Ադրբեջանցիները կշտամբում են՝ ինչո՞ւ Բաքվին մեղադրեցի արյուն թափելու մեջ․ աջակցո՛ւմ եմ դժվարության մեջ գտնվող Արցախի ժողովրդին․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի դաշտից տեղեկություններ են գալիս, որ ուկրաինական բանակը հարձակում է սկսել հարավային ուղղությամբ՝ ազատագրելու Խերսոնը։ Հաղորդվել է Խերսոնի մարզում մեքենաշինական գործարանի տարածքում ռուսական զորքերի մեծաքանակ զինամթերքին հարվածներ հասցնելու, ռուսների օկուպացված Նովայա Կախովկային հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Ըստ Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի՝ ռուսական զորքերն անհաջող հարձակումներ են իրականացրել Սլավյանսկից հյուսիս-արևմուտք, սահմանափակ ցամաքային հարձակումներ Բախմուտի, Դոնեցկի և Խարկովի ուղղությամբ։

Factor TV-ի հետ զրույցում ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն վերջին տեղեկությունները ներկայացրեց ռազմաճակատից։ Ըստ նրա՝ Ուկրաինան արևմտյան դաշնակիցների մատակարարած ռազմամթերքի կիրառման շնորհիվ կարողացել է լուրջ առաջխաղացում ունենալ ՌԴ-ի օկուպացրած Խերսոնի ուղղությամբ։ Ուկրաինայի բանակն առաջ է գնացել 10-ից 15 կիլոմետր՝ ազատագրելով չորս գյուղ։ ԱՄՆ-ի մատակարարած զինտեխնիկան հնարավորություն է տվել Ուկրաինային խոցել ռուսների հրամանատարական կետեր, պահեստներ, ինչը զգալի կորուստներ է պատճառել ռուսական բանակին։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ուկրաինական նոր հարձակումից հետո ռուսական ուժերը հարկադրված վերադիրքավորվել են և Ուկրաինայի հարավ են ուղարկել արևելքում տեղակայված զորամիավորումների մի մասը։ Իր հերթին, Պուտինը հրամանագրով ավելացրել է զինուժի թվաքանակը 10 տոկոսով։ Ըստ Պենտագոնի՝ ՌԴ ՊՆ-ն նորակոչիկներ է փնտրում բանտերում՝ ռազմաճակատ ուղարկելու։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ կոչ արեց ռուսական զինուժին հեռանալ՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակը վերադարձնում է կորսված տարածքները, և որ ռուսական զորքերին հետ են մղելու մինչև սահման։

Իր հերթին, Ուկրաինայի դաշնակից ԱՄՆ-ը հայտարարում է, որ պատրաստվում է մեծացնել աջակցությունը և նոր հայտարարություն կլինի։ Վաշինգտոնն արդեն իսկ 13 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինային՝ սեփական անվտանգություն ապահովելու համար։ Ի դեպ, Ուկրաինային աջակցելու մասին է հայտնել նաև Ֆրանսիան։ Ըստ Մակրոնի՝ պետք է պատրաստվել երկարատև պատերազմի. «Հաղթանակի համար Եվրոպան պետք է միասնական լինի։ Մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի, և դրա համար պետք է կազմակերպվենք ազգային և եվրոպական մակարդակով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է էներգետիկայի, սննդի և շատ այլ հարցերի»։

Մակրոնն այն քչերից է, որ խոսել է Պուտինի հետ անձամբ պատերազմի սկզբից ի վեր՝ ասելով, որ երկխոսությունը Ռուսաստանի հետ պետք է շարունակել, մինչդեռ հիմա հաղթանակից է խոսում։

Սեպտեմբերի 1-ին էլ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը կես տարուց ավելի տևող լայնածավալ ագրեսիայից հետո շարունակում է պնդել, թե այս պատերազմը սկսել է Արևմուտքը․ «Հավաքական Արևմուտքն անամոթաբար, բացահայտ, կոպիտ ու ագրեսիվ սանձազերծեց մեր երկրի դեմ»։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «հատուկ ռազմական օպերացիան» ընթանում է ըստ պլանի։ Ըստ ԱՄՆ ՊՆ-ի՝ Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր ռուսական բանակը տվել է մինչև 70-80 հազար վիրավոր կամ սպանված։ Մոսկվան չի հաստատում այս տվյալը։

Factor TV-ն հարց ուղղեց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյին՝ կարողացա՞վ Մոսկվան ապացուցել աշխարհին, որ ինքը հարկադրված էր գնալ պատերազմի, քանի որ Արևմուտքն Ուկրաինայից հակառուսաստան էր ստեղծում, ինչպես օրերս ասաց Պուտինը։ Ըստ ուկրաինացի դիվանագետի՝ ՌԴ-ին չի հաջողվել աշխարհին ապացուցել պատերազմը հիմնավորող իր կեղծ թեզերը, թե, իբր, ուկրաինական ազգ գոյություն չունի, և, իբր, Ուկրաինան վերածվելու էր հակառուսական անկլավի։

Բոժկոն նշում է, որ ՌԴ-ն այս անհիմն պատերազմ սկսելով՝ թշնամի է դարձել ողջ աշխարհին, քանի որ խախտել է կոնֆլիկտները լուծելու միջազգային նորմերը և սկզբունքները։

Իսկ ի՞նչ է սպասվում հետխորհրդային տարածքի պետություններին, այդ թվում՝ Հայաստանին Ռուսաստանի հաղթանակի դեպքում։ Արդյո՞ք քարոզչական միֆ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերագրվող նպատակը՝ վերստեղծել ԽՍՀՄ-ն Ուկրաինայի, Բելառուսի և մյուս պետությունների ներգրավմամբ։ Ըստ ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպանի՝ ՌԴ-ի վերջնական նպատակը ռուսական կայսրության վերստեղծումն է, ինչը կխափանվի միայն Ուկրաինայի հաղթանակի պարագայում։

Հարցազրույցում արծարծվեց նաև զուտ հայկական թեմա։ Օրերս սոցցանցերի հայկական տիրույթում Ալեքսանդր Բոժկոյի մի գրառում լայնորեն քննարկվեց։ Նա պատմել էր, որ պատահաբար նայելով իր հայ բերակամուհու էջը՝ սարսափով էր հայտնաբերել ուկրաինացիների նկատմամբ առկա ատելություն։

«Կարծես թե պատրաստ են պատառ-պատառ անել ամեն մի ուկրաինացու: Պարզվում է, նրանց կարծիքով՝ մենք ընդհանրապես իրավունք չունենք ապրելու և պետք է որքան հնարավոր է՝ շուտ հանձվենք ռուս զավթիչներին: Մտածեցի՝ ինչ լավ է, որ ուկրաինացիները հայերեն չեն հասկանում: Աստված իմ, ահա թե ինչ է անում ռուսական հեռուստատետեսությունը հայերի հետ»,- նշել էր Բոժկոն գրառման մեջ:

Ինչո՞ւ այդպես աղմուկ բարձրացրեց այդ գրառումը։ Հայագետ դեսպանն ի պատասխան մեր հարցի՝ պատմեց մեկ այլ դեպք, երբ ադրբեջանցիներն են իրեն վերջերս թիրախ դարձրել, քանի որ ինքն ուկրաինական հեռուստատեսության եթերում պատմել է Ադրբեջանի կողմից Արցախում կատարված օգոստոսյան սադրանքի մանրամասները՝ մեղադրելով Բաքվին։

«Ադրբեջանցին հեռուստաեթերում կշտամբում է Ուկրաինային, թե ինչպե՞ս եմ ես Ադրբեջանին մեղադրել սադրանքի, արյուն թափելու մեջ, աջակցել հայերին, Արցախ անունն եմ օգտագործել։ Ես հայասեր եմ, և իրավունք ունեմ պաշտպանել դժվարության մեջ գտնվող Արցախի ժողովրդին»,- արձանագրեց դեսպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան