Ադրբեջանին կզսպի միայն տարածքային կորուստը․ պատժիչ գործողություններ պետք է լինեն․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.07.2020 | 21:18Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ
– Պարո՛ն Պապյան, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ռազմական միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցիները նախ փորձել են սահմանը հատել, դիրք գրավել, ապա հրետակոծել են և զոհեր տվել։ Ինչպե՞ս հասկանալ Ադրբեջանի այս պահվածքը։
– Ես կարծում եմ՝ այս քայլը, որ առաջին հայացքից շատ տարօրինակ է, պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Առաջինը պիտի տեսնենք, որ Ադրբեջանի ներսում՝ իշխանական վերնախավում, վերջին ամիսներին կա որոշակի անկայունություն՝ կապված և՛ Պաշտպանության, և՛ Արտաքին գործերի նախարարությունների հետ, հետևաբար՝ կան շրջանակներ, որոնք նպատակ ունեն որոշակի ձախողումներ գեներացնել և դա բարդել ՊՆ-ի վրա։ Կա ընդհանրապես դժգոհություն՝ կապված տնտեսական իրավիճակից, դա արդեն սկսել է զգացնել տալ՝ գազի և նավթի գների անկում, կորոնավիրուսը դա ավելի սաստկացրեց, և տեսնում ենք ջրի սակավությունն ու երաշտը աղետ կդառնան Ադրբեջանի համար։ Հետևաբար, այդ շահագրգռությունը ժողովրդին շեղելն է ներքին խնդիրներից։ Կա նաև արտաքին գործոնը՝ ռուս-թուրքական որոշակի լարվածությունն է Սիրիայում, Լիբիայում և, բնականաբար, Հարավային Կովկասում այդ մրցակցության խնդիրը կա։ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համաձայնեցրած քայլեր ձեռնարկելով, Ռուսաստանին դնում է նեղ վիճակի մեջ այն առումով, որ Ռուսաստանը չի կարող միանշանակ հայտարարություն անել։ Բնականաբար, նման կիսատ հայտարարությունները բերում են նրան, որ Ռուսաստանի դիրքերը թուլանում են Հարավային Կովկասում։
– Հատկանշական է, որ Ադրբեջանը ռազմական բախում հրահրել է ո՛չ Արցախի սահմանին, այլ Տավուշում։ Ի՞նչ հաշվարկ կա այստեղ։
– Այստեղ կա ենթադրություն, որ առաջին քայլը կարող էր հաշվարկված չլիներ, կարող էր լինել տեղական զինվորականության նախաձեռնություն՝ սկսած նրանից, որ կարող էին հարբած լինել կամ թմրանյութի ազդեցության տակ, և մի քիչ տարօրինակ է օրը ցերեկով՝ կեսօրին, «ՋԻՊ» տեսակի մեքենայով գազ տալ։ Հաստատ հարձակում չէ։ Այլ բան, որ երկրորդը կամ երրորդը մտածված գործողություն էր՝ տանկից ու ականանետերից կրակոցներ արձակեցին, դրանով, երևի, փորձում էին այդ սխալը շտկել և Բաքվին ցույց տալ, որ խնդիրներ են լուծում։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի համար չկա Արցախի՝ առանձին հակամարտության հարց, դա ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտություն է, մեզ մեկ ամբոջղություն է դիտարկում, պարզապես իր համար կարող է լինել հետախուզում մարտի միջոցով՝ հետագայում շեղող հարված հասցնելու, ենթադրենք՝ այլ ուղղությամբ, գլխավոր հարվածը Արցախի ուղղությամբ կամ հակառակը՝ կարող է Արցախում շեղող հարված հասցնել, հետո՝ Տավուշ, Քարվաճառ․․․ Սա, չեմ կարծում, թե մեկ նպատակի է ծառայում։
– Արդյո՞ք սահմանային սադրանքները պատերազմ սանձազերծելու նպատակով են։
– Դա, կարծում եմ, անմիջապես այս գործողությունից հետո քիչ հավանական է, որովհետև լայնածավալ գործողությունների համար հարձակվողները պետք է օգտագործեն անսպասելիության գործոնը, ինչպես մենք տեսանք 2016 թվականին։ Հիմա և՛ աշխարհը ուշադրության կենտրոնում է այս ամբողջը պահում, և՛ հայկական կողմը ցույց տվեց՝ ի պատիվ մեր Զինված ուժերի, որ պատրաստ է ոչ միայն դիմակայելու, այլ նաև սաստիկ հարված հասցնելու։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին լինելու են նմանատիպ մի շարք գործողություններ, դա իրենք անընդհատ փորձելու են, և որտեղ ստացվի, կփորձեն այնտեղ էլ խորանալ։ Իրենց համար, ամեն ինչից բացի, կարևոր է պահպանել լարվածության մակարդակը։ Աշխարհին պիտի ցույց տան, որ խնդիրը լուծված չէ և լուծման կարիք ունի։
– ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևով։ Որպես պետություն՝ արդյո՞ք ՀՀ-ն և Զինված ուժերն այսօր զարգանում են այս բանաձևով։
– Մամուլում գրվեց, որ հայկական Զինված ուժերում ձևավորվում են առանձին հարձակվողական խմբեր, իրենք թվով փոքրաթիվ են լինելու, բայց լինելու են շատ ճկուն և գործողություններ կատարելու հնարավորությամբ, այդ թվում նաև՝ թշնամու թիկունքում։ Սա նշանակում է, որ միայն պաշտպանությունից մենք անցնում ենք նաև հակահարձակման, ինչը, կարծում եմ, ճիշտ է։ Այդ փոքրաթիվ խումբը, եթե անցնի թշնամու թիկունքը, կարող է մեծ վնասներ պատճառել։ Մյուսն այն է, որ մենք գիտենք՝ Ադրբեջանին կարող է զսպել ոչ թե այն, որ մենք հարձակվեցինք և իրենք զոհեր տվեցին, այլ իրենց տարածքային կորուստները։ Հայտարարություն եղավ մամուլում, որ մեզ հաջողվել է ազատագրել կարևոր դիրք։ Եթե դա ճիշտ է, իսկ ես հավատում եմ, որ ճիշտ է, նշանակում է՝ նման գործողություններն են իրենց զսպելու։ Եթե իրենք հասկանան, որ ամեն հարձակումից հետո մի բլուր, երկու բլուր, մի քաղաք են կորցնելու, այդ դեպքում կմտածեն հարձակվելուց առաջ։ Եթե իրենց կորուստները լինելու են մարդկային կամ զինտեխնիկայի, դա բան չի փոխելու։ Աշխարհը պիտի իմանա, որ դա պատժիչ գործողության հետևանք է, և մենք նախահարձակ չենք, բայց եթե հարձակվում են, պիտի պատժվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան