Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է

Լուրեր

22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
Բոլորը

Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցն ընդդեմ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու, կարճվել է։ Որոշումը կայացրել է Քաղաքացիական դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, պատճառաբանելով՝ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, իսկ Սարոյանի և Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։

«Դատարանը գտնում է, որ սույն գործով չի հիմնավորվել հայցվորի մոտ այն սուբյեկտիվ իրավունքի առկայությունը, որի պաշտպանությամբ վերջինս դիմել է դատարան, և պահանջը չի բխում օրենքով պաշտպանման ենթակա իրավահարաբերությունից։ Այլ կերպ՝ սույն գործով առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված հայցվորի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար պարտադիր պայմանները, հետևաբար՝ բացակայում է դատական պաշտպանության առարկան։ Այսինքն՝ սույն գործով վեճը ենթակա չէ դատարանում քաղաքացիական դատավարության կարգով քննության, ինչը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, գործի վարույթը կարճելու հիմք է»,- արձանագրել է դատարանը։

Հիշեցնենք՝ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է: Հունվարի 10-ին Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ 

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշվել էր պատճառաբանության մեջ:

Այս հաղորդագրությունից հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել էր որոշմանը․ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և, հետևաբար, այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առ ոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

Սարոյանը դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Հայցադիմումը հունվարի 15-ին ընդունվել էր վարույթ և մակագրվել Էդգար Հովհաննիսյանին։ Հաջորդ օրը դատարանը որոշում էր կայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվոր Արման Սարոյանի միջնորդությունը բավարարել և պարտավորեցնել պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց, առանց խոչընդոտի ապահովելու Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Բացի այդ, դատարանն արգելել էր Եկեղեցուն և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը «կարող է որևէ կերպ խոչընդոտել հոգևորականի՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը»։

Այս որոշման դեմ ներկայացված ՀԱԵ-ի դեմ բողոքը մերժվել էր։

Դատական ակտի եզրափակիչ մասում դատարանը որոշում է կայացրել վերացնել նաև կիրառված այս հայցի ապահովման միջոցը։

ՀԱԵ փաստաբանական թիմն առաջին իսկ օրվանից էր պնդում, որ թեմի առաջնորդ նշանակելը, պաշտոնից ազատելը և հոգևոր աստիճանից զրկելը եկեղեցու ներքին կառավարման հարցեր են, որոնց նկատմամբ պետությունը, այդ թվում՝ դատարանը, չպետք է վերահսկողություն իրականացնեն։

«Կաթողիկոսի 2026թ.-ի հունվարի 10-ի կարգադրությունը իրավական ակտ չէ, որի օրինականությունը կարող է գնահատել աշխարհիկ դատարանը։ Հայցը վարույթ ընդունելով և հայցի ապահովման միջոց կիրառելով՝ դատարանը միջամտել է Եկեղեցու ներքին գործերին»,- որպես պատասխանող իրենց դիրքորոշման մեջ ընդգծել էր Եկեղեցին։

Կարգալույծ հռչակված հոգևորականը, սակայն, նշել էր՝ թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու իրավունքը չի կարող անսահմանափակ կամ կամայական լինել, որոշումը պետք է հիմնված լինի կոնկրետ և ապացուցելի փաստերի վրա։

«Իմ ազատման համար հիմնավոր պատճառ չի եղել, իսկ որոշումն ընդունվել է առանց անհրաժեշտ ուսումնասիրությունների»,- իր դիրքորոշման մեջ գրել էր Սարոյանը։

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշման պատճառաբանական մասում, սակայն, նշել է՝ գործով չի ապացուցվել Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը։

«Դատարանին չեն ներկայացվել աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունումը հաստատող անհատական իրավական ակտ։ Միաժամանակ պետք է նշել, որ եկեղեցու ինքնակառավարումը չի նշանակում, թե կարգապահական միջոցներ կիրառելիս կարող են անտեսվել եկեղեցու սեփական կանոնները։ Թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու որոշումը պետք է ընդունվի համապատասխան ներքին ընթացակարգերը պահպանելուց հետո, իսկ հոգևորականին պետք է տրվի իր դիրքորոշումը ներկայացնելու և արդյունավետ պաշտպանվելու հնարավորություն»,- զուգահեռ ընդգծել է դատարանը, ի վերջո, որոշում կայացնելով կարճել գործը։

Հիշեցնենք՝ Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսը և 10 բարձրաստիճան հոգևորականները հենց Սարոյանի հետ կապված միջադեպով են այսօր ամբաստանյալի աթոռին։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խոչընդոտել են Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը և հայցի ապահովման որոշման կայացումից հետո ոչ միայն նրան չէին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, այլև կարգալույծ էին հռչակել և թեմի առաջնորդ նշանակել այլ հոգևորականի։

2026 թ․ փետրվարի 14-ին՝ Ավստրիայի Եպիսկոպոսաց ժողովից 3 օր առաջ, բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք էր առաջադրվել, իսկ Հայաստանից նրանց ելքը՝ արգելվել։ Այսօր, գործով մի քանի դատավոր փոխելուց հետո, քննությունը շարունակվում է։

 

Ռոզա Վարդանյան