Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել

Լուրեր

26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
26.11.2026 | 18:29
ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
26.11.2026 | 18:20
Լուիս Էնրիկեն՝ «Ռոմայի» հետ ոչ-ոքիի մասին․ «Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»
26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
Բոլորը

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը ութ հեռուստաընկերության հանրօգուտ բովանդակություն արտադրելու և հեռարձակելու հիմնավորմամբ 193 միլիոն դրամի դրամաշնորհներ է հատկացրել։ Գումարը տրվել է 2026 թվականին, նույն տարվա ընթացքում հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու համար։ Այս տեղեկությունը Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։

Factor TV-ն ուսումնասիրել է՝ որ հեռուստաընկերությունն ինչքան գումար է ստացել, ինչ հաղորդումներ է պարտավորվել պատրաստել, ինչպես է վերահսկվում միլիոնների ծախսը և որքանով են թափանցիկ ֆինանսավորման ու հաշվետվողականության մեխանիզմները։

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի մասին

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը ստեղծվել է 2025 թվականի ապրիլի 17-ին՝ ՀՀ կառավարության N 742-Ա որոշմամբ։ Այն գործում է ԲՏԱ և ԱԲ նախարարության ներքո։ Հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջով, ըստ որի՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքները եթերի առնվազն 20 տոկոսը պետք է ապահովեն հանրօգուտ բովանդակությամբ։ Խոսքը, մասնավորապես, կրթական, գիտական, մշակութային, մանկական, մարզական և սոցիալական հաղորդումների մասին է։ Հիմնադրամի տնօրենը Վահագն Թևոսյանն է։ Նա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր է։

Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի կազմում ընդգրկված է 7 անդամ։ Վարչապետի որոշմամբ խորհրդի կազմում են Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Արթուր Կժդրյանը։

Ուշագրավ է, որ հոգաբարձուների խորհրդի 7 անդամներից 6-ը պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ են, իսկ մեկը՝ պետական բուհի դասախոս։ Խորհրդի կազմում չկան անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ի դեպ, Տիգրան Հակոբյանը նաև ՀՌՀ հանձնաժողովի նախագահն է, որը վերահսկում է նշյալ հեռուստաալիքների եթերը։ 

Որ ՀԸ-ն որքան գումար է ստացել

Ամենամեծ գումարը ստացել է «Արմենիա Թի-Վի»-ն՝ 51 միլիոն 416 հազար դրամ։ «Շանթ»-ին տրամադրվել է 35 միլիոն 567 հազար դրամ, «Բուն»-ին՝ 27 միլիոն 950 հազար դրամ, «5-րդ ալիք»-ին՝ 25 միլիոն 715 հազար դրամ։ «Ֆրի Նյուզ»-ը ստացել է 18 միլիոն 666 հազար դրամ, «Դար 21»-ը՝ 14 միլիոն 239 հազար դրամ, «Կենտրոն Թիվի»-ն՝ 13 միլիոն 451 հազար  դրամ, իսկ «Նուռ»-ը՝ 6 միլիոն 459 հազար  դրամ։

Բացի այս, մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 22 միլիոն դրամի դրամաշնորհային ծրագիր իրականացնել մարզային 7 հեռարձակողների համար։ Այսինքն՝ ծրագրի ընդհանուր նախատեսվող ֆինանսավորումը կարող է գերազանցել 215 միլիոն դրամը։

Ի՞նչ աղբյուրներից է հիմնադրամը գումար ստանում

Պետական եկամուտների կոմիտեն հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվություններում նվիրատուների մասին տվյալներ չի ներկայացրել։ Factor TV-ն գնումների պետական համակարգից, սակայն, տեղեկանում է, որ հիմնադրամը 2025  և 2026 թվականներին ԲՏԱ և ԱԲ նախարարությունից դրամաշնորհ է ստացել՝ համապատասխանաբար 1 մլն 440 հազար դրամ և 250 մլն դրամ։  

Ի՞նչ բովանդակություն է արտադրվում պետական փողերով

Նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ «Արմենիա»-ն 51.4 միլիոն դրամի դիմաց նկարահանում և ցուցադրում է «Մարդկային պատմություններ» հաղորդաշարը, որը պատմում է հայկական ծագում ունեցող ճանաչված անհատների կյանքի ու գործունեության մասին։ Նախատեսված է 37 թողարկում՝ յուրաքանչյուրը 23-26 րոպե տևողությամբ։

«Շանթ»-ը 35.5 միլիոն դրամով նկարահանել է դեռահասների կյանքին նվիրված «Մի գեղեցիկ օր» հեռուստասերիալը։ Ըստ նախարարությունից փոխանցված տեղեկության, այն անդրադառնում է առաջին սիրուն, ընտանեկան հարաբերություններին, դպրոցական բուլինգին և դեռահասների հոգեբանական խնդիրներին։ Նախատեսված է 40 սերիա՝ 35-40 րոպե տևողությամբ։ Հիմնադրամի փոխանցմամբ՝ սերիալի առաջին եթերաշրջանի ավարտից հետո «Շանթ»-ը շարունակում է այն նկարահանել և հեռարձակել սեփական միջոցներով։

«Բուն»-ը 27.9 միլիոն դրամով ձեռք է բերել ամերիկյան արտադրության 60 անիմացիոն ֆիլմերի ցուցադրման իրավունք, որոնք պետք է թարգմանվեն, տեղայնացվեն և հեռարձակվեն հայերենով։ Ցանկում, մասնավորապես, «Քունգ-ֆու Պանդա», «Մեքենաներ» և «Ինչպես վարժեցնել վիշապին» ֆիլմաշարերն են։

«5-րդ ալիքը» 25.7 միլիոն դրամի դրամաշնորհով պատրաստում է Քրիստ Մանարյանի հեղինակած և վարած «Ամենահոպլա շոու» մանկական հաղորդումը։

«Ֆրի Նյուզ»-ը 18.6 միլիոն դրամով իրականացնում է «Բլթ-Բլթ շոուն», որը երեխաներին հեքիաթային ու երաժշտական պատմությունների միջոցով պետք է փոխանցի բարության, ընկերության, հոգատարության և փոխօգնության գաղափարներ։

«Դար 21»-ի 14.2 միլիոն դրամի դրամաշնորհով արտադրվում է «Երաժշտական ճամփորդություն» հաղորդաշարը՝ երաժշտական գործիքների պատմության, կառուցվածքի և կիրառության մասին։

«Կենտրոն Թիվի»-ն 13.4 միլիոն դրամով պետք է պատրաստի «Խելացի փոքրիկները» ուսուցողական հոլովակների շարքը, իսկ «Նուռ»-ը՝ 6.4 միլիոն դրամով, «Սովորենք՝ երգելով Արփիի հետ» անիմացիոն երաժշտական տեսահոլովակները՝ հայկական մանկական ժողովրդական երգերի ու պարերգերի հիման վրա։

Իսկ ո՞վ է վերահսկում միլիոնների ծախսը

Ծրագրի ֆինանսավորման և իրականացման վերաբերյալ հարցերի շարքում առանձին ուշադրության է արժանի վերահսկողության մեխանիզմը։

Հիմնադրամի փոխանցմամբ՝ վերահսկողությունն իրականացվում է չորս փուլով։ Նախ ստուգվում են սցենարները, ապա՝ արտադրված բովանդակությունը, այնուհետև՝ հեռարձակման համապատասխանությունը պայմանագրային պարտավորություններին։ Չորրորդ փուլում ստուգվում է մնացած բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումը։

Միևնույն ժամանակ, հիմնադրամը չի կարողացել տրամադրել հեռուստահաղորդումների հեռարձակման շաբաթվա կոնկրետ օրերի և ժամերի ամբողջական ու հաստատված ժամանակացույցը։ Նշվում է, որ մոնիտորինգի շրջանակում հաշվառվում են միայն մոտավոր ժամային միջակայքերը, իսկ ճշգրիտ տեղեկությունը պետք է ստանալ հեռարձակողներից։

Ավելին՝ հեռուստաընկերությունների համար պայմանագրերով պարտադիր հեռարձակման ժամային գոտիներ սահմանված չեն։ Հիմնադրամը հիշեցնում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները պետք է կազմեն հեռարձակողի շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը։

Մեկ այլ կարևոր հարց ևս մնում է բաց․ հիմնադրամի պատասխանում ներկայացված չէ յուրաքանչյուր հաղորդման արտադրության և հեռարձակման համար նախատեսված գումարի առանձին հաշվարկը։ Հիմնադրամը միայն ընդհանուր պարզաբանում է տվել, որ դրամաշնորհը ներառում է արտադրությունը կամ իրավունքների ձեռքբերումը, տեղայնացումը, համացանցային հարթակներում տեղադրումը, հեռարձակումը, իսկ մայրաքաղաքային հեռարձակողների դեպքում՝ նաև մարզային հեռուստաընկերություններին բովանդակության մեկ տարվա անհատույց տրամադրումը։ Նախարարությունից փոխանցել են, որ մանրամասն տեղեկություներ կտարադարեն առաջիկայում։ 

Նարեկ Կիրակոսյան