Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.10.2026 | 20:00Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների նախաշեմին իշխանությանն ուղվվող մեղադրանքներին, երկրում խոսքի ազատության վիճակին, օրենքների կիրառմանը և պատերազմից հետո հասարակության մեջ առկա չհաղթահարված տրավմաներին։
«Քաղաքականության մեջ և քաղաքական մտածողների մեջ կա այդ ուղղաձիգ ժողովրդավարության գաղափարը։ Ակնհայտ է դառնում, որ երբ որ ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ ճնշում են գործադրում, իսկ իշխանությունը նույնիսկ ամենաբարձր մակարդակով ասում է՝ դե եկեք ասենք, ճնշողների դեմ քվեարկեք, կամ ճնշողներին էսպես արեք, ինձ ասեք, նամակ գրեք, ուղարկեք, ահազանգեք և այլն, սա գալիս է փոխարինելու ժողովրդավարության ավելի կարեւոր ինստիտուտներ, որոնք հորիզոնական ժողովրդավարության որպես ցուցիչներ ու բաղկացուցիչներ պետք է արձագանք տան»։
Նա խոսել է նաև այն ահազանգերի մասին, որ իշխանության կողմնակիցները բռնության խոսք հնչեցնելու համար չեն կանգնում դատարանի առաջ, իսկ ընդդիմադիրները կանգնում են․ «Ցանկացած գործ պահանջում է, այդ թվում հատկապես ընտրակաշառքի գործերը, որոնք կենտրոնանում են ընդդիմադիրների շուրջ… համենայն դեպս սելեկտիվ արդարադատության տպավորություն է ստեղծվում… 2021-26 թվականների ընթացքում ոչ էս չափով իհարկե, ոչ էս քանակությամբ, բայց էլի բարձրաձայնվում էր ընտրակաշառքի վերաբերյալ, որը իսկապես արգահատելի երևույթ է, արձանագրենք սա… բայց որևէ դատական ակտ չի եղել մեղադրական»։
Հովհաննիսյանը անդրադարձել է իշխանության այն հակադարձումներին, որ խոսքի ազատության չարաշահումները կարող են բերել ընդհուպ սանձարձակության․ «Սանձարձակությունը խոսքի ազատություն չէ, դա եվրոպական չափանիշներով էլ է ակնհայտ… Բայց իրավական պետության իրավական չափանիշը չի գալիս նրանից, թե ինչպիսի օրենք կիրառվեց, վատ օրենք կիրառվեց, թե լավ օրենք կիրառվեց, ում նկատմամբ, ի վերջո, կիրառվեց։ Կարևորը կիրառության հավասարությունն է, չափանիշի միատեսակ կիրառելը։ Եթե նույնիսկ վատ օրենք է, բոլորի նկատմամբ հավասար պետք է կիրառվի»։
Խոսելով ՀՀ-ի քաղաքական դաշտի խնդիրներից՝ Արփինե Հովհաննիսյանը զուգահեռներ է տարել Գերմանիայի պատմական փորձի հետ․
«Պատերազմից հետո 2023 թվականին Արցախի էթնիկ զտումից հետո… ես փորձել եմ հասկանալ ինչ է տեղի ունենում։ …Հետպատերազմական Գերմանիան բավականին հետաքրքիր նյութ է տալիս իր հոգեվերլուծաբանների, պատմաբանների, մշակութաբանների օգնությամբ, ես երկու բան եմ առանձնացրել։ Մեկը սգալու անկարողությունը… և երկրորդը՝ գերմանացի մի նշանավոր պատմաբան պատմում է առհասարակ պարտության մատնված ազգերի երեք ռեակցիաների մասին։ Մեկը ռևանշ, մյուսը բարոյական հաղթանակի միֆ, և երրորդը փորձել արդիականանալ, սովորել, ադապտացվել և այլն»։
Ըստ բանախոսի՝ հայաստանյան իրականությունում առաջին երկու ճանապարհներն անիրագործելի են. «Ակնհայտ է, որ պետական մակարդակում, անգամ Ադրբեջանի պետական մակարդակում, ռևանշիստները մոդայիկ չեն, հասարակության մեջ դա չի խրախուսվում։ Բարոյական հաղթանակի միֆը ևս… ջարդվում է, կործանվում է…»։
Հավաքական վիշտը վերապրելու և սգալու տարածքի բացակայությունը, ըստ Հովհաննիսյանի, ի վերջո, հանգեցնում է վտանգավոր քաղաքական հետևանքների.
«Արդյոք ամբողջ հասարակությունը, արցախցիները, մեր հայրենակիցները, մյուսները փակե՞լ են իրենց համար․․․ Երբ որ հասարակությունը տարբեր նոտաների վրա է գտնվում, երբ որ դու տեղ էլ չես թողնում սգալու համար, ոնց որ պատժես էդ չուզենաս, որ հասարակության մեջ դա քննարկվի, էդ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի պահի ինչ-որ մի վերափոխմամբ վերադառնում է քաղաքականություն։ …Իշխող և ոչ միայն իշխող, այլև ընդդիմության առաջնորդության շրջանակներում պիտի լինի հանրության հետ երկխոսելու էդ բանաձևը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

