Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունահռոմեական ոճի ըմբշիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար, քանի որ շատերն են դրան սպասել, շատ մարդկանց օգնությամբ է այս ամեն ինչը եղել: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, մարզիչներին, ընտանքիքին ու բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են: Մրցավայր մեկնալուց առաջ ասել էի, որ այս անգամ ավելի սառնասիրտ ու ավելի հանգիստ եմ լինելու: Այս անգամ ես այլ մտքեր չունեի և դուրս էի գալիս իմ գործն անելու: Կարծում եմ՝ դրանով տարբերվեց այս առաջնությունը: Եզրափակիչից առաջ էլ շատ հանգսիտ էի և կարողացա չեղարկել կողմնակի մտքերը»,- ՀԸՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Կարեն Ասլանյանը (63 կգ):
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին` նվաճելով Հայաստանի առաջին մեդալը։ Եզրափակիչի ճանապարհին Կարեն Ասլանյանը չորս հաղթանակ էր տարել ժամանակից շուտ` պայքարից դուրս թողնելով մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0), ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0) և Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոնդ Նազարյանին (12:4):
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 10 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալակիր էր դարձել Գևորգ Թադևոսյանը (87 կգ): Երեք հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում պարտվեց Սլավիկ Գալստյանը (67 կգ) ևս գոտեմարտել էր բրոնզե մեդալի համար, սակայն 6:10 հաշվով պարտվել էր օլիմպիական չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:
Դավիթ Եղիազարյան

