Հայկ Մարությանն է հնչեցրել «սևեր-սպիտակներ» թեզը․ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.07.2021 | 19:02Factor TV–ի հարցազրույցը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ
–Կարելի է ասել՝ այս ընտրություններով հերթական անգամ Հայաստանում լուծվեց իշխանության հարցը, երկարատև պայքար էր գնում հատկապես պատերազմից հետո, և երբ այդ մթնոլորտն ենք հիշում, բացառիկ քաղաքական կրքեր էին՝ իրար նկատմամբ հայհոյանքի, վիրավորանքի տեղատարափ էր: Ինչ եք կարծում՝ հիմա թշնամանքի էջը կարելի՞ է փակել, թե՞ ոչ:
-Շատ ճիշտ բնորոշեցիք նախընտրական ամբողջ ընթացքը. հասարակությունը ներքաշվել էր թշնամանքի, ատելության, բևեռացման մի փուլ, որը նույնիսկ հնարավորություն չէր տալիս ծանոթանալ ընտրարշավի ընթացքում հնչեցրած թեզերին, որովհետև, բնականաբար, ոչ բոլոր ուժերն էին ատելության խոսք հնչեցնում, բայց, միևնույն է, կենտրոնացումը հենց բևեռացման վրա էր։ Ամենացավալի փաստը, որ պառլամենտական երկրում էլի բինար էր պատկերացումը՝ կամ-կամի, երկու բավական ծանրակշիռ բևեռների միջև, որոնք փաստացիորեն նաև մանիպուլացնելով՝ հանրությանը փորձում էին պահել հենց այդ «սև-սպիտակի» դաշտում:
-Երկուստեք օգտակար կոմբինացիա․․․
-Իհարկե, որովհետև եթե այդ ձայները բաշխվեին մնացյալների միջև և մեր գործադիր մարմինը լիներ առավել բազմազան, ավելի դժվար էր լինելու կոալիցիաներ կազմել, աշխատել, հետագայում գտնել ու նշանակել մեղավորների։ Հիմա ավելի հեշտ է՝ մեղավորը կա՛մ իշխանությունն է, կա՛մ ընդդիմությունը, նայած թե ում համար՝ ինչպես, և դաշտը մնում է բաժանված՝ լավերի ու վատերի, դավաճանների, թշնամիների՝ «սևերի» և «սպիտակների» միջև: Շատ դժվար է լինելու աշխատել այսպիսի պառլամենտում։
–Արմեն Գրիգորյանն Առաջին ալիքի եթերում հայտարեց, որ կադրային ջարդ է լինելու այն մարդկանց նկատմամբ, որոնք, այսպես ասած, խոչընդոտում են բարեփոխումները և այլն: Սա բավարա՞ր փաստարկ է, որպեսզի հեռացվեն, օրինակ, ընդդիմության աջակից համայնքապետերը կամ Հայկ Մարությանը, որը, ինչպես իշխանավորներն են հայտարարում, չի աջակցել ընտրարշավի ընթացքում, լոյալ դիրքերում է եղել:
-Իսկ ինչո՞ւ պետք է աջակցի ՏԻՄ ղեկավարը:
-Միգուցե քաղաքական թիմի անդամ է՝ ա՛յդ պատճառով:
-Նա լիիրավ է չեզոքություն պահպանել որպես պաշտոնյա, բայց, իհարկե, Հայկ Մարությանն ունեցել է իր առաջին խնդիրը, երբ նախորդ ընտրությունների ժամանակ առաջինն է հնչեցրել «սևերի և սպիտակների» թեզը:
-Բումերանգը կարծեք թե հետ եկավ, այո՞:
-Այստեղ են ասել՝ ինչ ցանել ես, այդ էլ հնձում ես: Փաստացի դու պետք է դիրքավորվեիր այդ «սևերի ու սպիտակների» միջև: Եթե չհնչեցներ այդ տերմինը, նրա լոյալությունը հստակ օրենսդրական շրջանակներում ընդունելի է, որովհետև ՏԻՄ-երի ղեկավարները պետք է լինեին ավելի հանգիստ, համաչափ, հատկապես՝ Երևանում, որտեղ բլթբլթում էր կաթսան: Երևանի քաղաքապետը պետք է լիներ հանգիստ, հանդարտ դիրքորոշմամբ, որպեսզի չունենար գերակշիռ դեր այս կամ այն թիմին սատարելու տեսանկյունից:
-Եվ եթե որևէ մարզի, քաղաքի կամ գյուղի համայնքապետն այս կամ այն ուժին սատարելու համար ընտրակաշառք է բաժանել կամ վարչական ռեսուրս է կիրառել, նրան ուղակի պետք է տանել օրենքի դաշտ և չդրդել պաշտոնանկության:
-Այո՛, դա քրեական հանցագործություն է, պաշտոնն ընդհանրապես կապ չունի, օրենքի շրջանակում պատժելի է այդ արարքը։ Եթե նա հրաժարվի պաշտոնից և նրան չտանեն քրեական ճանապարհով, դա աննորմալ և հակաօրինական երևույթ է, ուստի այստեղ պետք է գործել օրենքի շրջանակում: Անկախ նրանից՝ թիմի անդամ է, թե՝ ոչ, եթե նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և արդեն իսկ կատարել է քրեական արարք, պետք է պատժվի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան