Ի՞նչ է եղել Անկախության օրվա համար նախատեսված 155 մլն դրամ գումարը միջոցառումը չեղարկելուց հետո

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Այս տարվա սեպտեմբերի 21-ին նախատեսված անկախության 31-ամյակի միջոցառումը տեղի չունեցավ․ որոշումը կայացրել էր սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը։ Պատճառը սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողություններն էին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Չկայացած միջոցառման համար, պարզվում է, կառավարությունը 21,5 մլն դրամ է ծախսել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից փոխանցված գրավոր հարցմանն ի պատասխան։

Factor.am-ը դեռ սեպտեմբերին գրել էր, որ ՀՀ կառավարությունը Գառնու տաճարի բակում Անկախության օրվա միջոցառումն անկացնելու համար առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով երեք պայմանագիր է կնքել․ 33 մլն 750 հազար դրամի՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ -ի, 40 մլն 410 հազար դրամի՝ «Բրիջդ» ՍՊԸ-ի, 80 մլն 183 հազար դրամի էլ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Նախատեսվում էր անցկացնել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով ամենամյա համերգ-մրցանակաբաշխությունը և դասական համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և օպերային երգիչների մասնակցությամբ։ Այս գումարն ընդհանուր կազմում է 155 մլն դրամ։

Անկախության օրվա միջոցառումը չեղարկելուց երկու ամիս անց Fator.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու համար, թե ինչ ճակատագրի են արժանացել պետբյուջեից՝ առանց մրցույթի ընկերություններին փոխանցված գումարները։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի և «Բրիջդ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերը լուծարվել են, ընկերություններին գումար չի փոխանցվել։ Իսկ ինչ վերաբերում է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ կնքված 80 մլն 183 հազար դրամի պայմանագրին, վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ընկերությունը 21,5 մլն դրամի ծառայություններ է մատուցել, գումարը փոխանցվել է ընկերությանը։ Պայմանագիրը վերանայվել ու նվազեցվել է՝ համապատասխանեցնելով մատուցված ծառայությունների արժեքին։

Factor.am-ը Գնումների պետական համակարգում կառավարության և «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի հավելվածից տեղեկացավ, որ այս ընկերությունը պետք է մատուցեր «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա համերգ-մրցանակաբաշխության ծառայությունները, որոնք ներառում են երաժշտական մաս, լազերային պրոեկտի վարձակալություն և սպասարկում, հավելյալ երաժշտական գործիքների տրամադրում, մոնտաժային և գրաֆիկական աշխատաքներ, դիզայներական ծառայություններ, տպագրական աշխատանքեր, հատուկ էֆեկտների ապահովում, ոճաբանի, կոստյումների վարձակալություն, ադմինիստրատիվ և տրանսպորտային ծառայություններ։ Թե չեղարկված միջոցառման շրջանակներում «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն ի՞նչ ծառայություններ է մատուցել 21,5 մլն դրամի, վարչապետի աշխատակազմը գրավոր պատասխանում չի մասնավորեցրել։

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի հետ զրույցում Factor.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ որոշման արդյունքում է գումարը թողնվել ընկերությանը։ Նրա փոխանցմամբ՝ «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունն, ամեն դեպքում, կայանալու է դեկտեմբերի վերջին։ «Իրենց («Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-) կողմից մատուցված ծառայությունների մի մասն ընդունվել է՝ այդ մասով վերադարձ չի կատարվել։ Մինչև համերգը բազմաթիվ աշխատանքեր էին արված՝ այդ թվում, հագուստների պատրաստում, արձանիկներ, մոնտաժային աշխատանքեր, տեսնայութեր, սցենար և այլն, որոնք չեն կորել և օգտագործվելու են նախատեսված համերգին»,- ասաց Գոռ Ծառուկյանը։

«Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 17-ին՝ հեղափոխությունից մի քանի օր անց։ Մինչև 2022 թվականի մայիսի 3-ը ընկերությունը պատկանել է հիմնադիր, 1992 թվականին ծնված Հրանտ Թոխատյան անունով քաղաքացու։ Այս տարվա մայիսի 3-ին ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, իսկ մնացած 19 տոկոսը մայիսի 12-ին անցել է Վազգեն Պողոսյանին։ Մարինե Ստեփանյանն ու Վազգեն Պողոսյանը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ԿԸՀ ընտրողների ռեգիստրի, հաշվառված են նույն հասցեում։ Factor.am-ին հաջողվեց պարզել, որ նրանք ամուսիններ են։ Վազգեն Պողոսյանը, բացի ընկերության 19 տոկոսի բաժնետերը լինելուց, նաև տնօրենն է։

Ըստ Գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերի բաժնի՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պետական կառույցներին ծառայություններ է սկսել մատուցել սեփականատերերի փոփոխությունից հետո։

Վազգեն Պողոսյանը նոր մարդ չէ գնումների ոլորտում։ Նա, պետական կառույցներին հիմնականում առանց մրցույթի ծառայություններ մատուցող, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից է։ Նրան է պատկանել ընկերության 50 տոկոսը և տնօրենի պաշտոնը։ Պողոսյանը մինչ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ը տեղափոխվելը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի բաժնեմասն ընդամենը 25 հազար դրամով վաճառել է ընկերության մյուս 50 տոկոսի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանին։ Այս մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։
Նշենք, որ Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։

Նարեկ Կիրակոսյան