«Ամերիկյան» թերթ՝ Մոսկվայից․ ով է Հայաստան բերում Wyoming Star-ը․ Factor TV-ի հետաքննությունը
Քաղաքականություն
05.03.2026 | 20:15Ամերիկյան բրենդավորում, մոսկովյան տպագրություն, Գավառի «գրանցում»․ Երևանում անվճար տարածվող Wyoming Star թերթի հետքերը տանում են դեպի Մոսկվա։ Անհայտ խմբագիրներ, կասկածելի հեղինակներ և չգրանցված ԱՁ․ Factor TV-ի ուսումնասիրությունը բացահայտում է նախընտրական շրջանում հայտնված թերթի ծագումը, տարածման մեխանիզմներն ու ենթադրյալ նպատակները։
Առաջին լուսանկարում «Ռիո Մոլ»-ի ավտոկայանատեղին է․ փետրվարի 25-ի երեկոյան Factor TV-ն արձանագրել է գետնին շաղ տված Wyoming Star անունով թերթի մի քանի օրինակ։ 2-րդ լուսանկարում արդեն Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղին է, թերթերն արդեն մեքենաների վրա են։

12-էջանոց հայալեզու և անգլալեզու թերթի տասնյակ օրինակներ են նկատվել նաև Հյուսիսային պողոտայում, Էրեբունի վարչական շրջանում և մայրաքաղաքի այլ հատվածներում։
Ի՞նչ թեմաների է անդրադառնում թերթը, ո՞վ է կազմակերպել դրա անվճար տարածումը, ի՞նչ նպատակ է հետապնդում տարածողը նախընտրական շրջանում։
Վենսը, եկեղեցին ու Սամվել Կարապետյանը․ ինչ է գրում Wyoming Star-ը Հայաստանի մասին
12 էջանոց թերթում բոլոր հոդվածներն անստորագիր են․ դրանցից որևէ մեկի հեղինակը նշված չէ։ Նյութերն աչքի են ընկնում ՀՀ իշխանությունների հասցեին քննադատական երանգներով։
Առաջին հոդվածը, որը վերնագրված է Outrage as Armenian Bishop Arrested Amid Pashinyan’s Pre-Election Crackdown on Opposition (Հայ արքեպիսկոպոսի ձերբակալությամբ պայմանավորված դժգոհություն՝ ընդդիմության նկատմամբ Փաշինյանի վարած նախընտրական ճնշումների ֆոնին), կայքում հրապարակվել է 2025-ի հունիսի 30-ին, սակայն տեղ է գտել նաև թերթի՝ 2026 թվականի փետրվարի 19-ի համարում։
«․․․2018 թվականին ժողովրդավարական բարեփոխումների խոստումներով իշխանության եկած Փաշինյանը ներկայումս առերեսվում է իր ժողովրդականության անկմանը՝ շարունակվող տնտեսական դժվարությունների և տարածաշրջանային լարվածության ֆոնին։
․․․Աջապահյանի և մյուս կալանավորվածների անհապաղ ազատ արձակման կոչերը գնալով ուժգնանում են եկեղեցու առաջնորդների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զգուշացումների ֆոնին առ այն, որ կառավարության ագրեսիվ մարտավարությունը սպառնում է խաթարել երկրի փխրուն ժողովրդավարությունը»,- նշվում է հոդվածում։
Թերթի առաջին համարում հիշատակվում են մի շարք փորձագետների, իրավապաշտպանների անուններ։ Նրանց թվում են միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, Փենսիլվանիայի Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Արման Գրիգորյանը, իրանցի քաղաքագետներ Ալեքս Վատանկան, Մոստաֆա Ղադերի Հաջաթը, միջազգայնագետ Ահմադ Քազեմին և այլք։
Մեզ հետ զրույցում Սահակյանը նշեց, որ իր հետ նշված կայքից կապ է հաստատել Միշել Լարսենը, նամակագրությամբ են շփվել։ Հրապարակումներից մեկը վերաբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցին։
«Ջեյ Դի Վենսը վերակազմավորում է ռազմավարական կապերը. հարավկովկասյան շրջագայության իրական շարժառիթները» հոդվածում պնդում կա, թե Հայաստանի իշխանությունները (Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ) ամբողջությամբ կորցրել են սուբյեկտայնությունը և կատարում են Վաշինգտոնի հրահանգները:
Հատված հրապարակումից․ «․․․Էլեանոր Մարկով. Վենսի հայաստանյան այցը վերաբերում է երկրի ապագայի համար կարևոր մի շարք նախագծերի և, վերջին հաշվով, ցույց է տալիս, թե որքան քիչ բան է մնացել Երևանի ինքնիշխանությունից և ինքնավարությունից, որը շտապում է համաձայնել ԱՄՆ-ի բոլոր խաղաղության առաջարկներին»։
Մենք այդպես էլ չկարողացանք գտնել հոդվածում հիշատակվող Էլեանոր Մարկով անունով քաղաքագետի։ Նա ներկայացվում է որպես Atlas Eurasia Group-ի արտահաստիքային գիտաշխատող, դոկտոր։ Ուսումնասիրեցինք նաև AEG-ի կայքը, սակայն նշված «փորձագետի» վերաբերյալ որևէ հիշատակում չկա։
Փետրվարի 9-ին Երևանում գտնվող ԱՄՆ փոխնախագահը հայտնեց Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչու թռչող սարքեր վաճառելու մասին։ Ըստ հրապարակման՝ «Էլեանոր Մարկովը» դրանք «չճշտված անօդաչու տեխնոլոգիաներ» է անվանել և հավելել, որ «խոշոր ցամաքային տերության հետ անմիջական բախման դեպքում միայն ԱԹՍ-ներն օգուտ չեն տա»։ Այստեղ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ից ձեռք բերված V-BAT ԱԹՍ-ները նախատեսված են հետախուզության, այլ ոչ թե օբյեկտներ խոցելու համար։ «…Փաշինյանը վտանգավոր խաղ է խաղում՝ Հայաստանը ենթարկելով տարածաշրջանային ուժային կենտրոնների կողմից հարձակումների վտանգի՝ հենց նույն Հայաստանի համար առանց որևէ տեսանելի տնտեսական օգուտի»,- կարդում ենք հոդվածում։
Անհայտ հեղինակը նաև «վտանգավոր» է համարում ԱՄՆ-ի հետ փոքր մոդուլային ատոմակայանների կառուցման գործարքի կնքումը․ «ՀՀ-ն դիմում է տեխնածին աղետների ենթարկվելու հսկայական ռիսկերի»։
Հատկանշական է, որ փետրվարի 13-ին ատոմակայանի մասին խոսել էր նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա նշել էր՝ եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումն անցնի գործնական փուլ, Ռուսաստանը, ինչպես տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները և հենց Հայաստանի ժողովուրդը, «ստիպված կլինեն հաշվի առնել միջուկային անվտանգության նոր ռիսկերը»:
«Ըստ էության, մենք պետք է ենթադրենք, որ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների փորձարկումները կանցկացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում: Հետևաբար, այո՛, սա պետք է դիտարկել որպես սպառնալիք: Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ երկրաշարժի հետևանքով ոչնչացվեցին Ճապոնիայի Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանի ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան:
Բացի այդ, ըստ «փորձագետի», «ՌԴ-ի հետ միջուկային հարաբերությունների խզումը կհանգեցնի Հայաստանում գործող ատոմակայանի վերջնական փակման»։
Հրապարակումներից որոշները վերաբերում են TRIPP-ին․ նշվում է, որ դրանից ավելի շատ շահում է Բաքուն, իսկ Ռուսաստանը դուրս է մնում նախագծից, ինչը դժգոհություն է առաջացնում Իրանի մոտ: Նշվում է, որ «Զանգեզուրի միջանցքը» 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո փոխարինվել է «բրենդային» TRIPP-ով։
«Ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ թվում էր, թե ողջախոհությունը կարող է վերջապես հաղթել, հայկական դատարանները կրկին դուռը փակեցին Սամվել Կարապետյանի վրա»,- այսպես է սկսվում Սամվել Կարապետյանի վերաբերյալ թերթում հրապարակված հոդվածը։
Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ըստ հոդվածագրի, «անհարմար հարցեր է առաջացնում հետևողականության, ճնշման և երկարատև կալանքի իրական նպատակի վերաբերյալ»։
Վայոմինիգը, Գավառն ու Սանկտ Պետերբուրգի «քաղաքացի» Վանիկ Շուքուրյանը
2017 թվականի ապրիլի 21-ին Վայոմինգը դարձավ ԱՄՆ 45-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ ՀՀ-ն ու ամերիկյան այս նահանգն իրար կապող ամենահայտնի փաստը, թերևս, սա է։ Չնայած դրան՝ կայքում Հայաստանին վերաբերող լուրերը բավականին շատ են, չհաշված թերթի տպագիր օրինակը, որը վերջին օրերին տարածել են Երևանի տարբեր մարդաշատ վայրերում։
Աչքի է ընկնում նաև թերթի տպագրության որակը՝ բարձրորակ թուղթ, գունավոր տպագրություն։ Երևում է՝ թերթը տպված է ոչ «վերջին միջոցներով»։
Թերթի վերջին էջում, որպես լրատվական գործունեություն իրականացնող, նշվում է «Շուքուրյան Վանիկ Վոլոդյայի» ԱՁ-ն, որպես պետական հաշվառման համար՝ 286․ 1558486-ը, հասցեն՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք, Ազատության փողոց 57 շենք, բնակարան 6, հաշվառման օրը՝ 2026-ի փետրվարի 18։ Թողարկման պատասխանատու է նշված Վանիկ Շուքուրյանը, թերթի տպաքանակը՝ 3100։
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում, սակայն, նման անվանումով ԱՁ գրանցված չէ։ Ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն էլ՝ ՀՀ-ում Վանիկ Շուքուրյան անունով քաղաքացի հաշվառված չէ։

Factor TV-ն զանգեց թերթում նշված հեռախոսահամարով, մեզ պատասխանած անձը հաստատեց, որ իր անուն-ազգանունը Վանիկ Շուքուրյան է, բայց ՀՀ քաղաքացի չէ։ Թողարկման պատասխանատուն պնդեց՝ ԱՁ-ն պաշտոնապես գրանցված է ՀՀ-ում, փետրվարի 19-ից գործում է, թեև, ինչպես վերը նշել ենք, պետռեգիստրում նման տվյալներով անհատ ձեռնարկատեր գրանցված չէ։
-Պարոն Շուքուրյան, կարո՞ղ եմ հետաքրքրվել՝ ինչպե՞ս է որոշվել, որ հենց Wyoming Star-ը պետք է թարգմանեք։
-Դե, ոնց կարելի է ասել, ես չթարգմանեմ, ուրիշ մարդ թարգմանի։ Հիմա եթե թարգմանվել է, Ռուսաստանից եկել է այստեղ․․․
-Ռուսաստանի՞ց։
-Այո՛։
-Ուսումնասիրեցինք հենց Wyoming Star-ի էլեկտրոնային տարբերակը՝ կայքը։ Այնտեղ հայկականի հետ միասին նաև միջազգային բովանդակություն կա և այլն, բայց բովանդակությունը կասկածելի է։ Նշված չէ խմբագրի անունը, սեփականատիրոջ անունը, հեղինակների անուններ կան, բայց, կարծես թե, ԱԲ-ով գեներացված կենսագրություններ լինեն։ Դուք ծանոթացե՞լ եք կայքի բովանդակությանը։
-Ճիշտն ասած՝ չէ, չեմ ծանոթացել։ Ես Մոսկվայում եմ եղել, եկել եմ, էլի մի քանի օրից գնում եմ։
-Նորից գնալու եք Մոսկվա, որ էլի թարգմանված թերթերը բերե՞ք։
-Այո։
-Իսկ ո՞ր տպարանն է այս թերթերի տպագրությամբ զբաղվում, տեղյա՞կ եք։
-Եթե գնամ Մոսկվա, լրիվ այնտեղ տեղյակ կլինեմ։
-Իսկ Մոսկվայում Ձեզ ո՞վ է փոխանցում թերթերը, որ բերեք։
-Սիրելի՛ս, ինչ հետաքրքիր հարցեր են, դա եմ ուզում իմանալ։ Ի՞նչ կապ ունի դա, ասենք, խոսքի, որևէ մի մեծ, վատ բան կա՞ թերթում։ Խմբագրությունը, որ թույլ է տվել, տպագրում ենք։
-Մոսկվայում տպվում, բերվում է Հայաստան, իսկ տպաքանակը ճի՞շտ է նշված՝ 3100, թե՞ ավելի շատ է լինելու հաջորդը։
-Հիմա նայած, եթե, օրինակ, 3100 է, եթե, ասենք, խոսքի, շատանում է, տպաքանակը նորից շատանում է։ Ժողովուրդը զարգանում է, կարդում են, առաջ ոչ մի թերթ չէիր կարող գտնել, որ կարդայիր, լրիվ մտել են հեռախոսները, իսկ հիմա մարդիկ վերցնում են, կարդում են, զանգում են, շնորհակալություն են հայտնում։
-Պարոն Շուքուրյան, իսկ Մոսկվայում ո՞ւմ միջոցներով է թերթը տպվում։
-Սիրելի՛ս, ասենք, ի՞նչ կապ ունի, ասենք, մարդկանց միջոցներով։ Մենակ այդ գործը մի մարդու համար չէ։ Մարդիկ կան, որ տպվում է, ամեն ինչն էլ, Ամերիկայից էլ է գալիս, տարբեր երկրներից էլ է գալիս։
-Միայն Ռուսաստանում, Մոսկվայում չի տպվում, այլ երկրներո՞ւմ էլ եք տպելու։
– Այ հենց հիմա դա այլ երկրներում է տպագրվել, ասենք, խոսքի, այդ թերթը փոխանցվել է Հայաստան, թույլատրվել է, որ իրենց թերթը փոխենք, հայկական լեզվով թարգմանենք մեր հայրենիքում, ասենք, խոսքի, մարդիկ կարդան, իմանան՝ ինչ կա, ինչ չկա, ինչ նորություններ կան։
-Պարոն Շուքուրյան, Wyoming-ի սեփականատիրոջը կամ խմբագրի հետ ծանո՞թ եք։
-Ճիշտն ասեմ՝ ես ոչ, իսկ, ասենք, ում հետ գործակցում եմ, իրենք՝ հա։
-Մոսկվայում են իրենք, այո՞։
-Այո՛։
-Ընտրողների ռեգիստրում էլ փորձեցի Ձեր տվյալները գտնել, բայց, կարծես, Հայաստանում հաշվառված չեք։ Ո՞ր երկրի քաղաքացի եք, եթե գաղտնիք չէ։
-Սանկտ Պետերբուրգի։
-Պարոն Շուքուրյան, ռուսական ո՞ր ընկերության հետ եք համագործակցում։
-Ոնց որ, գիտե՞ք ինչ, ես քննիչի մոտ նստած լինեմ, բոլոր հարցերին պատասխանեմ։ Ինչքան պատասխանել եմ, հերիք է արդեն։ Ամեն ինչին էլ տեղեկացաք, շնորհակալություն հարցազրույցի համար։
-Լրատվականների աշխատանքում ամենակարևորը հենց թափանցիկ, բաց աշխատելն է, չե՞ք կարծում։
-Ես թափանցիկ էլ, բաց էլ աշխատում եմ։ Ոչ մի պրոբլեմային բան չունեմ, որ ասեմ։ Հիմա ես թափանցիկ աշխատում եմ, Ձեզ ինչ-որ պետք էր, ես ասեցի։
-Մոսկվայում ո՞ւմ հետ եք աշխատում, ո՞վ է ֆինանսավորում թերթը տպելը։
-Ես։
-Դուք Ձեր միջոցներո՞վ եք տպում։
-Այո՛։ Մեր հայ ընկերության միջոցներով, մեր միջոցներով։
-Ո՞ր ընկերության։
-Հայ ընկերության միջոցներով։
-Դա կազմակերպությո՞ւն է, թե՞ ուղղակի միություն է․․․
-Չէ՛, մեր հայ ժողովուրդն են, մեր մարդիկ են, որ սիրում են իրենց Հայաստանին օգուտ տան։ Ու իրենք համաձայնել են, որ Wyoming Star-ի նյութերը թարգմանվի, տպվի։ Դրա համար գումար են հատկացրել։ Ախր, ջա՛ն, կարո՞ղ է, ո՞նց ասեմ, դա ո՞նց կարելի է ասել, որ, եթե մի բան տալիս ես, թարգմանել, դա մի կեղծ գործ չի, չէ՞։ Եթե երկու բառ տալիս ես թարգմանել, ասենք, փող են տալիս, իսկ սա էլի թերթ են թարգմանում, դա էլի փող է, չէ՞։ Մարդիկ, խոսքի, իրենց ներդրումներն ունեն, որ Հայաստանում միջոցները լավանան, ինչ անում ենք՝ հայերի համար ենք անում, ուզում ենք մաքուր, արդար ապրենք, ճիշտ ուղու վրա լինենք։
-Եթե հենց Դուք եք զբաղվում թերթը տպելով, կարո՞ղ եք ասել՝ որքան գումար է ծախսվել։
-Դա «սեկրետ» է, ասենք, ո՞նց կարող ես ասես։
-Իսկ այլ երկրների քաղաքացիներ մասնակցո՞ւմ են թերթի տպման գործընթացին, օգնո՞ւմ են Ձեզ։
-Այլ երկրներում ապրող լավ մարդկային հայերը։
-Որոնք մշտապես այնտեղ են ապրում, այո՞։
-Այո՛։ Ես էլ մշտական այնտեղի ապրող քաղաքացի եմ։ Հիմա Հայաստանում եմ, մի քանի օրից գնալու եմ։
Վանիկ Շուրքուրյանի հետ զրույցից պարզ է դառնում, որ նա տեղյակ չէ՝ ինչ նյութեր է հրապարակում Wyoming Star-ը, չի մասնակցում այն հոդվածների ընտրության գործընթացին, որոնք պետք է թարգմանվեն հայերեն։ Եվ ամենակարևորը․ նա, փաստացի, չկարողացավ պարզաբանել՝ ինչո՞ւ է «ամերիկյան» ծագում ունեցող թերթը Մոսկվայում թարգմանվում հայերեն, հետո բերվում Հայաստան։
Որտեղ է գրանցված Wyoming Star-ը
Factor TV-ն պարզել է՝ կա նաև Wyoming Star անունով կայք, այն գործում է https://wyomingstarnews.org/ դոմեյնի ներքո։ Դոմեյնը ստեղծվել է 2025 թվականի փետրվարի 13-ին, թարմացվել 2026-ի հունվարի 20-ին։ Այն գնվել է 2 տարի ժամկետով, մինչև 2027-ի փետրվարի 13-ը։
Կայքը 2 սերվեր է օգտագործում․ abdullah.ns.cloudflare.com և brenna.ns.cloudflare.com-ը։ Նման սերվերներ օգտագործող կայքերի դեպքում հնարավոր չէ պարզել, թե որ երկրից է այն գործում, իրական IP-ն հաճախ թաքցված է։
Կայքի սեփականատիրոջ անունը նույնպես գաղտնի է պահվում, սակայն նշվում է գրասենյակի սեփականատիրոջ հասցեն՝ Իսլանդիա, Ռեյկյավիկ, Կալկոֆնսվեգուր 2 հասցեում։ 6 հարկանի շենքն իրականում գոյություն ունի՝ բազմաթիվ գրասենյակներով և կոմերցիոն տարածքներով։ Հաճախ այն օգտագործվում է որպես գրանցման հասցե որոշ ընկերությունների կամ կազմակերպությունների համար, որոնք իրականում ֆիզիկապես այնտեղ չեն գտնվում։

Wyoming Star-ն ունի «Մեր մասին» բաժին, որտեղ, սակայն, մի քանի դեկլարատիվ և ընդհանուր նախադասություններ են՝ արժեքների և սկզբունքների մասին։ Չկան կոնկրետ անուններ (խմբագիր, հիմնադիր), իրավաբանական տվյալներ, գրանցման վայր, կոնտակտային հստակ տվյալներ, իրական խմբագրական քաղաքականության մանրամասներ։ Կայքը նաև ունի «Կապ մեզ հետ» բաժին, որտեղ ևս պակասում են մի շարք տվյալներ, այդ թվում՝ գրասենյակի հասցե, հեռախոսահամար, քարտեզ։ Չկա ոչ մի ֆիզիկական հասցե։ Սա հատկապես կարևոր է, եթե կայքը պնդում է, որ նահանգային լրատվամիջոց է։ Կայքի հետ կապը պահելու միակ տարբերակ նշված է էլեկտրոնային փոստը։
Հրապարակումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում 2 հեղինակի անուն է նշվում՝ Ջո Յանս և Միշել Լարսեն։ Առաջինի անունով, բացի X-ից, այլ սոցիալական ցանցերի կամ կայքերի հիշատակումներում չկան։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված անձանց կենսագրությունները, որոնք հրապարակված են կայքում գեներացվել են արհեստական բանականության միջոցով։ Կայքում առկա է նաև Ջո Յանսի լուսանկարը։ AI image detector-ների միջոցով ստուգումը ցույց տվեց, որ այն իրական է, սակայն, ամենայն հավանականությամբ, լուսանկարում «Ջո Յանսը» չէ։

Յանսի անունով X-ի էջ է բացված, որում Wyoming Star-ից հղումներ և լուսանկարներ են հրապարակված, բայց անգամ կայքում առկա նկարը չկա էջում։ Նկարը, ամենայն հավանականությամբ, վերցված է համացանցից։ Միշել Լարսենի վերաբերյալ որևէ տեղեկություն հնարավոր չեղավ գտնել։
Ուշագրավ է, որ կայք մուտք գործելիս ընթերցողին առաջարկվում է բաժանորդագրվել X (Twitter)-ին, Telegram-ին և Facebook-ին։ Առաջինում Wyoming Star-ն ունի 27 հետևորդ , Facebook-ում՝ ընդամենը 2, իսկ Telegram-ում՝ 1282։ ԱՄՆ-ում, հատկապես նահանգային լրատվամիջոցների դեպքում, Facebook-ը, սովորաբար, հանդիսանում է առաջնային լսարանի հարթակ, իսկ Telegram-ը լայն կիրառություն չունի։ Փոխարենը Telegram-ը լայն տարածում ունի Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում, այդ թվում և՝ Հայաստանում։ Այս անհամաչափությունը հարցեր է առաջացնում լսարանի աշխարհագրության և իրական թիրախավորման վերաբերյալ։ Բացի այդ, Facebook-ում կայքի գործունեության վայր է նշված ոչ թե Վայոմինգ նահանգը, այլ Արիզոնան, Twitter-ում՝ Նիդերլանդները, իսկ ընդամենը երկու հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջը դատարկ է։

Այսպիսով, «ամերիկյան» թերթը տպագրվում է Մոսկվայում, գրանցված է Գավառում, ֆինանսավորվում է «անհայտ հայերի կողմից», տարածվում է նախընտրական շրջանում և չունի իրական սեփականատեր։ Վանիկ Շուրքուրյանը պնդում է, թե թույլտվություն ունի, սակայն պարզ չէ՝ ումից է այն ստացել։
Թերթի բոլոր նյութերը կրում են ընդգծված քարոզչական բնույթ, կառուցված են նույն գաղափարական առանցքի շուրջ՝
- Փաշինյանի իշխանությունը կորցրել է սուբյեկտայնությունը,
- Հայաստանը ենթարկվում է ԱՄՆ-ի ազդեցությանը,
- Արևմուտքի հետ համագործակցությունը վտանգավոր է,
- Ռուսաստանից հեռանալն աղետ է,
- Իրանի հետ հարաբերությունները վտանգված են,
- Խաղաղության գործընթացը հանգեցնելու է տարածքային կորուստների:
Այս նարատիվները բավականին նման են Հայաստանի ներքին քաղաքականության և արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ ռուսական դաշնային հեռուստաալիքներում քննարկումների և բանավեճերի մասնակցող փորձագետների, քաղաքագետների կողմից տարածվող խոսույթներին, որոնք իրենց հերթին հաճախ նույնանում են պաշտոնական Կրեմլի դիրքորոշումների հետ։
Այս համատեքստում Wyoming Star-ի հոդվածները կարող են դիտարկվել որպես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի օրինակներ։ Factor TV-ի դիտարկմամբ՝ դրանցում օգտագործված է Influence laundering (ազդեցության «լվացում») տեղեկատվական և քաղաքական միջամտության տեխնիկա, երբ ազդեցության իրական աղբյուրը թաքցվում է, իսկ բովանդակությունը տարածվում է «անկախ», «օտար», «միջազգային» կամ «տեղական վստահելի» աղբյուրների միջոցով՝ ստեղծելով լեգիտիմության պատրանք։
Հավելենք, որ Factor TV-ն կրկնակի շրջայց կատարեց այն հատվածներում, որտեղ նկատվել էին թերթերը․ դրանք այլևս չկան։ Ըստ ամենայնի՝ այս տպաքանակը սպառվել է, իսկ այն տարածողներն էլ սպասում են նոր տպաքանակի։
Եվգենյա Համբարձումյան