Ադրբեջանական կողմը խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Նախարարն ընդգծում է, որ  Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին, իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի կեղծ և իրարամերժ հայտարարություններին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին և այլ թեմաների:

–  Ի՞նչ զարգացումներ կան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով: Կարծիքներ են հնչում, որ գործընթացը փակուղի է մտել:

– Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է:

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին, և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել:

–  Այդ թվում Լաչինի միջանցքի բացման շու՞րջ:

– Բազմիցս ենք ասել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որևէ գործառույթ չի նախատեսում: Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի  հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի:

Հավելեմ միայն, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի և միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում և առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա:

 

– Վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ իբր զինամթերքի, մասնավորապես ականների տեղափոխմամբ: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել դրա վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են:

– Պետք է նկատեմ, որ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում: Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ:

Հերթական անգամ ընդգծեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:

Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից:

 

– Լաչինի միջանցքի հետ կապված ևս մեկ հակասություն կա. Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, թե միջանցքը բաց է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, թե միջանցքը փակ է: Սա կարող է միջազգային հանրությանը շփոթության մեջ գցել:

– Նաև դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության փաստահավաք խումբ ուղարկել և շարունակելու ենք առաջ մղել այս գաղափարը:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը մերժել  է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն:

– Ի՞նչ կարող եք ասել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացի վերաբերյալ: Վերջերս նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արևելք-արևմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ:

– Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը:

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, և մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է: