ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
Քաղաքականություն
22.10.2026 | 11:39
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Պարսից ծոցում հայտնաբերել և հարվածել են նավթը նավից նավ տեղափոխելու գործողություններում ներգրավված չորս նավի, գրում է Al Jazeera-ն։
Հաղորդագրության համաձայն՝ նավերն այժմ այրվում են։ Կորպուսը պնդել է, որ դրանք անցել են չթույլատրված երթուղով։
ԻՀՊԿ-ն հավելել է, որ Հորմուզի նեղուցից արևմուտք ևս երեք նավ բախվել է ականների։ Կորպուսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից հետագա լարվածության սրումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ ուղղակի գործողությունների։
Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի դեմ ռազմական և ֆինանսական առումներով «շատ լավ արդյունքների է հասնում»՝ Իրանի դեմ պատերազմը բնութագրելով որպես «Իրանի դեմ փոքրիկ հակամարտություն»։
Էնդրյուսի միացյալ ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հրաժարվել է իրանցիների հետ բանակցելու մտադրությունից, Թրամփը պատասխանել է․ «Ո՛չ, կարծում եմ՝ մենք չենք բանակցում… Մենք այս կամ այն կերպ ինչ-որ արդյունքի կհասնենք։ Դա տեղի կունենա բավականին շուտով։ Մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա տեղի կունենա ընտրություններից հետո, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց սա կասեմ. այն, ինչ մենք արել ենք Իրանի հետ, հիանալի է»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

