Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.10.2026 | 19:00«Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է անկլավների և էքսկլավների (Տիգրանաշեն, Սոֆուլու, Բարխուդարլու, Ասկիպարա, Արծվաշեն) փոխանակման հավանականությանը, տարածքային հաշվարկներին և սահմանազատման գործընթացում առկա լոգիստիկ հնարավոր բարդություններին։
Անդրադառնալով անկլավների փոխանակման վերաբերյալ խոսակցություններին՝ Մելիքսեթյանն ընդգծում է, որ միակողմանի զիջումն անհնար է․ «Չկա որևէ տարբերակ, որ կարող է Տիգրանաշենը, Քյարքին վերադառնա Ադրբեջանին ու Արծվաշենը չվերադառնա Հայաստանին։ Եթե չլինի փոխանակում… մենք փոխանցում ենք Ադրբեջանին մոտ 6 քառակուսի կիլոմետր տարածք, որովհետև իրենց անկլավների տարածքի գումարն այդքանով մեծ է Արծվաշենից։ Արծվաշենը 38 է, իրենց անկլավները՝ 26 ամենամեծը՝ Վերին Ոսկեպարը, 10՝ Սոֆուլու, Բարխուդարլուն և 8.4 քառակուսի կիլոմետր Քյարքի, Տիգրանաշենը»։
Փորձագետը մանրամասնում է այն գործնական ու լոգիստիկ խնդիրները, որոնք կառաջանան անկլավների մեխանիկական վերադարձի դեպքում։
«Մինչև հասնելը, օրինակ, Սոֆուլու և Բարխուդարլու անկլավ կամ Վերին Ասկիպարա անկլավ… իրենք Ղազախից դուրս էին գալիս, մտնում էին Հայաստանի տարածք, մտնում էին Ադրբեջանի տարածք, մտնում էին էլի Հայաստանի տարածք… մոտ չորս անգամ հատում են Հայաստանի սահմանը… Ու եթե մենք վերարտադրում ենք էն սահմանը, իրենք Ադրբեջանից հետո էլի մի քանի անգամ պետք է մտնեն Հայաստան, դուրս գան, որ հայտնվեն Ադրբեջանում»,- նշում է Սամվել Մելիքսեթյանը։
Խոսելով Տիգրանաշենի հատվածում այլընտրանքային ճանապարհ կառուցելու հեռանկարի մասին՝ Մելիքսեթյանը նկատում է. «Եթե այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում, ինքը շատ ավելի անհարմար է, անցնում է լեռներով, ու հատկապես ձմռան պայմաններում, եթե դուք ունեք հարթավայրով անցնող ուղիղ ճանապարհ 4 կիլոմետրանոց և սարերով անցնող 12 կիլոմետրանոց հատված, մի հատ համեմատեք էլի՝ ինչ տարբերություն է տալիս։ Այսինքն՝ մենք գլխացավանք ենք ստեղծում էդ բնակիչների համար»։
Անդրադառնալով սահմանը դեպի անկլավներ «հրելու» և միջանցքներ ստեղծելու խոսակցություններին՝ փորձագետը նշում է. «Սահմանը հրելու գաղափարը հիմարություն է, ես չգիտեմ ոնց ա ինքը առաջացել, էդ ինչ պայծառ մտքերում է առաջացել: Կա հրելու տարբերակի մի ուրիշ նկարագրություն, որ գուցե նաև դրա մասին է խոսքը, որ դու անկլավի տարածքից վերցնես ինչ-որ կտոր և էդ կտորը դնես անկլավի ու մայր երկրի կապ ստեղծելու համար, բայց դա էլ է խնդիրներ առաջացնելու»։
Միևնույն ժամանակ, նա շեշտում է, որ Տավուշում որոշակի «միջանկյալ» գործընթաց արդեն իսկ տեղի է ունեցել. «Փաստացի կատարվեց փոխանակում, ինքը միջանկյալ փոխանակում է, վերջնական չի, որովհետև սահմանազատման գործընթացով չի անցել ինքը պրոցեդուրաներով, բայց և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանում են էս տեխնիկական և, որ մենք իջնում ենք քաղաքական քարոզչության մակարդակից… էս դետալները շատ կարևոր են»։
Գնահատելով սահմանային ընդհանուր վիճակը և դրա հնարավոր շարունակությունը Սյունիքի կամ Գեղարքունիքի ուղղությամբ՝ Մելիքսեթյանը նախազգուշացնում է. «Մենք կորցրել ենք մոտ 80-90 քառակուսի կիլոմետր… Ադրբեջանը վերադարձնում է մոտ 40 կիլոմետր, և էն 50 կիլոմետրը, որ հայկական վերահսկողությունից դուրս է, բայց նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ չէ, այսինքն չեզոք գոտի է, դա նույնպես տարածքային կորուստ է։ Ես վստահ չեմ, որ իրենք նույն ժամանակագրային ռիթմով կարող են շարունակել սահմանազատումը Ջերմուկ, Վարդենիս հատվածում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

