Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
Քաղաքականություն
30.10.2026 | 10:25
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո առաջատար է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջ կենտրոնամետ «Լիքուդ» կուսակցությունը։ Սակայն ո՛չ նա, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակիցը՝ Գադի Այզենկոտի գլխավորած կենտրոնամետ «Յաշար» կուսակցությունը, չեն կարողացել ապահովել խորհրդարանական մեծամասնություն։ Այս մասին վկայում են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Լիքուդ»-ը ստացել է ձայների 20,51 տոկոսը, իսկ «Յաշար»-ը՝ 16,06 տոկոսը։ Արդյունքում Նեթանյահուի գլխավորած քաղաքական դաշինքը կարող է հավակնել Քնեսեթի (խորհրդարանի) 53 մանդատի, իսկ Այզենկոտի դաշինքը՝ 48-ի։ Ռեկորդային՝ 19 մանդատ կստանան արաբական կուսակցությունները՝ «Միացյալ ցուցակ»-ն ու ՌԱԱՄ-ը։ Անհրաժեշտ 61 մանդատով մեծամասնություն ձևավորելու համար «Լիքուդ»-ը և «Յաշար»-ը ստիպված կլինեն համագործակցել կա՛մ արաբական կուսակցությունների, կա՛մ միմյանց հետ։
Չնայած ձայների հաշվարկի ավարտին՝ պաշտոնական արդյունքները, ինչպես սպասվում է, կհրապարակվեն նոյեմբերի 4-ից ոչ շուտ, հայտնում է The Times of Israel պարբերականը։ Դրանից հետո երկրի նախագահը, օրենքի համաձայն, պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական խմբակցությունների հետ և որոշի, թե կուսակցական առաջնորդներից ում է վստահվելու նոր կառավարության ձևավորումը։ Եթե ընտրված թեկնածուն չկարողանա ձևավորել կառավարություն, երկրում կարող են նշանակվել Քնեսեթի արտահերթ ընտրություններ։
Հոկտեմբերի 28-ին Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ էր արել կուսակցությունների առաջնորդներին պատասխանատվությամբ մոտենալ կոալիցիոն բանակցություններին՝ արտահերթ ընտրություններից խուսափելու համար։
Միևնույն ժամանակ, «Լիքուդ» կուսակցությունը հայտարարել է, թե ընտրությունները «գողացվել են»։ Ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել ձերբակալել արաբական կուսակցությունների առաջնորդներին՝ պատճառաբանելով, որ կասկածներ կան, թե նրանք ֆինանսավորվում են Կատարի կողմից։ Սակայն նման ֆինանսավորման վերաբերյալ առայժմ որևէ հրապարակային ապացույց չի ներկայացվել։ Այդուհանդերձ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնարարել է հատուկ ծառայություններին ստուգել արտերկրից հնարավոր միջամտության վերաբերյալ կասկածները։
Իր հերթին, ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտը «Լիքուդ»-ին մեղադրել է ընտրությունների արդյունքներն ապալեգիտիմացնելու փորձի մեջ։
Հավելենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո սրանք Իսրայելում անցկացվող առաջին խորհրդարանական ընտրություններն էին։ Շատերն այս ընտրությունները դիտարկում են որպես քվեարկություն, որի արդյունքում պետք է որոշվի Իսրայելի քաղաքական և հասարակական զարգացման հետագա ուղղությունը։
Ընտրելու իրավունք ունի Իսրայելի 7,3 միլիոն քաղաքացի։ Ընտրություններն անցկացվել են կուսակցական ցուցակներով։ Դրանց մասնակցելու համար գրանցվել էր ավելի քան 30 կուսակցություն, որոնց ներկայացուցիչները պայքարում էին Քնեսեթի 120 պատգամավորական տեղի համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

