Սրիկա, անհայրենիք ուժերն Ադրբեջանի հարձակմանն են սպասում՝ ռազմական հեղաշրջմամբ ռևանշի համար․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.07.2020 | 20:17Factor.am-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ
– Երեկվանից սկսված փոխհրաձգությունը Տավուշի սահմանին շարունակվում է։ Երեկ կեսօրին Ադրբեջանի զինծառայողները փորձել էին ՈՒԱԶ մեքենայով հատել հայկական սահմանը, դիրք գրավել, սակայն կորուստներ տալով՝ հետ են շպրտվել, հրետակոծություն է իրականացվել, թիրախավորվել են հակառակորդի ուժերը, զոհեր ունեն։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Տավուշում, ինչո՞ւ հիմա։
– Ես անկեղծորեն չեմ կարող գնահատել իրադարձության պատճառները, որ տեղի է ունենում այս պահին հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի շրջանում, և չեմ կարող ասել՝ արդյո՞ք այս ամենը ուշադրությունից շեղելու փորձ չէ՝ արցախա-ադրբեջանական շփման գծում հետագա էսկալացիայի համար։ Հետևաբար, մեզ մնում է զգոն լինել բոլոր ճակատներում և ուղղություններում։ Ինչ-որ իմաստով Ադրբեջանը շոշափում էր մեր զգոնությունը։ Մենք գիտենք՝ իրենք այդ հատվածում շատ վատ դիրքավորում ունեն և փորձում էին խաղաղ բնակավայրերի ռմբակոծմամբ հետ բերել իրենց համար առավելություն ներկայացնող դիրքեր, ինչը տեղի չի ունեցել։ Բայց ինձ շատ ավելի հետաքրքիր է այն ներքաղաքական համատեքստը, որ կա Ադրբեջանում, հատկապես՝ Հասանովի, Մամեդյարովի հետ, այդ երկրի ընդդիմությունն է չափազանց ակտիվացել և մարդկանց կոչ է անում հավաքվել Բաքվում և Ալիևի ռեժիմի տապալման պայքար սկսել։ Սա ունի նաև լայն աշխարհաքաղաքական համատեքստ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին առնչվող, իհարկե՝ նաև ռազմական դաշինքի, որի անդամ է Հայաստանը։ Դեռ Ապրիլյան պատերազմի խորապատկերում կար Ադրբեջանին եվրասիական աշխարհաքաղաքական, տնտեսական և ռազմական տիրույթ բերելու նպատակադրում Ռուսաստանի կողմից։
– Հետաքրքիր իրադրություն է ստեղծվել հենց ՀԱՊԿ-ում։ Ռազմական այդ դաշինքը, որի անդամ է նաև Հայաստանը, նախ այսօր հայտարարեց, թե Մշտական խորհրդի արտահերթ նիստ կգումարվի այս հարցով, բայց հետո պարզվեց՝ հետաձգվել է։ Ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել սա։
– Մենք տեսանք և կրկնակի անգամ համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ն իրականում շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, քան Հայաստանին։ Հերթական անգամ մենք հասկացանք, որ գործ ունենք մի ամորֆ և անդեմ կառույցի հետ, որի անդամ միայն մեկ դաշնակից ունենք, և դա Ռուսաստանն է։ Եվ պետք է կարողանանք Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները պահպանելու, զարգացնելու և ծավալները մեծացնելու մասին մտածել՝ երկկողմ ձևաչափով։ Մեզ համար ակնհայտ է դառնում, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամները ոչ միայն դաշնակցային վերաբերմունք չունեն Հայաստանի նկատմամբ, այլև ընդգծված բարեկամական հարաբերություններ ունեն մեր թշնամի Ադրբեջանի հետ, և դա պետք է դառնա հետևություններ անելու և մեր քայլերը կշռադատելու պատճառ։ ՀԱՊԿ-ի մասով նաև անտեղի են այլ քայլեր՝ անդամակցության դադարեցում և այլն, որովհետև դա ժամանակի կորուստ է և կարող է ռիսկեր առաջացնել։ Հերթական անգամ տեսանք, որ Ադրբեջանը շատ ավելի գործուն ազդեցություն ունի այս կառույցի վրա, և դա ազդելու է Երևանի վարքի վրա։
– Արտաքին մարտահրավերի ժամանակ, որքան էլ սուր են եղել տարաձայնությունները, այդուհանդերձ, եղել է միասնականություն արտաքին վտանգի դեմ։ Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք՝ հաշվի առնելով ատելության մթնոլորտը։ Ինչ եք կարծում՝ մոբիլիզացիա հնարավոր կլինի՞ ապահովել, որովհետև երեկվանից տեսնում ենք որոշ խմբեր, մեղմ ասած, ոչ ճիշտ հռետորաբանություն են տանում։
– Անկեղծորեն ես անակնկալի չեմ եկել։ Ես գիտեմ՝ ինչ ապիկար, սրիկա և անհայրենիք են, քանի որ սեփական գրպանի հետ համեմատող և հայրենիքում իրենց գտնվելը, սեփական եկամուտները բացառապես հաշվելու ընդունակ ուժերի մասին է խոսքը։ Նրանք հեղափոխությունից հետո ամեն օր սպասել են Ադրբեջանի ռազմական գործողություններին, որպեսզի կարողանան երկրում անկառավարելի զարգացումների արդյունքում ռևանշի հնարավորություն ստանալ, և ես չեմ կարծում, որ նրանք կգնան մոբիլիզացիայի։ Հակառակը, ամեն ինչ կանեն, որ ավելի ու ավելի սրվի իրավիճակը և՛ շփման գծում, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներում, որը իսկապես կարող է հնարավորություն ստեղծել ներքաղաքական այնպիսի իրավիճակի համար, ինչը կարող է նրանց հնարավորություն տալ ռազմական հեղաշրջմամբ ռևանշն իրականություն դարձնելու։
– Այսինքն՝ սահմանում իրադրությունն ու ներքին լարումները պատահական չե՞ք համարում։
– Պատահական կարելի՞ է համարել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողմից այն ուղերձը, որ եթե ես լինեի Ադրբեջանի նախագահի փոխարեն, սա Հայաստանի վրա հարձակվելու ամենալավ ժամանակահատվածը կլիներ։ Ես կարծում եմ, որ հասարակական այն պարսավանքը, որ հաջորդեց դրան, ոչ միայն պետք է շարունակվի, այլև բոլոր նրանք, ովքեր թույլ տվեցին, որ այդ հայտարարությունը հանրային միջոցներով հեռարձակվի, համարժեք գնահատականի պիտի արժանանան, մարդիկ պետք է թքեն նրանց երեսին և իրենց վերաբերմունքն արտահայտեն։ Այդ տրամադրությունները ոռոգող շրջանակների նպատակը ռևանշիստական նպատակադրումներն իրականություն դարձնելն է՝ սեփական հայրենիքի, սեփական զինվորների գնով։ Մենք պետք է ձևավորենք դիմադրողականայության այնպիսի համակարգ, որն այդպիսինների գոյությունը կբացառի մեր ներքաղաքական կյանքում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան