Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
Քաղաքականություն
04.11.2026 | 12:57
Ռուսական հարվածի հետևանքով Դնեպրում գտնվող ձեռնարկություններից մեկում երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, փոխանցում է Current time-ը։
Նրա խոսքով՝ տուժածները 38 և 57 տարեկան տղամարդիկ են։ Ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։ Գանժան չի հստակեցրել, թե կոնկրետ որ ձեռնարկությունն է ենթարկվել հարձակման։
Պոլտավայում հարձակումից հետո հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկում, իսկ Օդեսայում՝ առևտրի կենտրոնում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ, չնայած օդային տագնապի կրկնվող ազդանշաններին, փրկարարներին հաջողվել է մարել Օդեսայի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը և թույլ չտալ կրակի տարածումը մեծ տարածքի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Կիրովոգրադի մարզում հարվածների թիրախում են հայտնվել կարևոր ենթակառուցվածքների օբյեկտները։ Հրդեհներ են բռնկվել Կրոպիվնիցկիի և Ալեքսանդրիայի շրջաններում։ Բացի այդ՝ Նովոուկրաինսկի շրջանում վնասվել է մասնավոր բնակելի տուն, իսկ Ալեքսանդրիայի շրջանում՝ գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում գտնվող վեց միավոր տեխնիկա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կիևի մարզում գտնվող «Նալիվայկովկա» էլեկտրաենթակայանի, Ժիտոմիրի մարզում գտնվող «Չիժովկա» էլեկտրաենթակայանի, ինչպես նաև Օդեսայի մերձակայքում՝ Սև ծովում, նավի հարվածելու մասին։
Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝լույս նոյեմբերի 4-ի գիշերը ռուսական ուժերը երկրի տարածքի վրա արձակել են 310 ԱԹՍ․ դրանցից 272-ը հաջողվել է խոցել կամ ճնշել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

