Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
Քաղաքականություն
21.10.2026 | 14:20
Նիգերիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում Էբոլա տենդով վարակման առաջին դեպքի մասին՝ ներկայիս բռնկման ընթացքում։ Վիրուսը հայտնաբերվել է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում՝ Ուգանդայից ինքնաթիռով ժամանած կնոջ մոտ։ Հիվանդը հոսպիտալացվել է։ Մասնագետները հետևում են 44 անձի, որոնք կարող էին շփում ունենալ վարակված կնոջ հետ, գրում է DW-ն։
Ուգանդայի առողջապահության նախարարությունից հստակեցրել են, որ Նիգերիայի քաղաքացին պարզապես տարանցիկ ուղևորություն է կատարել երկրի տարածքով։ Դրանից առաջ նա գործուղման է եղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելյան հատվածում։ Ավելի վաղ Ուգանդայում Էբոլա տենդով վարակման դեպքեր էին գրանցվել, սակայն հետագայում հայտարարվել էր, որ երկրում հիվանդության ակտիվ դեպքեր այլևս չկան։
Կոնգոյում Էբոլայի բռնկումը շարունակվում է մայիսից։ Սեպտեմբերի կեսերի տվյալներով՝ երկրում հաստատվել էր վարակման ավելի քան 7,000 դեպք, մահացել է ավելի քան 3,300 մարդ։
Օգոստոսի վերջին ԿԴՀ էր ժամանել Ervebo պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ պատվաստանյութը կարող է որոշակի պաշտպանություն ապահովել վիրուսի Բունդիբուգյո շտամից։
Հունիսի 6-ին ամերիկացի բժիշկ Փիթեր Սթաֆորդը, որը Կոնգոյում աշխատելիս վարակվել էր Էբոլայով, դուրս է գրվել Բեռլինի Շարիտե հիվանդանոցից: Փորձարարական դեղամիջոցներով 17-օրյա բուժումից հետո նա ապաքինվել է, նրա ընտանիքը նույնպես դուրս է գրվել կարանտինից։
Էբոլա վիրուսն առաջացնում է ծանր հեմոռագիկ տենդ, որի դեպքում Բունդիբուգյո շտամը մահացության մինչև 50% մակարդակ ունի: Ներկայում հաստատված բուժումներ կամ պատվաստանյութեր չկան:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկումը զսպելու ջանքերը բարդանում են կառավարության և ապստամբ խմբավորումների միջև շարունակվող զինված հակամարտության պատճառով:

