COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.10.2026 | 19:35COP17-ի կազմակերպման համար 12 մլրդ 38 մլն դրամ կամ, այս պահի փոխարժեքով, շուրջ 33 մլն դոլար է ծախսվել Հայաստանի պետական բյուջեից։ Factor TV-ն ուսումնասիրել է գնումների պետական համակարգում այս պահին հրապարակված պայմանագրերը և պարզել, թե որ ծառայության դիմաց ինչքան գումար է վճարվել։
Կառավարությունը COP17-ի կազմակերպումը վստահել է «Դոպինգ Սփեյս»-ին։ Այս ընկերությունն ընտրվել է առանց մրցույթի։
COP17-ի պլանավորման, համակարգման, անցկացման վայրի պատրաստման ու ժամանակավոր ենթակառուցվածքների տեղադրման, ինչպես նաև պատվիրակների լոգիստիկայի, տրանսպորտի և հյուրանոցային սպասարկման ապահովման համար 2 մլրդ 619 մլն դրամ է հատկացվել։
Գումարը ներառում է նաև անձնակազմի հավաքագրման, ցուցահանդեսների կազմակերպման, սարքավորումների մատակարարման և տեխնիկական աջակցության ծախսերը։
5 մլրդ 694 մլն դրամ վճարվել է COP 17 համաժողովի աուդիովիզուալ և պրեզենտացիոն համալիրի ծառայությունների ապահովման համար։
Շուրջ 100 մլն դրամ տրամադրվել է թարգմանչական ծառայությունների ձեռք բերման համար, որից 9 մլնը ներկայացված է որպես չնախատեսված ծախս։
10 մլն 350 հազար դրամ էլ՝ դիսպենսերների միջոցով խմելու ջրի ապահովման համար։
Սննդի և ըմպելիքների կազմակերպված մատուցման ծառայությունն արժեցել է 9 մլն 892 հազար դրամ։
421,5 մլն դրամ՝ տրամադրվել է մաքրման և աղբահեռացման աշխատանքերի իրականացման համար։
119,5 մլն դրամով պայթուցիկ նյութերի տեղորոշիչ սարքերի, ձեռքի մետաղական դետեկտորների, ռենտգենահեռուստատեսային համակարգերի և կամարաձև մետաղական դետեկտորների ծառայություններ են ձեռք բերվել։
897,6 մլն դրամով էներգիայի անխափան ապահովման ծառայություն է ձեռք բերվել:
357 մլն դրամ է հատկացվել գովազդային արշավի համար։ Սա ներառում է սոցալական ցանցերում, լրատվամիջոցներում հոլովակների տարածումը, միջազգային հարթակներում իրազեկումը։ Բացի այս, 208 մլն դրամով էլ արտաքին գովազդային ծառայություն է ձեռք բերվել։ Մասնավորապես, գովազդների հայեցակարգի մշակումն արժեցել է 12,4 մլն դրամ, պաստառների տպագրությունն ու տեղադրումը` 30 մլն դրամ, 66 մլն դրամով գովազդային վահանակներ են վարձակալվել չորս ամիս ժամկետով, այլ վահանակներ, որոնք օդանավակայանի տարածքում են, վարձակալվել են 38 մլն դրամով, 27 մլն դրամ էլ նախատեսվել է չնախատեսված ծախսերի համար։
COP17-ի մասնակիցների տեղափոխումն ապահովելու համար 487 մլն դրամով վարձակալվել են ավտոբուսներ և մեքենաներ։ Մեկ ավտոբուսի վարձակալության համար վճարվել է 387 հազար դրամ, ընդհանուր ծախսը կազմել է 232 մլն դրամ, Տոյոտա Քեմրի մակնիշի մեկ ավտոմեքենայի վարձակալությունն արժեցել է 164 հազար դրամ, ընդհանուրը՝ 18 մլն դրամ։
371 մլն դրամով կահույք է ձեռք բերվել․ 31 հատ 155 հազար դրամանոց աթոռ, որի ընդհանուր արժեքը շուրջ 5 մլն դրամ է, շուրջ 51 մլն դրամ հատկացվել է 3260 հատ ստանդարտ աթոռին։ Մեկ այլ տեսակի մեկ աթոռ գնվել է 28 հազար դրամով, որն ընդհանուր 26 մլն դրամ է արժեցել։ 1 մլն 780 հազար դրամով 60 հատ կոկտեյլային սեղան է գնվել։
223 մլն դրամով ձեռք է բերվել աուդիովիզուալ բովանդակության մշակման և արտադրության ծառայություն։ Սա ներառում է, օրինակ, COP17 լոգոյի 80 վայրկյանանոց հոլովակի պատրաստում, որն արժեցել է 12 մլն 480 հազար դրամ։ Մեկ այլ հոլովակ, որի տևողությունը մինչև 90 վայրկյան է եղել, արժեցել է 45 մլն 240 հազար դրամ։
Ուշագրավ է, որ 45 մլն դրամ է վճարվել է նաև 40 րոպե տևողությամբ ֆիլմի պատրաստման համար։ Ընդ որում՝ ֆիլմը եղել է, թե հայերեն, թե անգլերեն։ 10 հատ 3-ից 5 րոպե տևողությամբ տեսանյութերի և դրանց շորթերի պատրաստման համար էլ վճարվել է 43 մլն 680 հազար դրամ։
56 մլն դրամ էլ արժեցել է մեկ հատ 5-7 րոպե տևողությամբ հոլովակի պատրաստումը։
Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմի նկարահանումը արժեցել է 116 մլն դրամ։ Միայն այս ֆիլմի սցենարի մշակման համար 6 մլն 300 հազար դրամ է վճարվել։ Բեմադրող ռեժիսորին վճարել են 12,3 մլն դրամ, իսկ բեմադրող օպերատորին շուրջ տասը մլն դրամ, 7,3 մլն դրամով տեսախցիկներ են վարձակալել, ֆիլմի պատրաստման ընթացքում 5 մլն 600 հազար դրամ էլ ծախսել են սննդի վրա։
Կրծքանշանների, ջրաման-թերմոսների, էկո պայուսակների բեյջի թելերի համար վճարվել է 289 մլն դրամ։
103 մլն դրամ վճարվել է տեսահսկման համակարգերի ծառայության ձեռքբերմանը։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը COP17-ի շրջանակներում 12,5 մլն դրամ է վճարել «Դոպինգ Սփեյս»-ին «Օպերա սյուիթ» և «Կոնգրես» հյուրանոցներում ընդհանուր 54 սենյակ վարձակալելու համար։ Միավորի արժեքը նշված չէ։
«Դոպինգ Սփեյս»-ն COP17-ը կազմակերպելու համար պայմանավորվածություններ է ձեռք բերել ենթակապալառուների հետ, որոնք մատուցել են ծառայությունները։ Նշենք, որ պայմանագրերում նշված չեն, թե «Դոպինգ Սփեյս»-ը որ ընկերություններից է ծառայություններ ձեռք բերել և ինչ սկզբունքով են ընտրվել ենթակապալառուները։ Ըստ այդմ էլ անհայտ է մնում «Դոպինգ Սփեյս»-ի և այդ ընկերությունների կապը։
Հիշեցնենք՝ «Դոպինգ Սփեյս»-ն այն ընկերությունն է, որը պետական միջոցների հաշվին կազմակերպել էր Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում և այժմ հրաժարվում է կառավարությանը հետ վերադարձնել վերադարձի ենթակա 1,3 մլն դոլարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

