանդիպում է նաև մինչև 500 բնակչի մասին տեղեկություն, սակայն այն չի հիմնավորվում վիճակագրական կամ այլ փաստաթղթային աղբյուրներով։
Ինչ են գրում հայ և ադրբեջանցի հեղինակները
Հարկավոր է նշել, որ Քյարքիի, ինչպես նաև մյուս անկլավային գյուղերի պատմության, տեղանունների ծագման և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ մինչ օրս չկան հիմնարար ու համակողմանի գիտական ուսումնասիրություններ։ Արդյունքում շրջանառվող բազմաթիվ վարկածներ, այդ թվում՝ ակադեմիական շրջանակներում ներկայացվողները, հաճախ հիմնվում են հատվածական տեղեկությունների և ենթադրությունների վրա՝ կրելով ավելի շուտ սիրողական, քան համակարգված գիտական հետազոտության բնույթ։
Գյուղի անվան ծագման հարցում հայ և ադրբեջանցի հեղինակներն առաջարկում են իրարամերժ բացատրություններ։ Օրինակ՝ քաղաքական գործիչ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը 2022 թ. մայիսի 11-ին պնդում էր.
«…[Քյարքին] պատմական հայկական գյուղ է, որն ի սկզբանե եղել է ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետության, այլև Խորհրդային Հայաստանի կազմում։ Գյուղը կոչվել է Քարքե (Քյարքին ադրբեջանական անվանումն է)»։[2]
Ինչ վերաբերում է «Քարքե» անվան մասին Արման Թաթոյանի պնդմանը, ապա մինչ օրս չի ներկայացվել աղբյուր, որը վկայի հենց այս տեղանքում այդ անունով պատմական հայկական գյուղի գոյության մասին։ Հայկական միջնադարյան գրավոր ավանդույթում Քարքե անունը հայտնի է Տարոնում՝ Քյարքիից հարյուրավոր կիլոմետրեր արևմուտք գտնվող սրբազան լեռան առնչությամբ։ Այն հիշատակվում է Զենոբ Գլակին վերագրվող «Տարոնի պատմության» մեջ։[3]
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» հիշատակում է նաև Քարքի պատմական բնակավայր՝ Էրզրումի վիլայեթի Երզնկայի շրջակայքում, սակայն Արարատյան դաշտի համար «Քարքե» պատմական հայկական անվանում չի արձանագրում։[4]
Ադրբեջանական աղբյուրներն էլ միասնական պատասխան չունեն գյուղանվան ծագման և հիմնադրման ժամանակի մասին։ Տարածաշրջանում թյուրքական ներկայությունը հնարավորինս հին ներկայացնելու միտումի շրջանակում բացատրություններից մեկի համաձայն՝ անունը ծագում է ենթադրյալ ղփչաղական «քյարքի» ցեղից։
Մասնավորապես, 2007 թ. հրատարակված «Ադրբեջանի տեղանունների հանրագիտական բառարանում» գրված է.
«Աղբյուրներում նշվում է, որ քյարքի ցեղի ներկայացուցիչները վաղ միջնադարում ղփչաղների կազմում եկել են Ադրբեջանի տարածք։ XIX դարի փաստաթղթերում հիշատակվում է «ղազախլը» ցեղի կազմում ընդգրկված «քյարքիբաշլը» տոհմը։ Թուրքմենների շրջանում ևս եղել է «էրսարի» տոհմի «քյարքի» կոչվող ճյուղը»։[5]
1980-ականների վերջին ադրբեջանական հեղինակներն առաջարկում էին նաև Քյարքի անվան կապը Քիրքուքի՝ իրաքյան թուրքոմանների կենտրոններից մեկի հետ՝ ենթադրելով, թե գյուղի բնակիչներն այնտեղից են գաղթել։ Մեկ այլ վարկածով անունը նշանակում է «գոգավորություն» կամ «իջվածք», քանի որ հին Քյարքին, ենթադրաբար, գտնվել է այժմյան գյուղից 4–5 կմ հյուսիս-արևելք՝ խոր ձորում։ Այս մեկնաբանությունների համար նույնպես գյուղի պատմության հետ կապ հաստատող առանձին փաստական շղթա չի ներկայացվում։
Գեյբուլլաևի վարկածը և դրա ստուգումը. թյուրքացման միտում
Ադրբեջանական բառարանի բացատրության նախորդող կարևոր աշխատություններից է Գիյասեդդին Գեյբուլլաևի «Ադրբեջանի տեղանունները» (1986 թ.) աշխատությունը։ Գեյբուլլաևն առաջարկում է գյուղանունը կապել «քերքի» ցեղանունի հետ, բայց նշում է, որ դրա ծագումն անհայտ է։ Նա համեմատության համար հիշատակում է «քերքի» անունով խումբ թուրքմենների մոտ, իբր համանուն ղփչաղական տոհմ Ուզբեկստանում և XIX դարի Թուրքիայում համանուն ցեղի գոյության մասին տեղեկություն։[6]
Սակայն նրա վկայակոչած սկզբնաղբյուրների ստուգումը ցույց է տալիս, որ այդ զուգահեռներից առնվազն երկուսը ներկայացված են սխալ։
Գեյբուլլաևը քերքի անունով ղփչաղական տոհմը հիշատակում է, հղում կատարելով ուզբեկ պատմաբան և ազգագրագետ Կ. Շանիյազովին: Մինչդեռ Շանիյազովի աշխատության համապատասխան էջում Քարքի (Карки)-ն ոչ թե տոհմի անուն է, այլ Սամարղանդի մարզի Փայարիքի շրջանի բնակավայր, որտեղ ապրել են փարչա-ղփչաղ խմբի ներկայացուցիչները։ Այլ կերպ ասած՝ բնակավայրի անունը Գեյբուլլաևի մոտ վերածվել է ցեղանվան։[7]
Նույնը վերաբերում է հեղինակի՝ Թուրքիայում քերքի ցեղի գոյության մասին հղմանը։ Գեյբուլլաևի վկայակոչած Պ. Լերխի գրքում իրականում հիշատակվում է Մոսուլի շրջանում բնակվող քրդական Քերքի/Հերքի (Kerki, Herki, Harkee) ցեղը, որի ձմեռային կեցավայրերը գտնվել են Մոսուլի մոտ։ Լերխը դա չի ներկայացնում որպես թյուրքական ցեղ։[8]
Այսպիսով, Գեյբուլլաևի ներկայացրած «ուզբեկական ղփչաղական տոհմը» ստուգված աղբյուրում բնակավայր է, իսկ «թուրքական ցեղը»՝ քրդական ցեղ Մոսուլի շրջանում։ Չնայած այդ հանգամանքներին՝ 2007 թ. ադրբեջանական հանրագիտական բառարանում նրա սկզբնական ենթադրությունը դարձել է Քերքի ցեղի՝ վաղ միջնադարում ղփչաղների հետ Ադրբեջանի տարածք գալու մասին հաստատական պնդում՝ առանց նման գաղթը վկայող պատմական որևէ սկզբնաղբյուրի։
Միևնույն ժամանակ, Քերքի/Քարքի անվան քրդական զուգահեռներն այսքանով չեն սահմանափակվում։ Ահմեթ Օզերը քրդական Բրուքի (Բիրուքի, Bruki/Brukan) ցեղային միության ստորաբաժանումների շարքում հիշատակում է Քերքի (Kerki), Շերքի (Şerki), Մամկա (Mamka), Բեշկա (Beşka), Շավալիկա (Şavalika), ինչպես նաև Փիրքի (Pirki) տոհմ-ցեղերը։[9]
Գյուղի առաջին հիշատակությունը
Քյարքիի՝ մինչ այժմ հայտնաբերված ամենավաղ հիշատակությունը վերաբերում է 1727–1728 թվականներին։ Երևանի էյալեթի օսմանյան ընդարձակ դեֆթերում (հարկամատյանում) այն գրանցված է Քյարքիչիք (Kərkiçik, բառացի՝ «Փոքր Քյարքի») անունով՝ Սադարակի նահիեի կազմում։ Գյուղում հաշվառվել է 6 մահմեդական հարկատու, ինչը պայմանականորեն կարող էր համապատասխանել մոտ 25–30 բնակչի։[10]
Այն, որ խոսքը մեծ հավանականությամբ հենց հետագա Քյարքիի մասին է, երևում է հարկամատյանում նշված հարևան բնակավայրերից. Քյարքիչիքը թվարկված է Սադարակի և Ասնիի կողքին՝ նույն բնակավայրերի, որոնց հարևանությամբ Քյարքին հիշատակվում է նաև XIX դ. ռուսական աղբյուրներում։

Հատված Երևանի էյալեթի 1727–1728 թթ. օսմանյան հարկամատյանի՝ Սադարակի նահիեի բաժնի բովանդակացանկից (2001 թ. ադրբեջաներեն հրատարակություն)։ Քյարքիչիք (Kərkiçik, թուրքական ուսումնասիրության մեջ՝ Kerkicek) գյուղը՝ վեց մահմեդական հարկատուով և 3800 ակչե հարկագումարով։
Նույն հարկամատյանում Սադարակի գոտում հիշատակվում են քրդական դումբուլի ցեղի համայնքները (ջամաաթները)։ Սակայն հենց Քյարքիչիքի բնակիչների ցեղային պատկանելությունը նշված չէ։[11]
XVII դարի սկզբին Շահ Աբաս I-ի կազմակերպած հայ բնակչության բռնագաղթի ամենածանր հետևանքները կրած տարածքներից էին հենց Արարատյան դաշտի հարավային հատվածն ու Շարուրը։ Դրա հետևանքների խոսուն վկայությունն է տարածաշրջանի հետագա տեղանվանական և ժողովրդագրական պատկերի հակադրությունը. մինչև XX դարի սկիզբն այստեղ դեռևս պահպանվել էին հայկական տեղանուններ՝ Դանզիկ, Բաշ Նորաշեն, Ուլյա Նորաշեն, Աուշ (որոշ քարտեզներում՝ Ավուշ), Ախուրա և այլն, մինչդեռ այդ բնակավայրերում հայկական բնակչությունն այլևս չէր պահպանվել։ Ընդ որում՝ դրանց մի մասը՝ Տանծեկը, Ակոռին և Ավեշը, հիշատակվում են դեռևս Նորավանքին 1261–1303 թթ. նվիրվատվական արձանագրություններում[12]։

Դանզիկը (միջնադարյան Տանծեկ), Նորաշեն-Ուլյան, Բաշ Նորաշենը, Ախուրան (միջնադարյան Ակոռի) և Աուշը (միջնադարյան Ավեշ)՝ Կովկասյան երկրամասի 1926 թ. ռազմատեղագրական քարտեզի վրա։
Պետք է հաշվի առնել նաև, որ Քյարքիի տարածքը ջրազուրկ ու քարքարոտ էր։ Հավանաբար դրանով է բացատրվում, որ 1727 թվականից սկսած՝ հասանելի վիճակագրական աղբյուրներում այն մշտապես ներկայացվում է որպես համեմատաբար փոքր բնակավայր։
Քյարքին Իվան Շոպենի աշխատության մեջ և երկու համանուն գյուղերի խնդիրը
Քյարքիի մասին հաջորդ տեղեկությունները գտնում ենք Հայկական մարզի 1831–1832 թթ. կամերալ նկարագրության[13] մեջ, որը հետագայում հրապարակել է ռուսական վարչակազմի պաշտոնյա և տարածաշրջանի ուսումնասիրող Իվան Շոպենը։ Հավաքագրված տեղեկությունների հարստությամբ և մանրամասնությամբ այս աշխատությունն իր ժամանակի եզակի ուսումնասիրություններից է և մինչ օրս մնում է Հարավային Կովկասի պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկը։
Վեդիբասարի մահալի կազմում գտնվող, մուսուլմաններով բնակեցված «Кiорки» գյուղում այդ ժամանակ հաշվառվել էր երեք ընտանիք՝ 17 բնակիչ։ Գյուղը նշված է Սադարակի և Ասնիի հարևանությամբ։

Քյարքին («Кiорки»)՝ Վեդիբասարի մահալի գյուղերի շարքում, Սադարակի և Ասնիի կողքին։ Ի. Շոպեն, 1852 թ., էջ 555–556։
Այս տեղեկությունն առանձնապես կարևոր է երկու համանուն բնակավայրերի պատճառով։
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» հիշատակում է Քյարքի անունով երկու գյուղ. մեկը գտնվել է ապագա անկլավի տարածքում, մյուսը՝ Արաքսի աջ ափին՝ ներկայիս Թուրքիայում։ Վերջինս հայտնի էր նաև Վերին Քուրդումվար կամ Քուրդոմար անուններով։
Բառարանի հեղինակները Շոպենի՝ 1831–1832 թթ. տվյալները սխալմամբ վերագրել են Արաքսի աջ ափին՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող համանուն գյուղին։ Հետագայում այս սխալը կրկնվել է նաև մի շարք հայկական հրապարակումներում։ Մինչդեռ Շոպենի ցանկում Քյարքին նշված է Սադարակի և Ասնիի կողքին, իսկ Կարասուի և Արաքսի միջագետքում նա ընդհանրապես որևէ գյուղ չի հիշատակում։
Ավելին՝ 1847 թ. ռուսական ռազմատեղագրական քարտեզում Քյարքին հստակ նշված է հենց ապագա անկլավի տարածքում։

Քյարքին, Սադարակը և Ասնին Կովկասի 1847 թ. ռազմատեղագրական քարտեզում։
Արաքսի աջափնյա Քարքին, որ սկսում է հիշատակվել XIX դարի երկրորդ կեսից, ընդհակառակը, պատկանում էր Բուրուկիի գյուղական հասարակությանը, որի անունը կապված է քրդական Բրուկի/Բիրուկի ցեղի հետ։ Շոպենը հիշատակում է այս հատվածի քրդական քոչավայրերը, իսկ XIX դարի հետազոտող Ս. Եղիազարովը տալիս է նաև այս հատվածում այդ ցեղի տարբեր խմբերի հաստատման բացատրությունը. Բրուքի խմբերը, որոնք նախկինում հիմնականում ապրել են Արաքսի ձախ ափին (ներկայիս Արարատի մարզի հարավային հատվածում), Կախանովի ջրանցքի կառուցումից հետո (1870-ականներ) տեղափոխվել են գետի աջ ափ՝ մասամբ հաստատվելով Արաքսի և Կարասուի միջագետքում, մասամբ՝ Կարասուի աջ ափին։[14]

Արաքսի աջ և ձախ ափերին քրդական ցեղերի քոչի տարածքների նկարագրությունը՝ ըստ Ի. Շոպենի, 1852 թ., էջ 521։
Այդ աջափնյա գոտու գյուղերը ձևավորվել են ավելի ուշ՝ XIX դարի երկրորդ կեսին։ XX դարի սկզբի մի շարք ռուսական ռազմատեղագրական քարտեզների վրա Վերին, Միջին և Ներքին Քուրդումվար գյուղերը ներկայացված են նաև Քարքի, Շարքի և Մամքի անուններով։ Քարքի, Շարքի և Մամքի անունների համադրումը Բրուքիի տոհմային ստորաբաժանումների ցանկի հետ կարևոր է հատկապես այս աջափնյա բնակավայրերի պատմության համար։
Քրդագետ Տ. Արիստովայի՝ քրդական տոհմերի վերաբերյալ աղյուսակում նույնպես հանդիպում են Շարքի, Շավլիքի, Բաշքի, Փիրքի, Սիփքի, Ռոժքի և Բրուկա անունները։[15]
Այսպիսով, Շոպենի տվյալները ապագա անկլավային Քյարքիին վերագրելու օգտին խոսում են միաժամանակ մի քանի հանգամանք՝ գյուղի տեղը բնակավայրերի ցանկում, 1847 թ. քարտեզը, երկու գյուղերի տարբեր վարչական պատկանելությունը և աջափնյա բնակավայրի ավելի ուշ ձևավորումը։

Բուրուկիի գյուղական հասարակությունը, որի կազմում էր Վերին Քուրդոմարը, և Սադարակի գյուղական հասարակությունը՝ Ասնի, Քյարքի, Սադարակ։ «Կովկասյան օրացույց», 1917 թ։

Քյարքին ռուսական 1867 թ. ռազմատեղագրական քարտեզում։

Վերին, Միջին և Ստորին Քուրդումվարները՝ Քարքի, Մամքի, Շարքի, Արաքսի աջ ափին։ 1917 թ. ռազմատեղագրական քարտեզ։
Երկու համանուն բնակավայրերի տարբերությունն արտահայտվում է նաև դրանց ժողովրդագրական տվյալներում։

Անկլավային Քյարքիի և Արաքսի աջափնյա Վերին Քուրդումվարի (Քուրդոմարի) բնակչության համեմատությունը՝ ըստ օսմանյան դեֆթերի և ռուսական վիճակագրական աղբյուրների։
XIX դարի ընթացքում ապագա անկլավային Քյարքին շարունակում էր համեմատաբար փոքր բնակավայր մնալ՝ բնակեցված շիա թաթարներով (ադրբեջանցիներով)։ Եթե 1831–1832 թթ. այստեղ հաշվառվել էր ընդամենը 17 բնակիչ, ապա 1873 թ. նրանց թիվը հասել էր 131-ի, իսկ 1886 թ.՝ 150-ի։[16]
Մինչդեռ Արաքսի աջ ափին գտնվող Քարքին՝ Վերին Քուրդումվարը, թեև «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում» ներկայացվում է որպես խառը բնակչությամբ գյուղ, բնակեցված էր բացառապես քրդական Բիրուկի (Բրուկ) ցեղի համանուն տոհմով։ 1873 թ. գյուղն ուներ 430, իսկ 1886 թ.՝ 466 բնակիչ, որոնք սուննի մահմեդականներ էին։[17]
Այսպիսով, առնվազն XIX դարի երկրորդ կեսին երկու բնակավայրերը հստակ տարբերվում էին թե՛ էթնիկ, թե՛ դավանական կազմով։
Քրդական բնակչությունը Քյարքիի շրջակայքում
Քյարքիի պատմության համար կարևոր է Արարատյան դաշտի հարավում և Շարուրում քրդական խմբերի ներկայության համատեքստը։ XVIII դարի օսմանյան հարկամատյանի ցեղային համայնքների մասին տեղեկություններին հաջորդում են XIX դարի ազգագրական ու վիճակագրական նկարագրությունները։ Ուշագրավ են Ճաթղ
ռանի (ներկայիս Ոսկետափի հարևանությամբ) և Շիխլարի (ներկայիս Լուսառատի) օրինակները. Շոպենի տեղեկություններում քրդական բնակչությամբ այս գյուղերը XIX դարի վերջի աղբյուրներում արդեն ներկայացվում են որպես թաթարաբնակ (ադրբեջանաբնակ)։[18]
Քրդական բնակչությունը տարածաշրջանում պահպանվել էր նաև XX դարում։ Զավեն Կորկոտյանի ներկայացրած՝ 1926 թ. մարդահամարի տվյալներում քրդական բնակչություն է արձանագրված Վեդիի շրջանի ավելի քան երկու տասնյակ գյուղերում։ Սադարակի շրջակայքի համար առանձին տվյալներ է ներկայացնում Ա. Բուկշպանը՝ 1931 թ. դրությամբ. նրա աղյուսակի հինգ քրդական գյուղերում հաշվառված էր ընդհանուր 284 տնտեսություն և 1507 բնակիչ։[19],[20]
Քյարքի անվան ծագման հարցում իրանական՝ մասնավորապես քրդական վարկածը քննության ենթակա փաստական հիմք ունի՝ Քերքի ցեղանվան հիշատակությունները, Բրուքիի կազմում այդ անունով խմբի առկայությունը, Արաքսի աջափնյա Քարքի–Շարքի–Մամքի տեղանունները և տարածաշրջանում քրդական խմբերի պատմական ներկայությունը։ Սակայն անկլավային Քյարքիի անվանակոչումը կամ նրա սկզբնական բնակիչների ծագումը բացատրող ուղղակի վկայություն առայժմ չունենք։
Սահմանների մասին պատկերացումները Ռուսական կայսրության փլուզման նախօրեին և Քյարքին
Ռուսական կայսրության օրոք Քյարքին Երևանի գավառի Սադարակի գյուղական հասարակության կազմում էր։ Ներկայիս Նախիջևանի ինքնավարության տարածքը հետագայում ձևավորվեց Երևանի նահանգի երեք գավառների հատվածներից։

Երևանի նահանգի երեք գավառների՝ Երևանի, Շարուր-Դարալագյազի և Նախիջևանի այն հատվածները, որոնցից ձևավորվել է ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։ Ինքնավարության կազմում ընդգրկված տարածքներն առանձնացված են ավելի մուգ գույներով։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
Ռուսական կայսրությունում Հարավային Կովկասի վարչատարածքային բաժանումը հիմնականում կատարվում էր՝ ելնելով կառավարման հարմարությունից, հաղորդակցության ուղիներից և տեղանքի ռելիեֆից։ Նահանգների ու գավառների սահմանները հաճախ անցնում էին լեռնաշղթաներով և գետերով՝ հաշվի առնելով տարածքների կապը վարչական կենտրոնների հետ։
Ուստի կայսրության վարչական սահմանները հիմնականում չէին համընկնում էթնիկ սահմանների հետ։ Բացի Քութայիսի նահանգից, որտեղ վրացիները կազմում էին բնակչության ճնշող մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը, Հարավային Կովկասի մյուս նահանգները էթնիկ և դավանական առումով խառը տարածքներ էին։
Դեռևս 1905 թվականից, երբ Կովկասի փոխարքայությունում քննարկվում էր տեղական ինքնակառավարման մարմինների՝ զեմստվոների ներդրման հարցը, հայ գործիչներն առաջարկում էին Անդրկովկասի վարչատարածքային վերակազմավորման նախագիծ, որի հիմքում էթնիկ առումով ավելի միատարր վարչական միավորներ ստեղծելու սկզբունքն էր։
Ըստ «Կովկասյան օրացույցի» 1917 թ. հրատարակության՝ 1916 թ. սկզբին հայերը Կովկասյան երկրամասի ամենամեծ տեղաբնիկ էթնիկ խումբն էին՝ 1,859 մլն մարդ (իսկ ամբողջ Ռուսական կայսրությունում մոտ 1,95 մլն)։ Նրանցից 1,781 միլիոնն ապրում էր Անդրկովկասում, մնացածը՝ Հյուսիսային Կովկասում։ Համեմատության համար՝ վրացիների թիվը 1,791 մլն էր։ Այդուհանդերձ, հայերը մեծամասնություն էին կազմում միայն մեկ՝ Երևանի նահանգում, որտեղ բնակչության մոտ 59,8 % հայեր էին, 32,55 %՝ շիա մուսուլմաններ, 3,26 %՝ քրդեր[21]։
Պետք է նշել, որ 1916 թ. վիճակագրությունը ադրբեջանական թյուրքերին առանձին չէր հաշվառում․ նրանք հիմնականում ներառված էին շիա և սուննի մահմեդականների խմբերում՝ այլ էթնիկ համայնքների, այդ թվում՝ քրդերի հետ։ 1886 թ. հայերի թիվը կազմում էր շուրջ 962 հազար, վրացիներինը՝ ավելի քան 1 մլն, թյուրքերինը՝ շուրջ 1,14 մլն (ներառյալ Դաղստանը)։ 1916 թ. Կովկասյան երկրամասում հայերն արդեն գերազանցում էին վրացիներին՝ 1,86 մլն՝ 1,79 մլն-ի դիմաց։ Թյուրքերի թվաքանակը հավանաբար մոտ էր հայերի թվին, սակայն ճշգրիտ համեմատություն հնարավոր չէ։ 1926 թ. ԽՍՀՄ մարդահամարը գրանցեց շուրջ 1,7 մլն թյուրք, 1,57 մլն հայ և 1,82 մլն վրացի։ Հայերի թվի փոփոխությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև 1918–1920-ական թթ. պատերազմների, կոտորածների և տեղահանությունների հետևանքները։
Հայերի առավել խիտ բնակության տարածքները հիմնականում Երևանի նահանգին հարող Փոքր Կովկասի լեռնային գոտում էին՝ Լոռիում, Տավուշում, Գանձակի՝ Ելիզավետպոլի գավառի լեռնային մասում և Լեռնային Ղարաբաղում, որտեղ նրանք բնակչության բացարձակ մեծամասնություն էին կազմում։ Գործող վարչական բաժանմամբ՝ այս շրջաններն ընդգրկված էին այնպիսի նահանգներում, որոնք միավորում էին նաև հարևան հարթավայրերը՝ գերակշռող վրացական կամ թյուրք-մուսուլմանական բնակչությամբ։
Անդրկովկասի վարչական վերակազմավորման հայկական նախագիծը պետք է լուծեր հենց այս խնդիրը։ Էթնիկ առումով խառը նահանգների փոխարեն առաջարկվում էր ստեղծել հայկական հստակ մեծամասնությամբ երկու նահանգ՝ Գանձակի (ռուս. Ելիզավետպոլի, ադրբ.՝ Գյանջայի) և Ալեքսանդրապոլի, որտեղ հայերը կկազմեին բնակչության համապատասխանաբար 70 և 66 %։ Երևանի նահանգը կմնար հայ-մուսուլմանական խառը կազմով․ հայերը կկազմեին 53 %, մուսուլմանները՝ 44 %։[22]

Հայկական մեծամասնությամբ նոր նահանգների ընդհանուր սահմանը՝ ըստ Ա. Շահխաթունյանի 1917 թ. աշխատության մեջ առաջարկված նախագծի։ Աղբյուր
Երևանի նահանգի ներսում ևս նախատեսվում էր վերանայել գավառների սահմանները՝ ձևավորելով էթնիկ առումով ավելի միատարր հայկական և մուսուլմանական գավառներ։
Մասնավորապես, առաջարկվում էր ստեղծել հիմնականում մուսուլմանաբնակ Շարուրի գավառ՝ դրան միացնելով Արարատյան դաշտի հարավը․ Երևանի գավառի այն տարածքները, որոնք գտնվում էին Ղամարլուից՝ ներկայիս Արտաշատից հարավ, մինչև Սադարակ՝ ներառյալ Քյարքին։
Այս վերաբաժանումը թույլ կտար նաև ձևավորել էթնիկ առումով ավելի միատարր Վայոց ձորի տարածք, կցելով այն հիմնականում հայաբնակ Նոր-Բայազետի գավառին և միաժամանակ պահպանելով հայ-մուսուլմանական խառը կազմով Նախիջևանի գավառը։

Երևանի նահանգի գավառների ազգային կազմը՝ ըստ հայկական առաջարկի (կարմիրը՝ հայեր, կանաչը՝ մահմեդականներ, կապույտը՝ այլ խմբեր):
Նախագծվող Շարուրի գավառի շուրջ 98 հազար բնակչից մոտ 18 հազարը հայեր էին, 80 հազարը՝ մուսուլմաններ՝ թյուրքեր և քրդեր։Հայկական նախագիծն ընդունվեց Պետրոգրադի քննարկման ժամանակ և մասնակի փոփոխություններով ուղարկվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե՝ ՕԶԱԿՈՄ։ Սակայն 1917 թ. հոկտեմբերի 14–15-ի ընդլայնված նիստում հայկական կողմի նախագիծը մերժվեց։Հենց այս նախագիծն էլ հիմք դարձավ 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովում հայկական կողմի ներկայացրած տարածքային պահանջների համար։[23][24]

Հայաստանի հյուսիսային և արևելյան սահմանների նախագիծը՝ ներկայացված Փարիզի խաղաղության վեհաժողովում, 1919 թ.։
Ուշագրավ է, որ ցարական վարչական բաժանմամբ Քյարքին և հարևան Սադարակը գտնվում էին Երևանի գավառի սահմաններում։ Այդ տարածքը Հայաստանի կազմում էր պատկերված նաև Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության՝ 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացրած հիմնական քարտեզում։ Երևանի գավառի մի մասը ներառված էր միայն ադրբեջանական կողմի առավելագույն տարածքային պահանջներում (ադրբեջանական կողմը ներկայացրել էր նաև ավելի մեծ սահմաններով տարածքային պահանջ, որը ներառում էր նաև Կարսի մարզը և Բաթումը)։ Այսպիսով, ԱԴՀ-ի՝ առավել լայն շրջանառություն ստացած քարտեզներում, որտեղ Ադրբեջանի կազմում էին ներկայացվում նույնիսկ Սյունիքը, Վայոց ձորը, Սևանի արևելյան ափն ու Տավուշը, Քյարքին և Սադարակը շարունակում էին պատկերվել Հայաստանի կազմում։

«Ադրբեջանի պատմություն», հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի դասագիրք (ռուսերեն հրատարակություն), էջ 108։ Քարտեզը ներկայացված է որպես 1919 թ. Փարիզի խաղաղության համաժողովում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած քարտեզի գունավոր տարբերակ։ Հավակնությունների սահմանագիծն ընդգծված է կարմիրով։ Քյարքին Երևանի գավառում էր՝ Գայլի դրունքից հյուսիս։
1905 թվականի բախումներից՝ 1918 թվականի իրադարձությունները
XX դարի սկզբին Երևանից հարավ գտնվող Արարատյան դաշտի բնակչության էթնիկ կազմը խիստ խայտաբղետ էր՝ մուսուլմանների՝ թյուրքերի և քրդերի գերակշռությամբ։ Հայկական խոշոր բնակավայրերն Արտաշատը (Ղամարլու) և հարակից գյուղերն էին, իսկ ավելի հարավ՝ դրանցից կտրված, Արարատը (Դավալու) և ներկայիս Երասխի շրջակայքի հայկական ագարակները։
Վերջիններս առաջացել էին 1890-ական թվականներին, երբ ներկայիս Երասխի շրջակայքում՝ Արազդայան երկաթուղային կայարանի մոտ, հիմնվեցին հայկական փոքր ագարակներ, որոնք ժամանակի ընթացքում ընդարձակվեցին։ Դրանց բնակիչները հիմնականում զբաղվում էին խաղողագործությամբ՝ բերքն իրացնելով Թաիրովի (հետագայում՝ Շուստովի) կոնյակի գործարանին։ Արարատյան դաշտի այս հատվածում աճեցվող խաղողը համարվում էր կոնյակի սպիրտի արտադրության համար լավագույններից մեկը։ Հայկական ագարակների թվում էին Արազդայան կայարանին կից բնակավայրը՝ ներկայիս Երասխը, Սմո-քենդը և Իսֆահանը։
1905–1906 թթ., այսպես կոչված, «հայ-թաթարական ջարդերի» ժամանակ ներկայիս Արարատի մարզի հարավային սահմանամերձ հատվածում՝ Երասխ–Քյարքի գոտում, բախումները հիմնականում դրսևորվում էին Արաքսի հովտի հայկական ագարակների վրա հարձակումներով։ 1905 թ. ամռանը դրանց հայ բնակիչները ստիպված եղան լքել իրենց տները և տեղափոխվել մոտակա խոշոր հայկական բնակավայր՝ Դավալու (ներկայիս Արարատ)[25]։

Ներկայիս Արարատի մարզի հարավային հատվածի հայկական բնակավայրերը (կարմիրով) և Քյարքին («Керка», կանաչով)՝ Ռուսական կայսրության ժամանակաշրջանի Կովկասյան երկրամասի ռազմատեղագրական հինգվերստանոց քարտեզի վրա (1926 թ. վերահրատարակություն)։
Արարատյան դաշտի լեռնային հատվածում՝ Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներկայիս սահմանի երկայնքով, կային նաև մի քանի հայկական գյուղեր՝ Չանախչի (Զանգակատուն), Ղաշխա (Վարդաշատ), Քեշիշվերան (Ուրցալանջ), Բիրալու (Լանջառ) և Զինջիրլու (Մոշաղբյուր)։ Շարուրի հարթավայրում գտնվում էին ևս ութ հայկական և մեկ ասորական գյուղեր 6 հզ. ընդհանուր բնակչությամբ։ Նախիջևանի գավառի Նախիջևանի ոստիկանական տեղամասում, ինչպես նաև լեռնային հատվածում հայերն արդեն գերակշռում էին՝ կազմելով նաև ամբողջ գավառի բնակչության զգալի մասը՝ մոտ 54 հզ. մարդ կամ շուրջ 40 տոկոսը։
Այսպիսով, Արտաշատից հարավ՝ Արաքսի հովտով մինչև Նախիջևան գետի հովիտը, հայկական բնակչությունը համեմատաբար սակավաթիվ էր և կենտրոնացած առանձին բնակավայրերում ու ագարակներում։ Նախիջևան գետի երկայնքով և դեպի լեռնային շրջաններ հայկական գյուղերի թիվն ու հայ բնակչության մասնաբաժինը կրկին աճում էին։
Նախիջևանի բնիկ հայ բնակչությունը խոսում էր վեց տարբեր բարբառներով ու ենթաբարբառներով, որոնցից առավել ինքնատիպը Ագուլիսի բարբառն էր՝ զոկերենը։ Եվս երեք ենթաբարբառ իրենց հետ բերել էին 1828 թ. Հյուսիսային Իրանից գաղթած հայերը։

Հայկական բնակավայրերը ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում XX դարի սկզբին։ Գույներով նշված են բարբառային խմբերը, շրջանների չափերով՝ հայ բնակչության թվաքանակը։ Առանձին հատվածներում խոշորացված ներկայացված են Նախիջևանի շրջակայքն ու Շարուրի հարթավայրի գյուղերը։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
1918 թ. սկզբին մուսուլմանաբնակ գյուղերը ենթարկվում էին տեղական մուսուլմանական խորհուրդներին, իսկ հայկականները՝ Հայոց ազգային խորհրդին։
1918 թ. հունվարի կեսերից Արարատյան դաշտի հայ և մուսուլման բնակչության հարաբերությունները կտրուկ սրվեցին։ Մուսուլմանական գյուղերից հարձակումներ էին իրականացվում հայկական գյուղերի, դեպի թուրքական ռազմաճակատ շարժվող զորքերի, գնացքների և կայարանների վրա։ Հունվարի կեսին արդեն տեղեկություններ կային, որ Արաքսի ափամերձ գոտու քրդերը շրջապատել են Դավալուն (Արարատ) և հյուսիսում գտնվող հարևան մի շարք փոքր հայկական գյուղեր։ Եռօրյա բախումների ընթացքում ոչնչացվեցին Արազդայանի՝ Երասխի գոտու փոքր հայկական ագարակները, որոնց բնակիչները, ինչպես 1905-ին, ստիպված եղան փախչել Դավալու։ Գյուղի սակավաթիվ մուսուլման բնակիչները հեռացան Ավշար։ Զոհերի թիվը հասավ տասնյակների։ Նման հարձակումներ եղան նաև Գառնիի (Բաշ Գառնի) և այլ հայկական գյուղերի վրա։ Հայկական ջոկատներն էլ, հատկապես արևմտահայ փախստականները, իրենց հերթին պատժիչ հարձակումներ էին գործում մուսուլմանական գյուղերի վրա։
Թեև Երևանի հայկական և մուսուլմանական ազգային խորհուրդները փորձում էին կանխել բախումները և տեղերում դրանք դադարեցնելու համար հանձնաժողովներ էին ուղարկում, ապրիլին, օսմանյան բանակի մոտենալուն զուգընթաց, բախումները համատարած դարձան։ Մինչև 1918 թ. մայիս Արարատյան դաշտի հարավի հայ և մուսուլման բնակչության բախումներն արդեն պատերազմական բնույթ էին ստացել։ Մայիսի 22-ին Դավալուի (Արարատի) և հարակից գյուղերի հայ բնակչությունը երկաթուղով տարհանվեց Ղամարլու (Արտաշատ): Տարհանումն ուղեկցող Վանի 4-րդ գունդը հարձակման ենթարկվեց հարևան մուսուլմանական գյուղերի զինված ջոկատների կողմից։

Շիրակի, Արարատյան դաշտի և Նախիջևանի օսմանյան օկուպացիան՝ ըստ 1918 թ. հունիսի 4-ի Բաթումի հաշտության պայմանագրի։ Քյարքին օսմանյան օկուպացիայի գոտում էր։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
Բաթումի հաշտության պայմանագիրը ստորագրելուց հետո՝ 1918 թ. հունիսի 4-ին, Հայաստանը կորցրեց Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղու երկայնքով ձգվող Արարատյան դաշտի մեծ մասը։ Պայմանագրով Արտաշատը (Ղամարլու), Արարատը (Դավալու), Նախիջևանի մեծ մասը և Վայոց ձորի հարավային կեսն անցնում էին Օսմանյան կայսրությանը։
Սակայն պայմանագրի ստորագրումից հետո էլ այս գոտում հայկական և օսմանյան ուժերի միջև զինված բախումները շարունակվեցին։ Թուրքական աղբյուրների համաձայն՝ հունիսի 24–25-ին Ղամարլուի երկաթուղային կայարանի ուղղությամբ շարժվող օսմանյան հեծելազորային ստորաբաժանումը բախվեց հայկական զինված ուժերի դիմադրությանը։ Քյազըմ Կարաբեքիրի վկայությամբ՝ օսմանյան կողմը տվեց 17 սպանված և 5 վիրավոր[26]։ Հունիսի 27-ի իր հաղորդագրության մեջ հայկական բանակի հրամանատար Թովմաս Նազարբեկովը ևս անդրադառնում էր հունիսի 25-ի բախմանը։
Հուլիսի առաջին տասնօրյակում օսմանյան զորքերն անցան առաջխաղացման՝ գրավելով Արարատյան դաշտի մի շարք բնակավայրեր։ Հուլիսի 10-ին օսմանյան 11-րդ Կովկասյան դիվիզիան հասավ Ղամարլուի շրջակայք, որտեղ հանդիպեց հայկական ուժերի զինված դիմադրությանը, ապա շարունակեց շարժումը դեպի Նախիջևան։ Թուրքական ռազմական փաստաթղթերում հիշատակվում է նաև հուլիսի 18-ին Ղամարլուի կայարանից մոտ 4 կմ հարավ-արևմուտք տեղի ունեցած բախումը հայկական շուրջ 700-հոգանոց ուժերի հետ[27]։ Այդ նույն օրերին օսմանյան բանակը հարձակում սկսեց նաև Նախիջևանի ուղղությամբ։
Մինչև հուլիսի 25-ը Արտաշատի հայ բնակչությունը ևս տարհանվեց հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք։ Արարատյան դաշտի օսմանյան օկուպացիան շարունակվեց մինչև 1918 թ. դեկտեմբերի սկիզբը, թեև Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունն ամրագրած Մուդրոսի զինադադարը կնքվել էր հոկտեմբերի 30-ին։ Այն նախատեսում էր օսմանյան զորքերի դուրսբերում 1914 թ. սահմանից այն կողմ։
Արաքսյան հանրապետությունն ու բրիտանական վարչակազմը
Օսմանյան զորքերի դուրսբերումից առաջ օսմանյան հրամանատարությունը տեղի մուսուլման բնակչությունից՝ քրդերից և թյուրքերից, զինված ջոկատներ կազմավորեց։ Զորքերի հեռանալիս մուսուլմանաբնակ գյուղերում թողնվեցին նաև օսմանյան սպաների մի մասն ու սպառազինություն։ 1918 թ. նոյեմբերի 18-ին հայերի լքած Ղամարլուում՝ Արտաշատում, որտեղ այդ ժամանակ նաև օսմանյան 9-րդ բանակի շտաբն էր, տեղի ունեցած համագումարը հռչակեց Արաքսյան (Արազյան) հանրապետությունը՝ Իգդիր մայրաքաղաքով։ Հայաստանի իշխանությունները բանակցություններ սկսեցին ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հետ, սակայն արդյունքի չհասան։ Դրանից հետո հայկական բանակը՝ գնդապետ Դոլուխանովի հրամանատարությամբ, անցավ հարձակման․ դեկտեմբերի սկզբին գրավեց Ղամարլուն, դեկտեմբերի 10-ին՝ Դավալուն, իսկ 14-ին՝ Գայլի Դրունքը։ Հայ-վրացական պատերազմի սկսվելու (դեկտեմբերի 13) պատճառով Դոլուխանովի ջոկատը նահանջեց Դավալու[28]։ Դեկտեմբերի վերջից հայկական բանակը զբաղեցնում էր Դավալուն՝ Արարատը, իսկ մուսուլմանական ուժերը՝ Արազդայան կայարանը՝ Երասխը։ Քյարքիի գոտին այս դիրքերի միջև էր, բայց հայկական բանակի վերահսկողությունը երկաթուղու գծից այն կողմ չէր տարածվում։
1919 թ. հունվարին տարածաշրջան մտան բրիտանացիները և կանգնեցրին հայկական բանակի հետագա առաջխաղացումը։ Հունվարի 26-ին Հայաստանի իշխանություններն ու բրիտանական հրամանատարությունը պայմանավորվեցին ստեղծել երկու գոտի։ Առաջինը ձգվում էր Յուվա գյուղից՝ ներկայիս Արտաշատից հարավ գտնվող Շահումյանից դեպի հարավ՝ մինչև Երևանի գավառի հարավային սահմանը՝ ներառյալ Սադարակն ու Քյարքին։ Այստեղ հայկական կողմը կարող էր ունենալ քաղաքացիական վարչակազմ և սահմանափակ՝ 50-հոգանոց զինվորական ջոկատ Դավալուում։ Երկրորդը՝ ավելի հարավ ընկած գոտին, ներառում էր Շարուր-Նախիջևանի գեներալ-նահանգապետությունը՝ մինչև Ջուլֆա երկաթուղային կայարանը, կապիտան Լոութենի կառավարման ներքո։ Այսպիսով, Գայլի դրունքից (Երևանի գավառի հարագային սահմանը՝ ներկայիս Նախիջևանի հյուսիսում, Հայաստանի հետ սահմանից մոտ 10 կմ հարավ) հյուսիս գտնվող Քյարքին և Սադարակը մտնում էին հայկական սահմանափակ վարչակազմի գոտի։ Բայց գործնականում հայկական կողմը չէր կառավարում մուսուլմանական գյուղերը, իսկ հայկական գյուղերի ու զինվորականների վրա հարձակումներն ավելի էին սաստկանում։

Երևանի նահանգի հարավը տարբեր վարչակազմերով երկու գոտու բաժանելու բրիտանական նախագիծը։ Քյարքին և Սադարակը ձևականորեն մտնում էին հայկական քաղաքացիական վարչակազմի գոտի՝ Դավալուում (Արարատ) սահմանափակ ռազմական ներկայությամբ։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
Հայկական վարչակազմը Նախիջևանում 1919 թվականին
Այս վիճակը պահպանվեց մինչև 1919 թ. մայիսի 16-ը։ Բրիտանացիները, հասկանալով, որ չեն կարող ապահովել նշված շրջանի հայկական գյուղերի ու բնակչության անվտանգությունը, համաձայնեցին օգնել Հայաստանին՝ լիարժեք կառավարում հաստատելու Նախիջևանի ամբողջ տարածաշրջանում։ Մայիսի վերջին Նախիջևանի ողջ տարածքում հաստատվեց Հայաստանի վարչակազմը, որը գոյատևեց մինչև 1919 թ. հուլիսի 22-ին Արարատյան դաշտի և Նախիջևանի մուսուլմանների համընդհանուր ապստամբությունը։ Այն նախապատրաստել էին Թուրքիայից ուղարկված սպաները՝ Խալիլ բեյի գլխավորությամբ։ Երկու շաբաթում ապստամբների վերահսկողության տակ անցավ Արաքսի ամբողջ հարթավայրը՝ Նախիջևանից մինչև Յուվա՝ Շահումյան գյուղը։ Այդ գծից հարավ գտնվող ողջ հայ բնակչությունը տարհանվեց՝ ներառյալ Դավալուի (Արարատ), Ռեհանլուի (Այգավան) և լեռնային գյուղերի՝ Զինջիրլուի, Չանախչիի (Զանգակատուն) բնակիչները։ Նախիջևանում տեղի ունեցավ հայ բնակչության լայնածավալ կոտորած։ Ամերիկյան մարդասիրական առաքելության ներկայացուցիչների հաղորդումների համաձայն՝ հուլիսի 20-ին սկսված եռօրյա մարտերից հետո տեղի ունեցած կոտորածների զոհերի թիվը գնահատվում էր 6–12 հազար։ Ամերիկացի ականատեսները վկայել են նաև Ջուղայի կամրջի մոտ Արաքսում բազմաթիվ խոշտանգված ու գլխատված դիակներ տեսնելու մասին[29]։
Այսպիսով, Քյարքիի գոտին, Հայաստանի Հանրապետության ձևական իշխանությունը ճանաչելու երկամսյա կարճ շրջանից հետո, անցավ զինված մուսուլման բնակչության և թուրք սպաների վերահսկողության տակ։
Քյարքին 1920 թվականին
1920 թ. մայիսին Հայաստանում բոլշևիկյան հեղաշրջման փորձը ճնշելուց հետո իշխանության եկած Համո Օհանջանյանի կառավարությունը վճռական քայլերի դիմեց՝ «ապստամբ շրջանների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
Հունիսի վերջին հայկական բանակը գրավեց Երևանից հարավ գտնվող բոլոր անհնազանդ գյուղերը՝ ապագա Մասիսի շրջանի տարածքը, բացի հենց Մասիսից՝ Ուլուխանլուից, որը ճանաչում էր հայկական վարչակազմը։ Հուլիսի 10-ից բանակը վճռական գործողություններ սկսեց Արաքսի երկայնքով։ Չորս օրվա մարտերի ընթացքում գրավեց Վեդին և Սադարակը, իսկ 1920 թ. հուլիսի 14-ին հասավ Երևանի գավառի հարավային սահմաններին՝ Գայլի դրունքին՝ զբաղեցնելով նաև Քյարքիից արևելք ընկած Չանախչին (Զանգակատուն) և Վայոց ձորի Չիվա գյուղը։ Այսինքն՝ 1920 թ. հուլիսի 14-ին Քյարքիի տարածքը մեկ տարվա ընդմիջումից հետո վերադարձավ հայկական բանակի վերահսկողության ներքո։

Ռազմական գործողություններն Արարատյան դաշտում և Քյարքիի շրջանում, 1920 թ. հուլիս։ Նշված են հայկական բանակի առաջխաղացումն ու 1920 թ. օգոստոսի 10-ի համաձայնագրով սահմանված բաժանարար գիծը։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
Զբաղեցրած գոտու ողջ մուսուլման բնակչությունը փախավ կա՛մ Նախիջևան, կա՛մ Պարսկաստան՝ Մակուի խանություն։ Հուլիսի վերջին հայկական ուժերը հասան Նախիջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Շահթախտի կայարան։ Այստեղ կանգ առան՝ բանակցելու Նախիջևանից եկած մուսուլման պատվիրակների հետ, որոնք ժամանակ էին ձգում՝ սպասելով Կարմիր բանակի մոտալուտ ժամանմանը։ Հուլիսի 28-ին Նախիջևանում հաստատվեց խորհրդային իշխանություն։ Հայաստանի և բոլշևիկների՝ 1920 թ. օգոստոսի 10-ի համաձայնագրով կողմերին բաժանող գիծն անցավ Շահթախտի, Խոկ, Ազնաբյուրթ (Զնաբերդ), Սուլթանբեկ (Բարձրունի) բնակավայրերի առջևով, Քյուկի դաղով (Գոգի լեռ), ներկայիս Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանով։ Այսպիսով, 1920 թ. հուլիսի վերջին ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի շուրջ մեկ երրորդը Հայաստանի վերահսկողության տակ էր։ Հայկական փաստացի վերահսկողության տակ էր նաև ներկայիս Օրդուբադի շրջանի լեռնային մասը՝ Գողթանը։
Թեև հուլիսի 28-ից Նախիջևանը հռչակվել էր խորհրդային, այնտեղ փաստացի երկիշխանություն էր, և թուրքական զորախումբ էր տեղակայված։ Ուստի սեպտեմբերի վերջին սկսված հայ-թուրքական պատերազմում Նախիջևանի ուղղությունը դարձավ ռազմաճակատներից մեկը։ Այստեղ թուրքական ուժերի հարձակումը սկսվեց միայն 1920 թ. նոյեմբերի 6–7-ին։ Նոյեմբերի 14-ին նրանք հասան Գայլի դրունք, իսկ 15–16-ին գրավեցին ներկայիս Արարատի մարզի հարավը՝ մինչև Սարայ բուլաղ (Ուրծ) գագաթը, Արարատ կայարանը և Արաքսի ափին գտնվող փոքր հայկական Սմո-քենդ գյուղը[30]։ Թուրքական օկուպացիայի գոտում հայտնվեց նաև Քյարքին։ Ադրբեջանական հրապարակումներում նշվում է, որ գյուղում թուրքական զինվորի գերեզման կար․ այն, ամենայն հավանականությամբ, կապված էր հայ-թուրքական պատերազմի այս դրվագի հետ։ Այսպիսով, Քյարքին հայկական վերահսկողության տակ էր 1920 թ. հուլիսի 14-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ չորս ամիս, որից հետո տարածքը զբաղեցրին թուրքական զորամասերը։
Հայաստանի և Նախիջևանի սահմանն ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի
Հայաստանի և Թուրքիայի միջև 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրով սահմանը որոշվում էր նաև Նախիջևանի և Շարուրի հատվածում։ Դրանք հռչակվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության տակ գտնվող շրջաններ։ Սահմանն անցնում էր Միջին Կարասու գետի գետաբերանից Արարատ կայարանով, Սարայ բուլաղ (Ուրծ) գագաթով, Արփա գետի մոտ գտնվող 3080 կետով, Սայաթ դաղ գագաթով, Քուրդ ղուլաղ (Բոլորաբերդ) գյուղով, Գամեսուր (Կամեսուր) և Քյուկի (Գոգի) լեռնագագաթներով։ Այսպիսով Քյարքին, ինչպես և ներկայիս Երասխ, Արմաշ, Սուրենավան ու Պարույր Սևակ գյուղերը, հայտնվեցին Նախիջևանի թուրքական վարչակազմի գոտում։

Նախիջևանի հատվածի սահմանն ըստ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրի։ Ներկայիս Արարատի մարզի հարավը՝ ներառյալ Քյարքին, Վայոց ձորի հարավը և Կարճևանը վերագրված են Նախիջևանի կազմում։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
Մինչ այդ Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ, որպես կանոն, սահմանափակվում էին Երևանի գավառի հարավային սահմանով՝ Գայլի դրունքով։ Հենց Ալեքսանդրապոլի պայմանագիրն առաջին անգամ ամրագրեց ավելի հյուսիս անցնող սահման՝ ցամաքային կապ ստեղծելով նույն պայմանագրով Թուրքիային անցած Սուրմալուի և Նախիջևանի միջև։ Քյարքին հայտնվեց սահմանագծից հարավ՝ Նախիջևանի կազմում, ինչպես և Հայաստանի Արարատի մարզի ամբողջ հարակից հատվածը՝ մոտ 215 կմ²։ Ավելին, ներկայիս Հայաստանի տարածքից Նախիջևանի թուրքական գոտում հայտնվեցին նաև Նորավանքն ու Վայոց ձորի հարավային հատվածը՝ 358,7 կմ², իսկ ծայր հարավում՝ Կարճևան գյուղը՝ 44 կմ²։ Ընդհանուր առմամբ, ներկայիս Հայաստանի տարածքից Նախիջևանին էր անցնում մոտ 620 կմ²։ Սակայն նույն սահմանագծի նկարագրությամբ ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության շուրջ 30 կմ² տարածք՝ Գյուննութ գյուղի շրջանում, Հայաստանի կազմում էր։
Հայաստանի խորհրդայնացման նախօրեին՝ 1920 թ. նոյեմբերի վերջին, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին հօգուտ Հայաստանի Նախիջևանից և Զանգեզուրից հրաժարվելու մասին[31]։ Դեկտեմբերին Խորհրդային Հայաստանի իշխանություններն էլ հռչակեցին Նախիջևանի ինքնորոշման իրավունքը։ 1921 թ. հունվարի սկզբին Երևանը Բ. Վելիբեկովին հաստատեց Նախիջևանի արտակարգ կոմիսարի պաշտոնում, ինչը հարուցեց տարածաշրջանի թուրքական զորքերի հրամանատար Վեյսալ բեյի դժգոհությունը։ Այս շրջանում բոլշևիկ առաջնորդների՝ Օրջոնիկիձեի և Ստալինի հայտարարություններում Նախիջևանը միանշանակ ընկալվում էր որպես Հայաստանին անցնելիք տարածք։ Սյունիքում Գարեգին Նժդեհի ապստամբության պատճառով ամբողջ կապը Նախիջևանի հետ խորհրդային իշխանությունները իրականացնում էին Ղազախ-Իջևան-Երևան գծով:
Մինչև 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի հաշտության պայմանագիրը Նախիջևանում փաստացի երկիշխանություն էր․ պահպանվում էր թուրքական ռազմական ներկայությունը, գործում էր հեղկոմը, որը կապված էր Նախիջևանին ֆինանսավորող Երևանի հետ, և տեղակայված էին Կարմիր բանակի զորամասերը։ Թուրքական ուժերը տարածաշրջանից հեռացան 1921 թ. ապրիլի վերջին։
Մոսկվայի պայմանագիրն ու վիճելի եռանկյունին
1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Նախիջևանն ամրագրվեց Ադրբեջանին՝ պայմանով, որ այն չի կարող փոխանցվել երրորդ կողմի։ Համաժողովի գլխավոր վիճահարույց հարցը Նախիջևանի երկրամասի հյուսիսային սահմանն էր։ Խորհրդային պատվիրակները պնդում էին, որ նույնիսկ անկախության շրջանի Ադրբեջանի իշխանությունները չէին հավակնում Գայլի դրունքից՝ ցարական ժամանակաշրջանի Երևանի գավառի սահմանից հյուսիս գտնվող տարածքներին։ Ուստի Հայաստանի և Նախիջևանի սահմանը պետք է անցներ հենց այդ բարձունքների գծով՝ Սադարակից հարավ։
Մոսկվայի պայմանագրում այս հարցի շուրջ համաձայնեցվեց հետևյալ ձևակերպումը․ «Նախիջևանի տարածքի՝ Արաքսի թալվեգի (հունի ամենախոր գծի), Դահնա (3829)–Վելի դաղ (4121)–Բաղարզիք (6587)–Քեմուրլու դաղ (6930) լեռնագծի միջև ընկած եռանկյունաձև գոտում նշված տարածքի սահմանագիծը, որը սկսվում է Քեմուրլու դաղից (6930), անցնում Սարայ բուլաղ (8071) լեռան և Արարատ կայարանի վրայով ու ավարտվում Կարասուի և Արաքսի հատման վայրում, կճշտվի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովի կողմից»։
Քյարքին այդ «եռանկյունու» ներսում էր, որտեղ, ըստ Մոսկվայի պայմանագրի, սահմանը դեռ պետք է ճշտվեր։

1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածը։ Եռանկյունաձև այն գոտու նկարագրությունը, որի ներսում պետք է ճշտվեր Հայաստանի և Նախիջևանի սահմանը։
Կարսի պայմանագիրը Քյարքին թողնում էր Հայաստանում
Ապրիլ–մայիսին կովկասյան բոլշևիկներն այս հարցով մի քանի խորհրդակցություն կազմակերպեցին և որոշեցին «եռանկյունու» սահմանը ճշտել տեղում՝ հատուկ հանձնաժողով ուղարկելով։ Այն պետք է առաջնորդվեր ազգագրական գործոններով և հաշվի առներ տեղացիների կարծիքը։ Արդյունքում մինչև 1921 թ. ամռան վերջը Մոսկվայի պայմանագրով սահմանված եռանկյունու ներսում համաձայնեցվեց Հայաստանի և Նախիջևանի նոր սահմանագիծը։ Այն ընդունեց նաև թուրքական կողմը՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի խաղաղության խորհրդաժողովում։ Ձեռք բերված համաձայնությամբ մոտ 400 կմ² մակերեսով եռանկյունին բաժանվեց երկու մասի․ հյուսիսային ավելի մեծ հատվածը՝ շուրջ 250 կմ², անցավ Հայաստանին, իսկ հարավայինը՝ 150 կմ², Սադարակ գյուղով՝ Ադրբեջանին։ Գիծը որոշելիս հաշվի էր առնվել, որ Արազդայան (Երասխ) գյուղն ու շրջակա ագարակները՝ Իսֆահանն ու Սմո-քենդը, մինչև 1918 թ. հայ-ադրբեջանական հակամարտության սկիզբը հայաբնակ էին, իսկ գծից հարավ գտնվում էր մուսուլմանական խոշոր Սադարակ գյուղը։

Մոսկվայի պայմանագրի «եռանկյունու» բաժանումը և սահմանն ըստ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի։ Քյարքին Հայաստանի տարածքում է, իսկ Վայոց ձորի հարավն ու Կարճևանը՝ Նախիջևանի։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
Հայկական կողմն ու ՌԽԴՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինը պահանջում էին սահմանն անցկացնել Գայլի դրունքով։ Սակայն այն անցկացվեց այնպես, որ Նախիջևանն ու Թուրքիան ընդհանուր սահման ունենան։

Կարսի պայմանագրի հավելված 1։ Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր սահմանի նկարագրությունը՝ Ուրմիա գյուղից մինչև Ներքին Կարասուի գետաբերանը։

Կարսի պայմանագրի հավելված 3։ Հայաստանի և Նախիջևանի սահմանի նկարագրությունը՝ ըստ հինգվերստանոց քարտեզի։

Կովկասի հինգվերստանոց քարտեզը, որի հիման վրա Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի հաշտության պայմանագրերում նշվել են սահմանային կետերն ու բարձրությունները՝ ֆուտերով։ Մանուշակագույնով նշված է Մոսկվայի 1921 թ. պայմանագրի եռանկյունին, որի ներսում ճշտվել է Հայաստանի և Նախիջևանի սահմանը՝ կարմիր գիծը։ Քյարքին՝ քարտեզում Քերքա, այդ գծից հյուսիս է՝ Հայաստանի կազմում։ Ուրմիա գյուղն ընդգծված է դեղինով։ Կարսի պայմանագրի 1-ին հավելվածով հենց Ուրմիայից է սկսվում Թուրքիայի և Ադրբեջանի սահմանը, որը ձգվում է մինչև Ստորին Կարասուի գետաբերանը․ այդ հատվածն ընդգծված է երկնագույնով։
Ինչ է ցույց տալիս Պերեշինի փաստաթուղթը
Ադրբեջանցի հետազոտող Էլնուր Քելբիզադեն հրապարակել է Նախիջևանի բնակավայրերի՝ 1921 թ. մարտի 16-ի դրությամբ կազմված ցանկը։ Այն հիմնված է Գլխավոր շտաբի ակադեմիայի ունկնդիր Մ. Պերեշինի «Նախիջևանի ԽՍՀ վարչատարածքային բաժանման սխեմա» գրության վրա։ Ցանկում երկրամասի կազմում են նշված բոլոր գյուղերը, որոնք զբաղեցրել էր թուրքական բանակը կամ որոնք Ալեքսանդրապոլի 1920 թ. պայմանագրով անցնում էին Նախիջևանին։ Շարուրի գավառի Սադարակի տեղամասում թվարկված էին Քյարքին, Յայջին, Ղարա բուրունը, Արազդայան կայարանը, Իսֆահանը, Սմո-քենդը, Արարատ կայարանը, Քյումբեզը, Ավշար (Օվշարներ) կայարանը, Սաֆար Ալին և Ասնին, որը հրատարակիչը կարդացել է «Asm»։ Այս բոլոր բնակավայրերը Կարսի պայմանագրի սահմանագծից հյուսիս են՝ «եռանկյունու»՝ Հայաստանին անցած հյուսիսային մասում։ Ագարակներն առկա են Կովկասի հինգվերստանոց քարտեզում, թեև 1920 թ. ավերվել էին մարտերի ընթացքում։[32]

1921 թ. սկզբին արդեն ավերված ագարակները՝ ներկայիս Հայաստանի տարածքի թուրքական օկուպացիայի գոտում, որոնք Պերեշինը 1921 թ. մարտի 16-ին թվարկել է Նախիջևանի Սադարակի տեղամասի կազմում։ Կովկասի հինգվերստանոց ռազմատեղագրական քարտեզ։ 1՝ Ղարա բուրուն, 2՝ Արազդայան կայարան (Երասխ), 3՝ Քարվանսարա, 4՝ Իսպահան, 5՝ Յայջի (Սուրենավան), 6՝ Քյումբեզ, 7՝ Ավշար կայարան, 8՝ Սմո-քենդ, 9՝ Սաֆար Ալի, 10՝ Արարատ կայարան, 11՝ Ասնի (հրատարակչի մոտ՝ «Ասմ»), 12՝ Ջաֆարլու-Գյուննութ։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
Պերեշինը Նախիջևանի կազմում նշել է նաև Կարճևանը և Վայոց ձորի բոլոր այն գյուղերը՝ ներառյալ Սերսը, որոնք Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմանագծից հարավ էին, բայց թե՛ 1920 թ. հայ-թուրքական պատերազմի վերջում, թե՛ դրանից հետո փաստացի հայկական վերահսկողության տակ էին։ Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ Պերեշինը գյուղերի ցանկը կազմել է Կովկասի հինգվերստանոց ռազմատեղագրական քարտեզի հիման վրա՝ դրանով անցկացնելով Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմանները և հաշվի չառնելով, թե ով էր իրականում վերահսկում ու կառավարում այդ գյուղերը։
Փաստացի սահմանը և Նախիջևանի 1920-ականների քարտեզները
Հայաստանի ազգային արխիվի հրապարակած՝ Հայաստանի և Նախիջևանի փաստացի սահմանի առաջին՝ 1922 թ. նկարագրությունը (№ 125, 2017) ցույց է տալիս, որ այն տարբերվում էր Կարսի և նախորդ բոլոր պայմանագրերով սահմանված գծից։ Արաքսից մինչև Բաղարսըխ բարձունքը այն ամբողջությամբ կրկնում էր Կարսի պայմանագրի գիծը, ապա թեքվում էր հարավ՝ դեպի Արդըչ բարձունքը։ Հայաստանի կազմում էին մնում ոչ միայն Վայոց ձորի գյուղերը՝ Խաչիկը, Քուրդ Ղուլաղը, Աղխաչը, Ալմալուն, Օղբինը, Հորադիսը, Սուլթանբեկը, ինչպես նաև Կարճևանը, որոնք Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերով նախատեսված սահմանագծերի համաձայն ընդգրկվում էին Նախիջևանի տարածքում, այլև Գյուննութը։ Միայն Իթղռանը՝ ներկայիս Նոր Ազնաբերդը, որը հետագայում ճանաչվեց Հայաստանի մաս, այս սահմանագծով գտնվում էր Նախիջևանի տարածքում։

Հայաստանի և Նախիջևանի փաստացի սահմանի 1922 թ. նկարագրությունը։ Հատված Հայաստանի ազգային արխիվի հրապարակած փաստաթղթից: («Բանբեր Հայաստանի արխիվների», գիտական ժողովածու, Երևան, Հայաստանի ազգային արխիվ, 2017, թիվ 125։ (դիտման ամսաթիվ՝ 24.10.2026)։
1922 թ. փաստացի սահմանի նկարագրությամբ Քյարքին, ինչպես Կարսի պայմանագրով, սահմանից հյուսիս էր՝ Խորհրդային Հայաստանի տարածքում։

Հայաստանի և Նախիջևանի փաստացի սահմանը՝ ըստ 1922 թ. նկարագրության։ Քյարքին և Գյուննութը սահմանագծից հյուսիս են։ Քարտեզի հեղինակ՝ Ս. Մելիքսեթյան:
Արդեն 1923 թ. ադրբեջանական կողմը բարձրացնում էր Վայոց ձորի հատվածում Հայաստանի հետ փաստացի սահմանի և Կարսի պայմանագրով սահմանված գծի անհամապատասխանության հարցը։ Ինչպես նշում է ադրբեջանցի պատմաբան Իլգար Նիֆթալիևը, Ադրբեջանի ԽՍՀ հողագործության ժողկոմատը 1923 թ. դեկտեմբերի 29-ի № 7480 հեռագրով Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի առջև դրել էր Հայաստանի և Նախիջևանի երկրամասի սահմանի հարցը։ Փաստաթղթում նշվում էր, որ Կարսի պայմանագրով Նախիջևանին վերագրված «Գուրդղուլաղ (Բոլորաբերդ), Հորադիզ, Խաչիկ, Աղբին, Աղխաչ, Ալմալը (Խնձորուտ), Դաղալմալը, Իթղռան (Նոր Ազնաբերդ), Սուլթանբեյ (Բարձրունի)» գյուղերն ու դրանց հարակից արոտավայրերը, ինչպես նաև «Գորչևանը»՝ Կարճևանը, «մինչ օրս զբաղեցված են Հայաստանի կողմից»։[33]
Ադրբեջանական հրապարակումներում II կարգի հողաչափ Ն. Ռիբակովի՝ 1924 թ. հրատարակած Նախիջևանի երկրամասի քարտեզը հաճախ ներկայացվում է որպես ապացույց, որ ինքնավարությունն ի սկզբանե ավելի ընդարձակ տարածք է ունեցել։ Դրանով հիմնավորվում է նաև Քյարքիի պատկանելությունը Նախիջևանին։ Պնդվում է, թե 1929 թ. տարածքային սահմանազատման արդյունքում Նախիջևանից Հայաստանին է փոխանցվել 657 կմ² հող։ [34]
Բայց ադրբեջանցի հեղինակների վկայակոչած Ռիբակովի 1924 թ. քարտեզը Նախիջևանի հյուսիսային գրեթե նույն սահմանն է ցույց տալիս, ինչ Կարսի պայմանագիրը։ Ռիբակովի քարտեզը նույնիսկ ավելի շահավետ պատկեր է ներկայացնում Հայաստանի համար. սահմանի հյուսիս-արևելյան անկյունում գիծը թեքվում է հարավ՝ Հայաստանի կազմում թողնելով նաև Գյուննութ գյուղը։ Իսկ Կարսի պայմանագրով Նախիջևանին վերագրված Վայոց ձորի գյուղերն ու Կարճևանը քարտեզում առանձին նշված են որպես Հայաստանի հետ վիճելի տարածքներ։ Ինքնավարության նույն հյուսիսային սահմանն է պատկերված Զավեն Կորկոտյանի խմբագրությամբ կազմված՝ Հայկական ԽՍՀ 1927 թ. քարտեզում, ինչպես նաև Գ. Սուլթանովի «Նախիջևանի երկրամասն ու նրա տնտեսությունը» աշխատության՝ Նախիջևանի ԽՍՀ քարտեզում (1927)։

Նախիջևանի երկրամասի քարտեզը՝ կազմված II կարգի հողաչափ Ն. Ռիբակովի կողմից, 1924 թ.։ Առանձին նշված են Հայաստանի հետ վիճելի տարածքները՝ Վայոց ձորի գյուղերն ու Կարճևանը։ Քյարքին և Գյուննութը Հայաստանի կազմում են։

Հատված Հայաստանի ԽՍՀ քարտեզից՝ Զ. Կորկոտյանի խմբագրությամբ, 1927 թ.։ Նախիջևանի հետ սահմանը։
Հայաստանի ԽՍՀ-ի և Նախիջևանի ԽՍՀ-ի տարածքային վեճի տեսանկյունից ուշագրավ է նաև Գ. Սուլթանովի «Նախիջևանի երկրամասն ու նրա տնտեսությունը» աշխատության քարտեզը (1927)։ Այստեղ ինքնավարության կազմում են նշված Խաչիկի, Վայոց ձորի հարավային գյուղերի և Կարճևանի տարածքները։ Սակայն երկրամասի հյուսիսային սահմանը համընկնում է Ռիբակովի 1924 թ. և Զ. Կորկոտյանի 1927 թ. քարտեզների գծին․ Քյարքին ու Գյուննութը սահմանից հյուսիս են՝ Հայաստանի տարածքում։ Սուլթանովի քարտեզի կոորդինատային ցանցը թույլ է տալիս երկու բնակավայրերի դիրքը սահմանի նկատմամբ ստուգել ոչ միայն տեսողականորեն, այլև աշխարհագրական կոորդինատներով։

Նախիջևանի ԽՍՀ քարտեզը Գ. Սուլթանովի «Նախիջևանի երկրամասն ու նրա տնտեսությունը» գրքից (1927)։ Այն ներառում է Կարսի պայմանագրով Նախիջևանին վերագրված տարածքները, իսկ Քյարքին և Գյուննութը սահմանից հյուսիս են՝ Հայաստանում։

Նախիջևանի ԽՍՀ 1927 թ. քարտեզի համադրումը ներկայիս սահմաններով կոորդինատային հիմքի հետ։
Միաժամանակ Սուլթանովի աշխատության մնացած բոլոր սխեմատիկ քարտեզներում Նախիջևանը բաժանված է երկու մասի՝ տարածք, որի մասին տրվում են վիճակագրական տվյալներ, և Հայաստանի հետ վիճելի տարածքներ։ Վերջիններս նկարագրության մեջ ներառված չեն, այսինքն՝ փաստացի ինքնավարության մաս չեն կազմում։

Սխեմատիկ քարտեզ Գ. Սուլթանովի գրքից։ Վայոց ձորի գյուղերն ու Կարճևանը վերագրված են Նախիջևանին, բայց վիճակագրական նկարագրության մեջ ներառված չեն։
Նախիջևանի հետ սահմանի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի վեճը նոր փուլ մտավ 1926 թ.։ Անդրկովկասի Կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ) Ադրբեջանի ԿԳԿ-ից պարզաբանում խնդրեց, թե երբ և որ համաձայնագրի հիման վրա են որոշվել Հայաստանի ու Նախիջևանի երկրամասի վարչատնտեսական սահմանները։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ԿԳԿ-ն 1926 թ. դեկտեմբերի 4-ին, իսկ Ադրբեջանի ԽՍՀ հողագործության ժողկոմատը՝ դեկտեմբերի 29-ին հայտնեցին, որ հանրապետությունների սահմանը որոշվել է Կարսի պայմանագրով։
1927 թ. մարտի 12-ին Ադրբեջանի ԿԳԿ-ն որոշում ընդունեց՝ Անդրկովկասի ԿԳԿ-ին խնդրելով Հայաստանի և Նախիջևանի ԽՍՀ-ի միջև հստակ սահման հաստատել՝ Կարսի պայմանագրի V հոդվածին և III հավելվածին համապատասխան։ Այսպիսով, ադրբեջանական կողմը կրկին պաշտոնապես պնդում էր, որ սահմանը պետք է անցնի այդ պայմանագրով նախատեսված գծով։
Անդրկովկասի ԿԳԿ-ի՝ 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ հիշատակված բոլոր գյուղերը վերջնականապես ամրագրվեցին Հայաստանին։ Դրանք, չնայած Կարսի պայմանագրի սահմանագծին, թե՛ հայ-թուրքական պատերազմից հետո, թե՛ հետագայում մշտապես Հայաստանի փաստացի վերահսկողության տակ էին եղել։[35]
Միաժամանակ, Անդրկովկասյան ԿԳԿ-ի 1929 թ. փետրվարի 18-ի նույն որոշմամբ Ադրբեջանին ամրագրվեցին Ալ (Ալագյոլլար) լճերի շրջանում գտնվող վիճելի տարածքները, ինչպես նաև Շինիխ-Այրումի ամբողջ գոտին։ Դրանց ընդհանուր մակերեսը համադրելի էր Հայաստանին ամրագրված Վայոց ձորի գյուղերի տարածքի հետ։ Այսպիսով, Անդրկովկասյան ԿԳԿ-ի որոշմամբ, ըստ էության, իրավականորեն ամրագրվեց կողմերի փաստացի վերահսկողությունը համապատասխան տարածքների նկատմամբ՝ միաժամանակ պահպանելով տարածքային մոտավոր հավասարակշռությունը։

Անդրկովկասի ԿԳԿ-ի՝ 1929 թ. փետրվարի 18-ի որոշումը՝ Վայոց ձորի ութ գյուղերը և Կարճևանը Հայաստանի կազմում թողնելու մասին։
Քյարքին և Գյուննութը․ մի շփոթության պատմություն
Քյարքի-Տիգրանաշենին վերաբերող մի շարք հայկական հրապարակումներում պնդվում է, թե Քյարքին նույն Գյուննութ գյուղն է։ Բայց նման նույնացման հիմքեր չկան․ դրանք տարբեր գյուղեր են՝ միմյանցից 9 կմ հեռավորության վրա։ Ցարական շրջանում Քյարքին Սադարակի գյուղական հասարակության[36] կազմում էր, իսկ Գյուննութը՝ Ղարախաչի։ Զավեն Կորկոտյանի 1932 թ. աշխատության մեջ Քյարքին ուղղակիորեն նշված է որպես Նախիջևանի ԽՍՀ-ի մաս, իսկ Գյուննութը ներառված է Հայաստանի Վեդիի շրջանի գյուղերի ցանկում։
Պետք է նշել, որ Գյուննութ անունով երկու գյուղ կար՝ մեկը Ջաֆարլու-Գյուննութը՝ բնակեցված քրդական ծագում ունեցող համանուն ցեղով, ներկայիս ՀՀ տարածքում, Նախիջևանի սահմանին կից (նաև Սումբուլ, 1940-ականներից լքված գյուղ), մյուսը՝ Գյուննութ-Ջաֆարլուն՝ Նախիջևանի տարածքում, ՀՀ սահմանից հարավ: Հենց վերջինն էր, որ մինչ 1930-ականների սկիզբը նշվում է Հայաստանի կազմում:
Թե ինչու էր Գյուննութը մինչև 1932 թ. նշվում Հայաստանի կազմում, իսկ Քյարքին՝ ոչ, չնայած տարածքային առումով ևս Հայաստանին էր անցնում, հնարավոր է՝ բացատրվում է Ալեքսանդրապոլի և Կարսի պայմանագրերում Նախիջևանի հյուսիսային սահմանների տարբերությամբ։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Քյարքին հայտնվում էր Նախիջևանում, իսկ Գյուննութի հատվածը՝ ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից մոտ 30 կմ², մնում էր Հայաստանում։ Սահմանի նկարագրությամբ այն ընկնում էր 3080 կետը և Սարայ բուլաղ գագաթը միացնող գծից հյուսիս-արևելք։
Ալեքսանդրապոլի պայմանագրով Նախիջևանին անցնող Վայոց ձորի հայկական գյուղերը 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքական բանակը չէր գրավել։ Ավելին, հայկական բանակը մինչև պատերազմի ավարտը պահել էր նույնիսկ Շարուրի նախալեռնային մուսուլմանական գյուղերի մի մասը՝ Դանզիկը, Ախուրան, Աուշը և այլն։ Դրանցից զորքերը դուրս բերվեցին միայն Քյազըմ Կարաբեքիր փաշայի՝ 1920 թ. նոյեմբերի 27-ի հրահանգով։ Հետևաբար, Գյուննութի գոտում 1920 թ. վերջից մինչև Կարսի պայմանագրի ստորագրումն ու վավերացումը՝ 1922 թ. սեպտեմբերը, ամբողջ ընթացքում գործում էր հայկական վարչակազմ։

Գյուննութ-Ջաֆարլուն՝ Ղարախաչի, իսկ Քյարքին՝ Սադարակի գյուղական հասարակության կազմում։ «Կովկասյան օրացույց», 1917 թ.։
Քյարքին 1920 թ. նոյեմբերի կեսից թուրքական օկուպացիայի գոտում էր։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ գյուղի բնակիչներն իրենց Հայաստանի մաս չէին համարում, թեև Կարսի պայմանագրի սահմանն անցել էր ավելի հարավ և Քյարքին թողել «եռանկյունու»՝ Հայաստանին անցած հատվածում։
1926 թվականի մարդահամարն ու Կորկոտյանի վկայությունը
1926 թ. համամիութենական մարդահամարի ժամանակ Հայկական ԽՍՀ կենտրոնական վիճակագրական վարչության աշխատակիցները չկարողացան հաշվառում անցկացնել Քյարքիում՝ արդեն գոյություն ունեցող սահմանային վեճերի պատճառով։
Նման իրավիճակ էր նաև Նյուվադի, Թուղութ և Երնաձոր գյուղերում, ինչպես նաև Կապանից արևելք գտնվող 21 գյուղերում, որոնք 1929 թվականից փոխանցվեցին Ադրբեջանին։ Այդ գոտու գյուղերից Հայկական ԽՍՀ ներկայացուցիչները հաշվառեցին միայն Աղքենդն ու Ղարաբաբան, որոնք ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս են։[37]

Գյուղերը, որտեղ 1926 թ. մարդահամարն անցկացրել են Հայաստանի ԽՍՀ ներկայացուցիչները՝ կարմիր և մուգ նարնջագույն, և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ փիրուզագույն և կանաչ։
Անկլավների մասին մի շարք հրապարակումներում, վկայակոչելով Զավեն Կորկոտյանի հայտնի աշխատությունը, պնդում է արվում, թե 1919 և 1922 թթ. Քյարքին անմարդաբնակ էր[38]։ Նույն պնդումը կա նաև ադրբեջաներեն Վիքիպեդիայում, որտեղ բնակչության բացակայությունը լրացուցիչ բացատրվում է «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործադրած բռնությամբ»։[39]
Մինչդեռ Կորկոտյանը նշված տարիներին Քյարքիի անմարդաբնակ լինելու մասին տեղեկություն չի տալիս։ Ավելին, նա ուղղակիորեն բացատրում է, թե ինչու է գյուղը բացակայում Վեդիի շրջանի վիճակագրությունից․ Քյարքին, ինչպես նախկին Երևանի գավառի հարավի՝ Սադարակի շրջակայքի մի շարք այլ բնակավայրեր, պատկանում է Նախիջևանի ԽՍՀ-ին։ 1926 թ. մարդահամարի աշխատակիցներին գյուղ չթողնելու մասին տեղեկությունն ինքնին վկայում է, որ այնտեղ բնակիչներ կային։

Զավեն Կորկոտյանի նշումը՝ Քյարքիի՝ Նախիջևանի ԽՍՀ-ին պատկանելու և Վեդիի շրջանի վիճակագրության մեջ չներառվելու մասին, 1932 թ.։
Գյուննութը, ընդհակառակը, Կորկոտյանի մոտ նշված է Հայաստանի Վեդիի շրջանի գյուղերի շարքում՝ որպես 1919–1931 թթ. անմարդաբնակ բնակավայր։ Այն Նախիջևանին, ըստ երևույթին, փոխանցվել է 1932 թվականից հետո, թեև որևէ որոշում այս մասին չկա՝ ոչ հայկական, ոչ ադրբեջանական աղբյուրներում։

Գյուննութը Հայաստանի Վեդիի շրջանի գյուղերի ցանկում․ նշված է որպես 1919–1931 թթ. անմարդաբնակ։ Զ. Կորկոտյան, 1932 թ.։
Այսպիսով, 1929 թ. ամրագրվեց 1922 թ. փաստացի սահմանին շատ մոտ գիծ։ Անդրկովկասի ԿԳԿ հողային հանձնաժողովի փաստաթղթերում Քյարքիի վերաբերյալ որոշումներ չկան, թեև առնվազն 1932 թվականից հայտնի է դրա փաստացի պատկանելությունը Նախիջևանին՝ ըստ Կորկոտյանի։
Քյարքիի իրավիճակը նման էր Մեղրիի երեք այլ մուսուլմանական՝ թաթական (իրանալեզու ժողովուրդ) գյուղերի՝ Նյուվադիի (Նռնաձոր), Երնաձորի և Թուղութի (Թեղուտ) դեպքին։ Թեև դրանք դեռ 1922 թ. Հայաստանի փաստացի սահմաններում էին, 1926 թ. ադրբեջանցի հաշվարարները դրանք գրանցել էին Ջեբրայիլի գավառի գյուղերի շարքում։ Բայց, ի տարբերություն Քյարքիի, 1927 թ., ապա նաև 1929 թ. փետրվարի 18-ին վերջնական որոշում ընդունվեց դրանց՝ Հայաստանին պատկանելու մասին։
Կարելի է ենթադրել, որ 1929 թ. փետրվարին Վայոց ձորի հատվածի փաստացի սահմանն ամրագրելուց հետո ադրբեջանական կողմն օգտագործեց նույն փաստարկը՝ Քյարքին Նախիջևանին ամրագրելու համար, չնայած Կարսի պայմանագրի սահմանը գյուղից հարավ էր անցնում։
Անկլավի հարցի քննարկումը 1938 թվականին
1930-ականների վերջին Քյարքիի անկլավային դիրքն արձանագրված է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների նամակագրության մեջ։ Ադրբեջանցի հեղինակները, հղում անելով արխիվային նյութերին, վկայակոչում են Հայկական ԽՍՀ ԿԳԿ քարտուղարի պաշտոնակատար Գ. Գալստյանի՝ Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ նախագահության քարտուղարությանն ուղղված 1938 թ. ապրիլի 13-ի գրությունը։ Դրանում նշվում էր, որ թեև Քյարքին գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում, վարչականորեն ենթարկվում է Նախիջևանի ԻԽՍՀ-ին։ Ապրիլի 21-ի մեկ այլ գրության ձևակերպումն այսպիսին է․ «Թեև Քյարքի գյուղը գտնվում է Հայաստանի Վեդիի շրջանի սահմաններում, այն ընդգրկված է Նախիջևանի ԻԽՍՀ Նորաշենի շրջանի կազմում»[40]։
Մի շարք ադրբեջանցի հեղինակներ հենց 1938 թվականի սահմանային փոփոխություններով են բացատրում Քյարքիի՝ անկլավի վերածվելը։ Իքրամ Աղասիևն այդ գործընթացը կապում է մարտի 5-ի որոշման հետ՝ գրելով, որ դրա հետևանքով Քյարքին «ամբողջությամբ շրջապատվեց Հայաստանի տարածքներով և վերածվեց Ադրբեջանի անկլավի»։ Իսմայիլ Հաջիևը նույնպես մարտի 5-ին է վերագրում Սադարակի և Քյարքիի շրջակա հողերի մի մասի փոխանցումը Հայաստանին[41]։ Վագիֆ Մամեդովն այլ ամսաթիվ է նշում՝ 1938 թ. մայիսի 5-ը՝ պնդելով, որ ավելի քան 900 հա շրջակա հողերի փոխանցումից հետո Քյարքին «ամբողջությամբ մեկուսացվեց Նախիջևանի տարածքից՝ վերածվելով կղզու»[42]։
Այս մեկնաբանությունների ընդհանուր ելակետն այն է, որ Քյարքին ի սկզբանե գտնվել է Նախիջևանի կազմում և, Կարսի պայմանագրի համաձայն, անմիջական տարածքային կապ ունեցել նրա հետ։ Որպես հիմնավորում վկայակոչվում են նաև 1920-ականների Ռիբակովի կամ Սուլթանովի քարտեզները, որոնք, սակայն, ինչպես տեսանք, հակառակ պատկերն են ցույց տալիս․ ինչպես և Կարսի պայմանագրում, դրանցում Նախիջևանի հյուսիսային սահմանն անցնում է Քյարքիից զգալիորեն հարավ։ Այսպիսով, ճիշտ մատնանշելով 1938 թվականը որպես Քյարքիի անկլավային կարգավիճակի հստակ արձանագրման ժամանակաշրջան՝ ադրբեջանցի հեղինակները դրա ձևավորումը սխալմամբ ներկայացնում են որպես նախկինում գոյություն ունեցած տարածքային կապի խզման հետևանք։
Դատելով առկա քարտեզագրական նյութերից և հրապարակումներից՝ Քյարքիի դեպքում տեղի է ունեցել փաստացի դրության հետագա վարչատարածքային ամրագրում․ առնվազն 1920-ականների երկրորդ կեսից Նախիջևանի վերահսկողության ներքո գտնվող գյուղի պատկանելությունը 1930-ականներին ամրագրվել է արդեն անկլավային կարգավիճակով։ Ինչպես արդեն ներկայացվեց հոդվածի նախորդ հատվածում, նմանատիպ գործընթաց, սակայն հակառակ ուղղությամբ, տեղի էր ունեցել նաև Վայոց ձորի 9 հայկական գյուղերի և Կարճևանի դեպքում․ Կարսի պայմանագրով նախատեսված սահմանագծից տարբերվող փաստացի դրությունը հետագայում ամրագրվել էր 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ։
Ադրբեջանական հրապարակումները 1938 թ. քննարկումների շուրջ մի այլ հետաքրքիր փաստ էլ են լուսաբանում. հայկական կողմը իր դիմումներում առաջարկում էր անկլավների հարցը լուծել տարածքների փոխանակմամբ՝ վերացնելով դրանք։ Ադրբեջանական կողմը, յուրաքանչյուր գյուղի վերաբերյալ համառոտ տեղեկանք ներկայացնելով, պատասխանում էր, որ հարևան խորհրդային հանրապետության տարածքով շրջապատված դրանց դիրքն ինքնին խնդիր չէ։
1938 թ. գարնան քննարկումները վերաբերում էին նաև Սադարակի և Քյարքիի հատվածում սահմանի սխալ պատկերմանը: Նշվում էր, որ որոշ քարտեզներում ոչ միայն Քյարքին, այլև Սադարակի մի մասն էր հայտնվում Հայաստանի տարածքում։ Այդ բողոքները հիմնված էին իրական հիմքի վրա:

Սադարակն ու Քյարքին («Քերքի») Կարմիր բանակի 1935 թ. քարտեզում։ Հայկական ԽՍՀ-ի և Նախիջևանի ԻԽՍՀ-ի սահմանն անցկացված է Սադարակի կենտրոնով։
Անկլավը պատկերող առաջին քարտեզները
1938–1939 թթ. քարտեզներում անկլավային գյուղերն արդեն պատկերվում են որպես մի խորհրդային հանրապետությանը պատկանող, սակայն մյուսի տարածքով շրջապատված առանձնացված տարածքներ։ Դրանց թվում է նաև Քյարքին, որն այդ կարգավիճակով հստակ նշված է Հայաստանի ԽՍՀ 1939 թվականի ֆիզիկական քարտեզում։
Հետևաբար պնդումը[43], թե Քյարքին որպես անկլավ սկսել են պատկերել միայն 1950-ականներին, չի համապատասխանում քարտեզագրական նյութերին։ Քյարքին արդեն առկա է Հայկական ԽՍՀ 1940 թ. ֆիզիկական քարտեզում։ Շրջանակից դուրս նշված հրատարակչական տվյալների համաձայն՝ քարտեզն արտադրության է հանձնվել 1939 թ. նոյեմբերի 13-ին, իսկ տպագրության ստորագրվել՝ 1940 թ. հունվարի 2-ին։ Ընդ որում, որպես կազմման, ձևավորման և տպագրության տարի ուղղակիորեն նշված է 1939-ը։

Քյարքի (Տիգրանաշեն) անկլավը Հայաստանի ԽՍՀ 1939-1940 թթ. ֆիզիկական քարտեզի վրա։ Քարտեզը արտադրության է հանձնվել 1939 թ. նոյեմբերի 13-ին, տպագրության ստորագրվել՝ 1940 թ. հունվարի 2-ին (ըստ արտաշրջանակային ելքային տվյալների)։
Քարտեզն ամբողջովին՝ այստեղ։

Հայկական ԽՍՀ 1939 թ. ֆիզիկական քարտեզի հրատարակչական տվյալները․ արտադրության է հանձնվել 1939 թ. նոյեմբերի 13-ին, տպագրության ստորագրվել՝ 1940 թ. հունվարի 2-ին։
Հաջորդ տարի Քյարքին արդեն նշված է Կարմիր բանակի ռազմատեղագրական քարտեզում, թեև սահմանների ուրվագծերը որոշ չափով աղավաղված են։

Քյարքի անկլավը Կարմիր բանակի 1940/41 թթ. ռազմատեղագրական քարտեզում։ Աղբյուր՝ ԲԳԿԲ ռազմատեղագրական քարտեզ, 1։500 000, 1937–1941 թթ.։ «ЭтоМесто» էլեկտրոնային քարտեզագրական հավաքածու։
1940-ականների քարտեզներում Քյարքին որպես անկլավ դեռ ոչ միշտ էր պատկերվում։ Այնուամենայնիվ, 1947 թ. «Սպայի ատլասի» խորհրդային Անդրկովկասի քարտեզում բոլոր անկլավները նշված են։ 1950-ականների կեսերից Քյարքին արդեն նշվում է հետևողականորեն։

Խորհրդային Անդրկովկասի քարտեզը «Սպայի ատլասից», 1947 թ.։ Նշված են բոլոր անկլավները։ Քարտեզի աղբյուրը՝ այստեղ։
Խորհրդային տարիներն ու Քյարքիով անցնող ճանապարհը հայկական և ադրբեջանական դավադրապաշտության մեջ
Հայկական մի շարք հրապարակումներում անկլավների առաջացումը բացատրվում է ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Ըստ այդ տեսակետի՝ անկլավները միտումնավոր ձևավորվել են Հայաստանի համար կարևոր ճանապարհների վրա՝ դրանց շահագործումը կախվածության մեջ դնելու նպատակով։ Նման բացատրություն է շրջանառվում նաև Քյարքիի (Տիգրանաշեն) պարագայում։ Սակայն պատմական փաստերն ու ճանապարհային ցանցի զարգացման ժամանակագրությունը չեն հաստատում այս վարկածը։
Հայաստանի կենտրոնական շրջանները Վայոց ձորին և Սյունիքին կապող ճանապարհը Քյարքիով անցկացվեց միայն 1960-ականներին, երբ գյուղն արդեն առնվազն 30 տարի փաստացի Նախիջևանի կազմում էր։ Ավելին, թե՛ մինչ այդ, թե՛ դրանից հետո՝ մինչև Արփաչայի ջրամբարի շինարարության ավարտը՝ 1977 թ., Հայաստանի հիմնական ճանապարհային կապը Վայոց ձորի հետ անցնում էր Նախիջևանի ԻԽՍՀ Նորաշենի շրջանի՝ ներկայիս Սադարակի և Շարուրի շրջանների տարածքով։ Սյունիքի հետ կապը նույնպես իրականացվում էր Նախիջևանի ԻԽՍՀ տարածքով՝ Սիսիանի (Բիչենեքի) լեռնանցքով հյուսիսային հատվածի հետ, Արաքսի ափով ձգվող եկաթուղիով և մայրուղիով՝ հարավային (Մեղրի, Կապան)։

Հայկական ԽՍՀ քարտեզը, 1949 թ.։ Հայաստանի կենտրոնական շրջաններն ու Վայոց ձորը կապող ճանապարհները շրջանցում են Քյարքին՝ Վեդի–Լանջառ, Երասխ–Նորաշեն (Շարուր)–Միկոյան (Եղեգնաձոր), Մարտունի–Միկոյան։
Այսպիսով, Քյարքիի անկլավային կարգավիճակը ձևավորվել էր այնտեղով անցնող ավտոճանապարհի կառուցումից տասնամյակներ առաջ։ Ավելին, Հայաստանի հաղորդակցային կախվածությունը Նախիջևանի տարածքով անցնող ճանապարհներից առանց այդ էլ այնքան մեծ էր, որ Քյարքիում լրացուցիչ կախվածություն ստեղծելու նպատակով անկլավ ձևավորելու բացատրությունը համոզիչ չէ։
Հետաքրքիր է, որ Քյարքիով ճանապարհ անցկացնելու շուրջ դավադրապաշտական վարկածներ կան նաև ադրբեջանական հրապարակումներում, բայց՝ իրադարձությունների ճիշտ հակառակ մեկնաբանությամբ։ Ադրբեջանցի պատմաբան Վագիֆ Մամեդովը, օրինակ, պնդում է, որ հայկական կողմը դեռ 1950-ականների կեսին ձգտում էր ճանապարհն անցկացնել Քյարքիի տարածքով՝ Երասխից Ջերմուկ ուղին 150–200 կմ-ից կրճատելով մինչև 90–100 կմ։
Ըստ Մամեդովի՝ չնայած տեղացիների դժգոհությանը, հայկական կողմը կարողացել է հասնել ճանապարհի կառուցմանը՝ «վերևներից» ինչ-որ ազդեցիկ ուժերի միջամտությամբ և շրջանային իշխանություններին փաստացի կաշառելով․ Շարուրի շրջանի բանկային հաշվին փոխանցվել է 16 հազար մանաթ (այդպես է բնագրում)։[44]
Այսպիսով, եթե հայկական որոշ հրապարակումներ անկլավի առաջացումը բացատրում են ճանապարհը վերահսկելու մտադրությամբ, ապա Մամեդովի վարկածում հենց ճանապարհի կառուցումն է ներկայացվում որպես Քյարքիի տարածքը յուրացնելու «հայերի նենգ ծրագրի» մաս։ Նույն համատեքստում նա դիտարկում է նաև անկլավի սահմանների մոտ՝ «ազգայնական բանաստեղծ» Պարույր Սևակի վթարի ու մահվան վայրում, Պարույր Սևակ գյուղի հիմնումը։
Հարավային Կովկասում վագրի վերջին հիշատակությունը Քյարքիում 1957 թվականին
Հարավային Կովկասում վագրի մասին վերջին հայտնի հաղորդումներից մեկը նույնպես կապված է Քյարքի-Տիգրանաշենի հետ։ 1957 թ. «Известия» թերթում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ գյուղի շրջակայքում վագր էր հայտնվել, որը հարձակվում էր անասունների վրա։ Քյարքիի երկու բնակիչ սպանել էին կենդանուն, իսկ նրա մորթին ուղարկել որսորդների միություն։

1957 թ. հաղորդագրությունը Քյարքիի շրջակայքում հայտնված վագրի մասին։
Քյարքիի գրավումը 1990 թվականի հունվարին
Ղարաբաղյան հակամարտության սկզբից Երևանից Նախիջևանով դեպի Վայոց ձոր ու Սյունիք նախկին երթևեկությունը խնդրահարույց դարձավ։ Հենց այդ պատճառով մեծացավ Քյարքիի նշանակությունը։ 1990 թ. Բաքվում հայերի հունվարյան ջարդերը, Նախիջևանում Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից իշխանության գրավումն ու դրան հաջորդած՝ ինքնավարության անկախության հռչակումը ԽՍՀՄ-ից կտրուկ սրեցին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Սկսվեցին հայկական և ադրբեջանական անկանոն զինված խմբավորումների առաջին լայնածավալ բախումները՝ զրահատեխնիկայի, «Ալազան» կայանքների և այլ սպառազինության կիրառմամբ (այսպես կոչված Երասխավանի մարտերը)։
Հենց այդ օրերին՝ 1990 թ. հունվարի 15–16-ի մարտում, Արարատի շրջանի հայկական ջոկատները գրավեցին Քյարքին։ Սակայն ԽՍՀՄ ՆԳՆ ուժերի ճնշմամբ հայ աշխարհազորայինները լքեցին գյուղը։ «Իզվեստիան» հաղորդում էր, թե գրոհին մասնակցել է «3 հազար հայ զինյալ» (sic!)[45]՝ միանգամայն անհավանական թիվ, և որ հրկիզվել է ադրբեջանցիների հինգ տուն, իսկ բնակչությունը հեռացել է։ Նույն թերթը հայտնում էր երեք հայ մարտիկների վիրավորվելու մասին, որոնցից մեկը մահացել էր Արարատի շրջանային հիվանդանոցում։ Խոսքն Արմաշի բնակիչ Տիգրան Մելիքյանի մասին էր, որի անունով Քյարքին հետագայում անվանվեց Տիգրանաշեն։

«Իզվեստիա» թերթի՝ 1990 թ. հունվարի 16-ի հաղորդագրությունը Արարատի շրջանային հիվանդանոց տեղափոխված երեք վիրավոր հայերի և Տիգրան Մելիքյանի մահվան մասին։
Տիգրանաշենն ու Բաքվից փախստականները
1990 թ. հունվարի վերջին, չնայած ԽՍՀՄ ՆԳՆ դիմադրությանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ուղեկցությամբ գյուղ եկան Բաքվի հայ փախստականները, որոնք քաղաքից հեռացել էին հունվարյան ջարդերի պատճառով։ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը մինչև փետրվարի 7-ը շրջափակել էին գյուղը և փորձում էին հայ բնակիչներին ստիպել հեռանալ, այդ թվում՝ զենք կիրառելու սպառնալիքով։ Բայց նոր բնակիչները մնացին։ Այդպես Քյարքին դարձավ Տիգրանաշեն՝ անկլավային գյուղերից միակը, որի տների մեծ մասը պահպանվել է մինչ օրս։ Բնակչությունն էլ, թեև ավելի փոքր է՝ 120–151 մարդ, համադրելի է հակամարտությունից առաջ եղած թվի հետ՝ 333 մարդ՝ 1989 թ. մարդահամարով։ Օրինակ Արծվաշենի դեպքում, որը նույնպես մասամբ բնակեցված է, նախկին հայկական գյուղի 850 տների փոխարեն պահպանվել են մի քանի տասնյակը, իսկ բնակչությունը 1980-ականների վերջի 2750-ի փոխարեն 2009 թ. կազմում էր 127 հոգի: Մյուս բոլոր նախկին անկլավային գյուղերը այժմ անմարդաբնակ են:
Հունվարի 16-ին գյուղից հեռացած ադրբեջանցիները սկզբում հաստատվեցին Սադարակում և Իլյիչևսկում՝ Շարուրում, ապա՝ Յենի (Նոր) Քյարքի նորակառույց գյուղում։ Այն գտնվում է Նախիջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք՝ Քենգերլիի շրջանում, որտեղ նրանք ապրում են մինչ օրս։ Ադրբեջանի 2009 թ. մարդահամարի տվյալներով՝ Յենի Քյարքիում բնակվում էր շուրջ 400 մարդ, իսկ 2019-ին՝ 457։
Տիգրանաշենով Սյունիք և Իրան տանող միակ ճանապարհի առասպելը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաև անկլավների հարցի քննարկումների ակտիվացումից հետո հայկական լրատվամիջոցներում, փորձագետների և քաղաքական գործիչների խոսքում հաճախ կրկնվում է այն պնդումը, թե Տիգրանաշենով՝ Քյարքիով է անցնում կենտրոնական Հայաստանը Վայոց ձորին, Սյունիքին և Իրանին կապող միակ ճանապարհը։ Թեև Հայաստան–Իրան Մ-2 միջպետական մայրուղու 4,64 կմ-ն իսկապես անցնում է անկլավի տարածքով, այն գործող այլընտրանք ունի՝ Վեդի–Լանջառ ճանապարհը։
Վեդի-Լանջառ ճանապարհը կառուցվել է դեռ 1940-ականներին, մինչդեռ Քյարքիով անցնող ճանապարհը քարտեզներում հայտնվում է միայն 1960-ականներից։ Նույն հանգույցների միջև Վեդի–Լանջառ երթուղին նույնիսկ մի փոքր կարճ է․ 42,8 կմ՝ Տիգրանաշենով 43,3 կմ-ի դիմաց։
Վեդի-Լանջառ երթուղու գլխավոր թերությունը Շաղափ–Լանջանիստ անհարմար հատվածն է։ Սակայն որոշ ինժեներական աշխատանքներից հետո այն կարող է դառնալ Տիգրանաշենի ճանապարհի լիարժեք այլընտրանքը։ Վերջինս ևս բեռնատարների համար անհարմար ոլորապտույտ հատված ունի, որտեղ հաճախ են վթարներ լինում։
«Հյուսիս–հարավ» միջազգային միջանցքի նախագծով մայրուղին նախատեսվում է անցկացնել անկլավից հյուսիս՝ շրջանցելով դրա տարածքը։ Այդ նպատակով ծրագրված է երեք նոր թունելի կառուցում։

Կենտրոնական Հայաստանը Վայոց ձորին և Սյունիքին կապող ճանապարհներն ու «Հյուսիս–հարավի» նախագծվող հատվածը։ Տիգրանաշենով երթուղին 43,3 կմ է, Վեդի–Լանջառով՝ 42,8 կմ։
Տիգրանաշենով ճանապարհը հաճախ ներկայացվում է նաև որպես ռազմավարական կարևոր հաղորդակցություն՝ ընդգծելով դրա դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Բայց ռազմական գործողությունների դեպքում քննարկվող երթուղիներից այն ամենախոցելին է․ Երասխի մոտ մայրուղին ադրբեջանական ամենամոտ դիրքից ընդամենը 1,33 կմ հեռավորության վրա է։
Հենց այս հատվածում 2020 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական դիրքերից կրակով խոցվեց ռուսական Մի-24 ուղղաթիռը։ Այն ուղեկցում էր ռուս խաղաղապահների շարասյունը, որը Երասխ–Տիգրանաշեն ճանապարհով շարժվում էր դեպի Լեռնային Ղարաբաղ։

Մ-2 մայրուղուց մինչև Երասխի մոտ գտնվող ադրբեջանական ամենամոտ դիրքը՝ 1,33 կմ։ Google Earth-ի քարտեզ։
Հիմնական եզրակացություններ
Պատմական աղբյուրների և քարտեզների համադրությունը թույլ է տալիս հստակեցնել Քյարքի-Տիգրանաշենի ծագման, բնակչության և տարածքային պատկանելության պատմությունը։ Ստորև ամփոփված են հիմնական արդյունքները՝ գյուղի առաջին հիշատակությունից մինչև անկլավային դիրքի արձանագրումն ու Տիգրանաշեն վերանվանումը։
- Քյարքիի մակերեսը։ Ադրբեջանական մի շարք աղբյուրներում և «Կոմերսանտի» հրապարակման մեջ նշվում է 19,2 կմ²։ Սակայն ԽՍՀՄ գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի սահմանագծով կատարված հաշվարկը տալիս է 8,405 կմ²։ Հետևաբար շրջանառվող թիվն ավելի քան կրկնակի գերազանցում է այդ եզրագծով հաշվարկված մակերեսը։
- Գյուղի առաջին հավանական հիշատակությունը։ Քյարքիի պատմությունը միայն XIX դարի երկրորդ կեսից սկսելը հիմնավորված չէ։ Դրա ամենավաղ հավանական հիշատակությունը Երևանի էյալեթի 1727–1728 թթ. օսմանյան հարկամատյանի Քյարքիչիք գյուղն է՝ Սադարակի նահիեում, վեց մահմեդական հարկատուով։ Հետագա Քյարքիի հետ նույնացման օգտին է խոսում Սադարակի և Ասնիի հարևանությամբ հիշատակվելը։
- Անվան ծագումը վերջնականապես պարզված չէ։ Հենց այս բնակավայրի համար պատմական «Քարքե» անվանումը հաստատող աղբյուր ներկայացված չէ։ Չեն հիմնավորվում նաև անվան՝ ղփչաղական ցեղից ծագելու ադրբեջանական պնդումները․ վկայակոչված աղբյուրներում ենթադրյալ «ղփչաղական տոհմը» բնակավայր է, իսկ Քերքի/Հերքին՝ քրդական ցեղ։ Անվան քրդական՝ իրանական ծագումն ավելի հավանական է, սակայն լրացուցիչ հետազոտության կարիք ունի։
- Շոպենի հիշատակած Քյարքին ապագա անկլավային գյուղն է։ Նրա՝ 1831–1832 թթ. տվյալները՝ երեք ընտանիք և 17 բնակիչ, հայկական որոշ հրապարակումներում սխալմամբ վերագրվել են Արաքսի աջափնյա համանուն Քարքիին՝ Վերին Քուրդումվարին։ Սակայն Շոպենի ցանկում գյուղը Սադարակի և Ասնիի հարևանությամբ է, իսկ 1847 թ. քարտեզում արդեն հստակ պատկերված է ապագա անկլավի տեղում։
- Երկու համանուն գյուղերը տարբերվում էին նաև բնակչությամբ։ Ապագա անկլավային Քյարքին XIX դարի երկրորդ կեսին շիա թաթարաբնակ՝ ադրբեջանաբնակ գյուղ էր՝ 131 բնակչով 1873 թ. և 150-ով՝ 1886 թ.։ Աջափնյա Քարքին բնակեցված էր սուննի քրդերով՝ համապատասխանաբար 430 և 466 բնակչով։ Ցարական շրջանում անկլավային Քյարքին Երևանի նահանգի Երևանի գավառի Սադարակի գյուղական հասարակության կազմում էր։
- Քյարքին և Գյուննութը տարբեր բնակավայրեր էին։ Որոշ հայկական հրապարակումներում դրանց նույնացումը հանգեցրել է նաև ժողովրդագրական տվյալների շփոթության։ Գյուղերը միմյանցից շուրջ 9 կմ հեռավորության վրա էին և պատկանում էին տարբեր գյուղական հասարակությունների։ Կորկոտյանի՝ անմարդաբնակության մասին տվյալները վերաբերում են Գյուննութին, ոչ թե Քյարքիին։
- ԱԴՀ-ի քարտեզները հակասում են ադրբեջանցի հեղինակների պնդմանը։ Նույնիսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության քարտեզները, որոնք ադրբեջանցի հեղինակները ներկայացնում են որպես Քյարքիի՝ Ադրբեջանին պատկանելու ապացույց, հակառակն են ցույց տալիս։ Ադրբեջանի կազմում պատկերելով Սյունիքը, Վայոց ձորը, Սևանի արևելյան ափն ու Տավուշը՝ դրանք Քյարքին և Սադարակը թողնում են Հայաստանի կազմում՝ այդպիսով հերքելով այդ հեղինակների պնդումը։
- 1918–1920 թթ. Քյարքին Հայաստանի անընդհատ վերահսկողության տակ չի եղել։ Այդ ընթացքում գյուղը գտնվել է տեղական մուսուլմանական ուժերի, օսմանյան զորքերի և հայկական ուժերի վերահսկողության տակ։ 1919 թ. հունվարի վերջից հայկական վերահսկողությունը սահմանափակ էր և ընդհատվեց հուլիսյան ապստամբությամբ։ Հայկական բանակի փաստացի վերահսկողությունը հաստատվեց 1920 թ. հուլիսի 14-ին և պահպանվեց մինչև նոյեմբերի 15-ը, երբ տարածքը զբաղեցրին թուրքական զորքերը։
- Ալեքսանդրապոլի պայմանագիրը Քյարքին թողնում էր Նախիջևան–Շարուրի գոտում։ 1920 թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրով այդ գոտին նախատեսվում էր ժամանակավորապես դնել Թուրքիայի հովանավորության ներքո։ Այն ներառում էր նաև ներկայիս Արարատի մարզի հարավային մի շարք այլ բնակավայրեր․ հետևաբար այստեղ խոսքը հետագա անկլավի առանձին կարգավիճակի մասին չէր։
- Մոսկվայի պայմանագրով Քյարքիի հատվածի սահմանը դեռ ենթակա էր ճշտման։ 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով գյուղը գտնվում էր վիճելի եռանկյունու ներսում, որտեղ Հայաստանի և Նախիջևանի սահմանը պետք է որոշեր Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։
- Կարսի պայմանագրի սահմանագիծը Քյարքին թողնում էր Հայաստանի կողմում։ 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրով նկարագրված գիծն անցնում էր գյուղից հարավ։ Հետևաբար Քյարքիի հետագա պատկանելությունը Նախիջևանին չի բխում այդ պայմանագրի սահմանային նկարագրությունից և առանձին բացատրություն է պահանջում։
- 1920-ականների քարտեզները հակասում են դրանց տրվող ադրբեջանական մեկնաբանությանը։ Ռիբակովի՝ 1924 թ. և Սուլթանովի՝ 1927 թ. քարտեզները վկայակոչվում են որպես Քյարքիի՝ Նախիջևանին պատկանելու ապացույց։ Սակայն դրանցում գյուղը ոչ միայն պատկերված չէ որպես նախիջևանյան անկլավ, այլև Նախիջևանի հյուսիսային սահմանն անցնում է Քյարքիից հարավ՝ այն և Գյուննութ գյուղը թողնելով Հայաստանի տարածքում։ Դրանք չեն հաստատում նաև գյուղի՝ Նախիջևանի հետ նախկին անմիջական տարածքային կապը։
- 1926 թ. մարդահամարը բացահայտում է քարտեզների և տեղում վարչական պատկանելության տարբերությունը։ Հայաստանի հաշվարարները չկարողացան հաշվառում անցկացնել Քյարքիում․ բնակիչներն իրենց համարում էին Նախիջևանի մաս և չէին ընդունում նրանց իրավասությունը։ Այսպիսով, արդեն այդ ժամանակ գյուղի փաստացի վարչական կողմնորոշումը չէր համապատասխանում պայմանագրային սահմանագծին և քննված քարտեզներին։
- Կորկոտյանը 1932 թ. Քյարքին արդեն վերագրում էր Նախիջևանին։ Նա գյուղը չի ներառում Հայաստանի Վեդիի շրջանի բնակավայրերի վիճակագրության մեջ՝ բացատրելով դրա պատկանելությունը Նախիջևանին։ Այս վկայությունը ցույց է տալիս, որ գյուղի վարչական կապը Նախիջևանի հետ նախորդում էր 1938 թ. քննարկումներին։
- 1938 թ. նամակագրությունն արդեն հստակ արձանագրում է անկլավային դիրքը։ Գյուղը նկարագրվում է որպես Հայաստանի Վեդիի շրջանի սահմաններում գտնվող, բայց Նախիջևանի Նորաշենի շրջանի կազմում ընդգրկված բնակավայր։ Հայկական կողմն առաջարկում էր անկլավների հարցը լուծել տարածքների փոխանակմամբ։ Սակայն հետազոտված աղբյուրներով չի հաստատվում Քյարքին Նախիջևանին ամրագրելու կոնկրետ որոշումն ու դրա ամսաթիվը։
- Քյարքին քարտեզներում որպես անկլավ պատկերված է առնվազն 1939–1940 թթ.։ Այն հստակ երևում է Հայկական ԽՍՀ ֆիզիկական քարտեզում՝ կազմված 1939 թ. և տպագրության ստորագրված 1940 թ. հունվարի 2-ին։ Հետևաբար անկլավի քարտեզագրական հայտնությունը միայն 1950-ականների վերջին վերագրելը սխալ է։
- Ճանապարհը վերահսկելու նպատակով անկլավ ստեղծելու վարկածը չի համապատասխանում ժամանակագրությանը։ Քյարքիի կապը Նախիջևանի հետ արձանագրված էր արդեն 1920-ականների երկրորդ կեսին, իսկ անկլավային դիրքը՝ 1930-ականներին։ Երասխ–Քյարքի–Զանգակատուն–Եղեգնաձոր ճանապարհը գյուղով անցկացվեց միայն 1960-ականներին՝ տասնամյակներ անց։
- 1989 թ. Քյարքին ուներ 333 ադրբեջանցի բնակիչ։ Հետագա հրապարակումներում հանդիպող՝ մինչև 500 բնակչի մասին պնդումը փաստաթղթային հիմնավորում չունի։ 1990 թ. հունվարի 15–16-ի մարտերի ընթացքում գյուղն անցավ հայկական ջոկատների վերահսկողության տակ և հետագայում Տիգրանաշեն անվանվեց մարտերում վիրավորված ու հիվանդանոցում մահացած Տիգրան Մելիքյանի պատվին։
- 1990 թ. փոխվեց գյուղի բնակչությունը։ Հեռացած ադրբեջանցիները հետագայում հաստատվեցին Նախիջևանում հիմնված Յենի Քյարքի գյուղում։ Հունվարի վերջին Տիգրանաշենում բնակություն հաստատեցին Բաքվի ջարդերից փրկված հայ փախստականներ, իսկ հետագայում՝ նաև հարևան հայկական գյուղերից տեղափոխված բնակիչներ։
- Տիգրանաշենում պահպանվել է բնակավայրի մեծ մասը։ Քննարկվող անկլավային գյուղերից այն միակն է, որտեղ պահպանվել է բնակելի տների մեծ մասը և շարունակվել բնակեցված գոյությունը։ Արծվաշենը նույնպես մասամբ բնակեցված է, սակայն այնտեղ նախկին բնակֆոնդի միայն փոքր մասն է պահպանվել․ հետևաբար այս երկու դեպքերը նույնացնել չի կարելի։
- Տիգրանաշենով ճանապարհը Հայաստանի հարավ տանող միակ կապը չէ։ Թեև Մ-2 մայրուղու 4,64 կմ-ն անցնում է Քյարքիի տարածքով, գործում է նաև Վեդի–Լանջառ ճանապարհը։ Ուստի անկլավի հաղորդակցային նշանակությունը գնահատելիս պետք է տարբերակել հիմնական մայրուղու կարևորությունը և գործող այլընտրանքի առկայությունը։
Ծանոթագրություն
[1] Մակերեսի ստուգման համար հեղինակը թվայնացրել է ԽՍՀՄ գլխավոր շտաբի 1։50 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա նշված անկլավի սահմանագիծը (քարտեզի 1 սմ-ը՝ 500 մ), կոորդինատային ցանցով որոշել սահմանագծի հենակետերը, միավորել դրանք մեկ վեկտորային հիմքում և հաշվարկել ստացված բազմանկյան մակերեսը։
[2] «Տիգրանաշենը պատմական հայկական գյուղ է, այն անկլավի կարգավիճակ չի ունեցել». Թաթոյան, Հետք, 11.05.2022. (դիտվել է 24.10.2026)։
[3] Տե՛ս Զենոբ Գլակին վերագրվող «Տարոնի պատմություն»՝ Քարքե լեռան հիշատակության առնչությամբ։
[4] Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, «Քարքե» և «Քարքի» բառահոդվածները։
[5] «Ադրբեջանի տեղանունների հանրագիտական բառարան» (Azərbaycan toponimlərinin ensiklopedik lüğəti), 2 հատորով, հ. I, կազմողներ՝ Ռ. Ալիևա և ուրիշներ, խմբ.՝ Ռ. Ալիևա, Բաքու, «Շարք-Ղարբ» (Şərq-Qərb) հրատարակչություն, 2007, էջ 396, «Քյարքի» (Kərki) հոդված։
[6] Гейбуллаев Г. А. Топонимия Азербайджана (историко-этнографическое исследование). Баку: Элм, 1986. С. 34; источники к статье «Керки» — примеч. 610–612 на с. 99. https://www.kurdipedia.org/files/books/2023/518283.PDF։
[7] Шаниязов К. Ш. К этнической истории узбекского народа. Ташкент: Фан, 1974. С. 123–125, հատկապես с. 125. Այստեղ «Карки»-ն տեղանուն է, ոչ թե «парча-кыпчак» խմբի ճյուղի անունը։
[8] Лерх П. И. Исследования об иранских курдах и их предках северных халдеях. Кн. I. СПб., 1856. С. 75 (Kerki / Herki / Harkee, Մոսուլի շրջան)։
[9] Özer, Ahmet. Doğu’da Aşiret Düzeni ve Brukanlar. Ankara: Elips Kitap, 2003, s. 153 (Brukan/Bruki ցեղային ստորաբաժանումների ցանկ)։
[10] Իվեջան Ռ., «Երևանն օսմանյան տիրապետության ներքո (1724–1746)» (Osmanlı Hâkimiyetinde Revan (1724–1746)), դոկտորական ատենախոսություն, Մարմարայի համալսարան, Ստամբուլ, 2007, էջ 54, 119 (Kerkicek)։ Հմմտ. «Նախիջևանի սանջակի մանրամասն հարկամատյանը» (Naxçıvan sancağının müfəssəl dəftəri), ուսումնասիր., ծանոթագր.՝ Հ. Մամեդով, թարգմ.՝ Զ. Բունիաթով և Հ. Մամեդով, Բաքու, Elm, 2001, հավելված՝ «1728 թ. Երևանի էյալեթի մանրամասն հարկամատյանից քաղվածքներ», էջ 361 (Kərkiçik)։ Քյարքիչիքի գրանցումը՝ 6 հարկատու, 3800 ակչե։
[11] Տե՛ս 1727–1728 թթ. օսմանյան ընդարձակ հարկամատյանի համապատասխան՝ Շարուրի և Սադարակի նահիեների գրանցումները.։
[12] Մաթևոսյան Կ., Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները, Երևան, «Մուղնի» հրատ., 2017, էջ 101–102 (արձ. № 20), 108–109 (արձ. № 31)։ Աշխատության ամբողջական PDF։
[13] Կամերալ վիճակագրությունը (կամերալ նկարագրությունը) վարչական և հարկային նպատակներով իրականացվող հաշվառում էր, որի ընթացքում արձանագրվում էին բնակավայրերի բնակչության թվաքանակը, ընտանիքների (ծխերի) թիվը, ազգային ու կրոնական կազմը, հողատարածքները և տնտեսական ռեսուրսները։ Հիմնական նպատակը հարկման ենթակա բնակչության և հարկային ներուժի գնահատումն էր։ Տե՛ս Шопен И., նշվ. աշխատությունը, էջ 555–556։
[14] Шопен И. Исторический памятник состояния Армянской области в эпоху её присоединения к Российской империи. СПб., 1852. С. 521; Егиазаров С. А. Краткий этнографический очерк курдов Эриванской губернии. Тифлис, 1884. С. 9–10 (Բրուքիի տեղափոխությունը Արաքսի ձախ ափից աջ ափ)։
[15] Аристова Т. Ф. Курды Закавказья (историко-этнографический очерк). М.: Наука, 1966. С. 46–47, табл. 1։
[16] Списки населённых мест Кавказского края // Сборник сведений о Кавказе. Т. V. Тифлис, 1879, Эриванская губерния, տվյալներ 1873 թ. համար. Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 г. Тифлис, 1893, Эриванская губерния, «Керки» և «Верхний Курдумвар» բնակավայրերի գրանցումները։
[17] Списки населённых мест Кавказского края // Сборник сведений о Кавказе. Т. V. Тифлис, 1879, Эриванская губерния, տվյալներ 1873 թ. համար. Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 г. Тифлис, 1893, Эриванская губерния, «Керки» և «Верхний Курдумвар» բնակավայրերի գրանցումները։
[18] Шопен И., նշվ. աշխատությունը, Վեդիբասարի մահալի բնակավայրերի և քրդական բնակչության նկարագրությունը։ Կորկոտյան Զ., Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831–1931), Երևան, Պետհրատ, 1932, էջ 83–89։
[19] Шопен И., նշվ. աշխատությունը, Վեդիբասարի մահալի բնակավայրերի և քրդական բնակչության նկարագրությունը։ Կորկոտյան Զ., Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831–1931), Երևան, Պետհրատ, 1932, էջ 83–89։
[20] Букшпан А. Азербайджанские курды. Лачин, Кельбаджар, Нахкрай. Баку, 1932. С. 37–38, Սադարակի շրջակայքի քրդական գյուղերի վիճակագրական աղյուսակ՝ 1931 թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ։
[21] «Кавказский календарь на 1917 год» (72-й год), Тифлис, Типография Канцелярии Наместника Е. И. В. на Кавказе, 1916, Отдел статистический, էջ 214–221։ Թվայնացված օրինակը՝ Վրաստանի ազգային գրադարան ։
[22] Հայկական նախագծի համաձայն ռուսական Ելիզավետպոլի նահանգի կենրոն հանդիսացող քաղաքը նախատեսվում էր կիսել երկու մասի: Աջափնյա հայկական մասը դառնալու էր հայկական Գանձակի նահանգի կենտրոն, ձախափնյա մահմեդականը՝ Գյանջայի:
[23] Շահխաթունյան Ա. Տ., «Անդրկովկասյան երկրամասի վարչական վերաբաժանումը» (Административный передел Закавказского края), Թիֆլիս, «Աշխատավոր» տպարան, 1918, 206 էջ։
[24] Մախտեսյան Գ. Շ., «Անդրկովկասի վարչատարածքային բաժանման հարցը զեմստվային խորհրդակցության քննարկումներում (1917 թ. հոկտեմբերի 14–15)» (Вопрос административно-территориального деления Закавказья в обсуждениях земского совещания (14–15 октября 1917 г.)), «Հայոց պատմության հարցեր», Երևան, 2019, № 20, էջ 3–17։
[25] Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905–1906 թթ.). փաստական, վիճակագրական, տեղագրական լուսաբանութիւններով, Երևան, Այվազեանց և Նազարեանց տպարան, 1907 թ.։
[26] Կ. Կարաբեքիրի հաղորդած՝ հունիսի 24-ի բախման և կորուստների մասին տե՛ս Kâzım Karabekir, Kâzım Karabekir’in Kaleminden Doğunun Kurtuluşu, II. Kitap: Sarıkamış, Kars ve Ötesi, haz. Enver Konukçu, Erzurum, 1999, էջ 460–471։
[27] Toksoy N., «Kafkasya’daki Mücadelelerde 9’uncu Ordu», On İkinci Askerî Tarih Sempozyumu Bildirileri, II, Ankara: Genelkurmay Basımevi, 2010, էջ 65, 67–69։ Հուլիսի 18-ի բախման համար հեղինակը հղում է անում՝ ATASE Arşivi, Kls. 3188, Dos. 46, Fih. 7-12։
[28] Hovannisian R. G. The Republic of Armenia. Vol. I: The First Year, 1918–1919. Berkeley–Los Angeles: University of California Press, 1971, pp. 129–130.
[29] Maintenance of Peace in Armenia: Hearings before a Subcommittee of the Committee on Foreign Relations, United States Senate, 66th Congress, 1st Session, S.J. Res. 106, Washington: Government Printing Office, 1919, էջ 33–44։ Տե՛ս նաև Makhmourian G. G., «Collection of Papers Relating to the Armenian District of Nakhijevan (1918–1920)», Fundamental Armenology, 2016, № 2 (4), էջ 366–367, փաստաթուղթ № 24։
[30] Նախիջևանյան ռազմաճակատում 1920 թ. ռազմական գործողությունների մասին առավել մանրամասն տե՛ս՝ Զոհրաբյան Է. Ա., 1920 թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Երևան, 1997, Զոհրաբյան Է. Ա., Նախիջևանյան հիմնահարցը (1920 թ. մայիս – 1921 թ. հոկտեմբեր), Երևան, ԵՊՀ հրատ., 2010։
[31] Ադրբեջանի հեղկոմի՝ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման կապակցությամբ հռչակագիրը, 1 դեկտեմբերի 1920 թ., «Կոմունիստ» (Коммунист, Բաքու), 2 դեկտեմբերի 1920 թ., № 178։ Տե՛ս նաև՝ Из истории Гражданской войны в СССР. 1918–1922: Сборник документов и материалов, հ. 3, Մոսկվա, «Советская Россия», 1961։
[32] Քելբիզադե Է. (Elnur Kəlbizadə), «Հին Սադարակը պատմության ընթացքում քանի՞ անգամ է ունեցել շրջանի կարգավիճակ» (Qədim Sədərək tarixdə neçə dəfə rayon statusunda olub?), «İki sahil», 07.12.2016, «Şərq qapısı»-ից վերահրատարակություն։ (դիտվել է՝ 24.10.2026)։ Հեղինակի վկայակոչած՝ 1921 թ. մարտի 16-ի փաստաթղթի պատճենը պահվում է Ադրբեջանի ԳԱԱ Նախիջևանի բաժանմունքի գիտական արխիվում՝ ֆ. 8, ց. 4, արխ. 5։
[33] Նիֆթալիև Ի. Վ., «Ադրբեջանական ԽՍՀ-ն հայերի էքսպանսիոնիստական ծրագրերում (XX դարի 20-ական թվականներ)» (Азербайджанская ССР в экспансионистских планах армян (20-е годы XX века)), Բաքու, Təhsil, 2010, էջ 195–196։
[34] Մամեդով Վ., «Քյարքի. մեր կորցրած հողերը և պատմական իրողությունները» (Kərki: itirilmiş torpaqlarımız və tarixi reallıqlar), ONN լրատվական գործակալություն, 11.01.2019 (դիտման ամսաթիվ՝ 22.10.2026)։ Հեղինակը հղում է անում նաև «Şərq qapısı» թերթի 29.11.1990 թ. հրապարակմանը։
[35] Նիֆթալիև Ի. Վ., նշվ. աշխատությունը, էջ 195–196։
[36] Գյուղական համայնք/հասարակություն (ռուս. сельское общество, сельская община) – Ռուսական կայսրությունում գյուղական ինքնակառավարման վարչական միավոր, որը կարող էր ընդգրկել մեկ կամ մի քանի բնակավայր։ Համայնքի կառավարումն իրականացվում էր գյուղական ժողովի և ընտրված գյուղապետի միջոցով։ Համայնքը զբաղվում էր նաև հողօգտագործման, հարկերի և պարտավորությունների բաշխման հարցերով։
[37] Խաչատրյան Կ., Սուքիասյան Ա., «Հայ–ադրբեջանական տարածքային-սահմանային խնդիրները Անդրկովկասյան Դաշնության օրոք (1922–1936 թթ.)», «Հայոց պատմության հարցեր», հ. 16, Երևան, 2015, էջ 254–255։
[38] Սարուխանյան Վ., նշվ. հոդվածը, «1919 եւ 1922 թթ. գյուղը եղել է անմարդաբնակ» պնդման հատվածը։
[39] «Kərki» [Քյարքի], «Վիքիպեդիա», ադրբեջաներեն տարբերակ (դիտման ամսաթիվ՝ 22.10.2026)։
[40] Աղասիև Ի., «Հայաստանում և Ադրբեջանում էքսկլավների առաջացման պատմության շուրջ» (Ermənistanda və Azərbaycanda Eksklavların Yaranması Tarixinə Dair), «Ակադեմիական պատմության և մտքի հանդես» (Akademik Tarih ve Düşünce Dergisi), 2025, հ. 12, № 5, էջ 182–183։ DOI՝ 10.5281/zenodo.17696919։
[41] Հաջիև Ի., «Հայերի տարածքային պահանջներն ու արյունալի հանցագործություններն Ադրբեջանի դեմ» (Ermənilərin Azərbaycana qarşı ərazi iddiaları və qanlı cinayətləri), Նախիջևան, «Աջեմի» հրատարակչություն, 2012, էջ 162։
[42] Մամեդով Վ., նշվ. հոդվածը։
[43] Սարուխանյան Վ., նշվ. հոդվածը, 1926–1939 թթ. քարտեզների և 1958 թ. անկլավների մասին հատվածը։
[44] Մամեդով Վ., նշվ. հոդվածը։ Հեղինակի ներկայացմամբ՝ գումարի փոխանցման մասին տեղեկությունը հրապարակվել է «İki sahil» թերթի 10.01.1998 թ. № 3 (2052) համարում. այդ առաջնային հրապարակումը չի ստուգվել։
[45] Այս թիվը հետագայում կրկնվել է նաև ադրբեջանական որոշ հրապարակումներում: Սակայն «Известия»-ի հաղորդած՝ Քյարքիի գրոհին 3000 հայերի մասնակցության մասին տեղեկությունն ակնհայտորեն չափազանցված է՝ հաշվի առնելով 1990 թ. սկզբին հայկական կամավորական ջոկատների թվաքանակն ու կազմակերպական հնարավորությունները, ինչպես նաև գյուղի աշխարհագրական դիրքն ու գործողության սահմանափակ մասշտաբը։
Այս հոդվածը մաս է կազմում հոդվածաշարի, որի հաջորդ հրապարակումներում մանրամասն կանդրադառնանք խորհրդային տարիներին գոյություն ունեցած յուրաքանչյուր անկլավի ձևավորման պատմությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ձևավորմանը՝ 1918–1920։
Սամվել Մելիքսեթյան

