Ալիևին սարսափեցնում է մեր միասնականությունը․ պատժիչ հարված հասցնելու գործիքներ ունենք․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.09.2020 | 18:00Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ
– Պարո՛ն Սաֆարյան, ողջ գիշերը մարտական գործողություններն ինտենսիվ շարունակվել են։ Պաշտոնապես հաղորդվում է, որ ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին պատճառել են մարդկային ու զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր՝ դիրքային բարելավում ենք ունեցել։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված դրությունը։
– Ստեղծված իրավիճակը տակավին մնում է մտահոգիչ հետագա զարգացման տեսանկյունից, որովհետև շատ կարևոր հարցեր դեռևս պատասխան չունեն՝ նկատի ունենալով, որ այս հերթական պատերազմում Ադրբեջանի կողմից լայնորեն աջակցում է Թուրքիան։ Մենք դեռևս չգիտենք, թե ինչ հեռահար պլաններ ունեն և ուր կարող է հասնել իրավիճակը։ Մեկ բան ակնհայտ է, որ երեկ տեղի է ունեցել այդ լայնամասշտաբ հարձակումը դիրքերի ուղղությամբ՝ ամբողջ շփման սահմանագծի երկայնքով, և որի արդյունքում մենք, ցավոք, ունեցել ենք երեք տասնյակի չափ զոհ և 100-ից ավելի վիրավոր՝ ինչպես հաղորդվեց պաշտոնապես։
Այդուհանդերձ, հաջողվել է Պաշտպանության բանակին և Զինված ուժերին հետ շպրտել գրոհը և վերականգնվել շփման գիծը երկայնքով։ Մենք պիտի մի բան նկատի ունենանք այս ընթացքում, որ իրավիճակը փոփոխական է, ճակատամարտերն ավարտված չեն և շատ դեպքերում հետնահանջները կարող են զուտ տակտիկական նշանակություն ունենալ՝ խուսափելու համար զոհերից։ Այլ խնդիր է, որ այդ որոշումները պետք է ճշգրիտ կայացվեն և ոչ միայն վերականգնվեն, այլ նաև ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարն են ակնարկել՝ Ադրբեջանը բավականին լուրջ դասեր քաղած հեռանա այս փորձից։ Այս կտրվածքով շատ բաներ դեռևս առջևում են։
– Ինչո՞ւ մենք հանգեցինք այսպիսի իրավիճակի։ Հայկական կողմից կայի՞ն բացթողումներ՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական և այլն, որոնք բերեցին սրան, թե՞, այնուհանդերձ, այսպիսի զարգացումն անխուսափելի էր։
– Խոշոր հաշվով՝ Արցախի շուրջ բանակցությունները, եթե համարենք, թե երբվանից են ձախողված, ապա դրանք առաջին հերթին ձախողված են այն ժամանակահատվածից, երբ Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից, այսինքն՝ 1997-98 թվականներից այդ բանակցությունները զուտ իմիտացիա են եղել, սա ասենք հանուն արդարության։ Երկու կողմն էլ՝ նախագահներն ու նրանց ներկայացուցիչները, ընդամենը հանդիպել են ու քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարցեր։ Բայց եթե անգամ տասնամյակին մոտ կարողացան պահպանել այդ իմիտացիան, ապա 2015 թվականի աշնանից սկսյալ՝ բանակցություններ որպես այդպիսին չկան։
2015 թվականի աշնանը սկսվեց լուրջ դիվանագիտական փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, որը, ինչպես բոլորիս է հայտնի, ավարտվեց Ապրիլյան պատերազմով։ Դրանից հետո շուրջ երկու տարի՝ մինչև 2018 թվականը, ավելի շատ մեծ ռազբորկա էր հիշեցնում տեղի ունեցողը՝ սկսած նրանից, թե ինչ կատարվեց 2016 թվականին, ով էր մեղավոր, ով սկսեց և այլն, և սկսած 2018 թվականից ՀՀ-ում հեղափոխությունից հետո զուտ նոր իշխանությունների փաստով փորձ արվեց վերսկսել բանակցությունները, բայց եթե մենք ուշադրությամբ նայենք այդ հանդիպումների մասին հաղորդագրությունները, ապա դրանք, խոշոր հաշվով, բանակցություններ են եղել՝ բանակցությունները վերսկսելու պայմանների մասին։
Համենայն դեպս, հայկական կողմի օրակարգը շատ հստակ է եղել, որ մի շարք խնդիրներ պետք է լուծվեն՝ սկսած Արցախի՝ բանակցություն վերադարձից, վերջացրած բանակցային միջավայրի ապահովմամբ, հասարակություններում թշնամանքը վերացնելու և այլ հարցերով։ Հետևաբար, խոշոր հաշվով բանակցությունները ձախողված են եղել։ Տեսականորեն բանակցությունները համարվում են հակամարտության կառավարման, սառեցման, անգամ՝ կարգավորման լրջագույն գործիք, բայց միշտ չէ, որ բանակցություններն այդպիսի դեր ունեին։ Շատ հաճախ բանակցությունները կարող են գայթակղիչ լինել՝ ռազմական ավանտյուրա սկսելու առումով։ Տավուշյան մարտերից Ալիևը դուրս եկավ հեղինակազրկված, և ակնհայտորեն պլանավորվում էր, փորձում էին արվում միջնորդների կողմից՝ հանդիպումները վերսկսկելու ուղղությամբ, բայց Ալիևը ոչ միայն խնդիրներ ուներ իր երկրի ներսում՝ տուժած հեղինակության մասով, այլ նաև բանակցային սեղան վերադառնալու, որովհետև իրեն թվում էր՝ Ապրիլյան պատերազմից հետո ինքը բանակցային սեղանի շուրջ որպես հաղթող նախագահ էր իրեն ներկայացնում։ Հուլիսյան դեպքերից հետո Ալիևը հասկացավ, որ ինքը թուլացել է ո՛չ միայն ներսում, այլև բանակցային սեղանին, որովհետև ստիպված է նստել հաղթող Նիկոլ Փաշինյանի դեմ-դիմաց։ Եվ ահա, այս առումով բանակցությունները դառնում են ձգան՝ ռազմական գործողություններ վերսկսելու համար։
– Հայաստանում համազգային մոբիլիզացիա է հայտարարված։ Զինկոմիսարիատների առաջ հերթեր են։ Հասարակությունն ինքնակազմակերպվում է՝ հումանիտար աջակցության գաղափարի շուրջ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի հասարակության ներուժն ու պատրաստակամությունը։
– Մենք հաղթելու ենք միայն մեր միասնականությամբ և համազգային ներուժի լավագույն դրսևորմամբ։ Եվ ուղղակի այս պատմական և ճակատագրական պահին պետք է ամեն ինչ անել՝ առավելագույն սիներգիզմը, համագործակցությունը, փոխազդեցությունը և՛ Հայաստանի հանրության շրջանում, և՛ դրանից դուրս՝ աշխարհասփյուռ հայ ազգի շրջանակներում պահպանելու և զարգացնելու համար, պետք է մեկ րոպե անգամ դադար չտալ։ Թերևս, պատերազմ կոչվող այս ողբերգության մեջ ամենահուսադրող բանը համախմբվածության բարձր մակարդակն է, որ մեր հերոս տղաները կամավորագրված մեկնում են Արցախ՝ երգուպարով, ժողովրդի ծափահարությունների ներքո, այդ ամբողջն ամենաթանկ բաներից է, ինչի մասին կերազեին շատ ժողովուրդներ։
Ի դեպ, սա հենց այն է, ինչն ամենաշատն է Ալիևին սարսափեցնում։ 2016 թվականին Ալիևին թվում էր, թե Հայաստանը հոգնել է Արցախից, ծնողները պատերազմի դեպքում իրենց երեխաներին կփախցնեն Հայաստան, բայց շոկը Ալիևի ու մյուսների մոտ այն է, որ մեծ հերթեր էին առաջացել կամավորագրման և Արցախ մեկնելու համար։ Սա, թերևս, Ալիևի ամենացավոտ կետերից մեկն է, և ինքը հասկանում է, որ Արցախը հայրենիք է հայերի համար։
Ինչ մնում է հարցին՝ ի՞նչ միջոցներ ունի հայկական կողմն Ադրբեջանին պատժիչ հարված հասցնելու, պետք է ասեմ՝ դա ավելի շատ ռազմական ոլորտի փորձագետը պիտի ասի։ Ես կարծում եմ՝ ունի այդպիսի գործիքներ, զուտ սիրողական մակարդակով կասեմ, ես վստահ եմ, որ մենք Ադրբեջանին պատժելու բավարար ռեսուրսներ ունենք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան