ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում հավատարմագրված՝ մաքսային և հարկային համագործակցության հարցերով Լեհաստանի ֆինանսների նախարարի ներկայացուցիչ Բարտոշ Գրուշեցկիի հետ։ ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման հարցում Լեհաստանի փորձի կիրառման և հնարավոր աջակցության հարցերը։
ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված՝ մաքսային և հարկային համագործակցության հարցերով Լեհաստանի ֆինանսների նախարարի ներկայացուցիչ, առաջին խորհրդական Բարտոշ Գրուշեցկիի միջև։
Հանդիպմանը Բարտոշ Գրուշեցկին ներկայացրել է Լեհաստանի մաքսային և հարկային համակարգերի առանձնահատկությունները, իրականացված բարեփոխումները և զարգացման հիմնական ուղղությունները։
Քննարկումների առանցքում եղել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել են Հայաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ Լեհաստանի փորձի ուսումնասիրման և հնարավոր աջակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։
Կողմերն ընդգծել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև մասնագիտական երկխոսության շարունակականության ապահովման, լավագույն փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Հանդիպման արդյունքում վերահաստատվել է մաքսային և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը»։

