Իրան-Ադրբեջան հարաբերություններում փոփոխություն է տեղի ունենում, պետք է օգտվել դրանից. իրանագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.02.2019 | 19:25Factor.am-ի հարցազրույցը իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ
– Պարո՛ն Իսրայելյան, երկօրյա այցով Իրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ երկրի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ քննարկել են էներգետիկ միջանցքի ստեղծման հարցը: Մասնավորապես՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալ: Այս հարցը նաև նախորդ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ է քննարկվել: Այս անգամ գործնական արդյունքներ կարո՞ղ ենք ակնկալել:
– Քաղաքական այս կարևոր հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանում կա քաղաքական կամք՝ ի կատար ածելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում: Պետք է նշել, որ այս հանդիպման ընթացքում առարկայական են դարձել Նյու Յորքում Փաշինյան-Ռոհանի կարճատև հանդիպման ընթացքում հնչած ուղերձները: Հնչեցին մի շարք կարևոր հայտարարություններ, ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերջին տարիներին պակասում էին հայ-իրանական օրակարգից:
– Որո՞նք ենք հայ-իրանական օրակարգից պակասող պայմանավորվածություններն ու ծրագրերը։
– Միշտ խոսվել է գազի ոլորտում համագործակցության մասին: Շատ դեպքերում գազի հարցը հայ-իրանական կողմում սխալ մեկնաբանությունների և թյուր ընկալումների առիթ է դարձել, և այժմ դա հստակեցվեց: Հայաստանի կողմից հնչեց պատրաստակամություն՝ քննարկել մեր երկրի տարածքով իրանական գազը Վրաստան և այլ երկրներ արտահանելու հարցը։ Փաշինյանն ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները չպետք է բավարարվեն միայն երկկողմ ձևաչափով համագործակցության շրջանակում. վարչապետը կարևորեց, որ այդ համագործակցությունը կարող է ընդլայնվել Վրաստանի, ՌԴ-ի և Եվրոպայի հետ: Էլեկտրաէներգիայի վերաբերյալ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի դրա բաղադրիչներից մեկն էլ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունն է, որը 2019 թվականին, ամենայն հավանականությամբ, կհանձնվի լիարժեք շահագործման: Իսկ դա ենթադրում է, որ Իրան-Հայաստան-Վրաստան էներգահամակարգերին կմիանա նաև Ռուսաստանը։ Մյուս կարևոր ծրագրերից է նաև Հյուսիս-Հարավ մայրուղու աշխատանքներին իրանական կողմի մասնակցության պատրաստակամությունը։
– Չնայած այդ պատրաստակամությանը՝ իրատեսակա՞ն է այս նախագծին Իրանի մասնակցությունը՝ հաշվի առնելով պատժամիջոցների առկայության պայմաններում այդ երկրի այժմյան վիճակը:
– Չեմ կարծում, որ ֆինանսական խնդիր կլինի: Կարծում եմ՝դա կարող է լինել իրանական ընկերությունների մասնակցությամբ, որովհետև դրա փորձը կա. գազատարի կառուցման հարցում, որին իրականական կազմակերպությունները ևս մասնակցություն են ունեցել, ինչպես նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության մի հատվածի մեջ ներդրում է կատարել իրականական բանկերից մեկը: Կարծում եմ՝ ֆինանսական խնդիր չի լինի՝ հաշվի առնելով այն միլիարդավոր դոլարները, որոնք Իրանը որպես ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքի երկրներին: Հայաստանը կարևոր գործոն է, չափազանց կարևոր դերակատարություն ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ՝ մի շարք գործոններով պայմանավորված՝ անվտանգություն, ճանապարհ և այլն։
– Իրանական կողմից պատրաստակամություն է հնչել ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Առայժմ մատակարարվող գազը հայ սպառողին չի հասնում, պարբերաբար այս հարցի բարձրացման ժամանակ նշվում է, որ իրանական գազի ռուսականից ավելի թանկ է: Կարծում եք՝ Երևանն ու Թեհրանը իրանական գազի գնի հարցով փոխշահավետ համաձայնության կգա՞ն և ռուսական գազին այլընտրանքի հարցն ի վերջո կլուծվի՞:
– Այստեղ քննարկման և բանակցությունների հարց է, առկա է նաև քաղաքական բաղադրիչը: Արգելք չեմ տեսնում, որ բարձր գնի պարագայում բանակցեն և Հայաստանին մատչելի գնով գազ մատակարարվի։ Ամեն դեպքում՝ զուտ գազ-էլեկտրաէներգիա համագործակցության շրջանակում մենք երեք անգամ մեծացնելու ենք իրանական գազի ծավալները:
– Ռուսական կողմից «խանդի տեսարաններ» կլինե՞ն:
– Չեմ բացառում: Իրանը և Ռուսաստանն աշխարհում գազի շուկայում մրցակից պետություններ են: Բնական է, որ որպես մրցակից պետություն՝ ամեն ինչ անելու է, որ իր գազը վաճառվի, բայց այստեղ կարևոր է ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը: Իհարկե, գուցե ճնշումներ և խոչընդոտենր լինեն, բայց դրանք բանակցություններ են: Եթե հետպատերազմյան լուրջ խնդիրներ ունեցող Վրաստանին և ՌԴ-ին հաջողվում է երկաթուղու գործարկման հարցում համաձայնության գալ, ապա չեմ կարծում, որ Հայաստանը, ունենալով ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ, իրանական գազի մատակարարման հարցում խնդիրներ կունենա: Հարավային Կովկասում Հայաստանը կարևոր դերակատար է, և եթե ՌԴ-ն ուզում է ԵՏՄ-ի շրջանակում մեծացնել քաղաքական ազդեցությունը, ապա ՀՀ-ի միջոցով է, որ կկարողանա կապվել Պարսից ծոցի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ, ինչը նրա համար ռազմավարական նշանակություն ունի:
– Հայ-իրանական երկաթուղու մասին վաղուց որևէ հանդիպման ժամանակ խոսք չի գնում: Բարձր մակարդակով այս այցի շրջանակում նույնպես կարևոր այս ծրագրին անդրադարձ չեղավ: Ավելին, նոր Կառավարության արդեն նախկին տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը հասցրեց հայտարարել, որ հայ–իրանական երկաթուղու կառուցումը Հայաստանի նոր Կառավարության օրակարգի առաջնային կետերից չէ, որովհետև երկիրը ֆինանսապես ի վիճակի չէ նման նախագիծ կյանքի կոչել: Ստացվում է, որ հեռանկարային այս նախագծի մասին պետք է մոռանա՞նք:
– Ես կուզենայի, որ մենք շատ արագ մեր ավտոմայրուղին կառուցեինք, նոր մտածեինք երկաթգծի մասին: Եթե կարողանանք Իրանի սահմանին կառուցել միջազգային չափանիշներով ավտոմայրուղի, ապա իրանական կողմին համոզելու և ներդրողներին համոզելու խնդիր չի լինի: Իրանական կողմին պետք է այլընտրանքային ճանապարհ, և դրանից մեկը կարող է լինել Հայաստանը: Ճիշտ է, կան մի քանի միջանցքներ, դրանցից մեկը՝ Հյուսիս-Հարավը՝ անցնում է Ադրբեջանի տարածքով, իսկ Պարսից ծոց-Սև ծով միջանցքն ընդգրկում է Հայաստանը, հետևաբար՝ Ադրբեջանի հետ Իրանի ներկայիս փոխգործակցությունն ի հաշիվ հայ-իրանական հարաբերությունների չէ, իսկ կապված տարածաշրջանային զարգացումների հետ՝ այդ միջանցքներից մեկի կարևորությունը կարող է ընդգծվել: Հիմա, մի շարք գործողություններով պայմանավորված, Ադրբեջանի տարածքը դիտվում է որպես Իրանի դեմ հնարավոր գործողությունների հարթակ, վերջին մեկ տարվա ընթացքում Իրան-Ադրբեջան հարաբերություններում փոփոխություն է տեղի ունենում: Հիմա առաջնահերթությունը մեր կողմն է, դրանից պետք է կարողանանք առավելագույնս օգտվել։
– Իրանում մեծաթիվ, այդ երկրում հարգանք վայելող հայ համայնք կա, թերևս՝ ամենամեծաթիվը սահմանակից երկրների համայնքներից: Իրանահայ համայնքի հետ Հայաստան պետության տարած աշխատանքը բավարա՞ր եք գնահատում: Ի՞նչ շոշափելի ծրագրեր կարելի է ակնկալել այդ աշխատանքից:
– Իրանի կառավարությունը մեծ լիազորություն է տվել համայնքին, այն ներգրավված է Իրանի հասարակական շրջանակներում, ունենք երկու պատգամավոր: Հայ համայնքը բազմաթիվ գործողություններ և ծրագրեր է իրականացրել, վերջին տարիներին էլ դրանք չեն սահմանափակվում Ցեղասպանության ճանաչմանը միտված գործողություններով, բարձրացվում է նաև Արցախի հարցը, մեծ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Շատ հաճախ չենք բարձրաձայնում այդ մասին, որովհետև ադրբեջանական կողմը ճնշումներ է գործադրում Իրանի իշխանությունների վրա, որ հայերին շատ բաներ թույլատրվում է, իսկ իրենց՝ ոչ: Ազդեցությունը հայ համայնքի կարող է շատ մեծ լինել և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ներդրումների առումով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Աղավնի Սուքիասյան