Կառավարությունը պետք է վերանայի քաղաքականությունը և այն անձին, ով զբաղվում է գազային բանակցություններով․ Սուրեն Պարսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.06.2020 | 21:55Factor.am-ի հարցազրույցը տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ
– Պարո՛ն Պարսյան, ՀԾԿՀ-ն այսօր Հայաստանում գազի սակագնի հետ կապված սեփական հաշվարկներն է ներկայացրել։ Հանձնաժողովն առաջարկել է բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը նույնը թողնել։ Ձեր կարծիքով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ինչպե՞ս կարձագանքի, կհաջողվի՞ համաձայնության հասնել։
– ՀԾԿՀ-ն, օգտվելով օրենքով սահմանված իր լիազորությունից, իր տարբերակն է ներկայացրել։ Ակնհայտ է, որ բավական մեծ տարբերություն կա ՀԾԿՀ-ի և «Գազպրոմ»-ի տարբերակների միջև։ Սա, իմ կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԾԿՀ-ն նախատեսում է կամ Կառավարությանն ինչ-որ ձևով առաջարկել է, այնուամենայնիվ, որոշակի սուբսիդավորման մեխանիզմներ նախատեսել գազամատակարարման համակարգի համար, ֆինանսական այլ աղբյուրներ գտնել, կամ «Գազպրոմ Արմենիա»-ն կապիտալ ծախսերը չի իրականացնի։ Երբ գազի սակագինն ինչ-որ տեղից պակասում է, ինչ-որ բանի հաշվին է դա տեղի ունենում։ Դիցուք, 2020-2022 թվականների ընթացքում «Գազպրոմ»-ը պետք է 62 մլրդ դրամի ներդրում կատարեր, նաև դրա համար էր պետք, որպեսզի գազի սակագինը բարձրանար, հիմա, ըստ իս, այդ ներդրումային ծրագիրը չի իրականացվի, քանի որ ՀԾԿՀ-ի կողմից ներկայացված այս հաշվարկի համաձայն՝ դա ուղղակի հնարավոր չի լինի։ Երկրորդ՝ 2019 թվականի հունվարի 1-ից 10%-ով սահմանին բարձրացավ գազի գինը, որը չի փոխհատուցվել գործող սակագնի շրջանակում, և ՀԾԿՀ-ն նաև դրան պետք է անդրադառնա։ Կարող է ստացվել այնպես, որ գազի գինը չբարձրանա կամ քիչ բարձրանա՝ ի հաշիվ գազամատակարարման համակարգի կայունության և անվտանգության։ Եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ժամանակին և ամբողջությամբ չիրականացնի իր կապիտալ ծախսերի ծրագրերը, մեր համակարգը կդրվի ավելի մեծ ռիսկի տակ, քան ներկայում կա։
– Որոշակի բարձրացում, ըստ ներկայացված հաշվարկների, կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար՝ ջերմոցային տնտեսություններ, պահածոների, խմիչքի, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներ։ Բայց այս պարագայում էլ Հանձնաժողովը հիմնավորված է համարում գինը բարձրացնել 212 դոլարից 224 դոլարի՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։ Հիմնավորումներին եթե ծանոթ եք, որքանո՞վ կարող են դրանք ընդունելի լինել գազամատակարար ընկերության համար։
– Գազամատակարար ընկերությունը, կարծում եմ, չի կարողանա առաջարկվող սակագնով իր ամբողջ ծախսերը փոխհատուցել և ստանձնած պարտավորությունները իրականացնել։ Բնականաբար, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հերթին դնելու է որոշակի պահանջներ, այսինքն՝ եթե դուք համապատասխան սակագինը չեք սահմանում, ուրեմն ես այս-այս պարտավորություններից հրաժարվում եմ։ Դրա արդյունքում մեր գազամատակարարման համակարգն է տուժելու։ Սա է ամենամեծ խնդիրը։ Բացի այդ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարող է նաև Վարչական դատարան դիմել և բողոքարկել ՀԾԿՀ-ի որոշումը՝ սակագնի վերանայման հայտի մասով։ Շատ կարևոր եմ համարում նաև հիշեցնել գազամատակարարման համակարգում սակագնի հաշվարկման մեթոդաբանության էությունը, այն է՝ անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքը։ Այսինքն՝ սակագինը պետք է այնքան լինի, որպեսզի գազամատակարարման համակարգը կարողանա իր բոլոր ծախսերը իրականացնել, դրան գումարած՝ նաև ունենա 9%-ի չափով շահութաբերություն։ Սա է հիմնական մեխանիզմը, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն, կարծում եմ, ամեն ինչ կանի, որպեսզի իր այդ բոլոր հնարավորություններն ապահովի։ ՀԾԿՀ-ն էլ իր կողմից պետք է փորձի ապացուցել իր տարբերակի մրցունակությունը։
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ հայ-ռուսական բանակցությունների արդյունքում «Գազպրոմ»-ը զիջումների կգնա՝ հօգուտ հայկական կողմի։
– Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ շատ անօգուտ և անարդյունավետ բանակցում է գազի գնի շուրջ։ Բանակցության արդյունքում սահմանին գազի գինը բարձրացավ 10%-ով։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Կառավարությունը պետք է վերանայի քաղաքականությունը և այն անձին, ով կոնկրետ այս բանակցություններով զբաղվում է։ Չկա արդյունք, չկա որևէ առաջընթաց այս ուղղությամբ։ Գազի գնի պայմանագիրը կնքվում է երկու տարբերակով՝ բորսայական գնի կամ միջպետական համաձայնագրերի շրջանակում, որն ապահովում է որոշակի կայունություն կամ երկարաժամկետություն։ Հայկական կողմը, սակայն, միջպետական համաձայնագիրը մեկական տարով է արձանագրում, ինչն իր հերթին բերում է բավական մեծ ռիսկեր, տնտեսվարողները չեն կարողանում իրենց բիզնեսը կառուցել, հաշվարկել արագ փոփոխվող գազի սակագնի պայմաններում։
– Եթե նույնիսկ գյուղոլորտի տնտեսվարողների համար թանկացումը լինի ՀԾԿՀ-ի առաջարկած գնի սահմաններում, արդյո՞ք դա չի ազդի այդ ոլորտի արտադրանքի գների վրա։ Հնարավոր է՝ բնակիչները գազի համար ավելի թանկ չվճարեն, գոնե որոշակի ժամանակահատվածում՝ մինչև «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների վերջնական ավարտը, բայց արդեն ավելի բարձր վճարեն որոշակի ապրանքների համար։
– ՀԾԿՀ-ի կողմից առաջարկվող 5%-ի կամ մոտ 12 դոլարի բարձրացումը էական նշանակություն չի կարող ունենալ գյուղմթերքի ինքնարժեքի վրա։ Կարող է որոշակի բարձրացում տեղի ունենալ, բայց ոչ էական։ Կարծում եմ՝ ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել դոլարի փոխարժեքի աճը, որը հնարավոր է տարվա վերջում, քանի որ խոշոր սպառողների դեպքում գազի սակագինը որոշվում է ոչ թե դրամով, այլ դոլարով։ Եթե ամփոփեմ, կարող եմ ասել, որ 5%-ով բարձրացումը մեծ ազդեցություն չի թողնի այս տնտեսությունների վրա, այլ կփրկի այս տնտեսությունները, քանի որ հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որը հետագայում զարգանալու է, այս տնտեսվարողներն ուղղակի կկորցնեն իրենց շուկաները ԵՏՄ շրջանակում, որովհետև միության մյուս երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում գազի սակագինն անհամեմատ ցածր կլինի, և հայկական արտադրողների կողմից մատակարարվող ապրանքները կդառնան ավելի թանկ, նրանք շուկայից ուղղակի դուրս կմղվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Թամարա Հակոբյան