Վարակի պիկը չանցած Հայաստանում կարանտինի վերացումն ի՞նչ վտանգներով է հղի․համեմատություն՝ այլ երկրների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
Բոլորը

Վերջին շաբաթում կորոնավիրուսի օրական 100 և ավելի նոր դեպքը Հայաստանի համար արդեն սովորական է դարձել։ Այսօրվա տվյալներով՝ երկրում 2782 հաստատված դեպք և 40 մահ կա։ Եվ եթե 24 ժամում 100-ից էլ պակաս վարակակիր հայտնաբերելու դեպքում իշխանությունները կարանտին էին հայտարարում, ժողովրդին կոչ անում տանը մնալ, ապա այսօր, երբ վարակի տարածման ցուցանիշը երբևէ ամենաբարձր մակարդակին է հասել, բացվել են տնտեսական նշանակության օբյեկտներն ու հանվել ազատ տեղաշարժի սահմանափակումները։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած կանխատեսումներով՝ եթե Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասնի կես միլիոնի, ապա ծանր դեպքերը 78 հազարից ավելի կլինեն, իսկ ծայրահեղ ծանր դեպքերը՝ 26 հազարից ավելի։ Ընդ որում՝ եթե առողջապահական համակարգը գերծանրաբեռնված լինի, Հայաստանը կարող է անցնել ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշում է․ եթե հիվանդների թիվը կտրուկ ավելանա և ասիմպտոմ վարակակիրներին տնային բուժում նշանակեն, ապա դա ռիսկային կլինի։

«Եթե այլևս թեթև դեպքերը չենք հոսպիտալացնելու, ապա կկարողանանք անջատել ռեսուրսներ, բայց, մյուս կողմից, պետք է գիտակցենք, որ թեթև դեպքերը չհոսպիտալացնելով, այսինքն՝ տանը պահելով, մենք ավելացնելու ենք հիվանդների թիվը։ Մոտավորապես՝ 40% դեպքերում հոսպիտալացում է պահանջվում, և նախարարությունը պետք է հաշվի, եթե ակնկալում է, որ ունենալու է 1000-ից ավելի հիվանդ, ուրեմն  400-ից ավելի մահճակալ պետք է ունենա, բնական է, պետք է մարդիկ լինեն, որ պասարկեն այդ հիվանդներին, դեղորայք, սարքավորում․ այդ 400-ից մի մասը լինելու է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Իրենց անհրաժեշտ է լինելու առանձնահատուկ բժշկական միջամտություն, որն էլի ռեսուրս է»,- ասում է փորձագետը։

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանում կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպը պահպանվի և օրական միջինում 100 վարակակիր հայտնաբերվի։ Յուրաքանչյուր 10 օրը մեկ՝ հաստատված դեպքերի թիվը կավելանա 1000-ով, ինչը նշանակում է, որ մոտ 2 ամսում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտ կլինի 10 հազարին։

Դավիթ Մելիք-Նուբարյանը նկատում է, որ համավարակի պիկը դեռ առջևում է․ «Ըստ իմ գնահատականների՝ մենք դեռ չենք հասել համավարակի գագաթնակետին և, տրամաբանությունը հուշում է, որ դեպքերի թիվն ավելանալու է։ Այստեղ կարևոր է, որ պետական մարմինները մի վայրկյան չդադարեն առողջապահական ռեսուրսների կարողությունների ընդլայնումը, հատկապես՝ մեծ ուշադրություն դարձնելով մարդկային ռեսուրսին»։

Փորձագետն ասում է․ այն պարագայում, երբ աշխարհը չունի պատվաստանյութ, մնում են միայն սահմանափակիչ միջոցառումները։ Իսկ կարանտինը վերացնելով ո՞ր երկրներից է Հայաստանն օրինակ վերցնում և ո՞ր երկրներում են իսկապես ճիշտ քաղաքականություն վարում։ Օրինակ՝ ապրիլի 27-ից մայիսի 4-ը կորոնավիրուսի նոր դեպքերը հարևան Վրաստանում ավելացել են ընդամենը 107-ով, ինչը Հայաստանի օրական ցուցանիշից էլ քիչ է։

Ադրբեջանում այդ ժամանակահատվածում նոր դեպքերն ավելացել են 339-ով։ Համենայն դեպս, երկու երկրում էլ կարանտինը չեն թուլացրել։

Իսկ Հայաստանում, որտեղ վարակման դեպքերն ապրիլի 27-ից մայիսի 4-ն ավելացել են 761-ով, կարանտին այլևս չկա։

Մելիք-Նուբարյանի խոսքով՝ Վրաստանում կարանտինային սահմանափակումներին անհամեմատ ավելի խիստ էին հետևում, դրա համար էլ այնտեղ լավ արդյունք ունեն․ «Վրաստանը շատ ավելի շուտ մտցրեց սահմանափակումներ և շատ ավելի խիստ։ Ըստ հրապարակումների՝ իրենք անհամեմատ ավելի խիստ էին հետևում էին սահմանափակումներին։ Եվ, բնական է, դա անդրադարձավ իրենց հիվանդների թվի աճի դինամիկայի վրա, որը շատ ավելի քիչ էր, քան մեզ մոտ»։

Տարածաշրջանի մյուս երկիրը՝ Ադրբեջանը, որը Հայաստանից էլ ուշ կարանտին հայտարարեց, դարձյալ ավելի բարվոք ցուցանիշներ ունի։ Մինչ օրս Ադրբեջանում մեկ օրում գրանցված կորոնավիրուսի ամենաշատ նոր դեպքերը 105-ն են եղել։ Հայաստանից ընդամենը 3 անգամ շատ բնակչություն ունեցող և Հայաստանից ավելի ուշ կարանտին հայտարարած Ադրբեջանում այժմ 722-ով պակաս վարակման դեպք և 14-ով պակաս մահ կա։ Այնտեղ, ի դեպ, նաև կորոնավիրուսի ակտիվ դեպքերն են Հայաստանից եռակի պակաս, իսկ մինչ օրս արված թեստավորումների քանակը՝ Հայաստանից 6 անգամ շատ։ Եթե Ադրբեջանում, վերջին տվյաներով, կատարվել է 164 հազարից ավելի թեստավորում, ապա Հայաստանում՝ դեռ գրեթե 27 հազար։

Այժմ դիտարկենք այն երկրները, որտեղ բնակչությունը Հայաստանից կրկնակի կամ եռակի շատ է, և որոնք մեզ պես առանց կարանտինային սահմանափակումների են։ Օրինակ՝ գրեթե 9․5 միլիոն բնակչություն ունեցող Բելառուսը, որտեղ նույնիսկ մայիսի 9-ի երթը չեն չեղարկել, կորոնավիրուսային պանդեմիայի օրերին բնակիչների ազատ տեղաշարժը չսահմանափակելու հետևանքով այժմ 19 հազարից ավելի վարակակիր և 112 մահ ունի։

Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ Բելառուսում վիճակը բավականին բարդ է․ «Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ բնակչության 69%-ն ուզում է ավելի խիստ սահմանափակումներ, բայց կառավարությունը չի գնում դրան։ Ինչո՞ւ, բարդ է ասել»։

Փորձագետն ասում է․ կարծիք կա, թե Բելառուսի թվերն իրականում այն չեն, ինչ ներկայացվում են։ «Կա կարծիք, որ իրենք իրական թվեր չեն և, իրականում, վիճակը շատ ավելի ծանր է․ թե՛ կորոնավիրուսից մահվան դեպքերը , թե՛ հիվանդությունները, այլ ախտորոշումների տակ են ձևակերպվում, ինչն էլ թվերն արհեստականորեն նվազեցնում է»։

Բելառուսում 24 ժամում արձանագրվող նոր դեպքերը վերջին շրջանում՝ 1000-ի են հասնում կամ, նվազագույնը, 800-ի։ Եթե Բելառուսի պես առանց կարանտինի մնացած Հայաստանում աճի նման տեմպ սկսի գրանցվել, ապա մեզ մոտ 2 ամսում վարակման դեպքերը շուրջ 50 հազարի կհասնեն։

Կորոնավիրուսի նկատմամբ ամենաթեթև վերաբերմունքը ցուցաբերող Շվեդիան, որի բնակչությունը Հայաստանից 3 անգամ է շատ և որտեղ կրկին կարանտին չկա, արդեն 23 հազարից ավելի վարակակիր և 2800-ից ավելի մահ ունի։ Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի առողջապահական համակարգում աշխատող մեր հայրենակցուհի Ռուբինա Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում․ «Շվեդիան այն քիչ երկրներից է, որտեղ կարանտին, որպես այդպիսին, չի մտցվել, և ժողովրդին չի արգելվում ազատ տեղաշարժվել։ Բայց, այստեղ էլ գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ․ օրինակ՝ 50-ից ավելի խմբերով չի կարելի միջոցառումներ կազմակերպել։ Փակվեցին ուսումնական հաստատությունները և անցան օնլայն ռեժիմի, բայց դպրոցները և մանկապարտեզները բաց են։ Մարդկանց առաջարկվում է պահպանել սոցիալական հեռավորություն, եթե հիվանդ են, ունեն սիմպտոմներ, տանից դուրս չգան»։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծում է․ շվեդները, այսպես թե այնպես, միշտ էլ սոցիալական մեծ հեռավորություն են պահում․ «Շվեդիայի հասարակությունը, տեղից անհամեմատ շատ սոցիալական հեռավորություն է պահում, քան, օրինակ Հայաստանում կամ Իտալիայում։ Իրենք այդքան շատ շփումներ չունեն իրենց հասարակության մեջ»։

Շվեդիայում բնակվող հայ բժշկուհին հաստատում է․ տեղի բնակչությունն իսկապես սոցիալական հեռավորություն պահող է։ «Շվեդիան այն երկիրն է, որտեղ չափահաս դառնալուց հետո երիտասարդների մեծ մասը բնակվում է ծնողներից առանձին, այստեղ մարդիկ մեծ սոցիալական հարաբերություններ չունեն՝ համեմատած այլ երկրների հետ։ Բացի այդ, 70-ից բարձր, այսինքն՝ ռիսկային խմբին պատկանող մարդկանց գերակշիռ մասն ապրում է ծերանոցներում»։

Ստացվում է՝ Շվեդիայի օրինակը Հայաստանի վրա պրոյեկտելը բավականին վտանգավոր կարող է լինել, քանի որ այստեղ տիրող վիճակն այլ բան է ասում․ ռիսկային խմբում գտնվողները հիմնականում ընտանիքներում են ապրում, իսկ կարանտինի թուլացման առաջին իսկ օրերին հայերն իրենց պահում են այնպես, կարծես կորոնավիրուս չի էլ եղել։ Շվեդիայում բնակվող հայ բժշկուհու խոսքով՝ կարանտին չունեցող երկրի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված չէ, և այնեղ անգամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի տեղերի 20%-ն ազատ է։ Այս ամենին գումարած՝ Շվեդիայում թեստավորման մակարդակն է բարձր։ Այնտեղ արդեն 148 հազարից ավելի թեստավորում է արվել․ գրեթե 5-6 անգամ շատ, քան Հայաստանում։

Այսպիսով, եթե կառավարությունը շուտով կարանտինային սահմանափակումներին փոխարինող այլընտրանք չառաջարկի՝ վարակի հետագա տարածումը միայն քաղաքացիների պատասխանատվությանը թողնելով, հետևանքներն, իսկապես, ցավալի կարող են լինել։ Եվ եթե կորոնավիրուսի դեմ պայքարում դժվարությունների հանդիպեցին անգամ Իտալիան ու Իսպանիան, որտեղ առողջապահական համակարգը Հայաստանից մի քանի անգամ ավելի զարգացած էր, դժվար է կանխատեսել, թե բուժհաստատությունների գերբեռնմանը ինչպես կարձագանքի Հայաստանի առողջապահությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան