Ամուլսարի «հագով կարված» օրենքն ընդունվեց․ ցույցերն այլևս չե՞ն ազդի հանքերը շահագործողների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.04.2022 | 20:32«Ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ մեկ տնտեսվարողի հիման վրա եք այս նախագիծը բերել։ Չեմ ուզում բարձրաձայնել՝ այդ տնտեսվարողն ով է»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նշում էր հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ։
Խոսքն Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխության նախագծին է վերաբերում։ Ի թիվս այլ կարգավորումների՝ նախագծում նշվում է, որ եթե անկարգությունների կամ ապստամբության պատճառով հանքի շահագործումը հնարավոր չէ, ապա ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվում է։
Վահե Հակոբյանի ակնարկը, ենթադրաբար, վերաբերում էր հենց այն դեպքին, երբ հանքարդյունաբերող ընկերություններից մեկը տևական ցույցերի պատճառով չի կարողացել շահագործել հանքը։ Բնապահպանները ևս այստեղ խնդիր են տեսնում։
«Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացիական այդ ակցիաներն են դառնում անիմաստ։ Չէ՞ որ քաղաքացիական ակցիաները տեղի են ունենում մի քանի պատճառով։ Մեկը կարող է լինել այն, որ սկսված գործունեությունն ընդհանրապես առանց հասարակության հետ համաձայնության է եղել։ Մյուս դեպքում դա կարող է լինել այն, որ ընդերքօգտագործողն իր պարտավորությունները չի կատարում։ Այսինքն՝ դա այն մեխանիզմն է, որ հասարակությունը կամ համայնքը ինքը կարողանում է այդպես պայքարել, ինչպես եղավ Ամուլսարում։ Կարծես թե դրանից են ուզում զրկել»,- նշում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Նախագիծը ներկայացրած Կառավարության հիմնավորումն այն է, որ երաշխիքներ են ստեղծվում հանքարդյունաբերության ոլորտում, որոնք էլ պետք է բնագավառը գրավիչ դարձնեն ներդրողների համար։
Օրենքի նախագիծը Կառավարությունում ընդունվել է առանց քննարկման, չզեկուցվող կարգով, իսկ խորհրդարան ներկայացվել հապճեպ։ Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին հարցրին՝ եթե նպատակը նոր ներդրումները խրախուսելն է, ինչո՞ւ են հետադարձ ուժ տալիս այս օրենքին։
«Պայմանավորված է նրանով, որ փորձել ենք դիտարկել դաշտը՝ այս պահին այն ընդերքօգտագործողներին, որոնք գործում են դաշտում, ունեն ընդերքօգտագործողի իրավունք։ Բայց ուսումնասիրության մասով մենք չենք կարող շատ երկար հետ գնալ։ Մենք վերցրել ենք այդ 4 տարի ժամանակահատվածը, որի ժամանակ հնարավոր է դիտարկել՝ ինչ է տեղի ունեցել դաշտում։ Եվ սա ընդամենը բարի կամքի դրսևորում է այս պահին գործող ընդերքօգտագործողների հանդեպ»,- նշել էր Հարությունյանը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ շուրջ 40 հասարակական կազմակերպություն, արդեն արձագանքել են խնդրին։ Նրանք դիմել են հանրապետության նախագահին և Ազգային ժողովի նախագահին՝ օրենքի ընդունումն առնվազն հետաձգելու համար։
«Քաղաքացիական հասարակության առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել օրինագծի հեղինակների կողմից։ Կոչ ենք անում Ձեզ՝ որպես ՀՀ նախագահ, ՀՀ Սահմանադրության երաշխավոր, ՀՀ Ազգային ժողովի կողմից տվյալ վիճահարույց օրինագիծն ընդունելու դեպքում չստորագրել այն և հետ ուղարկել՝ լրամշակման նպատակով»,- նշվում է ՀՀ նախագահին ուղղված նամակում։
Չնայած դրան՝ միայն իշխանական պատգամավորների ներկայությամբ անցկացված քննարկումից հետո օրենքն այսօր միանգամից ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Այս ամենի հետ զուգորդվում է նաև այն փաստը, որ Կառավարության գործողությունների հնգամյա ծրագրի համաձայն՝ գործադիրը կանխատեսում է այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին պայմաններ ստեղծել Ամուլսարի հանքի շահագործման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գարիկ Հարությունյան