Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
Քաղաքականություն
19.10.2026 | 18:45
1920-ականների քարտեզներն ի՞նչ են ասում անկլավների տարածքների և Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մասին։
1920-ականների քարտեզները հաճախ օգտագործվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու սահմանների պատմական պատկանելության վերաբերյալ հակասական պնդումները հիմնավորելու համար։ Սակայն նույն ժամանակաշրջանի, նույնիսկ նույն հրատարակության քարտեզներում Հայաստանի սահմանները կարող են էապես տարբերվել։ Այսպես, 1928 թվականի ԽՍՀՄ նույն ատլասում Խորհրդային Հայաստանը ներկայացված է երեք տարբեր սահմաններով․ դրանցից մեկում ներկայիս Տավուշի գրեթե ամբողջ Բերդի ենթաշրջանը պատկերված է Ադրբեջանի կազմում, մինչդեռ մյուս երկուսում Հայաստանի սահմանն անցնում է ներկայիս սահմանագծից այն կողմ՝ ընդգրկելով այժմ Ադրբեջանին պատկանող տարածքներ։
Իսկ Խորհրդային մեծ հանրագիտարանի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի 1926 թվականի քարտեզում ներկայիս Վրաստանի հարավային հատվածի առնվազն 2400 կմ² տարածք՝ ընդհուպ մինչև Ռուսթավի, պատկերված է Հայաստանի կազմում։ Քարտեզների թվայնացումն ու ժամանակակից սահմանների հետ համադրումը բացահայտում են այս և այլ հակասությունները՝ հարց բարձրացնելով, թե որքանո՞վ են այդ աղբյուրներն արտացոլում ժամանակի փաստացի սահմանները և որքանո՞վ կարելի է դրանց վստահել առանձին տարածքների պատմական պատկանելությունը որոշելիս 1(դիտել ծանոթագրություն բաժնում) ։
Այս մեթոդը հնարավորություն է տվել համադրել տարբեր ժամանակաշրջանների քարտեզները, համեմատել բնակավայրերի ու սահմանագծերի տեղադրությունը և պարզել, թե կոնկրետ որտեղ և որքանով են տարբերվում դրանցում պատկերված տարածքային ուրվագծերը։ Բնականաբար, ստացված արդյունքները պետք է գնահատել՝ հաշվի առնելով պատմական քարտեզների մասշտաբներն ու դրանց հնարավոր անճշտությունները։ Այդ սահմանափակումներով հանդերձ՝ հասանելի մեթոդներից սա ամենահավաստին է պատմական և ժամանակակից քարտեզներում պատկերված սահմանները համեմատելու համար։
Իբրահիմ աղա Վեքիլովի 1925 թվականի քարտեզը
Ադրբեջանական քարտեզագրական դպրոցի հիմնադիրը ռազմական տեղագիր, ցարական բանակի գնդապետ Իբրահիմ աղա Վեքիլովն է։ Ադրբեջանի անկախության տարիներին նա Գյանջայի (Գանձակի) գեներալ-նահանգապետն էր (որի կառավարման տարածքում էին նաև Հայաստանի հյուսիս-արևելքին հարող շրջանները՝ ապագա չորս անկլավներից երեքի գոտին), իսկ խորհրդայնացումից հետո դարձավ Ադրբեջանում Կարմիր բանակի ռազմատեղագրական բաժնի պետը։ 1925 թվականին Վեքիլովը կազմեց Ադրբեջանի առաջին քաղաքական և ֆիզիկական քարտեզը (ադրբեջաներեն), որտեղ ներկայացված են նաև Խորհրդային Ադրբեջանի սահմանները Հայաստանի հետ։

Իբրահիմ աղա Վեքիլովի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի քաղաքական և ֆիզիկական քարտեզը, 1925 թվական։
Վեքիլովի քարտեզի կոորդինատային հիմքի և սահմանների տեղափոխումը ժամանակակից հիմքի վրա ցույց է տալիս հետևյալ պատկերը։

Ժամանակակից սահմանների համադրումը Վեքիլովի քարտեզի սահմանների հետ։ Մորեգույնով՝ ներկայիս Ադրբեջանի այն տարածքները, որոնք պատկերված են Հայաստանի կազմում (1256 կմ²), երկնագույնով՝ ներկայիս Հայաստանի այն տարածքները, որոնք պատկերված են Ադրբեջանի կազմում (1031 կմ²)։
Վեքիլովի քարտեզում ներկայիս Ադրբեջանի մոտ 1256 կմ² տարածքը պատկերված է Հայաստանի կազմում, իսկ ներկայիս Հայաստանի մոտ 1031 կմ² տարածքը՝ Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Հայաստանի տարածքը ներկայինից մեծ է 225 կմ²-ով։ Նախիջևանի հետ Հայաստանի սահմանը պատկերված է Կարսի հաշտության պայմանագրի համաձայն. Վայոց ձորի 9 գյուղերը և Կարճևանը նշված են Նախիջևանի կազմում։ 1930-ականների վերջից որպես ադրբեջանական Քյարքի (Տիգրանաշեն) անկլավ պատկերվող տարածքը Վեքիլովի քարտեզում նշված է Հայաստանի կազմում։
Հյուսիսային անկլավների հատվածում, ինչպես նաև քարտեզի մյուս մասերում, առանձին աշխարհագրական օբյեկտների դիրքը ժամանակակից քարտեզագրական հիմքի համեմատ տարբեր չափով շեղված է։ Մասնավորապես, գետերի գծերը և այլ կողմնորոշիչներ քարտեզում ոչ ամենուր են լիովին համընկնում դրանց ժամանակակից պատկերման հետ։ Այնուամենայնիվ, Սոֆուլուն և Բարխուդարլուն պատկերված են Ադրբեջանի հետ ուղիղ կապով։ Միաժամանակ Ասկիպարայի գոտում Ադրբեջանի տարածքը պատկերված է ներկայիս սահմաններից զգալիորեն ավելի ընդարձակ. այն ընդգրկում է ոչ միայն այն տարածքի մի մասը, որը 1939 թվականից քարտեզներում սկսում է պատկերվել որպես ադրբեջանական Յուխարի Ասկիպարա անկլավ, այլև Կոթի, Բաղանիս, Ջուջևան և Ոսկևան հայկական գյուղերը, որոնք 1920-ականներին երբեք վիճելի չեն համարվել և մշտապես նշվում էին Խորհրդային Հայաստանի կազմում։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հյուսիսային հատվածը Վեքիլովի քարտեզում Արծվաշենին հարող ամբողջ տարածքը (Շընըխ-Այրումի ենթաշրջանը) և ապագա անկլավի փոքր մասը պատկերված են Հայաստանի կազմում, թեև բուն գյուղն այդ դեպքում հայտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի կազմում նշված են Ալ լճերը (160 կմ²) և Ադրբեջանի ապագա Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների զգալի մասը (734 կմ²)։
Սա վերաբվերվում է նաև Սև լճի հատվածին. թեև ադրբեջանական աղբյուրներում նշվում է, որ Սև լճի հատվածը 1921 թվից պատկանում էր ամբողջովին Ադրբեջանին, ոչ միայն լիճը, այլ ապագա Լաչինի շրջանի մի զգալի հատված (393 կմ²) Վեքիլովի քարտեզով Հայաստանի սահմաններում են նշված: Միաժամանակ, Գորիսի շրջանի արևելյան հատվածը պատկերված է Ադրբեջանի կազմում։
Վեքիլովի քարտեզը 1920-ականների այն հազվադեպ քարտեզներից է, որոնք ճիշտ են ցույց տալիս Թուրքիայի և Նախիջևանի ԻԽՍՀ-ի ընդհանուր սահմանը։

Նախիջևանի և Թուրքիայի ընդհանուր սահմանը Վեքիլովի քարտեզում։
Խորհրդային մեծ հանրագիտարանի 1926 թվականի քարտեզները
Հայաստանի տարածքում անկլավների բացակայությունն ապացուցելու համար ամենից հաճախ օգտագործվող քարտեզներից մեկը Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության 1926 թվականի քարտեզն է, որը ներկայացրել է նաև քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը։
Դրա կոորդինատների ու ուրվագծի վեկտորային հիմքի վերածումը և Հայաստանի ժամանակակից սահմանների հետ համադրումը ցույց է տալիս, որ քարտեզի սահմանային ուրվագծի ներսում Հայաստանի մակերեսը 30,2 հազար կմ² է։ Ադրբեջանական անկլավների տարածքները ՀԽՍՀ-ի ներսում են։ Արծվաշենի՝ 1970–80-ականների սահմաններով տարածքի մի մասը Հայաստանի սահմաններում է, բայց բուն գյուղը՝ սահմանին կամ ադրբեջանական կողմում։ Հայաստանի կազմում են Շընըխ-Այրումի ամբողջ գոտին, Ալ լճերը (Ալագյոլլար), Նախիջևանի հյուսիսային փոքր հատվածը՝ ներառյալ Գյուննութ գյուղի գոտին, ներկայիս Տավուշի սահմաններից դուրս տարածքներ և Լոռու հատվածում Վրաստանի որոշ տարածքներ։
Միաժամանակ Հայաստանից դուրս են պատկերված Շամլուղի անտառը և Ջիլիզա գյուղը, որոնք 1920-ականներին հայ-վրացական վեճի առարկա էին, ինչպես նաև Բագրատաշենը (այն ժամանակ՝ Լամբալու) և Դեբեդավան գյուղի ամբողջ հատվածը։ Հայաստանից դուրս է նաև Վայոց ձորի 9 գյուղերի տարածքը, որը Կարսի հաշտության պայմանագրի սահմաններով անցնում էր Նախիջևանին։ Մինչդեռ 1922 թվականի հայ-ադրբեջանական փաստացի սահմանի նկարագրությամբ այդ գյուղերը, բացի Իթղրանից (Նոր Ազնաբերդ), Հայաստանի կազմում էին։ Բացի այդ, Ադրբեջանի ԿԳԿ-ն 1926–1927 թվականներին բողոքում էր, որ դրանք մնում են Հայաստանի վերահսկողության ներքո։

1926 թվականի քարտեզի սահմանների (կարմիր) համադրումը Հայաստանի ժամանակակից սահմանների հետ։

1926 թվականի և ժամանակակից սահմանների համադրումը գրաֆիկական հիմքի վրա։
Տավուշի գոտում Հայաստանի կազմում են նշված նաև ադրբեջանական Քեմերլի, Քյոհնաղշլաղ, Հաջիլլի, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի տարածքները։ 1920-ականների սկզբից սահմանային վեճերի բոլոր փաստաթղթերում դրանք նշված են Ադրբեջանի կազմում, ուստի քարտեզի տվյալներն այս հարցում սխալ են։
Սխալ է նաև Հայաստանի՝ Սյունիքի սահմանը Զանգեզուրի լեռնաշղթայի երկայնքով, որը քարտեզում շեղված է դեպի արևմուտք։
Այսպիսով, քարտեզը միայն մասամբ է արտացոլում Հայաստանի և Ադրբեջանի փաստացի սահմանը։ Որոշ հատվածներում, որտեղ գյուղերի պատկանելությունը հայտնի է , այն մեծացնում է Հայաստանի տարածքը (Տավուշում), իսկ այլ հատվածներում չի ներառում հաստատապես Հայաստանին պատկանած գյուղերը (Վայոց ձորում)։
Առավել ուշագրավն այն է, որ նույն տարվա Խորհրդային մեծ հանրագիտարանի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի քարտեզում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները տարբերվում են Հայաստանի քարտեզում ներկայացվածներից։

Ադրբեջանական ԽՍՀ-ի քարտեզը Խորհրդային մեծ հանրագիտարանից (1926 թ.) և դրանում ընդգրկված Հայաստանի հատվածի սահմանների համեմատությունը ժամանակակից սահմանների հետ։

Հայաստանի ժամանակակից սահմանների համադրումը Խորհրդային մեծ հանրագիտարանի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի 1926 թվականի քարտեզի սահմանների հետ։
Ամենաէական տարբերությունը Վրաստանի հսկայական տարածքի՝ մոտ 2,4 հազար կմ²-ի ներառումն է Հայաստանի կազմում։
Զավեն Կորկոտյանի 1927 թվականի քարտեզը

Հայաստանի ժամանակակից սահմանների համադրումը 1927 թվականի քարտեզի սահմանների հետ։

1927 թվականի քարտեզի սահմանների գրաֆիկական համադրումը ժամանակակից սահմանների հետ։
Հաջորդը Զ. Կորկոտյանի կազմած 1927 թվականի քարտեզն է, որն ավելի մոտ է ժամանակակից պատկերին։ Հայաստանի մակերեսը սահմանային ուրվագծի ներսում կազմում է 29 908 կմ²։ Ժամանակակից սահմանների համեմատ միակ էական տարբերությունը Ալ լճերի (Ալագյոլլար) տարածքի ներառումն է Հայաստանի կազմում։ Բագրատաշենն այս անգամ հայտնվում է հայ-վրացական սահմանին։
Այս քարտեզն առաջին անգամ ցույց է տալիս Հայաստանի հիմնական տարածքը և Արծվաշենը միացնող պարանոցը։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա քարտեզի, Շընըխ-Այրումի ամբողջ գոտին, բացի հյուսիսային փոքր հատվածից, Ադրբեջանի կազմում է։ Ինչպես նշվել է Արծվաշենի մասին հոդվածում, 1927 թվականի հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի հողագործության ժողովրդական կոմիսարները (նախարարները)՝ Ա. Երզնկյանը և Դ. Բունիաթզադեն, որոշում էին ընդունել Շընըխ-Այրումի գոտու վերաբերյալ։ Այն պետք է անցներ Ադրբեջանին, իսկ Արծվաշենը փոխարենը ստանար ցամաքային կապ Հայաստանի հետ։ Երզնկյանը փորձեց այս որոշումը կապել Ալ լճերի (Ալագյոլլար) հարցի լուծման հետ, ինչի պատճառով այն չիրականացվեց մինչև 1929 թվականի փետրվարի 18-ը։
Հայկական բազմաթիվ հրապարակումներ այս քարտեզով հիմնավորում են, որ 1920-ականներին Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկային, իսկ Արծվաշենը ցամաքային կապ ուներ Հայաստանի հետ։ Սակայն նույն քարտեզում ադրբեջանական Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերն ուղղակի ցամաքային կապ ունեն Ադրբեջանի հետ և անկլավ չեն։

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը Զ. Կորկոտյանի 1927 թվականի քարտեզով։ Արծվաշենը ցամաքային կապ ունի Հայաստանի, իսկ Սոֆուլուն՝ Ադրբեջանի հետ։
Նախիջևանի գոտում Հայաստանի կազմում է պատկերված նաև սահմանից հյուսիս գտնվող Գյուննութ գյուղը։
Վայոց ձորի այն գյուղերը, որոնք Խորհրդային մեծ հանրագիտարանի 1926 թվականի քարտեզում Նախիջևանի կազմում էին, այստեղ Հայաստանի կազմում են՝ ինչպես 1922 թվականի հայ-ադրբեջանական փաստացի սահմանի նկարագրությունում։
Սյունիքի արևելյան հատվածում սահմանը սխեմատիկ և մոտավոր է, ինչի պատճառով Դավիթ Բեկ, Ագարակ, Խնձորեսկ և Խնածախ գյուղերը հայտնվում են հենց սահմանին կամ Հայաստանից դուրս, թեև հայտնի է, որ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի տարածքում էին։

Հայաստանի սահմանը Սյունիքում՝ Զ. Կորկոտյանի 1927 թվականի քարտեզով։ Հայաստանից դուրս են պատկերված Կոռնիձոր, Խնձորեսկ, Դավիթ Բեկ (Զեյվա) և Ագարակ գյուղերի զգալի տարածքներ։ Վերջին երկու գյուղերը Ադրբեջանի կազմում են, թեև այդ շրջանում Հայաստանին դրանց պատկանելությունը լավ փաստագրված է։
Սխալ է նաև Բերդի տարածաշրջանին հարող մի քանի (Թաթլու, Քյոհնաղշլաղ) ադրբեջանական գյուղերի տարածքի ներառումը Հայաստանի կազմում։ Հարևան հայկական գյուղերի հետ բոլոր հողային վեճերում 1920-ականների սկզբից դրանք ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքում գտնվող գյուղեր և երբեք չեն փոխել պատկանելությունը։
Այսպիսով, 1920-ականների քարտեզներից ժամանակակից սահմաններին ամենամոտ այս քարտեզը ցույց է տալիս Հայաստանի ցամաքային կապն Արծվաշենի, բայց նաև Ադրբեջանի կապը Սոֆուլուի և Բարխուդարլուի հետ։ Մյուս երկու անկլավները՝ Յուխարի Ասկիպարան և Քյարքին, որևէ կերպ առանձնացված չեն։ Միաժամանակ մանր սխալները և 1920-ականներին լավ փաստագրված պատկանելություն ունեցող գյուղերի ներառումը Հայաստանի սահմաններում այս, ինչպես և վաղ խորհրդային այլ քարտեզների բնորոշ թերություններից են։
Երեք քարտեզ՝ երեք տարբեր սահման. ՀԽՍՀ-ն՝ ԽՍՀՄ 1928 թվականի ատլասում
1928 թվականի համար ընտրված է չորս քարտեզ. Հայաստանի քարտեզը ԽՍՀՄ 1928 թվականի ատլասից, Հայաստանի սահմանների ուրվագիծը նույն ատլասի Ադրբեջանի քարտեզից և նույն ատլասի Անդրկովկասյան Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ԱԽԴՍՀ) քարտեզից։ Երեքն էլ ռուսերեն են։ Հայերեն չորրորդ՝ Հայկական ԽՍՀ-ի ֆիզիկական քարտեզը հրատարակել է ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը։
Այս քարտեզները հաճախ օգտագործվում են 1920-ականներին անկլավների բացակայությունը ցուցադրելու համար, սակայն միմյանցից խիստ տարբերվող պատկեր են ներկայացնում։
Հայկական ԽՍՀ-ի քարտեզը ԽՍՀՄ 1928 թվականի ատլասից
ԽՍՀՄ 1928 թվականի ատլասը նման ծավալի առաջին աշխատանքն էր՝ միութենական հանրապետությունների, ՌԽԴՍՀ մարզերի, ինքնավար հանրապետությունների և այլ միավորների մանրամասն քարտեզներով։
Այն ներառում էր ԱԽԴՍՀ-ի ընդհանուր քարտեզը, ապա առանձին՝ խորհրդային Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քարտեզները։ Յուրաքանչյուր միավորին նվիրված ծավալուն տեքստերում բերվում էին վիճակագրական բազմաթիվ տվյալներ, այդ թվում՝ Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների մակերեսները։
Վրացական ԽՍՀ՝ 68 865 կմ² (ուշ խորհրդային շրջանի 69 700-ի փոխարեն), Հայաստան՝ 30 948 կմ² (29 743-ի փոխարեն), Ադրբեջան՝ 84 679 կմ² (86 600-ի փոխարեն)։


Ժամանակակից սահմանների (կապույտ) համադրումը ԽՍՀՄ 1928 թվականի ատլասի՝ Հայկական ԽՍՀ-ի քարտեզի սահմանների հետ։

Ժամանակակից սահմանների համադրումը 1928 թվականի թվայնացված վեկտորային քարտեզի սահմանների հետ։
1928 թվականի քարտեզը հրապարակել է մի շարք հայաստանյան լրատվականներում՝ ապացուցելու, որ 1920-ականներին Հայաստանի տարածքը ներկայիսից 1500 կմ²-ով մեծ էր (այսինքն, մոտ 31,2 հզ. կմ²)։
Սակայն պատկերված քարտեզով Հայաստանի տարածքը զգալիորեն փոքր է ատլասի վիճակագրական բաժնում իսկ նշված տվյալներից (30 948 կմ²) և կազմում է 30 077 կմ²՝ ներկայիս տարածքից 334 կմ²-ով ավելի։ Այսինքն՝ նույնիսկ նույն ատլասում Հայաստանի մակերեսի վերաբերյալ հրապարակված տվյալը՝ 30 948 կմ², և քարտեզում պատկերված տարածքի չափումը՝ 30 077 կմ², չեն համընկնում։
Այս քարտեզում Հայաստանի կազմում պատկերված են Ալ լճերը և Արծվաշենը։ Վերջինիս ուրվագիծը իրական դիրքի համեմատ շեղված է հյուսիս, բայց ուղիղ ցամաքային կապ ունի Հայաստանի հետ, այսինքն՝ անկլավ չէ։ Տավուշի հատվածում սահմանը ներառում է ներկայիս սահմաններից դուրս տարածքներ՝ անկլավները և ադրբեջանական սահմանամերձ գյուղեր, որոնք 1920-ականների սահմանային վեճերին առնչվող փաստաթղթերում նշվում են Ադրբեջանի կազմում:
Կարսի հաշտության պայմանագրով սահմանված գծից հարավ գտնվող Վայոց ձորի 9 գյուղերից 7-ի տարածքը՝ բացի Խաչիկից և Ամաղուից, պատկերված է Նախիջևանի կազմում։ Քյարքի և Գյուննութ գյուղերի տարածքը Հայաստանի մաս են:
Հայաստանից դուրս կամ հենց սահմանին են նաև Դավիթ Բեկը, Ագարակը, Սև լիճը՝ Սյունիքի հատվածում: Վրաստանի սահմանային հատվածում Հայաստանից դուրս են Բագրատաշենը և Ջիլիզան՝ Շամլուղի անտառտնտեսության ամբողջ տարածքով։ Վերջին փաստը նաև հակասում է ատլասի վիճակագրական բաժնին, որտեղ Վրաստանի տարածքը ներկայինից զգալի պակաս է նշված, մինչդեռ ըստ քարտեզի այն առնվազն Հայաստանի հատվածում ներկայինից մեծ է:
Նույն ատլասի երկրորդ քարտեզը
Ինչպես Խորհրդային մեծ հանրագիտարանի 1926 թվականի երկու քարտեզների դեպքում, այս ատլասի Ադրբեջանի քարտեզում Հայաստանի սահմանները տարբերվում են Հայաստանի առանձին քարտեզի սահմաններից։

Ադրբեջանական ԽՍՀ-ի քարտեզը ԽՍՀՄ 1928 թվականի ատլասից։

Հայկական ԽՍՀ-ի սահմանների երկու տարբերակների համադրումը ԽՍՀՄ 1928 թվականի ատլասից. կարմիր՝ Հայկական ԽՍՀ-ի հիմնական քարտեզով, մուգ կապույտ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի հիմնական քարտեզով։ Գլխավոր տարբերությունները երեք գոտում են. Ադրբեջանի քարտեզով Խաչիկ գյուղը ու ամբողջ հարակից հատվածը (1), ինչպես նաև Կարճևանը (2) Ադրբեջանի կազմում են՝ Կարսի պայմանագրի սահմանագծին համապատասխան։ Իսկ Շընըխ-Այրումի ամբողջ գոտին՝ համանուն գյուղով, ինչպես նաև Արծվաշենը (3)Հայաստանի կազմում են: Երկուսի դեպքում էլ Ալ լճերի հատվածը նշված է Հայաստանի կազմում:
Հայկական ԽՍՀ-ի երրորդ քարտեզը ԽՍՀՄ 1928 թվականի ատլասից՝ ԱԽՖՍՀ-ի քարտեզը

Նույն ատլասի ԱԽՖՍՀ-ի ընդհանուր քարտեզում Հայկական ԽՍՀ-ի սահմաններն ավելի ուժեղ են տարբերվում մյուս երկուսից։ Այս քարտեզի ամենակարևոր տարբերությունը ներկայիս Տավուշի՝ Բերդի հատվածի սահմանն է, ինչի պատճառով գրեթե ամբողջ Բերդի շրջանը՝ հարակից Արծվաշենով, պատկերված է Ադրբեջանի կազմում։ Ինչպես ժամանակաշրջանի մյուս Խորհրդային Հայաստանից դուրս հրատարակված քարտեզներում, Վայոց ձորի հարավային մասի գյուղերը Հայաստանից դուրս են, իսկ Ալ լճերն ու Կապանից հարավ մոտ 20 ադրբեջանական գյուղերը, որոնց մասին վերջնական որոշումը կայացվեց 1929 թ.՝ նրա կազմում։ Միևնույն ժամանակ՝ Արծվաշենն Ադրբեջանում է, իսկ բոլոր ադրբեջանական ապագա անկլավները՝ Հայաստանում։

Ժամանակակից սահմանների համադրումը ԽՍՀՄ 1928 թվականի ատլասի՝ Հայկական ԽՍՀ-ի երրորդ քարտեզի հետ։
1928 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզը
Նույն տարվա հայերեն քարտեզն արդեն բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։ Թեև այն նույնպես հաճախ օգտագործվում է 1920-ականներին անկլավների բացակայությունն ապացուցելու համար, դրա սահմաններում Հայաստանի մակերեսը 29,5 հազար կմ² է՝ ներկայինից փոքր։

Խորհրդային Հայաստանի 1928 թվականի քարտեզի սահմանների (կարմիրով) համեմատությունը ժամանակակից (կանաչով, անկլավների դեպքում՝ մանուշակագույնով) սահմանների հետ։ Ոչ միայն Քյարքին, այլև ամբողջ հարակից հատվածը պատկերված են Ադրբեջանի կազմում։ Սոֆուլու–Բարխուդարլու անկլավի մեծ մասը ևս Ադրբեջանի կազմում է։
Այստեղ ևս, ինչպես 1920-ականների բոլոր քարտեզներում, Ալ լճերի տարածքը Հայաստանի կազմում է, բայց սա միակ խոշոր տարածքային առավելությունն է ներկա սահմանների համեմատ:
Բացի այս շարքի քարտեզներին բնորոշ սխալներից, Գորիսի և Կապանի գոտիներում, որտեղ հայկական Կոռնիձոր, Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերը հայտնվում են սահմանին կամ Հայաստանից դուրս, այս քարտեզում Հայաստանից դուրս են նաև Վայոց ձորի հարավային հատվածի գյուղերը՝ բացի Խաչիկից և Բարձրունուց։ Վրաստանի կազմում են Բագրատաշենը, Դեբեդավանը, Ջիլիզան և Լոռու Շամլուղի անտառը։
Այս քարտեզը, ինչպես Զ. Կորկոտյանի 1927 թվականի քարտեզը, ցույց է տալիս Սոֆուլուի և Բարխուդարլուի ուղիղ ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ։ Բայց այս քարտեզի ավելի կարևոր յուրահատկությունը նրանում է, որ այն 1920-ականների քարտեզներից միակն է, որտեղ ոչ միայն Քյարքին, այլև ամբողջ հարակից հատվածը Նախիջևանի կազմում են նշված։ Այսինքն՝ այստեղ իսկապես անկլավներ չկան, բայց հետագա քարտեզներում որպես անկլավ նշված բոլոր տարածքները, բացի Յուխարի Ասկիպարայից (Վերին Ոսկեպար), ուղիղ ցամաքային կապ ունեն իրենց հիմնական պետության հետ։

1928 թվականի քարտեզի ուրվագծի գրաֆիկական համադրումը ժամանակակից սահմանների հետ։ Կապույտով ցույց են տրված Հայաստանից դուրս հայտնվող տարածքները։ Քյարքին և նրան հարող՝ ներկայիս Հայաստանի ամբողջ հատվածը Նախիջևանի կազմում են։


Տավուշի և Արծվաշենի խոշորացված հատվածը։ Բագրատաշենը, Ջիլիզան և Բերքաբերը Հայաստանից դուրս են։ Սոֆուլուն ուղիղ ցամաքային կապ ունի Ադրբեջանի հետ։ Արծվաշենի ուրվագիծը շեղված է դեպի հյուսիս, բուն գյուղը հայտնվում է սահմանին (սրան ավելացնել նաև 22-1 հետևյալ մակագրով Նախիջևանի հետ սահմանի խոշորացված հատվածը)։
1920-ականների տարբեր քարտեզներում մակերեսների և անկլավների պատկերման համեմատությունը
Ստորև բերված աղյուսակն ամփոփում է 1920-ականների տարբեր քարտեզների տվյալները Հայաստանի և Ադրբեջանի սահմանների, սահմանի նկատմամբ անկլավների դիրքի և ժամանակակից սահմանների համեմատ մակերեսների տարբերությունների վերաբերյալ։

Ինչ են ցույց տալիս 1932–1947 թվականների քարտեզները
Հայկական ԽՍՀ-ի 1932 թվականի քարտեզը՝ առանց անկլավների սահմանների, բայց պատկանելության նշումով
Նախապատերազմյան շրջանի առավել մանրամասն քարտեզը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները չափազանց մոտ են ժամանակակիցներին, 1932 թվականի հայերենով քարտեզն է։

Հայկական ԽՍՀ-ի՝ 1920–30-ականների առավել մանրամասն և ճշգրիտ քարտեզը։ Ամբողջական քարտեզը հասանելի է հղումով։
Այստեղ Արծվաշենը պատկերված է Հայկական ԽՍՀ-ից դուրս, իսկ ադրբեջանական անկլավները՝ Հայաստանի կազմում։ Միաժամանակ ադրբեջանական անկլավային գյուղերը՝ Սոֆուլուն, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան, մակագրված են Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակավայրերի տառատեսակով, իսկ Արծվաշենը՝ Հայկական ԽՍՀ-ի բնակավայրերի տառատեսակով։ Ավելին՝ այն պարփակված է մի սահմանագծով, որը միջհանրապետական կամ միջշրջանային չէ, բայց կապում է այն Հայաստանի տարածքին։ Սա թերևս լավագույնս պատկերում է անկլավային գյուղերի հարցի այն ժամանակվա անորոշ վիճակը. բնակավայրի պատկանելությունը հասկանալի էր, բայց հանրապետության անընդհատ սահմանների շրջանակում մեկուսացած տարածքը ցույց տալու քարտեզագրական լուծումներ վաղ ԽՍՀՄ-ում դեռ չկային։ Քյարքին այս քարտեզում որևէ կերպ չի արտացոլված, թեև Նախիջևանի ԻԽՍՀ-ի հետ հիմնական սահմանը լիովին համապատասխանում է ուշ խորհրդային և ժամանակակից սահմաններին։

Արծվաշենի (Բաշգյուղ) հատվածը Հայկական ԽՍՀ-ի 1932 թվականի քարտեզում։ Գյուղը Հայաստանի սահմաններից դուրս է, բայց մակագրված է Հայկական ԽՍՀ-ի բնակավայրերի տառատեսակով։ Միայն Արծվաշենի համար կիրառված հատուկ պայմանական նշանով պատկերված է Հայաստանի հետ տարածքային կապ ապահովող սահմանը։

Յուխարի Ասկիպարա անկլավային գյուղը Հայկական ԽՍՀ-ի 1932 թվականի քարտեզում։ Անկլավի սահմանները առանձնացված չեն, բայց գյուղը նշված է հարևան հանրապետությունների բնակավայրերի տառատեսակով։

«Սոֆըլի» և Բարխուդարլի գյուղերը 1932 թվականի քարտեզում։ Պատկերված են Հայաստանի կազմում, բայց մակագրված են հարևան հանրապետությունների բնակավայրերի տառատեսակով։
1939 թվականին առաջին պատկերումը քարտեզի վրա որպես անկլավներ
Արծվաշենը և Տավուշի ադրբեջանական անկլավներն առաջին անգամ որպես անկլավներ պատկերվում են 1938–1939 թվականներին։ Դա, պետք է ենթադրել, կապված էր Հայաստանի և Ադրբեջանի կուսակցական մարմինների՝ 1938 թվականի ապրիլ–մայիսին կայացած քննարկումների հետ։ Բողոքները վերաբերում էին տարբեր քարտեզներում հանրապետությունների սահմանների անորոշ պատկերմանը, ինչպես նաև հարցին, թե ինչպես վերաբերվել այն գյուղերին, որոնք գտնվում են մի հանրապետության տարածքի խորքում, բայց ենթարկվում են հարևան հանրապետությանը: Ադրբեջանական աղբյուրների հրատարակված նյութերից պարզ է դառնում, որ խորհրդային ընդհանուր պետության պայմաններում որոշվել էր պահպանել այդ իրավիճակը, փաստացի վերջնականապես ֆիքսելով անկլավների գոյությունը: Արդեն իսկ հաջորդ՝ 1939 թվականին բոլոր անկլավները, բացի Քյարքիից, առաջին անգամ հայտնվում են Աշխարհի խորհրդային մեծ ատլասի՝ Հայկական ԽՍՀ-ի քարտեզում։

Հայկական ԽՍՀ-ի քարտեզի հատված Աշխարհի խորհրդային մեծ ատլասից (Большой советский атлас мира), 1939 թվական։ Պատկերված են բոլոր անկլավները՝ բացի Քյարքիից (Տիգրանաշեն)։
Քյարքին ևս քարտեզներում հայտնվում է նույն՝ 1939 թվականին, բայց մեկ այլ՝ Հայկական ԽՍՀ-ի ֆիզիկական քարտեզում։ Թեև քարտեզը տպագրվել է 1940-ի սկզբին, այն տպագրության է հանձնվել 1939-ի վերջին, ինչն արձանագրված է քարտեզի պայմանական նշանների բաժնում։


Քյարքին Հայկական ԽՍՀ-ի 1940 թվականի ֆիզիկական քարտեզում։
Հաջորդ տարի Քյարքին նշված է նաև Կարմիր բանակի ռազմատեղագրական քարտեզում, թեև սահմանների ուրվագիծը որոշ չափով աղավաղված է։

Քյարքի անկլավը Կարմիր բանակի 1940/41 թվականների ռազմատեղագրական քարտեզում։ Հղումը․
1940-ականների քարտեզներում Քյարքիի պատկերումը դեռ մշտական չէ, բայց 1950-ականների կեսից այն նշվում է հետևողականորեն։

Խորհրդային Անդրկովկասի քարտեզը «Սպայի ատլասից» (Атлас офицера), 1947 թվական։ Նշված են բոլոր անկլավները, այդ թվում Քյարքին։ Ատլասը հասանելի է հղումով։
Համեմատության եզրակացությունները
1920-ականների բոլոր դիտարկված քարտեզներում Ալ լճերը (Ալագյոլլար) պատկերված են Հայաստանի կազմում։ Խորհրդային Հայաստանից դուրս տպված քարտեզներում (ռուսալեզու և ադրբեջանալեզու) Վայոց ձորի հարավային գյուղերը պատկերված են Նախիջևանի կազմում, թեև ներառված գյուղերի կազմը տարբեր է։ ԽՍՀՄ 1928 թվականի ատլասի՝ Հայկական ԽՍՀ-ի քարտեզում բացառություն է Խաչիկը։ Խորհրդային Հայաստանում տպված քարտեզներում պատկերը միանշանակ չէ. Զ. Կորկոտյանի 1927 թվականի քարտեզը այդ գյուղերը վերագրում է Հայաստանին, իսկ 1928 թվականի քարտեզը՝ Նախիջևանին՝ բացառությամբ Խաչիկի և Բարձրունու։
Նույն՝ ԽՍՀՄ 1928 թվականի ատլասի երեք քարտեզները՝ Հայկական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և ԱԽՖՍՀ-ի, ցույց են տալիս Հայաստանի՝ միմյանցից տարբերվող սահմաններ։
Քանի որ 1926–1928 թվականներին Անդրկովկասի խորհրդային մարմիններն այնպիսի որոշումներ չեն ընդունել, որոնք կարող էին արմատապես փոխել հայ-ադրբեջանական սահմանի փաստացի տեսքը, այդ շրջանի քարտեզների՝ 2–3 տարվա ընթացքում առաջացած զգալի տարբերությունները չի կարելի բացատրել միայն զուգահեռ տարածքային փոփոխություններով։ Ավելին՝ զգալիորեն տարբերվում են նույնիսկ նույն տարով թվագրված քարտեզները, ինչն ինքնին բացառում է այդ բացատրությունը։ Հետևաբար, 1920-ականների քարտեզները պետք է դիտարկել որպես տարասեռ և ոչ միշտ միմյանց հետ համաձայնեցված տեղեկատվական շերտեր պարունակող աղբյուրներ։ Դրանց որոշ տարրեր հաստատվում են ժամանակաշրջանի փաստաթղթերով, մյուսները հակասում են դրանց, իսկ երրորդները, ըստ երևույթին, քարտեզագրական սխալներ են՝ պայմանավորված սկզբնական նյութերի ցածր ճշգրտությամբ, կոորդինատների տեղափոխման և սահմանագծի պատկերման սխալներով։
1920-ականների քարտեզների առնչությամբ կարևոր է նաև ընդգծել, որ, չնայած դրանցում անկլավների բացակայության մասին պնդումներին, Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը երեք քարտեզում, իսկ Քյարքիի տարածքը՝ մեկում, ուղիղ ցամաքային կապ ունեն Ադրբեջանի հետ և անկլավ չեն, ինչպես նաև բոլոր քարտեզներում անկլավ չէ Արծվաշենը (թեև որոշ քարտեզներով սահմանը անցնում է գյուղի տարածքով)։
1939 թվականից սկսած՝ բոլոր անկլավները քարտեզներում արդեն պատկերվում են որպես անկլավներ, այդ թվում՝ Քյարքին (Տիգրանաշենը)։ Սակայն, քանի որ վերջինս դրանցից ամենափոքրն էր, 1940–1950-ական թվականների որոշ քարտեզներում դրա պատկերումը դեռևս հետևողական բնույթ չէր կրում։ Այս հանգամանքը հայկական մեդիադաշտում հիմք է դարձել այն թյուր կարծիքի ձևավորման համար, թե Քյարքին առաջին անգամ որպես անկլավ քարտեզներում հայտնվել է միայն 1950-ական թվականների վերջին։
1920-ականների սահմանները չեն կարող սահմանազատման հիմք ծառայել. Բելառուսի օրինակը
Եթե 1920-ականների քարտեզները դիտարկենք որպես սահմանազատման հիմք, ապա այդ առումով դրանք անօգուտ են։ ԽՍՀՄ-ը կազմավորած մյուս բոլոր խորհրդային հանրապետությունների սահմանները 1920-ականներին և ԽՍՀՄ փլուզման պահին, երբ ստորագրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը (1991 թ. դեկտեմբեր), տարբերվում էին, որոշ դեպքերում՝ արմատապես։ Օրինակ՝ ԽՍՀՄ ստեղծման պահին Բելառուսի տարածքը 52 հազար կմ² էր, փլուզման պահին՝ 207 հազար կմ²։

Բելառուսական ԽՍՀ-ի տարածքի փոփոխությունը 1920–1950-ականներին։ Կենտրոնական վարդագույն հատվածը ԲԽՍՀ սահմաններն են ԽՍՀՄ-ին անդամակցելու պահին՝ 1922 թվականի դեկտեմբերին։
Նման պատկեր էր նաև մյուս խորհրդային հանրապետություններում, հատկապես Կենտրոնական Ասիայում, որտեղ սահմանների ձևավորումն առավել բարդ ընթացք ունեցավ, այդ թվում՝ անկլավների առաջացմամբ։ Օրինակ՝ Ուզբեկական ԽՍՀ-ի սահմանները զգալի փոփոխություններ կրեցին 1924 թվականին հանրապետության կազմավորումից մինչև 1937 թվականը, երբ դրանք արդեն հիմնականում ստացան ժամանակակիցին մոտ ուրվագիծ։ Այդ փոփոխությունները կարելի է տեսնել ստորև ներկայացված քարտեզներում։

Ուզբեկական ԽՍՀ-ի սահմանների փոփոխությունները 1924–1937 թվականներին։ Աղբյուր՝ Վիկիպեդիա — «Узбекская Советская Социалистическая Республика»։
Պետք է նաև նշել, որ 1920-ականների քարտեզների բազմաթիվ թերություններն ու սխալները հայկական լրատվամիջոցներում, փորձագիտական հանրույթում և նույնիսկ պատմաբանների շրջանում տարածված մի շարք առասպելների հիմք են դարձել։ Օրինակ՝ այդ քարտեզների մեծ մասում Թուրքիայի և Նախիջևանի ընդհանուր սահմանի բացակայությունից ծագել է տարածված պնդումը, թե 1921 թվականին՝ Կարսի պայմանագրի կնքման պահին, նման սահման չկար, և Թուրքիան միայն ավելի ուշ՝ 1930-ականներին, այդ հատվածը փոխանակել է Իրանի հետ։ Մինչդեռ Թուրքիայի և Նախիջևանի ընդհանուր սահմանը հստակ նշված է դեռևս Կարսի պայմանագրի տեքստում և պատկերված է նաև 1920-ականների մի շարք քարտեզներում, այդ թվում՝ Զավեն Կորկոտյանի՝ 1927 թվականի քարտեզում։
Ծանոթագրություն
1 Պարզելու համար, թե ինչպես էին անցնում սահմանները 1920-ական թվականների քարտեզներում և որքանով էին դրանք տարբերվում ուշ խորհրդային շրջանի սահմաններից, դրանցում պատկերված սահմանագծերն ու բնակավայրերը տեղափոխել ենք ժամանակակից միասնական թվային քարտեզի վրա։ Համեմատության համար որպես հիմք օգտագործվել է ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1970–1980-ական թվականների քարտեզների հիման վրա վերականգնված միջհանրապետական սահմանագիծը։ Այստեղ հարկ է հաշվի առնել նաև մի տեխնիկական առանձնահատկություն. հին քարտեզներում աշխարհագրական երկայնությունը միշտ չէ, որ հաշվարկվում էր Գրինվիչի միջօրեականից, ինչպես ընդունված է այսօր։ Որոշ քարտեզներում որպես սկզբնական միջօրեական օգտագործվում էին նաև Ֆեռոյի կամ Պուլկովոյի միջօրեականները։ Ուստի, նախքան քարտեզներում պատկերված օբյեկտները ժամանակակից քարտեզի վրա տեղափոխելը, դրանց կոորդինատները վերահաշվարկվել են՝ հաշվի առնելով համապատասխան սկզբնական միջօրեականը։
Այս մեթոդը հնարավորություն է տվել համադրել տարբեր ժամանակաշրջանների քարտեզները, համեմատել բնակավայրերի ու սահմանագծերի տեղադրությունը և պարզել, թե կոնկրետ որտեղ և որքանով են տարբերվում դրանցում պատկերված տարածքային ուրվագծերը։ Բնականաբար, ստացված արդյունքները պետք է գնահատել՝ հաշվի առնելով պատմական քարտեզների մասշտաբներն ու դրանց հնարավոր անճշտությունները։ Այդ սահմանափակումներով հանդերձ՝ հասանելի մեթոդներից սա ամենահավաստին է պատմական և ժամանակակից քարտեզներում պատկերված սահմանները համեմատելու համար։
Այս հոդվածը մաս է կազմում հոդվածաշարի, որի հաջորդ հրապարակումներում մանրամասն կանդրադառնանք խորհրդային տարիներին գոյություն ունեցած յուրաքանչյուր անկլավի ձևավորման պատմությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ձևավորմանը՝ 1918–1920։
Սամվել Մելիքսեթյան

