Լուիս Էնրիկեն՝ «Ռոմայի» հետ ոչ-ոքիի մասին․ «Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում իտալական «Ռոմայի» հետ 2։2 հաշվով ոչ-ոքին։
«Մենք դեռ խաղից առաջ գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Առաջին իսկ րոպեներից մրցակիցը սկսեց անդադար ճնշում գործադրել մեզ վրա, և դա շատ դժվար էր։ Խնդիրներ առաջացան խաղի հենց սկզբից. մենք կարող էինք հեշտությամբ պարտվել: Մեր մրցակիցն արժանի էր ոչ-ոքիի, և գուցե նույնիսկ հաղթանակի: Չափազանց դժվար էր։ Կարծում եմ, որ սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր մինչև այժմ:
Սա է այս մրցաշարի մակարդակը, կան լավ և դժվար խաղեր։ Մենք պետք է գիտակցենք դա, ընդունենք և զգոն լինենք, քանի որ սա շատ լուրջ մրցաշար է»,- իսպանացի մարզիչի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն 5 խաղից հետո 13 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը 15 միավոր վաստակած Մադրիդի «Ռեալն» է, որն արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։
Դավիթ Եղիազարյան

