Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.11.2026 | 12:50Ազգային ժողովում 2027-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հարցեր ուղղեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին Ադրբեջանի տարածքով ապրանքների տարանցման ծավալների, ապաշրջափակման տնտեսական նշանակության և Հայաստանի Սահմանադրության շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Խաչատրյանը նշեց, որ Ադրբեջանի տարածքով 11 ամսվա ընթացքում Հայաստանից արտահանվել է ընդամենը 40 հազար դոլարի ապրանք։ Նրա խոսքով՝ եթե այդ ճանապարհն այդքան կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, ապա արտահանման ծավալները պետք է ավելի մեծ լինեին։ Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչ նշանակություն կունենա Ադրբեջանի տարածքով տարանցումը, եթե գործարկվի Սոչի-Սուխումի-Թբիլիսի երկաթուղին։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերի բազմազանեցմանը, նշեց, որ տարբեր ճանապարհներով ապրանքների տեղափոխումը բխում է Հայաստանի շահերից։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի տարածքով տարանցումը նոր է սկսվել, և սկզբնական շրջանում փոքր խմբաքանակների տեղափոխումը բնական է։
«Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել, Լարսում լռվի, զանգենք, խնդրենք՝ բացեն, հետո ասեն՝ բայց դուք շատ եվրոպամետ դուրս եկաք, հերիք է»,- հեգնեց Միրզոյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ տարանցման տարբեր հնարավորություններ՝ ապրանքներն ավելի մատչելի ճանապարհներով տեղափոխելու համար։ Միրզոյանի խոսքով՝ TRIPP նախագծի ենթակառուցվածքները կարող են կապվել Նախիջևանի երկաթուղիների հետ և հնարավորություն տալ հասնել իրանական երկաթուղային ցանց։
Խաչատրյանը, սակայն, նշեց, որ Ադրբեջանի տարածքով տարանցման ծավալները դեռևս փոքր են, իսկ Հայաստանից արտահանման հիմնական մասը շարունակում է իրականացվել այլ ճանապարհներով։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

