Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի տարեվերջ։ Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հուշահամալիր կատարած այցի ընթացքում հայտնել են կապալառու կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ աշխատանքներն ընթանում են հաստատված ժամանակացույցով։ Քննարկվել են նաև հաջորդ տարվա անելիքները և աշխատանքներն արագացնելու նպատակով միաժամանակ մի քանի հատվածում շինարարություն իրականացնելու հնարավորությունը։
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի։
Նշվել է, որ բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։ Ներկայացվել են նաև հաջորդ տարվա անելիքները։ Քննարկվել է միաժամանակ մի քանի հատվածում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով աշխատուժի և մասնագետների թիվը։ Կարևորվել է նաև ձմռան ամիսներին նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ քարերի մշակման և անհրաժեշտ նյութերի պատրաստման կազմակերպումը՝ հաջորդ փուլում աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների ընթացքում հուշահամալիրի այցելուների համար հնարավորինս հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովումը` ևս մեկ անգամ ընդգծելով բարձր որակի և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը»:

