2018-ի ամենաաղմկահարույց քաղաքական հայտարարությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.12.2018 | 17:002018 թվականը քաղաքական միատոնությամբ չէր խոստանում տարբերվել նախորդ տարիներից։ Թվում էր հավերժի համար վերաբաշխված էին իշխանության և ընդդիմության տեղերը և յուրաքանչյուրը գիտեր, թե ինչ ասել, ինչպես ասել և ինչու ասել։ Ամեն ինչ, սակայն, այդքան միանշանակ չստացվեց։
1․2018-ի հունվարին Հայաստանը փորձում էր հասկանալ, թե ընդամենը երեք ամիս հետո ավարտվող իր պաշտոնավարման ժամկետից հետո ու՞մ է մտադիր նախագահ դարձնել Սերժ Սարգսյանը։ Նա նոր Սահմանադրությամբ գրեթե լիազորություններ չունեցող նախագահին պատկերացնում է որպես մի մարդ, որը հայտնի է ներսում և դրսում։ «Նախագահը պետք է լինի մի մարդ, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել»,- մտավորականների հետ հանդիպմանը 4-րդ նախագահի մասին թեման փակում է Սերժ Սարգսյանը։ Ընդամենը երկու օրից պարզվում է, որ այդ մարդը արտաքին աշխարհում Հայաստանի ամենաքաղաքական կերպարներից մեկն է՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը։
2․Առաջադրվելուց անմիջապես հետո պարզվեց, որ ապագա նախագահը քաղաքացիության հետ կապված խնդիրներ ունի։ Փետրվարի 9-ին նա լրագրողներին տեղեկացնում է, որ 2011-ից Բրիտանիայի քաղաքացի չէ։ Այդ օրը լրագրողները նրան տեղեկացրին, որ իր մասին տեղեկություններ կան, որ համագործակցել է խորհրդային անվտանգության մարմինների հետ։ Ինքը դրան այլ մեղադրանքներ էլ կավելացնի։
«Հետո բան էլ, մասոն, այլմոլորակային, տամպլիեր»,- զվարճանում է ՀՀ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանը։
3․Ամբողջ փետրվարն ընթացավ նախագահի թեկնածու կերպարի քննարկման և ներքաղաքական այլ հարցերի շուրջ։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է Մարտի 1-ի գործով խորհրդարանի արտահերթ նիստ, իսկ երեկոյան Մարտի 1-ի զոհերին նվիրված երթի ժամանակ այդ օրը դերակատարություն ունենալու մեջ մեղադրում նախագահ Սերժ Սարգսյանին։
«Սերժ Սարգսյանի անունը «Մարտի 1»-ի վրայից նունիսկ ժավելով հնարավոր չէ մաքրել»,- լրագրողներին ասում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
4․Հենց այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն մտածում է նախագահի պաշտոնը թողնելուց հետո Հայաստանի վարչապետ դառնալու մասին։ Նոր Սահմանադրությամբ նա մնալու է Հայաստանի փաստացի ղեկավարը։ Մինչդեռ մոտ 4 տարի առաջ սահմանադրական բարեփոխումներ սկսելիս նա ասել էր, որ չի հավակնում դառնալ Հայաստանի վարչապետ։
«Հետո՞ ինչ, հետո՞ ինչ, հետո՞ ինչ։ Մարդիկ քցում-բռնում են, որն է շատ կարևոր՝ մարդ մի բան ասեց, իր ասածին գերի դառնա՞, թե՞ այդուհանդերձ վաղը չէ մյուս օրը իմ անվտանգությունն է կարևոր»,- Սերժ Սարգսյանի օգտին փաստարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
5․Մինչ ներքաղաքական երկինքն անամպ էր, թեժ էր կյանքը Երևանի քաղաքապետարանում։ Այստեղ ավագանու «Հանրապետական» խմբակցության հետ լեզու չէր գտնում «Երկիր Ծիրանին»։ Ծիրանական Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ մտադիր է դատի տալ Լևոն Իգիթյանին քաղաքի ճարտարապետական տեսքը ապականելու համար։
«Ես որ էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ՝ գրիժա կստանաս։ Դու ո՞նց ես ինձ դատի տալիս»,- Զարուհի Փոստանջյանի աչքերի մեջ նայելով ասում է ավագանու ՀՀԿ-ական անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը։
6․Մարտի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշակիություն է մտցնում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու օրվանից ծագած այն հարցում, թե արդյո՞ք երկիրը խորհրդարանական է դառնում միայն այն բանի համար, որ գործող նախագահը կարողանա վարչապետի պաշտոնում շարունակի ղեկավարել Հայաստանը։ Ոչ ոք չգիտեր՝ մտադի՞ր է այդ մարդը առաջադրվել երկրի վարչապետի պաշտոնում։ Ինքն ասում է, որ կառաջադրվի մի պայմանով՝ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։
7․«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մարտի 23-ին արդեն խոսում է առանց բռնության և վիրավորանքների Հանրապետական իշխանությունը տապալելու մասին՝ նա թույլ չի տալու, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ դառնա Հայաստանի ղեկավար։ Նիկոլ Փաշինյանի հաշվարկներով ապրիլի 9-ից մինչև ապրիլի 17-ը, երբ խորհրդարանը կընտրի վարչապետ, ինքը կկարողանա վերցնել իշխանությունը։
«Այդ մի շաբաթում իշխանությունը փողոցում գցած է լինելու, և եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որ պատրաստ է գնալ և վերցնել իշխանությունը, կգնա, կվերցնի»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը։
8․ Ապրիլի 17-ին խորհրդարանը առանց խոչընդոտների վարչապետ է ընտրում Սերժ Սարգսյանին։ Երևանի փողոցներում, սակայն, արդեն եռում էր հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանի սկսած իշխանափոխության շարժումն օր օրի ընդգրկում է ամբողջ երկիրը։ Սերժ Սարգսյանը որևէ կերպ այդ շարժմանը հակադարձել չի կարող։ Ընտրվելուց ուղիղ մեկ շաբաթ հետո գործող վարչապետը հայտարարում է իր հրաժարականի մասին ասելով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։
9․Ոչ ոք չէր կասկածում, որ հենց Նիկոլ Փաշինյանը պիտի դառնա Հայաստանի վարչապետ։ Ամեն ինչ, սակայն, այդքան հեշտ չէր։ Մայիսի 1-ին խորհրդարանը նրան չի ընտրում Հայաստանի վարչապետ։ Նույն օրը Փաշինյանը վերականգնում է փողոցային ակցիաները, որոնք ենթադրում էին Հայաստանի ամբողջ տարածքով հասարակական կյանքի կաթվածահարում։ Մարզերում պահանջում են իրենց հանրապետական պատգամավորների հրաժարականը, շրջափակվում են նրանց բնակավայրերը։ Նրանք ստիպված են պատասխան տալ։
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Փաշինյանին, որ մայիսի 8-ին կողմ քվեարկի»,- ՀՀԿ-ական բոլոր դեմ քվեարկած պատգամավորների անունից ասում է Մարտունիից ընտրված Հակոբ Հակոբյանը։
10․Մայիսի 8-ին Հանրապետականի աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը դառնում է Հայաստանի վարչապետ։ Նրա առաջին հայտարարություններից մեկն էր․ «Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի»։
11․Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սկսում է պայքար կոռուպցիայի դեմ։ Դա նշանակում էր, որ նախորդ իշխանությունները մտահոգվելու բան ունեն։ Ազգային անվտանգության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է դա։
«Կարճ ժամանակում բոլորդ ականատես կլինեք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտմանը և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկմանը»,- տեղեկացնում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
12․Հունիսին հնչում է առաջին աղմկահարույց անունը՝ ձերբակալվում և կալանավորվում է Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։ Նրա մարտական ընկերները շոկի մեջ են՝ գեներալը կասկածվում է բանակը թալանելու մեջ։
«Էդ հերոսը, էդ գեներալը կորավ ազգի համար»,- տեղեկացնում է Մանվել Գրիգորյանի ամենամերձ մարտական ընկեր, գեներալ Սեյրան Սարոյանը։
13․Խորհրդարանի երբեմնի պատգամավոր Առաքել Մովսիսյանը նույնպես Ազգային անվտանգության թիրախում է։ Նրա անունը, սակայն, թալանողների մեջ չկա։ Նա կասկածվում է անօրինական զենք զինամթերք ունենալու մեջ։ ԱԱԾ-ն անձամբ է մտնում նրա տուն և ստուգում ունեցած տեղեկությունները։
«Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա չի վախեցել տանը»,- լրագրողին ասում է Առաքել Մովսիսյանը։
14․Հուլիսի սկզբին հայտնի է դառնում, որ Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է սկսվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ըստ մեղադրանքի, նա Մարտի 1-ին ժողովրդի դեմ է օգտագործել բանակը և տապալել է սահմանադրական կարգը։ Մեղադրանքի առաջադրման պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ։ Ժամանելուց անմիջապես հետո ՀՔԾ է մտնում վկայի կարգավիճակով, սակայն հարցաքննվում է արդեն մեղադրյալի կարգավիճակում։ Հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս հայաստանյան հեռուստաընկերություններից մեկին, որտեղ հայտարարում է, որ Փաշինյանը հեղափոխությամբ իշխանության է եկել և իր անձի մեջ վտանգ է տեսնում, իսկ մեղադրանքը համարում է հորինված և շինծու:
«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է, սա արդեն կոռուպցիոն գործ չի, սա Մանվել Գրիգորյանի զգուշոնկա, տուշոնկա չէ, սա փորձում են պատմությունը վերափոխել, ամբողջը շուռ տալ»,- համոզված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
15․Հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացնում Հանրապետական իշխանության հենասյուներից մեկը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երևանը պատրաստվում է նոր իշխանության առաջին ընտրություններին։ Հայտ է ներկայացնում 12 քաղաքական ուժ։ Իշխանական «Իմ քայլը» դաշինքը գլխավորող դերասան Հայկ Մարությանը դրամահավաք-երեկոյի ժամանակ իր նախընտրական ելույթում բառացիորեն հայտարարում է՝ «Կարող եմ ասել, որ մեր դեմ խաղ չկա»։ Նույն ելույթում նա ներկայացնում է, թե ինչ ուժերի միջև է իրականում կռիվը Նոր Հայաստանում։
«Այսօր իրավիճակը Հայաստանում շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, որոնք չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, սև ուժերն են»,- ոգևորված նկատում է Հայկ Մարությանը։
16․Քաղաքապետի ընտրությունները դեռ տեղի չէին ունեցել, երբ պայթում է մի աննախադեպ սկանդալ՝ ի հայտ է գալիս մի հեռախոսազրույցի ձայնագրություն։ Անհայտ մարդիկ գաղտնալսել են ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին։ Վերջիններս քննարկում են ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցերը։ Նույն օրը վարչապետը միտինգ է հրավիրում և հայտարարում, որ գաղտնալսումը դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ։ Հենց տեղում ԱԱԾ-ին և ոստիկանությանը Փաշինյանը հանձնարարում է զբաղվել օլիգարխներով և այն նախկին պետական պաշտոնյաներով, որոնք ունեն գաղտնալսման սարքեր։
«Հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին»,- հրահանգում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
17․Քաղաքապետի ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ջախջախիչ հաղթանակից պարզ է դառնում, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունները սարերի հետևում չեն։ Հոկտեմբերին Հայկ Մարությանի բնորոշած սև ուժերը անցնում են հակագրոհի՝ նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ, որով փորձում են կանխել արտահերթ ընտրությունները։ Փաշինյանը ժողովրդին հավաքում է խորհրդարանի տարածք և կանխում, իր բառերով, դավադրությունը։ Տեղում պաշտոնանկ է անում նիստի կայացմանը նպաստած դաշնակցական և ԲՀԿ-ական նախարարներին, որից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպված է լինում վերջնական որոշել, թե ինքը ինչ գույն ունի՝ սև՞, թե՞ սպիտակ։ ԲՀԿ առաջնորդը կողմնորոշվում է դեպի սպիտակը և հիշում, որ ինքը հեղափոխությանը նպաստել է անձամբ․ «Հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել»:
18․Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դեկտեմբերին տեղի կունենան խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Դա թելադրվում է նաև խորհրդարանի երեք խմբակցությունների այն քայլով, որով նրանք ուզում էին մեկ օրենսդրական նախաձեռնությամբ կանխել դրանք։ Հոկտեմբերի 9-ին վարչապետը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրում, որի ժամանակ պարոն Ծառուկյանը վարչապետին ասում է, որ լինելու է նրա կողքին։ Հուշագրով կողմերը պարտավորվում են քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա։
«Հիշու՞մ եք առաջին հանդիպմանը, որ ասեցիք՝ ե՞րբ անենք խորհրդարանական ընտրությունները։ Որ ասեցի՝ հունիսին անենք, պարոն վարչապետ, երբ ասեք։ Ճի՞շտ է, թե՞ ոչ։ Հիմա ես պատրաստ եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, որ հետհեղափոխական քայլեր չլինեն, ավելի ապահով ավելի հանգիստ»,- վարչապետին հարցնում է Գագիկ Ծառուկյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքում է․ «Կա բարիկադներ կառուցելու ժամանակը, և կա բարիկադները վերացնելու ժամանակը, և ցավոք, այս հինգ ամիսների ընթացքում էդ պրոցեսը լիարժեք հնարավոր չեղավ անցկացնել, որովհետև կան ուժեր, որոնք շարունակում են այնքան էլ սթափ չգնահատել իրավիճակը և ուզում են ներքաղաքական իրավիճակը լարել»։
19․Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնում։ Խորհրդարանն սկսում է քննարկել Ընտրական նոր օրենսգիրքը, որով նախատեսվում է ընտրություններն անցկացնել պարզ համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային համակարգի։ Խորհրդարանը մերժում է նոր օրենսգրքի ընդունումը։ Մինչ այդ, Հանրապետականը հայտարարում է, որ ինքը կմասնակցի ընտրություններին, սակայն խոստովանում է, որ չունի նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողի վարկանիշը։
«Եթե ձեր նախընտրական եռյակը 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-ում՝ դուխով կեպկեն, 3-ում՝ հազը, մեկ ա՝ 80% եք հավաքելու։ Իսկ եթե ռեյտինգայինով, այնտեղ, որտեղ ես եմ դնում, դնի ոչ թե կոնկրետ ֆիզիկական անձը, այլ սելֆիի ձողը Նիկոլի, էլի առաջին տեղն եք գրավելու»,- ԱԺ ամբիոնից հանձնվում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։
20․Նախընտրական քարոզչության ժամանակը կարճ էր։ «Իմ քայլը» դաշինքի հանդիպումներն ընթանում էին բազմամարդ հրապարակներում։ Նոյեմբերի 26-ի Թալինի հանրահավաքը բացառություն չէր։ Այստեղ հնչեց հեղափոխությունից հետո ասված ամենասենսացիոն հայտարարություններից մեկը։
«Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան արցախյան ճակատամարտը»,- հստակեցնում է Սասուն Միքայելյանը։
21․«Իմ քայլը» դաշինքի հաղթանակը համոզիչ էր։ Սակայն ընտրություններից հետո ծագեց ևս մեկ սկանդալ։ Բելառուսի նախագահը մանրամասներ հրապարակեց ԱՊՀ վերջին գագաթաժողովի հանդիպումից, որի թեմաներից է Ադրբեջանին վաճառվելիք բելառուսական զենքը։ Հայաստանը այդ գագաթաժողովի ժամանակ դժգոհել էր, որ Բելառուսը «Պոլոնեզներ» է տվել Ադրբեջանին։ Լուկաշենկոն պատմում է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին. «Պուտինի ներկայությամբ նրան ասացի՝ Նիկոլ, արի իրերը կոչենք իրենց անուններով, ո՞վ է առաջին տեղում Ադրբեջանին վաճառվելիք զենքերի ցուցանիշով։ Ո՞վ։ Ռուսաստանը։ Ինչո՞ւ ես լեզուդ մտցրել․․․ Վախենո՞ւմ ես։ Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Վախենո՞ւմ ես։ Երկրորդն ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզը», մենք ենք, «Պոլոնեզը» չլինի, կլինենք 10-րդը»:
«Պարոն Լուկաշենկոն ասում է՝ ես էս ասացի, էս ասացի, էսպես ասացի։ Բայց նա չի ասում՝ ես ի՞նչ ասացի։ Ամսի 7-ին եկել եմ, լրագրողներն ինձ հարց են տվել, ասել են՝ խոսակցություն եղե՞լ է, թե՞ չի եղել, ես ասել եմ՝ եղել է, բայց կոռեկտ չէ փակ հանդիպումից մանրամասներ հրապարակել»,- լրագրողների մոտ անկեղծանում է Նիկոլ Փաշինյանը։
22․ Տարվա վերջին քաղաքական սպասված հայտարարություն կարելի է համարել դեկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանին ուղղված Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի շնորհավորանքը։ Ռուսաստանի նախագահը Մոսկվա հասած վարչապետի պաշտոնակատարին շնորհավորեց 17 օր առաջ խորհրդարանի արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի համար։
Ավարտվեց վերջին 20 տարվա քաղաքական ամենադրամատիկ տարիներից մեկը։ Առջևում մարտահրավերներով լի 2019 թվականն է։
Մհեր Արշակյան