Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Քաղաքականություն
30.10.2026 | 11:27
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 28-ին COP17-ի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող Բակիտ Ջուսուպովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–ԵԱՀԿ համագործակցությունը, Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը և տարածաշրջանային զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ տարածքում փոխկապակցվածության խթանման հնարավորություններին։
ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Հոկտեմբերի 28-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող Բակիտ Ջուսուպովի հետ։
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը ողջունել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում ԵԱՀԿ-ին դիտորդի կարգավիճակի շնորհումը բարձր գնահատելով կազմակերպության ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը Համաժողովի աշխատանքներին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգային հարցերին: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածքում փոխկապակացվածության խթանմանն հնարավորություններին:

