Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.05.2026 | 21:01Առանց խմբագրության հասցեի, առանց ստորագրության, բայց հստակ ուղերձներով․ որպես ամերիկյան ներկայացվող, բայց Մոսկվայում տպագրվող Wyoming Star-ի 2-րդ համարը Երևանում է, այն դարձյալ անվճար տարածվել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Բարձր որակի գունավոր տպագրությամբ 12 էջանոց թերթի անվանումն այս անգամ հայերենով է։ Factor TV-ն երկրորդ հետաքննությունն է իրականացրել՝ փորձելով պարզել հերթական համարում տեղ գտած նյութերի փաստահենությունը, 3100 խմբաքանակի՝ ՌԴ-ից Հայաստան տեղափոխման ուղին, տարածման գլխավոր դերակատարներին։ Պատմում ենք, թե այս համարում ինչի վրա են շեշտադրում կատարել Գավառում գրանցված, ամերիկյան անունով, բայց Մոսկվայում տպագրվող թերթի անանուն հեղինակները։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները՝ Wyoming Star-ի էջերում
12 էջանոց թերթի բոլոր հոդվածները, ինչպես առաջին համարում, անստորագիր են․ դրանցից որևէ մեկի հեղինակը նշված չէ։ Wyoming Star-ի երկրորդ համարում անդրադարձ է կատարվել Հայաստանում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Թերթը «շոկային» է որակել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) փետրվարին անցկացված հարցման տվյալները, որոնց համաձայն՝ եթե հաջորդ շաբաթ անցկացվեին խորհրդարանական ընտրությունները, հարցվածների 29 տոկոսը կընտրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 11 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ին։
Հոդվածում հարցականի տակ է դրվում հրապարակված արդյունքը, ակնարկ է կատարվում, որ IRI-ն անաչառ չէ և կապ ունի ԱՄՆ Հանրապետական կուսակցության վերանախավի հետ։ Օտարերկրյա անհայտ ֆինանսավորմամբ թերթի անանուն հեղինակը հորդորում է զգուշություն ցուցաբերել օտարերկրյա ֆինանսավորմամբ հարցումների տվյալներին վստահելիս, ընդ որում՝ ինքն իր հորդորին չի հետևում։
Հոդվածում հղում է արվում օտարերկրյա մեկ այլ, այս դեպքում՝ ռուսական աղբյուրի՝ National Media Group-ի կողմից արված հարցումներին․ «․․․Այո՛, «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս ամենամեծ վարկանիշն ունի բոլոր հարցվածների շրջանում՝ շուրջ 34,5%։ Բայց քվեարկության գնալու պատրաստ ընտրողների շրջանում, այսինքն՝ այն խմբի մեջ, որը որոշում է ընտրությունների արդյունքները, այդ թիվը նվազում է մինչև 32%։
Մինչդեռ Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» պարագայում իրավիճակը փոխվում է. այն, ընդհանուր առմամբ, դեռևս զիջում է, բայց հավանական ընտրողների շրջանում առաջատար է՝ 35% ցուցանիշով։ Այս խզվածքը կարևոր նշանակություն ունի։ Այն ի ցույց է դնում, որ իշխող ուժի աջակցությունն ավելի թույլ է, պակաս մոտիվացված, և քիչ հավանական է, որ այն կվերածվի իրական ձայների»։
Ընդ որում, հավանաբար, այդ աղբյուրի ռուսական ծագումը չընդգծելու համար թե՛ անգլերեն, թե հայերեն տարբերակներում նշված է Национальная Медиа Группа-ի անգլերեն՝ National Media Group տարբերակը։ Հայաստանի նախընտրական տրամադրություններին վերաբերող այս հոդվածը տպագիր թերթում միակն է, որը Wyoming Star-ի էլեկտրոնային տարբերակում ներկայացված չէ։
Factor TV-ն որևէ հաստատում չի գտել, որ National Media Group անվանումով ռուսական մեդիա հոլդինգային ընկերությունը երբևէ նման հարցում է անցկացրել Հայաստանում կամ ընդհանրապես զբաղվել է հարցումների անցկացմամբ։ Մեդիա մոնիթորինգով զբաղվող կազմակերպությունները պնդում են, որ NMG-ի ենթակայության տակ գտնվող հեռուստաալիքներն ու հարթակները հաճախ տարածում են Կրեմլի պաշտոնական նարատիվները, հատկապես՝ արտաքին քաղաքականության, Ուկրաինայի պատերազմի կամ Արևմուտքի վերաբերյալ։ Այս համատեքստում NMG-ն դիտվում է որպես Ռուսաստանի պաշտոնական քարոզչության կարևոր բաղադրիչ։
Wyoming Star-ի «հեղինակները»
Թերթի առաջին համարի էլեկտրոնային տարբերակում հոդվածների՝ գոյություն չունեցող 2 «հեղինակի» անուն էր նշվում՝ Ջո Յանս և Միշել Լարսեն։ Երկրորդ համարում «հեղինակների» թիվն աճել է․ նրանց թվում նաև հայկական անուն է նշվում՝ Լուսինե Մարալիկյան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրում, ինչպես նաև սոցիալական ցանցերում նման անուն-ազգանունով անձ չկա։ «Լրագրողի» կենսագրության հատվածում նշվում է, որ վերջինս սովորել է Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում (Կանադա), ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել է Երևան։
Կենսագրությունը գրված է շատ ընդհանուր, «շաբլոնային» լեզվով, որը բնորոշ է արհեստական բանականությամբ գեներացված տեքստերին։ Մի քանի AI դետեկտորներով ստուգեցինք Մարալիկյանի կենսագրությունը և հետևյալ արդյունքը ստացանք․

Wyoming Star-ի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ համարում որոշ վերլուծություններ վերագրվում են Էլեանոր Մարկով անունով քաղաքագետի։ Նա ներկայացվում է որպես «Ատլաս Եվրասիա» խմբի արտահաստիքային գիտաշխատող, դոկտոր։ Նման անունով փորձագետ, սակայն, գոյություն չունի։
Կայքում այլ «հեղինակներ» էլ են ավելացել, սակայն հեռացվել է հեղինակների համար նախատեսված ընդհանուր բաժինը, նրանց անունները կարելի է տեսնել առանձին նյութերում՝ հղումներով անցնելիս։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ «հեղինակներից» 2-ի կենսագրություններում նշված համալսարաններն այս պահին այլևս չեն գործում։
Մոսկվայից թերթ ներմուծողները
Մեր առաջին հետաքննության ընթացքում պարզել էինք՝ թերթի վերջին էջում որպես լրատվական գործունեություն իրականացնող նշված է «Շուքուրյան Վանիկ Վոլոդյայի» ԱՁ-ն։ Այցելեցինք Գավառ քաղաքում գտնվող այն հասցեն, որտեղ գրանցված է անհատ ձեռնարկատերը։ Մեզ հաջողվեց հանդիպել Վանիկ Շուքուրյանի հետ, նա պատմեց՝ թերթի երկրորդ համարը ևս բերվել է Մոսկվայից։ Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել՝ առաջարկելով դիմել իր օգնականին, որը, նրա խոսքով, կապ է պահպանում թերթի տպագրությունը ֆինանսավորող կողմի հետ։ Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ Վանիկ Շուքուրյանի օգնականը նրա 34-ամյա որդին է՝ Նարեկ Շուքուրյանը, որի մասին նա մեզ չէր հայտնել։
Այս փաստը պարզելուց հետո Factor TV-ն այլ մանրամասներ բացահայտեց հայր և որդի Շուքուրյանների մասին, որոնք ներգրավված են թերթը ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու գործում։
Նախ՝ Գավառի նույն հասցեում հաշվառված է չորս ԱՁ, այդ թվում՝ «Շուքուրյան Վանիկ Վոլոդյայի», «Նարեկ Շուքուրյան Վանիկի» (15.10.2020, այն սնանկ է ճանաչվել) և «Սուրեն Շուքուրյան Վալոդի» (29.09.2022) ԱՁ-ները: Վերջինի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, այն զբաղվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։
«Ձեր հարցերի պատասխանները, որ հարցը ձեզ կոնկրետ հետաքրքրում է, պատասխանները կտանք։ Մենք էլ ձեզ հարցեր մի քիչ կտանք, հասկանանք՝ խի՞ եք դուք էդքան հետաքրքրված մեզանով»,- Նարեկ Շուքուրյանը Գավառում մեր բոլոր հարցերին խոստացավ ավելի ուշ պատասխանել, սակայն ոչ միայն կապ չհաստատեց մեզ հետ, այլև մեր բոլոր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։
Փորձելով պատասխաններ գտնել մեր հարցերին՝ ուսումնասիրեցինք Նարեկ Շուքուրյանի գործունեությունը և բացահայտեցինք մի շարք ուշագրավ փաստեր։ Մասնավորապես, Նարեկ Շուքուրյան անունով անձ այլևս գոյություն չունի։ Նա փոխել է ինչպես անունը, այնպես էլ ազգանունը՝ 2023 թվականին դառնալով Դավիթ Իսրաելյան։ Մեզ զարմացրեց նաև նրա հայրանունը՝ Սուրենի։ Պարզվում է, որ հայրը՝ Վանիկ Շուքուրյանը նույնպես, դեռևս 2022 թվականի մայիսին՝ 62 տարեկանում, որոշել է փոխել անունն ու դառնալ Սուրեն։
Նարեկ Շուքուրյանը մոր ազգանունն է օգտագործել։ Անվանափոխություն է կատարվել այն բանից հետո, երբ Շուքուրյան կրտսերը Ռուսաստանում քրեական պատասխանատվության է ենթարկվել և դատարանը նրան արտաքսելու որոշում է կայացրել։
ՌԴ Ֆրունզենսկի շրջանի դատարանը նրան 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 400 հազար ռուբլի արժողությամբ ավտոմեքենայի գողության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Պատիժը կրելուց հետո Սանկտ Պետերբուրգի դատախազությունը դիմել է դատարան ու պահանջել արտաքսել Նարեկ Շուքուրյանին։ Դատախազության հայցը բավարարվել է, 2020-ի մայիսի 19-ին որոշում է կայացվել Նարեկ Շուքուրյանին տեղափոխել ձերբակալված անձանց հատուկ պահման վայր, այնուհետև արտաքսել ՌԴ-ից։
Նա դատարանում հայտնել է, որ դեմ է արտաքսումից առաջ հատուկ կալանքի վայր տեղափոխվելուն և կարծում է, որ կալանավայրում պայմանները պատշաճ չեն։ Նարեկ Շուքուրյանը հայտարարել է, թե պատրաստ է մինչև արտաքսումը մնալ իր հոր տանը, որը ՌԴ քաղաքացի է։
Եվ ահա՝ անվանափոխությունը հնարավորություն է տվել Նարեկ Շուքուրյանին նոր անվան տակ կրկին մուտք գործել ՌԴ, աշխատել։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Շուքուրյանը (Դավիթ Իսրաելյանը) Մոսկվայում մեքենավարման հրահանգիչ է աշխատել։ Նրա հետ ունեցած մեր խոսակցությունից պարզ է դառնում, որ գործընթացում ավելի շատ հենց ինքն է ներգրավված, նա է ուղիղ կապի մեջ թերթի պատվիրատուների հետ, սակայն տպաքանակը Հայաստան ներմուծելու հետ կապված գործընթացն իրականացվում է նրա հոր ԱՁ-ի միջոցով։
Փետրվարին կատարած մեր առաջին հետաքննության ընթացքում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Շուքուրյան Վանիկ Վոլոդյայի» ԱՁ-ի մասին տեղեկություն չկար, այժմ տվյալներ առկա են և համապատասխանում են թերթի դարձերեսին նշվածների հետ։ Շուքուրյանը հաշվառված է նաև Պետական եկամուտների կոմիտեում, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, գործունեության տեսակը՝ թերթերի հրատարակություն։ Նշված ԱՁ-ն Շուքուրյանը պետռեգիստրում գրանցել է իր հին անձնագրի տվյալներով։
Factor TV-ն Ռուսաստանի անհատ ձեռնարկատերերի միասնական պետական գրանցամատյանից տվյալներ է ստացել այն մասին, որ Վանիկ Շուքուրյանը դեռևս 2011-ին նույնանուն ԱՁ է ստեղծել նաև ՌԴ-ում՝ Սանկտ Պետերբուրգում։ Գործունեության հիմնական տեսակներն են եղել ավտոմեքենաների մասերի մանրածախ վաճառքը, մեքենաների սպասարկումը և նորոգումը, ինչպես նաև շարժիչային վառելիքի մանրածախ վաճառքը։ 2020 թվականի նոյեմբերի 23-ին դրա գործունեությունը դադարեցվել է։
Ստացվում է՝ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ՀՀ-ում Շուքուրյանը մեքենաների վերանորոգման և մասերի վաճառքում է ներգրավված եղել, որևէ առնչություն չի ունեցել խմբագրական և լրատվական գործունեության հետ։ Նույնը՝ նրա որդին։
Դեռևս փետրվարին Շուքուրյանի հետ ունեցած զրույցից պարզ էր դարձել, որ նա տեղյակ չէ՝ ինչ նյութեր է հրապարակում Wyoming Star-ը, չի մասնակցում այն հոդվածների ընտրության գործընթացին, որոնք պետք է թարգմանվեն հայերեն։ Նա և նրա անունն օգտագործվում են նշված թերթերը Հայաստան տեղափոխելու և տարածելու համար։
Ավելի վաղ Factor TV-ի հետ զրույցում Շուքուրյանը հաստատել էր, որ ներգրավված է Wyoming Star-ի հայերեն տարբերակի տարածման գործընթացում, սակայն չէր կարողացել հստակ պարզաբանել դրա կազմակերպչական ու ֆինանսական կողմերը։ Նա նշել էր, որ թերթը Մոսկվայում է թարգմանվում և տպագրվում, ապա բերվում Հայաստան, բայց չի ճանաչում ո՛չ խմբագրության ներկայացուցիչներին, ո՛չ սեփականատերերին և չի մասնակցում բովանդակության ընտրությանը։
-Պարո՛ն Շուքուրյան, աշխատակազմում քանի՞ հոգի կա էս պահին։
-ԱՁ-ն նոր է բացվել, աշխատակազմում քիչ են մարդիկ։ Կամացից կշատանան։
-Այս պահին միայն Դո՞ւք եք։
-Այո։
․․․
Շուքուրյանը հավելել էր․ «Հիմա տպաքանակը 3100 է, եթե կարդացողները շատանան, տպաքանակն էլ կշատանա։ Ժողովուրդը զարգանում են, կարդում են։ Առաջ թերթ չէիր կարում գտնեիր, որ կարդայիր, մտել են հեռախոսները։ Հիմա մարդիկ վերցնում են, կարդում են, զանգում են, շնորհակալություն են հայտնում»։
-Պարո՛ն Շուքուրյան, Wyoming-ը թո՞ւյլ է տվել, որ թարգմանեք։
-Ո՞նց կարանք մենք առանց թույլտվության վերցնենք։ Դա գիտե՞ս՝ ինչ տուգանք է լինելու։
-Պարո՛ն Շուքուրյան, իսկ Wyoming-ի սեփականատիրոջ կամ խմբագրի հետ ծանո՞թ եք։
-Որ ճիշտն ասեմ՝ ես ոչ, ում հետ գործակցում են, իրանք՝ հա։
Բարձրորակ և թանկարժեք գունավոր տպագրությամբ թերթերը, որոնք Վանիկ Շուքուրյանը տեղափոխում է Հայաստան, չի վաճառում, անվճար տարածում է, հիմնականում՝ Երևանում, դրանից շահույթ չի ստանում։
Factor TV-ն դիմել է ՊԵԿ՝ հայցելով տեղեկատվություն՝ արդյո՞ք նշված ԱՁ-ն թերթերի ներմուծման հայտարարագրեր ներկայացրել է և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը կատարել է իր հարկային պարտավորությունները։
ՊԵԿ-ից ուղիղ մեկ ամիս պահանջվեց, որպեսզի հայտնեն, որ Վանիկ Շուքուրյանի կողմից իրականացված ներմուծման և արտահանման վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման․ «Վանիկ Շուքուրյանի միասնական հաշվի կամ վարչական ակտի միջոցով մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Նրա մասով հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկություններ առկա չեն»։
Ռուսաստանում թերթի տարածման համար պատասխանատու անձանց կապերը և քրեական անցյալը լրացուցիչ հիմք են տալիս պնդելու, որ այս նախագիծն ուղղորդվում է դրսից և ունի հստակ քաղաքական նպատակներ։
Չնայած ֆինանսավորման աղբյուրը չի բացահայտվել, հավաքված փաստերը ցույց են տալիս, որ թերթում հրապարակվող նյութերը հենվում են չստուգված կամ անհայտ ծագման տվյալների վրա, դրանց հեղինակները չեն նույնականացվում, իսկ տարածման գործընթացն իրականացվում է բովանդակությունից անտեղյակ, քրեական անցյալ ունեցող միջնորդների միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան