ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
Հասարակություն
26.11.2026 | 17:24
Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով: Այս մասին տեղեկությունը հաստատում են դատարանից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կինը վիրավորվել էր, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր իրավապահների կողմից։
Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնել էր, թե ադրբեջանցին կրակելnվ սպանելnւ դիտավորություն չի ունեցել։ ՔԿ նախագահի խոսքով՝ ադրբեջանցին ցուցմունք է տվել և հայտնել, որ մառախուղի պատճառով մոլորվել է: Նոյեմբերի 13-ին գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը ներկա է գտնվել դատական նիստին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հանրային մեղադրողը միջնորդել է 3 ամսով երկարացնել մեղադրյալի կալանքի ժամկետը, և միջնորդությունը բավարարվել է:
Միրզոյանի խոսքով՝ տուժողները նիստին ներկա չեն եղել, վիրավորում ստացած Անի Ավետիսյանը՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ երեխաները՝ հոգեբանական վիճակով պայմանավորված: Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը միջնորդել է դատական նիստը հետաձգել, քանի որ ամբողջության ծանոթ չի եղել գործի նյութերին:
Արաքս Մամուլյան

