«Թաքնված հնարավորություն կա դատավորների լիազորությունները դադարեցնելու». Գրիգոր Բեքմեզյանը՝ «Դատական օրենսգրքի»  փոփոխությունների մասին

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որը դեկտեմբերի 23-ին երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։ ԲԴԽ նախկին անդամ, իրավաբան-գիտնական Գրիգոր Բեքմեզյանը Factor.am-ի հետ զրույցում մատնանշել է նախագծի այն կետերը, որոնք խնդրահարույց են, ինչպես նաև՝ դրական փոփոխությունները։

-Պարոն Բեքմեզյան, օրենքի նախագծով առաջարկվում է, որ դատավորների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդին վերապահվի որոշում կայացնել հատուկ կարգով  որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին, որի դեպքում անձն ընդգրկվում է դատավորների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու։ 

 -Այդպիսով՝ հնարավորություն է տրվում տարանջատում մտցնել դատավորի թեկնածուների միջև․ ստացվում է, որ որոշ թեկածուներ կանցնեն ավելի երկար ու բարդ, իսկ որոշ թեկնածուներ, չգիտես՝ ինչու, ավելի պարզեցված ընթացակարգով։ Եթե նման կետ է նախատեսվում, ապա հստակ պետք է բացվեր, թե որ դեպքում Խորհուրդը պետք է իրավունք ունենա հատուկ կարգով  որակավորման ստուգում անցկացնելու, օրինակ՝ եթե դատարանի կազմը շտապ համալրելու անհրաժեշտություն կա, ու չկա ռեզերվային դատավոր կամ դատավորի  թեկնածուների ցուցակ և նմանատիպ  այլ դեպքեր։ Նախագծի մեկ այլ խնդրահարույց կետ է այն, որ Դատական դեպարտամենտը դատավորի թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան  թեկնածուի մասով որոշում է կայացրել առաջարկություն չներկայացնելու վերաբերյալ։ Առաջարկություն չներկայացնելու հիմքերը բացված չեն, այսինքն՝ ստացվում է, որ Խորհուրդը կարող է բոլոր փուլերով անցած թեկնածուին առաջարկություն չներկայացնել։ Ճիշտ է՝  Խորհուրդը կոլեգիալ մարմինն է, բայց, փաստացի, այս կարգավորմամբ  Խորհրդին հնարավորություն է տրված սուբյեկտիվորեն որոշել՝ այս կամ այն թեկնածուին առաջարկություն չներկայացնելու։ Կարծում եմ, որ մենք այսպիսով ազդում ենք տվյալ դատավորի թեկնածուի անկախության վրա․ իրենք  կախված են մնում ԲԴԽ-ից, որ հանկարծ իրենց թեկնածությանը դեմ չքվեարկի։

 

-Նախագծում նաև նշվում է, որ քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորները, որոնք այդպիսի դատավոր են դարձել  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում մեկ տարի առաջ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ու քննում են միայն  մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ գործեր և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ, կդառնան ռեզերվային ու նրանց համար կանցկացվի որակավորման հատուկ ստուգում։ Որքանո՞վ է խելամիտ արդեն իսկ ընտրված դատավորի դեպքում  նման ստուգում անցկացնելը։

Նախագծի ամենախնդրահարույց կետերից մեկը հենց դա է։ Ինձ համար խիստ անհասկանալի է դատավորների այդ խմբի հետ այժմ դատավոր դառնալու համար նորից որակավորման քննություն անցկացնելու թաքնված մղումը։ Ինչո՞ւ եմ ասում թաքնված, քանի որ կոնկրետ չի ասվում, որ իրենք պետք է նորից որակավորման քննություն անցնեն, բայց  անցումային դրույթներով է նախատեսվում, որ այդ դատավորները դառնալու են ռեզերվային կարգավիճակ ունեցող դատավորներ, և Բարձրագույն դատական խորհուրդն այդ դատավորների համար կազմակերպելու է  հատուկ կարգով որակավորման քննություն, ինչը նախատեսված է թեկնածուների համար, այսինքն՝ ԲԴԽ-ն դատավորի համար դատավորի թեկնածուի որակավորման հատուկ ստուգում է կազմակերպում, և սա ենթադրում է նաև, որ այդ դատավորները կարող են և չանցնել հատուկ ստուգումը։ Իսկ եթե չանցնեն, ի՞նչ հետևանք կլինի, դատավորը կդադարի՞ դատավոր լինելուց․․․ բայց չէ՞ որ մենք գիտենք, որ դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել միայն Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում, և այս  հոդվածը  որևէ կերպ չի մտնում Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի մեջ։ Այսինքն՝ իմ կարծիքով՝  այստեղ թաքնված հնարավորություն կա դատավորների լիազորությունները դադարեցնելու, որը, գտնում եմ՝  հակասում է Սահմանադրությանը։  Ես ամենևին չեմ ցանկանում  ինձ վերապահել Սահմանադրական դատարանի լիազորություններ, բայց կարծում եմ, որ սահմանադրության տեսանկյունից այդ փոփոխությունը շատ վիճահարույց է։

-Նկատի ունեք՝ դատավորի անփոփոխելիության սահմանադրական երաշխի՞քը։

Այո, իհարկե, երբ մասնագետը դառնում է դատավոր, ամենակարևոր սկզբունքներից է, որ ինքն իմանա, որ անփոփոխելի է, այսինքն՝ ինքը դատավոր է  այնքան ժամանակ, քանի դեռ չի լրացել նրա կենսաթոշակի անցնելու տարիքը կամ ինքը դիմում չի գրել, որպեսզի իր լիազորությունները դադարեցվեն։ Դատավորի լիազորությունները հարկադրաբար կարող են դադարեցվել միայն  Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում, եթե նրա նկատմամբ կա մեղադրական դատական ակտ, կարգապահական վարույթի արդյունքում է լիազորությունները դադարեցվել և այլն։ Նախագծում նաև նշվում է, որ որակավորման հատուկ ստուգմանը չմասնակցած և որակավորման հատուկ ստուգումը չհաղթահարած դատավորների համար Արդարադատության ակադեմիայում օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է լրացուցիչ վերապատրաստում` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած առարկայական կուրսերի վերաբերյալ, և այս անձինք լրացուցիչ վերապատրաստումը համարվում են անցած դրական գնահատման դեպքում։ Թեև այստեղ չի ասվում, որ բացասական գնահատվելու դեպքում դատավորի լիազորություները դադարեցվում են, բայց այդպիսի գնահատականի դեպքում դատավորը ռեզերվային դատավորի  կարգավիճակից դուրս չի  գալիս, ինչը նշանակում է, որ նա  միշտ մնալու է կախված վիճակում։ Օրենքի  տրամաբանությամբ ես հասկանում եմ, որ այդպիսի  դատավորի լիազորությունները, եթե ոչ «դե ֆակտո»՝ ֆիքսված, ապա «դե յուրե» կարող է համարվել դադարեցված, ինչը շատ վիճահարույց է, մանավանդ եթե ընդունենք, որ այդ անձինք, ամեն դեպքում դատավոր են, անցել են դատավոր դառնալու համար սահմանված բոլոր  ընթացակարգերով՝ հարցազրույցի փուլ, գրավոր փուլ, անցել են կարճատև վերապատրաստում Արդարադատության ակադեմիայում։ Ընդ որում՝ հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս օրենքի նախագծով Արդարադատության ակադեմիայում սովորելը չի դիտարկվում որպես դատավոր դառնալու պարտադիր պայման։ Այդ դեպքում իմ մեջ հարց է առաջանում․ ինչո՞ւ մինչև դատավոր դառնալն Ակադեմիայում մեկ ամսվա ուսումնառություն անցած առանձին դատավորները չեն համարվում իրավասու դատավորներ՝ հատկապես, որ մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում։ Ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրական դատարանը ժամանակին քննարկել և որոշել է, որ 2021 թվականի Դատական օրենսգրքի փոփոխությունները չեն հակասում Սահմանադրությանը, և որ այդ փոփոխությունների արդյունքում  վերապատրաստրման ավելի նվազ ժամկետներում դատավոր նշանակելու ընթացակարգը չի հակասում դատավոր նշանակվելու  ճանաչված ընթացակարգերին: Ուստի՝ եթե քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորները պատշաճ ընթացակարգով դարձել են դատավոր, ապա ինչո՞ւ պետք է նորից այս գործընթացով անցնեն և կանգնեն չաշխատելու վտանգի առջև։

-Պարոն Բեքմեզյան, մեկ տարի առաջ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և  ՕՀՄ իրականացնելու միջնորդությունների քննությունը քրեական մասնագիտացմամբ առաձին դատավորներին վերապահելու վերաբերյալ հիմնավորումներում նշվում էր, որ երբ քրեական գործեր քննող դատավորներն այլևս մինչդատական վարույթի գործեր և ՕՀՄ  միջնորդություններ չքննեն, կթոթափվի նրանց ծանրաբեռնվածությունը, վերջիններս հնարավորություն կունենան ավարտելու իրենց մոտ կուտակված գործերը։ Դատական օրենսգրքի փոփոխություններով, սակայն, քրեական գործեր քննող դատավորների վրա կրկին դրվելու է մինչդատական վարույթի գործեր ու ՕՀՄ իրականացնելու միջնորդութուններ քննելու պարտականություն։  Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է որոշվել վերադառնալ նախկին կարգավորումներին:

-Իմ մեջ էլ է այդ հարցն առաջանում։ Ես շատ լավ հիշում եմ, որ մինչդատական վարույթի գործեր քննող դատավորների ներգրավմամբ քրեական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածությունը բավականաչափ թեթևացավ, և քրեական գործեր քննող դատավորները մեզ հետ զրույցների ընթացքում հաստատում էին այս հանգամանքը։ Եթե քրեական գործեր քննող դատավորները կրկին քննեն մինչդատական վարույթի գործեր, նրանք կրկին ծանրաբեռնվելու են։ Ես չեմ կարող ասել այս փոփոխության իրական տրամաբանությունը. ընտրել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատավորներ ու մեկ տարի հետո որոշել, որ նրանք մեզ պետք չե՞ն․ կարծում եմ, որ նման փոփոխությունները պետք է մի քիչ կայուն և ավելի կշռադատված լինեն։

-Նախագծում նաև նշվում է, որ եթե դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում  նրա լիազորությունների կասեցումը մեկ ամսից ավելի է տևում, ապա նրա փոխարեն շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը, իսկ այդպիսի դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր: 

-Մենք ունենք դեպքեր, երբ դատավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, որը երկու-երեք ամսից ավարտվում է, և ստացվում է, որ այդ դատավորը երկու-երեք ամսվա համար այլևս չի կարող գործ քննել, բայց ունենք նաև դեպքեր, երբ դատավորի վերաբերյալ մեկ-երկու տարի շարունակ քննվում է քրեական գործ, և այդ դատավորի փոխարեն այլ դատավոր չի նշանակվում այն դեպքում, երբ դատարանի ծանրաբեռնվածությունը կարելի էր թոթափել ռեզերվային  դատավոր նշանակելու հնարավորությամբ, բայց այդ հնարավորությունը չի  օգտագործվում։ Այսինքն՝ ինձ թվում է՝ սա ճիշտ  լուծում է այնքանով, որ եթե դատավորի նկատմամբ կա երկարաժամկետ քրեական հետապնդում ու հնարավոր է, որ նրա փոխարեն մեկ ուրիշն աշխատի, ապա պետք է դա արվի, որպեսզի մյուս դատավորները շատ չծանրաբեռնվեն։

-Սահմանվում է նաև, որ եթե դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, վերջինս ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ։ Արդարացի՞ է, որ պետությունը դատավորին դնում է նման իրավիճակում,  և արդարացվելուց հետո էլ դեռ այդ դատավորը ռեզերվային է ու չի կարող գործեր քննել։

-Կարծում եմ՝ այսպիսի  իրավիճակներում, երբ դատավորն արդարացվել  է, բայց մեկ այլ ռեզերվային դատավոր նրա փոխարեն դարձել է դատավոր, առավել արդյունավետ միջոց կարող է լինել այն, որ արդարացված դատավորը ոչ թե ռեզերվային դատավոր դառնա, այլ աշխատի՝ որպես դատավոր։ Միևնույնն է՝ օրենքով ամրագրվում է, որ ռեզերվային դատավորը նույնպես ստանում է աշխատավարձ, ու պետության վրա այդ դատավորի աշխատելը գրեթե լրացուցիչ ծախս չի ստեղծում. դատավորի աշխատասենյակի, գործավարի և օգնականի հարցերը մեծ բեռ չեն լինելու պետության վրա, բայց այդ դատավորի աշխատելը դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափելու առումով շատ օգտակար է լինելու։

Ուզում եմ խոսել նաև նախագծում առկա դրական փոփոխության մասին: Դրական է այն, որ որոշակի կատեգորիայի, օրինակ՝ քաղաքացիական գործերով պարզեցված վարույթները, վճարման կարգադրություններով գործերը որոշ  դեպքերում որոշակի խումբ դատավորներին մակագրելու հնարավորություն է ստեղծում․ սա կբեռնաթափի մյուս դատավորներին և ավելի արդյունավետ կդարձնի նման մեծածավալ գործերի քննությունը։

Արաքս Մամուլյան