Էժան երթուղի՝ անվտանգության հաշվին. գազով շահագործվող միջմարզային հանրային տրանսպորտի ռիսկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
Բոլորը

Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարը 7 մարդու կյանք խլեց։ Սա տրանսպորտի մեջ գազաբալոնային համակարգի շահագործման հետևանքով պատահած միակ դժբախտ դեպքը չէր։ Սրանից առաջ քիչ չեն եղել դեպքերը, երբ մեքենաները կամ միկրոավտոբուսները պայթել են ոչ միայն վթարի արդյունքում՝ գազի արտահոսքից, այլ դեռ ավտոգազալցակայանում:

Զոդի կամրջի ողբերգական վթարից հետո օրեր շարունակ բոլորը միահամուռ քննարկում ու քննադատում էին 21-րդ դարում միկրոավտոբուսների գազով շահագործելը։ Կարճ ժամանակ անց, սակայն, այս թեման, կարծես, դուրս մնաց մեդիադաշտի օրակարգից, պաշտոնյաները նույնպես այդ մասին չեն խոսում։ Բայց մինչև ե՞րբ։ Գուցե մինչև հաջորդ պայթյո՞ւնը։

Իսկ մինչ այդ, ուղևորատար «ԳԱԶԵԼ»-ներն ամեն օր ճանապարհ են ընկնում՝ բոլորին հայտնի, բայց, միևնույն ժամանակ, անհայտ ուղղությամբ։

Հայաստանի ամբողջ տարածքում գործում է 630 երթուղի, որոնք սպասարկում են 3.453 տրանսպորտային միջոց։ Դրանցից 2.422-ը միկրոավտոբուսներ են․ մեծ մասը սպասարկում է միջմարզային և միջհամայնքային երթուղիները, գրեթե ամբողջությամբ աշխատում են գազաբալոնային համակարգով և, շատ դեպքերում, արդեն մոտ են շահագործման առավելագույն ժամկետը՝ 15 տարին սպառելուն։

Հանրային տրանսպորտում գազաբալոնային համակարգի շահագործումն օրինական է, նույնիսկ ձեռնտու, քանի որ միևնույն ճանապարհը դիզվառելիքով անցնելու դեպքում ծախսերն անհամեմատ մեծանում են: 1 կգ գազի արժեքն այս պահին 290-300 դրամ է, մինչդեռ 1 լիտր բենզինի արժեքը՝ 420-510 դրամ։ Այլ հարց է՝ ինչ վտանգներ է պարունակում գազաբալոնային համակարգը։

«ՀՀ-ում, ցավոք, տեղի են ունենում վթարներ, որոնց մասնակից են լինում նաև միջմարզային կամ ներմարզային տրանսպորտային միջոցները, և որոնց համար պատճառ կարող է հանդիսանալ գազաբալոնային համակարգը: Այստեղ մենք պետք է մշակենք իրավական նորմատիվային ակտեր։ Ոչ թե պետք է քննարկենք գազաբալոնային համակարգի լինել-չլինելու հարցը, այլ է՛լ ավելի անվտանգ դարձնելու նպատակահարմարության հարցը, որովհետև հնարավոր է կիրառել այնպիսի փորձարարական մեթոդներ, որոնք կբարձրացնեն գազաբալոնային համակարգով աշխատող մեքենաների անվտանգությունը»,- նշեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

Հայաստանում ներմարզային ու միջմարզային հանրային տրանսպորտը վերահսկվում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ իրենք այս պահին գնահատում են գազաբալոնային համակարգով հանրային տրանսպորտի շահագործման ռիսկայնությունը։ Շուտով համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու՝ կապված հենց գազաբոլանային համակարգով աշխատող և հանրային տրանսպորտի համակարգում շահագործվող փոխադրամիջոցների հետ։

«Առաջարկելու ենք, որ դրանք ոչ թե սովորական տրանսպորտային միջոցների նման տարին մեկ անգամ փորձարկում անցնեն, այլ՝ տարին երկու կամ երեք անգամ, որպեսզի տեխնիկական կանոնակարգերի հետ համապատասխանությունը տարին երկու-երեք անգամ ստուգվի։ Բացի այդ, որոշ տրանսպորտային միջոցներ, օրինակ՝ միկրոավտոբուսները, ելնելով նաև տարիքային առանձնահատկություններից, չափից, երթեր կատարելու հաճախականությունից, պաշտոնապես համարվեն արտադրական վտանգավոր օբյեկտներ, իսկ այդ դեպքում նրանք պետք է ենթարկվեն նորմատիվային տեխնիկական կանոնակարգերի»,- ասաց Արտյուշ Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ այս դեպքում տնտեսվարողները շահագրգռված կլինեն բարձրացնել տրանսպորտային միջոցների անվտանգությունը, լիազոր մարմիններն էլ հնարավորություն կունենան, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշակի միջոցառումներ ձեռնարկել և իրականացնել:

«Երբ գազաբալոնային համակարգ է տեղադրվում, տեղադրող կազմակերպությունն իր փաստաթղթերում տալիս է ցուցումներ, որտեղ նշվում է, թե քանի տարին մեկ պետք է փոխադրամիջոցն անցնի փորձաքննություն։ Մենք առաջարկելու ենք, որ անկախ նրանից, թե տվյալ կազմակերպությունն ինչ ժամկետներ է նշում, երթուղային մեքենաները երբ գազալցակայաններում լիցքավորում են անում, այնտեղ պարտադիր պահանջեն համապատասխան փաստաթղթի առկայությունը՝ տեխնիկական վիճակի մասին բնութագիրը և, ըստ դրա՝ կատարեն սպասարկում»,- ընդգծեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։

Ըստ նրա՝ քիչ չեն դեպքերը, երբ ավտոգազալցակայաններում ուշադրություն չեն դարձնում ինչպես փոխադրամիջոցի ընդհանուր տեխնիկական վիճակին, այնպես էլ գազաբալոնային համակարգին վերաբերող փաստաթղթերի ժամկետներին, ինչի հետևանքով էլ հաճախ արտակարգ իրավիճակներ են ստեղծվում։ Նա, սակայն, լիահույս է, որ օրենսդրական փոփոխություններից հետո տեսչական մարմինը լիազորություն կունենա ստուգումներ իրականացնել նաև ավտոտեխզննման կայաններում: Տեսչական մարմինն այս պահին արդեն գույքագրել է Հայաստանում առկա բոլոր տեխզննման կայանները, նույնիսկ որոշ խախտումներ է հայտնաբերել:

«Գնալու ենք այն ճանապարհով, որ տեխզննման կայաններում տեխզննումը լիարժեք կատարվի։ Տրանսպորտային այն միջոցները, այդ թվում՝ ֆիզիկական անձանց պատկանող, որոնք ենթակա չեն ստանալու համապատասխան փաստաթուղթը, չպետք է տեխզննում անցնեն։ Պետք է ժամանակ տրվի, որ թերությունները վերացվեն։ Մենք գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև դա անմիջականորեն կապված է մարդու կյանքի հետ»,- նշեց Արտյուշ Գրիգորյանը։

Factor.am-ի նկարահանող խումբը եղավ Երևանի ավտոկայարաններից մեկում, որտեղ մարզեր մեկնող հիմնական փոխադրամիջոցները կրկին «ԳԱԶԵԼ»-ներն էին՝ գազաբալոնային համակարգով աշխատող: Ուղևորատար փոխադրամիջոցում ամեն վայրկյան պայթելու պատրաստ գազի բալոնի առկայությունը վարորդներին չի անհանգստացնում։

Ուղևորները, սակայն, այլ կարծիք ունեն հանրային տրանսպորտում գազի բալոնի առկայության մասին: Ըստ նրանց՝ հանրային տրանսպորտի մեջ գազաբալոնային համակարգի օգտագործումն այնքան էլ անվտանգ չէ։

Փոխադրամիջոցներում գազաբալոնային համակարգի տեղադրմամբ զբաղվող ընկերություններից մեկի մենեջեր Գարիկ Թորոսյանը Factor.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ արտակարգ իրավիճակներից խուսափելու համար տարատեսակ մեթոդներ կան, որոնցից մեկը գազի խողովակի հատուկ փականն է. արտակարգ իրավիճակներում այն թույլ է տալիս կանխել բալոնից գազի արտահոսքը:

«Գազի գերհոսքի ժամանակ փականն ավտոմատ փակվում է։ Այսինքն՝ եթե Աստված ոչ անի, մեքենան վթարի է ենթարկվել, դիմացի մասից ինչ-որ խողովակ է ջարդվել, այս դեպքում՝ գազի խողովակը, փականն ավտոմատ փակվում է, կարիք չկա իջնել փակելու, ինքն ավտոմատ փակում է հոսքը դեպի շարժիչ»,- ասաց Գարիկ Թորոսյանը։

Գազի արտահոսքը կանխելուց բացի՝ խողովակը ևս մեկ խնդիր է լուծում։

«Փականը չի թողնում, որ 300 մթնոլորտից ավելի գազ մտնի բալոնի մեջ, որը կրկին վտանգավոր է․ դրա դեպքում բալոնը կարող է պայթել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Սա այն դեպքում, երբ փոխադրամիջոցի գազի բալոնի առավելագույն տարողության համար 300 մթնոլորտ է նախատեսված, իսկ ավելիի դեպքում մեծ է վտանգը, որ այն կպայթի: Մեր զրուցակիցը նշեց, որ պայթյունավտանգ է նաև գազի խողովակի՝ 107 աստիճանից ավելի ջերմությունը, ինչը ևս հատուկ փականի միջոցով կարելի է կանխել:

Հայաստանում այն արդեն մի քանի տարի վաճառքում է: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ասաց՝ դրա մասին լսել են, ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնությունները քննարկելիս էլ կփորձեն նման փական տեղադրելու պահանջ ներառել:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով՝ ուղևորափոխադրման ոլորտն առհասարակ կարգավորել է պետք, իսկ գազաբալոնային համակարգի շահագործումը խնդիրների միայն մի մասն է:

«Բալոնները հին են, հնամաշ են։ Նախ, պետք է բալոնների վրա սարքավորումներ լինեն, որոնք, ինչպես մեր բնակելի շենքերում են լինում, գազն անջատելու համար նախատեսված լինի։ Այդպիսի սարքեր պետք է մտածեն և դնեն բալոնների վրա։ Մարդիկ, անճար, վարում են, աշխատավարձ չունեն, տոմսի արժեքը քիչ է, բավարար չէ։ Դրանից ելնելով, ամեն ինչ շատ խայտառակ վիճակում է ուղևորափոխադրումների ոլորտը»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահն ընդգծեց, որ հարցի լուծումը միայն գազաբալոնային համակարգից հրաժարվելը չէ:

«Դա միշտ էլ վտանգավոր է։ Նախ, գազի բալոնը պետք է տեղադրվի ոչ թե փոխադրամիջոցի սրահում, այլ՝ դրսում կամ հետևում։ Բալոնի վրա պետք է այդ սարքավորումը լինի։ Բացի այդ, վարորդները պետք է ուսուցում անցնեն, հատուկ ուսուցում։ Պետք է 6 ամիս սովորեն, նստեն վարպետի կողքին, հետո նոր տրանսպորտի վարորդ դառնան։ Թե չէ՝ բանակից գալիս են ու նստում ղեկին»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը։

Եթե քաղաքային իշխանությունները Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումներից են խոսում և նշում, որ առնվազն երկու տարի անց երևանցիները կմոռանան՝ ինչ է «ԳԱԶԵԼ»-ը, ապա միջմարզային և ներմարզային տրանսպորտի դեպքում ոչինչ հստակ չէ։ Մարզաբնակները, ինչպես երևում է, դեռ տևական ժամանակ ճանապարհ կընկնեն վախով ու անհանգստությամբ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան