Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
Քաղաքականություն
28.10.2026 | 12:07
Ստեփանավանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքապետի ընտրության ժամանակ կքվեարկի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի օգտին։ Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է նախապես ձեռք բերված փոխըմբռնման համաձայն։ Նրա խոսքով՝ Գրիգորյանը, որն ընտրություններին մասնակցելու համար սառեցրել էր անդամակցությունը ՔՊ-ին, արդեն դիմել է այն վերականգնելու համար։ Մկրտչյանն ընդգծել է, որ ավագանիում երկու խմբակցությունները հանդես են գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։
«Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։
Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն. Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։
Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։
Շնորհավորում ենք մեր գործընկեր պարոն Գրիգորյանին հանրային բարձր վստահության համար»,- գրել է մարզպետը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը՝ ստանալով ձայների 41,54%-ը, իսկ ՔՊ-ն ստացել է 35,32%։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 19,68%։ Ավագանու մանդատների նախնական բաշխմամբ՝ «Գործարարը» ստացել է 9, ՔՊ-ն՝ 8, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 4 մանդատ։

