Ես պիտի սպասիմ, որ թուրքը հայասեր ըլլա, ինչպես որ ես թրքասեր եմ․ «Ակօս»-ի խմբագիր
Factor.am-ի լրագրողն այցելել է Ստամբուլում գտնվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրություն և զրուցել թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգեանի հետ։ Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերենի բաժնի խմբագիրը Սարգիս Սերոբյանն էր, վերջինիս մահվանից հետո 2,5 տարի է` երկլեզու շաբաթերթի հայերեն բաժինը խմբագրում է Էսդուգեանը։ Նույն վայրում է գտնվում ինչպես թերթի խմբագրությունը, այնպես էլ «Հրանտ Դինք» հիմնադրամը։ Շաբաթաթերթն ունի շուրջ 20 լրագրող, ինչպես հայեր, այնպես էլ թուրքեր։ Խմբագրությունն այլևս այն վայրում չէ, որտեղ իր գործունեությունն է ծավալել թերթի հիմնադիր Հրանտ Դինքը, ով շենքից դուրս գալիս էլ սպանվել էր։ Խմբագրությունը կրկին նույն՝ Շիշլի-Պոլիս թաղամասում է՝ Ստամբուլի կենտրոնական հատվածում։ Բագրատ Էսդուգեանի խոսքով՝ որևէ խնդիր չի եղել տեղափոխվելու համար, պարզապես այս վայրն աշխատանքի համար ավելի հարմարավետ է։ Նախկին խմբագրության շենքում պահպանվել են Հրանտ Դինքի աշխատասենյակն ու իրերը, որտեղ նախատեսում են շուրջ մեկ տարվա ընթացքում Դինքի անվան հիշողության թանգարան հիմնել։ Իսկ թերթի արխիվը տեղափոխել են նոր խմբագրության տարածք։
Հրանտ Դինքից հետո թերթը խմբագրելու մասին
-Շատ պատասխանատու դիրք մըն է, բայց մեզ համար հանգստությունը կուգա այն բանեն, որ մենք որոշ թելադրանքի մը հետևելով, պահանջարկը գոհացնելու միտումով չենք, մենք մեր ազատ միտքն է, որ մեջտեղ կդնենք, ինչը և անում էր Դինքը։ Անշուշտ, պատասխանատվության զգացումը ծանր բեռ է, քանի որ չես կարող նույնիսկ երևակայել, թե գրածդ ուր կարող է հասնել։ Օրենքներու դիմաց պատասխանատվությունը միշտ առկա է, բայց անկե խուսափել կարելի չէ։ Ես նույնիսկ ծառ, ծաղիկ, բնության մասին կխոսիմ, կասեն դու ինչո՞ւ համար կարմիր ծաղիկներու մասին խոսեցար․․․ Մեր երկիրը այդ տեսակ ծուղակներով լեցուն երկիր է, ժողովրդավարությունը երբեք չկայացած է այս երկրին մեջ, հետևաբար խուսափիլ կարելի չէ, զգույշ ըլլալ կարելի չէ։ Ես այդ խորհրդով ընդհակառակը կվարվիմ, միշտ շատ ազատ կխոսիմ, բնավ հոգս չէ, թե Թուրքիո պետական քաղաքականությունն ինչ է, և ես ինչ կըսեմ, ես կըսեմ այն, ինչ ինձ համար ճիշտ է։
Ձեզնից քիչ առաջ ես խոսեցա Քուրդիստանեն եկած հեռուստակայանի աշխատողներու հետ, ինձ կհարցնեին, թե ինչպես կդիմավորես Քուրդիստանի մեջ անկախության հանրաքվեն, որ պիտի կայանա սեպտեմբերի 27-ին, ասի, որ կողջունիմ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իմ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեցավ, իսկ քուրդ ժողովուրդը անտեսվեցավ լրիվ, որովհետև տակավին ազգային գիտակցություն չունեցավ, ցեղախմբեր էին։ Բայց վեջին 35-40 տարիների ընթացքում ազգային գիտակցություն սկսան կերտել․ ձեր իրավունքն է ամեն տեսակ որոշում կայացնել, ինձի կմնա ողջունել։ Տարածաշրջանի բոլոր տուժած ժողովուրդները կողջունեն ձեր այս արարքը, իսկ բոլոր իշխող պետություններն ալ կհալածեն, ինչպես՝ Թուքիան, Պարսկաստանը, բայց հայերը դժգոհ չեն, ասորիները` նույնպես, տուժած ժողովուրդները երբեք չեն դժգոհել։
Թուրքերի մասին
Ես իրականության մեջ թուրքասեր մըն եմ, թուրքերին կհարգիմ, բայց Թուրքիո պետության, պետական մտայնության հետ միշտ ալ խնդիր ունիմ, որովհետև Թուրքիո պետական մտայնությունը հայատյաց քաղաքականություն որդեգրած է․ իր ժողովրդին էլ ատիկա ամեն օր իբրև թույն կսրսկե։ Այդ պատճառով ես ալ պետության հետ խնդիր ունիմ, այլ ոչ թե հասարակ թուրքի հետ։ Ես թրքատյաց չեմ, կըսիրիմ թուրքերին, ես հայասեր չեմ, որովհետև արդեն իսկ հայ եմ և չեմ ուզեր, որ հայերը հայասեր ըլլան, թող ճապոնասեր, հնդկասեր ըլլան, թող հայը հայասեր, թուրքը թրքասեր չըլլա․ այդ բանը վտանգավոր է, ես պիտի սպասիմ, որ թուրքը հայասեր ըլլա, ինչպես որ ես թրքասեր եմ։
«Ակօս»-ի խնդիրների մասին
«Ակօսը» խնդիր ունի բոլոր իշխանական միտումներու, իշխանություններու հետ, որովհետև հիմնադրվելուն պես ընդդիմադիր մամուլ մըն է, քանի որ Հրանտն այդպիսին էր, մենք այդպիսին ենք։ Ավանդույթ է, որ մենք խիզախ ըլլանք, եթե «Ակօսը» Հայաստանին մեջ ալ հրատարակվեր, դեմ կըլլար բոլոր զրկանքներուն, որոնք կըլլային Հայաստանին մեջ, Հայաստանի իշխանություններու հետ ալ խնդիր պիտի ունենար։ Ճնշումներ, ավելի շատ սպառնալիքներ կհնչեին ավելի վաղ, այսօր այդպես չէ, մանավանդ Հրանտին սպանությունեն հետո։ Մեր հաղթահարելու ճնշումներն ավելի շատ տնտեսական են, ընկերությունը, որը մեզ գովազդ պիտի տա, ստիպված է 40 անգամ մտածելու, որ այս գովազդի համար ինձ հաշիվ կհարցնեն, թե դու ինչո՞ւ համար ես «Ակօս»-ին գովազդ տված։ Հետևաբար մենք տնտեսական շրջափակման մեջ ենք: Կուզեն տնտեսական առումով «Ակօսը» դժվար կացության մեջ հայտնվի, կհաջողի դա որոշ չափով, բայց տակավին կդիմադրենք, որովհետև մեզ համար «Ակօսի» հրատարակությունը տնտեսական ակնկալություն մը չէ, աներևակայելի արձագանքներ կստանանք, դրա համար կկարևորինք մեր գործը։
Հրանտ Դինքի՝ փոփոխություններ կատարելու մասին
-Ծայրահեղականների մոտ փոփոխություններ կատարելը շատ մեծ նշանակություն չունի, ավելի կարևոր է նույն ժողովրդի վրա փոփոխությունը։ Մենք Հրանտի մահեն ետք ահագին ծպտված, կրոնափոխ եղած հայերու` իրենց ինքնության վերադարձի փորձեր ապրեցանք, կենդանի վկաները եղանք, ինչն անշուշտ շատ ավելի արժեքավոր է։ Հրանտը հայոց դեմ կանխակարծիքի գաղափար մը փշրելու համար խոսքի լծվեցավ և մեծ հաջողություններու հասավ։ Եթե «Ակoսը»՝ մանավանդ թուրքերեն լույս տեսնող, գոյություն չունենար, մարդիկ ալ տեղյակ պիտի չըլլային, բայց ամենափոքր անարդարությունը, որ լույս կտեսնի «Ակoսեն», անմիջապես ոչ թե հայերն են ձայն բարձրացնում, թե ինչու համար այսպես եղավ, այլ հենց իրենք` թուրքերը կհարցնեն։ 1915-ին ետ «Ակoսը» պահանջատիրությունը ստանձնող առաջին երևույթը եղավ։
«Հրանտ Դինք» հիմնադրամի միջոցով կոնֆլիկտային պետությունների լրագրողների միջև կամուրջ հանդիսանալու մասին
-Մարդիկ գաղափար կարտահայտին այն մարդկանց մասին, որոնց հետ բնավ շփում ունեցած չէին․ ուզեցանք, որ այդ շփումը գոյություն ունենա։ Հայաստանցի լրագրողը դուրս ելնե թուրքի իր պատկերացումներեն, տեսնե թուրքը, խոսի, այցելի, հասկանա, որ իր նման մարդիկ կան, կամ իրեն չարիք պատճառող մարդիկ կան, կամ իրեն հիացում պատճառող ազնիվ մարդիկ էլ կան։ Թուրքիո լրագրողն ալ թող տեսնե, որ Հայաստանու մեջ կամ Վրաստանի մեջ ալ իր նման մարդիկ կան, ադրբեջանցին անգամ մը այցելե Հայաստան։ Այստեղ ադրբեջանցի թղթակից ունեինք, շատ արժքավոր աղջնակ մըն էր, բայց աղջիկն իր կյանքեն ապահովության համար խուսափեցավ «Ակօսին» մեջ հայտնվիլ, որովհետև իր հասցեին ահագին սպառնալիքներ ու մեղադրանքեր հասան՝ ասելով, որ հայու կծառայիս, գործակալ ես, բայց այդպես չէր, պարզապես դեմոկրատ աղջիկ մըն էր, սակայն, դժբախտաբար, չկրցավ շարունակել։
Սեդա Ղուկասյան