Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
Քաղաքականություն
21.10.2026 | 13:53
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Հանդիպմանը ներկա է նաև ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Դոնալդ Թրամփի մյուս ներկայացուցիչը՝ Ջարեդ Քուշները, չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգ հիվանդության պատճառով
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ քաղաքացի Սթեֆան Հաբարդն ազատ է արձակվել և գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։ Ուիթկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին 74-ամյա Հաբարդին ազատ արձակելու համար։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանում դատապարտված ամերիկացու ճակատագիրը։ ԱՄՆ Պետքարտուղարությունն էլ Հաբարդին ճանաչել էր որպես անօրինական կերպով կալանքի տակ պահվող անձ։
«Պարզապես հետևեք իրադարձությունների զարգացմանը։ Ես չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել, բայց Հաբարդի գործով զբաղվում են արդեն երկար ժամանակ՝ դեռևս իմ իշխանության գալուց շատ առաջ։ Մի քանի օրից հիշեք այս հարցի մասին, լա՞վ»,- ասել էր Թրամփը։
2024 թվականին Մոսկվայի քաղաքային դատարանը Հաբարդին դատապարտել էր 6 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Միչիգան նահանգում ծնված Հաբարդը մեղավոր էր ճանաչվել որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու մասին հոդվածով։
Ռուսաստանի քննչական մարմինների վարկածի համաձայն՝ Հաբարդը 2014 թվականից բնակվել է Ուկրաինայում՝ այդ երկրի քաղաքացու հետ։ Նա պայմանագիր է կնքել Իզյում քաղաքի տարածքային պաշտպանության գումարտակի հետ, որի համաձայն՝ պետք է դրամական վարձատրություն ստանար։ Ռուսական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ քաղաքացին մասնակցել է ռազմական գործողություններին մինչև 2022 թվականի ապրիլը, երբ ձերբակալվել է ռուս զինվորականների կողմից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

