Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
28.10.2026 | 13:08Ազգային ժողովում «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ընթացքում պատգամավորի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի միջև բանավեճ տեղի ունեցավ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման և Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների շուրջ։
Պատգամավորն իր հարցում նշեց, որ ԱԺ բյուջետային հանձնաժողովի տվյալներով գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է 11%, մինչդեռ Գևորգ Պապոյանը խոսում է 5% անկման մասին։
«Բյուջետային հանձնաժողովի նոր հաշվետվությունը ընդամենը ութ օրից է լինելու, որտեղ ձեր ասած 5% անկումն է, ո՞րն է մանիպուլյացիան, պարո՛ն Պապոյան»,- հարցրեց պատգամավորը։
Պապոյանը պատասխանեց, որ պատգամավորը հիմնվում է հին տվյալների վրա, մինչդեռ Վիճակագրական ծառայության թարմ տվյալներով գյուղատնտեսության անկումը կազմում է 4․8%։
«Դա արդյո՞ք ճիշտ է մասնագիտական տեսանկյունից կամ արդար է հանրության նկատմամբ, երբ որ կա նոր տվյալ, ճիշտ տվյալ… և մենք հին տվյալն ենք ներկայացնում, որը մեր քաղաքական ճաշակին ավելի հարմար է»,- ասաց նախարարը։
Արձագանքելով Պապոյանին՝ պատգամավորը նաև անդրադարձավ արտաքին առևտրի ցուցանիշներին՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում արտահանումն անկում է ապրել 8%-ով, իսկ ներմուծումն աճել է 9․5%-ով։
«Արդյո՞ք Հայաստանի պատմության մեջ այսպիսի վատ ցուցանիշ մի տարվա մեջ եղել է, թե՞ չէ: Պատասխանը կարող եմ ասել, որ՝ ոչ․ 36 տարվա մեջ մենք չենք ունեցել դեֆիցիտի այսպիսի աճ»,- ասաց նա։
Գևորգ Պապոյանը հակադարձեց՝ նշելով, որ ընդհանուր առևտրաշրջանառության նվազումը պայմանավորված է նաև ռուսական ոսկու վերաարտահանման դադարեցմամբ, ինչը, ըստ նրա, Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն չի ունեցել։
«Ռուսական ոսկին Հայաստանի տարածքով չի գնացել, չի եկել․ սա ոչ մի բան չի տվել Հայաստանին… դուք դա ներկայացնում եք ողբերգություն, ես ասում եմ՝ դա ոչ մի բացասական էֆեկտ մեր տնտեսության վրա չի ունեցել, մեր տնտեսության վրա դրական էֆեկտ է ունեցել, որ անցած տարվա 90 միլիոն դոլարը այս տարի դարձել է 140-141 միլիոն դոլար»,- ասաց Պապոյանը։
Նախարարն ընդգծեց նաև, որ Արաբական Միացյալ Էմիրություններ հայկական ծագման ապրանքների արտահանումն ավելացել է 48%-ով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

