«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.10.2026 | 13:33Ազգային ժողովում «Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխությունների վավերացման նախագծի քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ ոչ միայն քննարկվող փաստաթղթին, այլև իշխանության արտաքին քաղաքականությանը և պատգամավորների ծառայողական գործուղումներին։
Նա հղում արեց ԱԺ կայքում հրապարակվող նախագահի որոշումներին և կարգադրություններին՝ հայտարարելով․ «Երբ որ նայում ենք Ազգային ժողովի կայքի Ազգային ժողովի նախագահ բաժնի «Որոշումներ և կարգադրություններ» ենթաբաժինը, ապա «Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից մեր տպավորությունը մինչ օրս ոչ միայն չի փոխվում, այլ շարունակում է հաստատուն մնալ»։
Ղազարյանը ելույթի հաջորդ հատվածում անդրադարձավ արտերկրում ՀՀ քաղաքացիների աշխատանքի հնարավորություններին և կառավարության արտաքին քաղաքականությանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է մտահոգ լինի այն հարցով, թե ինչ պայմաններում են Հայաստանի քաղաքացիները կարողանալու շարունակել աշխատել այլ երկրներում։ Այս համատեքստում նա հիշեցրեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ հայտարարությունները, Գերմանիայից ՀՀ քաղաքացիների արտաքսումները և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում իրականացված ձերբակալությունները։
Ղազարյանը հատկապես առանձնացրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ պնդելով, որ կառավարության վարած քաղաքականությունը կարող է խնդիրներ ստեղծել այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիների համար․ «Այն քաղաքականությունը, որը հիմա վարում է Հայաստանի կառավարությունը, արտաքին քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, վտանգի տակ է դնում մեր տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների առհասարակ այդ երկրում աշխատելու և իր վաստակած միջոցները որպես մասնավոր տրանսֆերներ մեր երկիր ուղարկելու հնարավորությունը: Այնպես որ այս կառավարության պայմաններում ցանկացած փաստաթուղթ իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում»։
Պատգամավորի ելույթից հետո նիստը նախագահողը վերադարձավ գործուղումների վերաբերյալ նրա քննադատությանը և դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։
Նա հայտարարեց, որ եթե խմբակցությունը համարում է, որ իր պատգամավորները չպետք է Ազգային ժողովի անունից գործուղումների մեկնեն, խմբակցության ղեկավարը կարող է այդ մասին պաշտոնապես տեղեկացնել իրեն։
«Եթե «Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ խմբակցության պատգամավորներին պետք չէ, որպեսզի ես գործուղումների ուղարկեմ, կարող է խմբակցության ղեկավարը ինձ դիմել նամակով, և այսուհետ որևէ անդամ «Ուժեղ Հայաստան» խմբակցության Ազգային ժողովի անունից որևէ գործուղման չի մեկնի․․․ Եթե դա պաշտոնական դիրքորոշումն է խմբակցության, սպասում եմ նամակի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարից»,- ասաց Ռուբինյանը։
Մամրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

