Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
Հասարակություն
26.11.2026 | 19:41
Արտաշատում 36-ամյա տղամարդը 22-ամյա հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում և հրաժարվել ոստիկանների պահանջով բացել դուռը։ Ոստիկաններն ու փրկարարները կարողացել են մուտք գործել տուն, կնոջը տեղափոխել անվտանգ վայր, իսկ տղամարդուն՝ ձերբակալել։ Տանը՝ բազմոցին, ատրճանակ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ քրոջ 36-ամյա փեսացուն նրան զրկել է ազատությունից և պահում է Արտաշատ քաղաքում։
Ահազանգին անհապաղ արձագանքած Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի, Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և մարզի պարեկային ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի 36-ամյա բնակիչը 22-ամյա հարսնացուին պահում է Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի տներից մեկում։ Ոստիկանները տեղեկություններ ունեին նաև, որ տղամարդը կարող է զինված լինել։
Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով բացել տան դուռը, ինչից հետո դեպքի վայր է կանչվել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբ։ Ոստիկանների և փրկարարների համակարգված գործողությունների արդյունքում տղամարդն ի վերջո բացել է դուռը։
Ոստիկանները կնոջը տեղափոխել են անվտանգ վայր, իսկ տղամարդուն՝ ձերբակալել։ Տան բազմոցին հայտնաբերված ատրճանակն առգրավվել է։
Իրավիճակին ցուցաբերված օպերատիվ և համարժեք արձագանքի շնորհիվ կանխվել են դեպքի հնարավոր վտանգավոր զարգացումները։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- ասվում է հաղորդագրությունում։

